եթեԻնչ ֆիլմ ասես, որ չտեսավ մեր «Կինոաշխարհն» անցնող տարում, ու եթե բոլորը չեք հասցրել դիտել, ապա կարդացեք «Րաֆֆի vs. Արմեն» խորագիրը՝ պարզելու համար, թե ինչեր եք բաց թողել: 2012-ին մեր խորագրի սկիզբն ու վերջն էլ հայոց կինոտարվա նման նշանավորվեց երկու իրար նման, բայց և տարբեր ֆիլմերով` «Եթե բոլորը» և «Կորած-մոլորվածը Հայաստանում»: Նոյեմբերի 22-ին երկրի 2.5 կինոթատրոններից մեկի լեփ-լեցուն դահլիճում կայացավ վերջինիս պրեմիերան: Մարդիկ եկել էին պարզելու, թե այս անգամ ով է մոլորվել Հայաստանում, չնայած ֆիլմի անգլերեն վերնագիրը հուշում էր, որ կորածը, ի վերջո, գտնվել է: Իր «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆարսով շատերին քաջածանոթ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն այս անգամ էլ էր հաջողեցրել չեղած տեղից պատմություն սարքել, բայց դեպքերն իր նոր ֆիլմում փոքր քաղաքից տեղափոխել էր հնարավորինս կորած-մոլորված մեկ այլ վայր` սահմանամերձ հայկական գյուղ: Դատելով ֆիլմի ընթացքում չընդհատվող քրքջոցներից ու վերջում չլռող ծափերից` հեղինակն իր ուզածին հասել էր. մեզ հրամցված ռոմանտիկ կինոկատակերգությունը շատերի համար առնվազն զվարճալի էր:
Խորագրային տարին էլ խորհրդանշական կերպով փակելու համար առաջարկում եմ առաջին ու վերջին ֆիլմերի համեմատական վերլուծություն: Հիշո՞ւմ եք` «Գտիր տարբերությունները» ուշադրության թեստ-խաղը. դե, եկեք փորձենք համեմատելով գտնել «Կորած-մոլորվածի» թաքնված հմայքն ու 7 առավելությունը «Եթե բոլորի» նկատմամբ:
1. Գործարարների փող vs. պետական միջոցներ
«Մոլորվածը» թողարկել է Լոս Անջելեսում հիմնադրված «Red Tie» կինոստուդիան հայաստանցի գործարարների միջոցներով: Ինչպես նշեցին պրոդյուսերներ Մարալ Ջերեջյանն ու Վալերի Մակքեֆրին, «Արեքսիմբանկի» և երեք հայաստանցի գործարարի փողով, որոնց անունները չեն բարձրաձայնվում, բայց դատելով ֆիլմում ոչ այնքան թաքնված ապրանքանիշների գովազդից` ուշադիր հանդիսականը հեշտությամբ կարող է գլխի ընկնել, թե ում մասին է խոսքը: Ինչևէ, բյուջեն գաղտնի է պահվում, իսկ հեղինակները կատակում են. «Հարյուր միլիոնից մեկ դոլար պակաս»: «Եթե բոլորը» պետական համաֆինանսավորմամբ է ստեղծվել, իսկ «Կորած-մոլորվածը» մաքուր կոմերցիոն ֆիլմ է: «Եթե բոլորը» քաղաքական անհաջող քարոզ է, ու մեր փողն անդարձ կորած է, իսկ  «Մոլորվածը» կարող է կոմերցիոն հաջողություն ունենալ ու հետ բերել ներդրողների գումարները, ինչի վառ ապացույցն է այն, որ Ֆիլմի ցուցադրության իրավունքը Կաննի շուկայում արդեն իսկ ձեռք է բերել «Show Line» ընկերությունը:
2 . Գռեհիկ հումոր vs. կեղծ պաթոս
«Եթե բոլորը» վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը` հատկապես ծիծաղատեղի դարձնելով ազատամարտիկներին, իսկ ռուսին` ընդգծվածորեն կարևորելով: Ֆիլմում կոմիկական չի պատկերված անգամ միակ ադրբեջանցին, և հստակ է, որ մենք մեզ ձեռ ենք առնում` հանիրավի և կողմնակալորեն: «Կորած-մոլորվածը» շատ ավելի կոպիտ, գռեհիկ, տեղ-տեղ «զուգարանային» կոչված տափակ հումորով է անդրադառնում մեզ ու մեր գյուղի հետամնացությանը, բայց արի ու տես, որ չի վիրավորում, որովհետև չկա խտրականություն: Ֆիլմում հավասարապես ծաղրի առարկա են բոլոր ազգությունները` և՛ թուրքերը, և՛ ադրբեջանցիները, և՛ ամերիկացիները, իսկ գործող անձանց մեջ չկան ազգի համար հերոսական կերպարներ: Սա ժանրի հարց է, որով ծիծաղելի են բոլորը, ողջ աշխարհը: Դաժան ծաղրի են ենթարկված ֆիլմի սկզբում երևացող բոլոր թուրք կերպարները` հյուրանոցի կոնսիերժը, լողափում պաղպաղակ վաճառողը, նավակ քշողները, ադրբեջանցի սահմանապահները, ամերիկացիները` գլխավոր հերոսն ու իր երջանիկ ապուշ ընկերը:
Էական տարբերություն է, երբ ծիծաղում են ոչ թե ազգային հերոսների վրա, այլ կոմիկական պերսոնաժների, որոնց նմանակներին բոլորս էլ հաստատապես հանդիպել ենք կյանքում, նույնիսկ Երևանի կենտրոնում և ոչ միայն սահմանամերձ գյուղում:
3. Անկախություն vs. «սովետ»
«Եթե բոլորը» խորհրդային կինոյի կաղապարներով կառուցված պատմություն է, որտեղ փորձ է արվել Քյոսայանի «Տղամարդիկ»” ֆիլմի ու Դանելիայի «Միմինոյի» շտամպներով ներկայացնել հետխորհրդային իրողություններ, բայց ապարդյուն. նույնիսկ գլխավոր հերոս Գուգոն մնացել է «կամանդիր» ու չի դարձել հրամանատար: Պարզ «սովետաբաղձությունը» ներկայացվում է իբրև խաղաղասիրություն: «Մոլորվածը»` ճիշտ հակառակը, ցուցադրում է հետխորհրդային իրավիճակը:
Խորհրդային արվեստը նմանատիպ պատմություններ շատ ունի, և հատկապես ֆիլմի երեք սցենարիստներից մեկը` Քրիստ Մանարյանը, որը երաժշտությանը մոտ կանգնած մարդ է, դժվար թե չիմանար «Գայանե» բալետի լիբրետոն: «Գայանեում» էլ երկնքից պարաշյուտով օտարական է իջնում հայկական գյուղի վրա: Սովետական գյուղն օտարականին ընդունում էր իբրև բարեկամի, որին պետք է պատվել ու շահել, իսկ խելացի Գայանեն բացահայտում է, որ նա լրտես է, ու նրան չեզոքացնում են: Վերջում բոլորը մի լավ քեֆ են անում: Ֆիլմի սցենարիստները շուռ են տվել «Գայանե» բալետում պատկերված խորհրդային իրավիճակն ու ստացել հետխորհրդայինը: Ճիշտ նույնը. երկնքից հայկական գյուղի վրա օտարական է իջնում, բայց պատերազմ տեսած գյուղն օտարականին ընդունում է իբրև թշնամու, իսկ խելացի Անին բացահայտում է, որ նա լրտես չէ, բարեկամ է: Վերջում բոլորը մի լավ քեֆ են անում:
Ավելին, խորհրդային անցյալը ներկայանում է բացասական նշանով` գեղի կլուբում 70 թվից մնացած ամանորի շնորհավորական պաստառ է, գյուղացու նկուղում` Ստալինի գիպսե կիսանդրի: էստեղ «սովետաբաղձ» չկա, եթե կա անգամ կորուսյալ դրախտի հիշատակում, ապա դա Անին է` հազար ու մի եկեղեցիների քաղաքը, բայց դա լրիվ ուրիշ նոստալիգիա է:
Երկու ֆիլմն էլ համարվում են երկլեզու, խոսում են հիմնականում հայերեն: «Եթե բոլորի» հեղինակները բազմիցս հայտարարել են, որ ֆիլմը միջազգային է, հետամուտ է համամարդկային արժեքների, բայց իրականում կոմունիստական ինտերնացիոնալի հոտը մի կիլոմետրից փչում է: Ֆիլմում խոսում են միայն մեկ միջազգային լեզվով` ռուսերեն, ընդգծված հայկական առոգանությամբ և շատ հարգալից ու պատկառանքով, չնայած հերոսուհու մայրը հայուհի է եղել` Լիլիթը, բայց հերոսուհին չի էլ փորձում իր մայրենին վերհիշել, և ամբողջ ֆիլմի ընթացքում մի ֆրազ է արտաբերում արցախի բարբառով՝ «լոխ լավ ա»: Իրական լեզվական բազմազանություն կա «Մոլորվածում», որի երկրորդ լեզուն անգլերենն է, բայց ֆիլմում հնչում են և՛ թուրքերեն, և՛ ռուսերեն, և՛ անգամ Չելենտանոյի երգերով իբր օտար լեզու սովորած մսավաճառի ծիծաղաշարժ իտալերենը: Չկա ոչ մի պատկառանք ու քծնանք ամերիկացու և անգլերենի հանդեպ, այլ կա լեզուների համով շիլաշփոթ (Do you speak english, очень приятно, Мацак! ): Հրանտ Թոխատյանի մարմնավորած զինվորական Ալեքսանն էլ հարցաքննությունը ռուսերեն է տանում հին իներցիայով, երբ հայերը շների ու տուրիստների հետ բացառապես ռուսերեն էին խոսում:

 

4. Ամերիկա vs. Ռուսաստան

Երկու ֆիլմում էլ հայոց հինավուրց հողի վրա երկնքից ընկնում են երկու օտարական, մեկը՝ ռուս, մյուսը` ամերիկացի, մեկը` աղջիկ, մյուսը` տղա, մեկը` հատուկ առաքելությամբ, մյուսը` պատահմամբ: «Եթե բոլորը» ֆիլմի սկզբում ինքնաթիռը հայ ժողովրդին նվեր է բերում Սաշա անունով սիրունիկ ռուս աղջկա` կեչու տնկին ձեռքին, որ նույն մեծ ախպեր Ռուսաստանն է` փոքր քրոջ մաշկի տակ ծպտված, որ, բնականաբար, հույժ կարևոր առաքելություն ունի: Արցախյան ազատամարտի հաղթանակը նվիրվում է ռուսներին, իսկ մնացած աշխարհը, ընդհանրապես, գոյություն չունի:

«Կորած մոլորվածը» ֆիլմի վերջում ինքնաթիռը հայ ժողովրդին նվեր է թողնում Բիլ անունով հարուստ տնփեսայի՝ սենատորի որդու, որ ոչ մի առաքելություն էլ չունի ու բացի օգուտից, վնաս չի տա: Իսկ որ Ռուսաստանից խեր չկա, դա ֆիլմում կատակով նշվում է. Անիի ընկերուհին բողոքում է. «Գյուղում ում վրա աչք դրի, գնաց Ռուաստան խոպան, հետ չեկավ»: Եվ, առհասարակ, Ռուսաստան-Ամերիկա թեմայով սառը պատերազմի հալոցքի տակ մնացած լիքը խոսակցություններ կան («Ամերիկան որ ուզի, երեք օրում Ռուսաստանը կգրավի»): Բայց, այսքանով հանդերձ, հնարավոր չէ այս ֆիլմը համարել հակառուսական կամ պրոամերիկյան, քանի որ քաղագիտացիայի զսպաշապիկից ազատ, պարզ զվարճանք է:

5. Մացակ ամի vs. «կամանդիր» Գուգո

Միքայել Պողոսյանն ակնհայտորեն ավելի բնական է նայվում Մացակ ամիի դերում, քան ազատամարտիկ Գուգոյի: Մի քիչ շոռաչք, մի քիչ թարախ, փնթնփնթան ու ագրեսիվ միայնակ ծերուկ Մացակն իրականում բարի սիրտ ունի և ֆիլմի ամենավառ կերպարն է, որը կայացել է Միքայել Պողոսյանի փայլուն և շատ բնական խաղի շնորհիվ: Հարբեցող, կեղծ պաթոսով լեցուն Գուգոն ուղղակի խամրում է Մացակի կողքին:

6. BOSS կարմիր «Նիվա» vs. 7777 «Լենդրովեր ջիփ»

Երկու ֆիլմում էլ մեքենա են առևանգում, որ լոպպազ իշխանության սիմվոլն է: «Եթե բոլորում» դզող-փչող դարձած երբեմնի «կամանդիր» Գուգոն առևանգում է մի խուրձ 7 ունեցող «գոլդ» համարով «Լենդրովեր ջիփ» ու հենց նստում է ղեկին, իրեն դնում է իր երեզած տղու տեղը: «Մոլորվածում» էլ գյուղապետի Թան մականունով տղան է պապայից թռցրած BOSS համարներով կարմիր «Նիվայի» ղեկին նույն հոգեվիճակում հայտնվում: Բայց «Մոլորվածում» իշխանության, թեկուզ տեղական իշխանության սիմվոլ «Նիվան», ի վերջո, շուռ է գալիս ու ջարդուխուրդ լինում` խորհրդանշական կերպով ցուցադրելով չարի վերջը, գողացողն էլ հայտնվում է հավաբնի ճաղավանդակի հետևում, իսկ «Եթե բոլորում» իրական տերերը գալիս են, «սամասուդ» անում իր գլխից վեր թռած ազատամարտիկին ու ջիփը հետ վերցնում` խորհրդանշական կերպով ցուցադրելով բոլորիս հայտնի «մեր դեմ խաղ չկա»-ն:

7. Անի vs. Սաշա

Երկու ֆիլմի գլխավոր հերոսուհիներն էլ զոհված ազատամարտիկների դուստրեր են, մեկը` հայ Անին (Անժելա Սարաֆյան), մյուսը` ռուս Սաշան (Եկատերինա Շիտովա): Թե նրանց մարմնավորած դերասանուհիներից որ մեկն է ավելի գեղեցիկ ու տաղանդավոր, դատեք ինքներդ, բայց միանշանակ է, որ Անին ավելի իրական է: «Եթե բոլորում» ռուս Սաշայի համեմատ հայ աղջիկների ու կանանց նկատմամբ ակնհայտ խտրականություն կա. բոլոր հայուհիները ներկայացված են անուղեղ, չաղ ու բախտավոր: «Մոլորվածում» նույնպես անուղեղ, չաղ ու բախտավոր կանանց պակաս չի զգացվում, բայց առնվազն մի քանի կնոջ կերպար ընդգծված դրական է, այդ թվում՝ Անիինը:

Ազատամարտիկ հոր գերեզմանին այցի գնացող հայ գյուղացի աղջիկը, որի ննջարանում Հայաստան-Արցախ միավորված քարտեզ է կախված, շատ ավելի ազդեցիկ ու հայրենասիրական կերպար է, մանավանդ երբ նրա շուրթերից լսում ես` «չեմ կարող էստեղից գնալ, էստեղ իմ ամեն ինչն է», հասկանում ես, որ քո սրտից է խոսում, քան Սաշա Մասլենիկովան` իր «լոխ լավ ա»-ով, որ ինչքան էլ զվարճալի թվա, սրտիդ չի կպչում: «Եթե բոլորն» անպտուղ սիրո պատմություն է, որտեղ կենդանի Սաշան սիրում է հորը` մեռած Սաշային, իսկ ավարտը, ամենևին էլ երջանիկ չէ` «մանթրաշից» ծնված հիստերիկ ծիծաղ է: «Կորած-մոլորվածը» երջանիկ ավարտով սիրո պատմություն է. վերջին կադրում գրկախառնված Անին ու Բիլը գալիս են հավաստելու, որ Հայաստանը էդքան էլ կորած տեղ չի, որովհետև էստեղ էլ կարող եք գտնել ձեր սերը:

Արմեն ՕՀԱՆՅԱՆ