ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանի հետ զրույցը հայկական կինոյի այսօրվա ու վաղվա մասին է:

Ձեր լավագույն դերը կինոյում ո՞րն եք համարում:

– Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արևը» ֆիլմում է լավագույն դերս: Այն ժամանակի մեծերը` Ֆրունզը, Խորենը, Սոսը, Մհերը… Նրանց կողքին հեշտ չէր: Հիմնականում նկարահանվում էինք այն ֆիլմերում, որոնցից նրանք զբաղվածության պատճառով հրաժարվում էին: Էդ էր բաժին հասնում: Իմ դեպքում հիմնականում Սոսի մերժածն էր. տեսակով նման ենք: Հեռուստաներկայացումներում ու թատրոնում շատ ավելի դերեր եմ խաղացել, դրանց մեջ լավագույնն ասելն ավելի դժվար կլինի:

«Հայֆիլմի» զորեղ տարիներին էլ կինոարտադրությունը չէ՞ր բավարարում տաղանդավոր մարդկանց հնարավորությունները լավագույնս ի ցույց դնելու համար:  

– Տարեկան 6-7 ֆիլմ էր նկարահանվում  «Հայֆիլմում»: Իհարկե քիչ էր: Քիչ էր նաև Վրաստանի համեմատությամբ: Նրանք հզոր էին կինոյում: Հզոր էին հատկապես կարճամետրաժ ֆիլմերով: Բովանդակալից ու մնայուն շատ կարճամետրաժներ ստեղծեցին: Մեր լավագույն կարճամետրաժ խաղարկայինը եղավ ու մնաց Արման Մանարյանի  «Տժվժիկը»:

Որո՞նք են պատճառները:

– Հայը մնում է հայ` չկամեցող, նախանձ: Ու էդպիսին է ինքն իր հանդեպ: Այդ մոտեցումն է եղել նախկինում և գործում է նաև այսօր, բոլոր համակարգերում:

Մի՞թե մերօրյա կինոյի վերակենդանացումը, թե զարգացումն ասեմ, այդ մոտեցումով է պայմանավորված:

– Չէ: Չասեմ տաղանդավոր, որովհետև այսօր բոլորն անխտիր տաղանդավոր են: Պարզապես չկան էն հանճարեղ տղերքը, որոնք «Սարոյան եղբայրներ» ու «Մենք ենք, մեր սարեր» էին նկարում: Էդ մարդիկ ու էդ աշխարհն էլ չկան: Հիմա այլ հարաբերություններ են` շուկայական: Մարդիկ էլ այդ հարաբերությունների մեջ  չգիտեն ոʹչ իրենց, ոʹչ էլ դիմացինի գինը: Իսկը սերիալ` արևածաղկի պես չրթես ու չրթես: Բայց դա կինո չի:

Սերիալներից զատ այլ ֆիլմեր էլ են նկարահանվում, ցուցադրվում, անգամ միջազգային կինոփառատոներից մրցանակներ ստանում:

– Տեսանք` դասականներին անդրադարձան: Բայց ինչպե՞ս: Հիմա էլ «Նժդեհ» են նկարահանում: Արդեն տեսածից հետո անհանգիստ եմ: Ի՞նչ պիտի անեն: Արդյոք այնքան ազդեցիկ կլինի՞, որ նայեն ու ասեն. «Արա, էս ո՞ւր ենք գնում, մեր երկիրը ո±ւմ ենք թողնում»: Իսկ Նժդեհը հենց այդպիսի ուժ ունի: Ֆիլմն իրավունք չունի թույլ լինելու: Չէ, էսօրվա կինոն Հրաչ Քեշիշյաններինը չէ:

Հաշվել ու փաստում են, որ շուրջ 500 ֆիլմ է նկարահանվել անկախության տարիներին: Բերված օրինակով չե՞նք սահմանափակվում: 

– Չեմ տեսել: Անկասկած, արժեքավոր մի բան էլ կլինի այդ ֆիլմերի շարքում:

Չի՞ հետաքրքրում:

– Չի ցուցադրվում: Դա էլ մի ուրիշ հարց է: Օրինակ չեմ ուզում բերել այն ֆիլմերից, որոնցում նկարահանվել եմ, անհամեստ կլինի: Ուրիշ բան էլ չեմ նայել. հայ մարդու թեմա գոյություն չունի: Այդ ֆիլմերում իմ էսթետիկան չի, իմ հայությունը չի, հայկականությունից զտված, հայկականութունից անջատ անձինք են` դերակատարներ, որոնք հայի դեր են խաղում: Հայերը հայերի են դերակատարում: Տեսեք` Ղարաբաղի մասին քանի ֆիլմ նկարահանվեց: Նկարահանվեցին, բայց մեկը մյուսից թույլ: Թշնամին էնպես ներկայացվեց, որ մեր հաղթանակը հեշտ տրված թվաց: Ախր դիմացինդ հզոր պիտի լինի, որ ինքդ չփոքրանաս: Բայց հայտնի բան է` պատվիրում է նա, ով վճարում է, և այդ վճարողն էլ երևի գործից այնքան չի հասկանում: Այս իմաստով ռեժիսորն ազատություն չունի:

Խորհրդային տարիներին էլ վճարում էին, և թող որ պատմական ճշմարտությունից հեռու, բայց նաև կինոյում արվեստի մնայուն արժեքներ էին ստեղծվում:

– Այսօր գաղափար չկա, միտքը, ասելիքը չկա: Երկրի կարևոր օղակները մերը չեն: Ժողովուրդն ասես օտար երկրում ապրի: Մի բան եղավ` վերջ, վեր կենան կգնան: Հայասիրություն, հայրենասիրություն հասկացություններից բան չի մնացել, վերացել են: Եվ մարդիկ գնում են ոչ թե այն պատճառով, որ շատ վատ է, այլ որ հավատ չկա: Նույնն էլ կինոյում է, թատրոնում, արվեստում ընդհանրապես: Իսկ կինոն սինթեզ է, մեծ ֆաբրիկա, որտեղ ամենքը պիտի իրենց ունեցածը ներդնեն: Մինչդեռ հավատ չկա, իսկ շարժիչ ուժն էլ փողն է ու փողը: Այսօր ազգի, մարդու, երկրի հանդեպ սերն ու հավատն են պակասել: Արվեստում էլ մարդը կարևոր պիտի լինի, և այդ կարևորությունը չպիտի կորչի:

Գաղափարը, սերը, հավատը, հույսը… Եթե ոչ բացակա, ապա ստորադասված եք համարում, ուրեմն ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ:

– Առաջինը, որ պիտի արվեր, ազգին, այսինքն` նրա արվեստը աշխարհ հանելու հաստատ ուղի պիտի ստեղծվեր: Իսկ մենք մինչև այսօր կինոյի, թատրոնի օրենք չունենք: Բայց եթե անգամ ուշ է, միևնույն է, պետք է սկսել, ու թե պետք է, անգամ քանդել ու նորից սկսել:

Ինքներդ ի՞նչ նոր գործ եք սկսել:

– Վերջին նոր գործը, որ արեցի կնոջս` Լիաննա Անթառանյանի հետ և նրա մտահղացմամբ, թատրոն-հիմնադրամի ստեղծումն էր: Այն ի պատիվ հորս` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի կոչեցինք «ԳուրՋան»: Այդ թատրոնում արդեն երրորդ ներկայացումն ենք բեմադրում: Առաջինը` «Սարերում կյանք կա», արծարծում էր տղա զավակի դաստիարակության, նախընտրական կոռուպցիայի, հայաթափության արատավորությունը, «Անառակ կնոջ վերադարձը» ներկայացման միջոցով խոսեցինք 20 տարի առաջ Հայաստանից մեկնածների վերադարձի և հայրենիքից իրենց հետ տարած ավանդույթները այստեղ մեռած տեսնելու մասին: «Վանա կատուն», որ երրորդն է, կպատմի իր տերերի վերադարձին սպասող կատվի մասին, որը սակայն կոնֆլիկտի մեջ է, քանի որ տերերն իրենք իրենց տունն են քանդում:

Ի դեպ, շատ հետաքրքրական է Գուրգեն Ջանիբեկյանի եռահատոր հուշագրությունը: Մտադի՞ր եք երբևէ  հուշեր գրառել:

– Չէ, իմը բանավոր խոսքն է:

Դուք երբեք մռայլ մարդու տպավորություն չեք թողել, բայց մեր զրույցը կարծես այդպիսին ստացվեց:

– Չէ, չկարծեք, թե անհույս եմ ու եղած լավը չեմ տեսնում: Օրինակ` վերջերս Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմի պրեմիերան էր: Հոգեբանական ուժեղ ֆիլմ է: Հրաժարվել է էսթետիկ արտաքին գրավչություններից ու հոգեբանական ազդեցիկ գործ արել, որում մարդը կարևոր է: Հույս ունեմ, որ լավ է լինելու: Առանց հույսի ու սիրո կյանքն անիմաստ կլիներ:

Տարին Ձեզ համար հոբելյանական էր` 75-ը բոլորեցիք: Ընդունեք մեր շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները: 

Զրուցեց Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ