դոլինԱնտոն Դոլինը մոսկվացի կինոքննադատ է, 2002-ին Ռուսաստանի կինոքննադատների և լրագրողների միության կողմից ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ քննադատ: Ներկայումս «Նովոստի FM»-ի հատուկ թղթակիցն է: Նրա հեղինակային ծրագրերից են` «Ռուսական կինոյի 100-ամյակը` 10 ֆիլմում» և «100 ֆիլմ, որոնք պետք է դիտել»: Պարբերաբար տպագրվում է «Կինոիսկուստվո» ամսագրում: Երեք գրքի հեղինակ է` «Լարս ֆոն Թրիեր. ստուգողական աշխատանք» (2001), «Տաքեշի Կիտանո. մանկության տարիներ» (2006), «Հնար 21-րդ. նոր դարի կինոյի ակնարկ»: «Տրիումֆ» երիտասարդական մրցույթի դափնեկիր է:
Նոյեմբերի սկզբին նա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Կինոգետների ու կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հրավերով Երևանում էր և հանդես եկավ վարպետության դասով, որը գլխավորապես նախատեսված էր կինոփառատոների լուսաբանման հարցերով հետաքրքրված լրագրողների համար:
Ստորև ներկայացնում ենք քաղվածքներ նրա դասախոսությունից:

Ի՞նչ է փառատոնը, և ինչո՞ւ կինոքննադատները, կինոլրագրողները պետք է գրեն դրա մասին

Ցանկացած մշակութային իրադարձություն, հատկապես` այնպիսին, ինչպիսին փառատոնն է, իմաստավորման կարիք ունի։ Աշխարհում այսօր ավելի շատ փառատոն կա, քան տարվա օրերն են: Սա ֆենոմեն է։ Այսօր կինովարձույթը և առհասարակ կինոարտադրության գործընթացն անհամեմատ հեշտացել է, ժողովրդավարացվել: Ուրեմն հարց է ծագում` ինչո՞ւ կազմակերպել այդպիսի մասշտաբային և թանկ միջոցառում,ինչպիսին կինոփառատոնն է։
Կինոն ներկայացուցչական արվեստ է, ամենազանգվածայինը, և կինոյի ամբողջ մոգությունը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ կինոն զանգվածային, հավաքական վերապրում է, ուրեմն այն միավորում է մարդկանց։ Սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև հայտնագործվեց հեռուստատեսությունը։ Կինոն` որպես կոլեկտիվ վերապրում, որպես հզոր մասսայական արվեստ, որպես մոգություն և յուրատեսակ կրոն, քիչ-քիչ սկսեց վերանալ։
Կինոարտադրության և կինովարձույթի ներկայացուցիչները սկսեցին ուղիներ որոնել իրենց հանդիսատեսին կինոդահլիճ վերադարձնելու համար: Մի դեպքում դա մեյնսթրիմի հաղթարշավն էր, իսկ մյուս դեպքում՝ հեղինակային կինոն։ Հենց երկրորդի դեպքում է,որ կարևորվեցին փառատոնի դերն ու նշանակությունը և այն գործառույթները, որոնք այն իրականացնում է։ Կինոյի մոգություն ասվածն էլ ավելի ուժեղացավ․ մարդիկ այսօր պատրաստ են ժամերով հերթ կանգնել, որպեսզի որևէ պրեմիերայի տոմս գնեն, քանի որ փառատոնն առաջին հերթին կապ ունի հենց ֆիլմի «պրեմիերային ցուցադրություն» ասվածի հետ։ Բացի այդ, փառատոնում կա բացառիկության զգացում, ասես ինչ-որ փակ ակումբի անդամ լինես։ Կինոն այսօր էլ մնում է աշխարհի նկարագրման,աշխարհի մասին պատմելու հզոր միջոցներից մեկը։ Եվ մարդիկ շարունակում են նայել աշխարհին կինեմատոգրաֆի պրիզմայի միջով։ Այն ֆիլմերը որոնք հասցնում ենք նայել կինոփառատոնի ընթացքում, ձևավորում են մեզանում աշխարհի պատկերը: Եվ այն գրեթե միշտ միասնական է ստացվում, չնայած կինոն այսօր շատ բազմազան է, և ցանկացած ռեժիսոր իր յուրահատուկ կինոլեզուն ունի, որով հաղորդակցվում է իր հանդիսատեսի հետ։
Ի դեպ, սկզբում փառատոներում ընտրող հանձնաժողովներ չկային, ամեն երկիր փառատոնին էր ներկայացնում իր այս կամ այն ֆիլմը, որը ցանկանում էր ցուցադրել միջազգային հանրությանը և որով ցանկանում էր այդտեղ ներկայացված լինել, այսինքն` գործ ունեինք աշխարհի օբյեկտիվ պատկերի հետ, որը պայմանավորված էր մի շարք սուբյեկտիվ գործոններով։ Տվյալ ֆիլմերն արտահայտում էին երկրի մշակութային քաղաքականությունը, իսկ ամբողջատիրական երկրների դեպքում դա երկրի վարած քաղաքական մարտավարությունն էր և քարոզվող գաղափարախոսությունը։
Այսօր գոյություն ունեն ընտրող հանձնաժողովներ, բայց սուբյեկտիվությունը պահպանվում է, քանի որ այսօր էլ շատ բան կախված է փառատոնի տնօրեններից, որոնցից ամենանշանավորը այսօր թերևս Ժիլ Ժակոբն է, որը աշխարհի համար բացահայտեց այնպիսի ռեժիսորների, ինչպիսիք են Միխաել Հանեքեն կամ Լարս ֆոն Թրիերը, իսկ այսօր նրա վարած քաղաքականությունը Կաննի կինոփառատոնում հաջողությամբ շարունակում է Թիերրի Ֆրեմոնը: Մարկո Մյուլլերը և Ումբերտո Բառառոն աշխատում են Վենետիկի կինոփառատոնում և այսպես շարունակ։ Նրանցից ամեն մեկն ունի իր աշխարհի պատկերը։ Եվ փառատոնն էլ նրանցից յուրաքանչյուրի հեղինակային նախագիծն է, նա է ընտրում այն ֆիլմերը, որոնք իր համար այսօր արդիական են թվում, մյուս ֆիլմերը նա կարող է մերժել։
Ահա այստեղ է, որ սկսում է կարևորվել կինոքննադատի դերը, քանի որ նրա ձեռքում կա հզոր զենք․ նա կարող է ջախջախել ընտրված կինոնկարը կամ այնպես գովաբանել այն, գրել հոյակապ գրախոսական, որ արդյունքում այս կամ այն ֆիլմը ստանա փառատոնի գլխավոր մրցանակները։ Կինոքննադատն այսօր ազդեցիկ անձնավորություն է, նա կարող է որոշել ֆիլմի ճակատագիրը, շատ դեպքերում անգամ փրկել այն՝ ազդելով ժյուրիի և հանդիսատեսի գնահատականի վրա։ Այս բոլոր մեխանիզմները, անշուշտ, շատ հետաքրքիր են։ Կատարվում է գրեթե աներևակայելին, քանի որ էսթետիկական արժեք ունեցող գործը կոնկրետ նյութական օգուտ է բերում նրա ստեղծողներին` a priori կոմերցիոն արժեք չունեցող «ապրանքը» սկսում է գումար բերել, և դրան օգնում են միմիայն փառատոները, որովհետև այնտեղ սուր մրցակցային միջավայր կա։
Այս առումով հետաքրքիր է Վենետիկի կինոփառատոնը, որն այլ կերպ անվանում են Mostra: Այն անցկացվում է Արվեստների ամենամյա բիենալեի շրջանակներում, այսինքն՝ այստեղ գործ ունենք բացառապես մաքուր արվեստի հետ՝ առանց որևէ կոմերցիոն նկատառումների կամ շուկայական բաղադրիչի։ Սակայն հենց շուկայականի բաղադրիչն է, որ կազմում է փառատոնի մյուս կարևորագույն կոնցեպցիան։ Դրա փայլուն օրինակը տեսնում ենք Տորոնտոյում, որտեղ ֆիլմերին ցուցաբերվում է բացառապես սպառողական մոտեցում։ Շատ փառատոներում այս երկու միտումները հաջողությամբ փոխգործակցում են։ Բացի այդ, փառատոնն այսօր վերածվել է կինովարձույթի զորեղ հարթակի։

Ի՞նչ է տալիս փառատոնը լրագրողին, և ի՞նչ է տալիս լրագրողը՝ փառատոնին

Lրագրողները և կինոքննադատները փառատոնային համակարգի գոյության երկրորդ գլխավոր պայմանն են։ Առաջինը, հասկանալի է, ֆիլմերն են։ Առանց մնացած ամեն ինչի կարելի է բավարարվել։
Լրագրողները, փաստորեն, այս իրադարձության` կինոափառատոնի երկրորդ կարևոր գործող անձինք են։ Առանց այս երկու գործոնի փառատոնը չի կարող կայանալ, քանի որ փառատոնը ի սկզբանե գոյություն ունի որպես կինոարտադրանքի տեղեկատվական դիստրիբուցիայի ձև։ Այդ տեղեկատվությունը մենք արտադրում և վերարտադրում ենք։ Լրագրողի կարևորագույն գործառույթներից մեկն այն է, որ նա դիտի ֆիլմերը և պատմի դրանց մասին, սակայն այս գործառույթը մեր օրերում, հատկապես` համացանցի դարում, այլևս հնացել է։
Լրագրողը, հատկապես կինոքննադատն այն մարդն է, որը իմաստավորում և ընդհանրացնում է կինոգործընթացները: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ նրա հաղորդած տեղեկությունը զգայական երանգավորում ունենա։ Շատ կարևոր է տեսնել և նկարագրել աշխարհի այն պատկերը, որն ամեն մարդ կազմում է ինքն իր համար այն ֆիլմերից, որոնք հասցրել է դիտել փառատոնի ընթացքում։ Այդ պատկերը մասնագետների և հանդիսատեսի, ամեն մեկի մոտ կարող է շատ տարբեր լինել, և լրագորղի, կինոքննադատի խնդիրն է, ինչպես արդեն նշեցի, իմաստավորել և ընդհանրացնել այն, ամփոփել բառերի մեջ և հասցնել ընթերցող հասարակությանը։
Կարևորագույն խնդիրը, ըստ իս, կամուրջ գցելն է պրոդուկտիվ քաոսի, փառատոնի ընտրող հանձնաժողովի կատարած աշխատանքի և հանդիաստեսի՝ հասարակ մարդկանց միջև. յուրահատուկ միջնորդ դառնալ, տեղեկատվությունը, կարծիքները ֆիլտրել և ամբողջական, հստակ տեսքով հասցնել նրանց։ Հաճախ մամուլի աշխատանքը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան ժյուրիինը։ Բացի այդ, փառատոնը լրագրողներին բացառիկ նվեր է անում․ լրագրողը հնարավորություն է ստանում դիտելու ֆիլմերը առաջին անգամ, նախքան դրանք կդիտի ժյուրիից կամ հանդիսատեսից որևէ մեկը, մինչև որ ֆիլմի մասին որոշակի կարժիք կկազմվի, կամ այն որևէ մրցանակ կստանա: Սա շատ էական է։ Այս առումով շատ եմ կարևորում հենց ամենօրյա մամուլը, թեկուզ և այն պարզապես թարմ տպավորությունների տեսքով հրամցվի կինոսեր հանրությանը։ Իսկ լրագրողի համար էլ սա կարող է լինել ուղեղի և հոգու լավագույն մարզում։
Շատ եմ կարևորում լրագրողի, կինոքննադատի ինքնուրույնությունն ու անհատականությունը, ներքին անկախությունը, հաճախ ավելի շատ, քան նրա տաղանդը կամ կրթվածության աստիճանը։ Իհարկե, սկզբում դուք սխալվելու եք, բայց այդ առաջին սխալի հնարավորությունն ու իրավունքը շատ կարևոր է և այն ձեզ ընձեռում է հենց փառատոնը։ Այսինքն` փառատոնը ենթադրում է նաև լրագրողի, կինոքննադատի մասնագիտական հմտությունների կատարելագործում, պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացում։ Ի դեպ, ժյուրիի համեմատությամբ լրագրողները ևս մի առավելություն ունեն․ նրանք անհամեմատ ավելի շատ բան գիտեն կինոյի մասին և անհամեմատ ավելի շատ ֆիլմեր են դիտել և դիտում, քանի որ կինեմատոգրաֆիստները՝ այն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ մակարդակով են զբաղվում կինոյով և որպես կանոն հենց նրանք են սովորաբար նստում ժյուրիում, շատ քիչ են կինո դիտում և շատ քիչ բան գիտեն արդի կինոգործընթացների մասին։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ով իրավունք ունի ժյուրիում նստելու,ապա այդ հարցադրմանը պատասխանեմ հետևյալ կերպ․ ժյուրիի անդամ պետք է լինեն տարբեր մարդիկ, տարբեր երկրներից, տարբեր ազգություններից, տարբեր աշխարհայացքով, ինչքան հնարավոր է բազմազան, և բոլորը,անպայման, պետք է վառ անհատականություններ լինեն, որպեսզի կարողանան բանավիճել միմյանց հետ, սեփական կարծիքը պաշտպանել և առաջ տանել, որպեսզի այդ սուր վեճերի արդյունքում ինչ-որ բան ծնվի։
Հավելեմ,որ քննադատի գործունեությունն այսօր էապես փոխվում է, սա օբյեկտիվ պրոցես է, այն որևէ կապ չունի կինոյի հետ, պարզապես շատ խոր ու լուրջ փոփոխություններ են կատարվում mass-media-ի ոլորտում: Նկատի ունեմ, իհարկե, նաև համացանցը։ Գլոբալ առումով, փոփոխություն է կատարվում համաշխարհային կինեմատոգրաֆում, ուստի նաև mass-media-ում,որը նրան սպասարկում է։

Պատրաստեց Մարիա Թոքմաջյանը