փելեշՎավերագրական կինոյում ռեժիսորի մասնակցությունը բացակա ներկայություն է: Այդ բացակա ներկայությամբ ռեժիսորն առանց դերակատարների, հաճախ առանց նախապես մշակված սցենարի, բեմականացման ու նկարչական ձևավորման փորձում է դիպչել կինոդիտողի զգայարաններին, մտքին ու հոգուն:
Վավերագրական կինոյի պատմության մեջ Արտավազդ Փելեշյանի անունն արժևորվում է համաշխարհային մեծության, հանճարի գնահատանքով: Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ կինոհանճար: Փելեշյանին շատերն են փորձել բնութագրել՝ կինոպոեմի, կինոբանաստեղծության վարպետ, կինոգեղագետ. Ալեքսանդր Սոկուրովը նրա մասին խոսելիս առանց վերապահումների գործածում է հանճար բառը: 1974 թվականին Արտավազդ Փելեշյանը տպագրել է իր «Տարածական մոնտաժ», 1988-ին «Իմ կինոն» գրքերը, որոնք կինոհանրագիտարանի նշանակություն ունեն: Էյզենշտեյնի, Վերտովի նորարարություններին հաջորդած նրա նոր կինոմտածողությունը, ոչ միայն տարածական մոնտաժի հնարքի, այլև հեղինակային կինոյի նոր ոճ, նոր խոսք դարձավ: Այն ուղղակի ցնցեց կինոաշխարհը: Երբ սովետական տարիներին մի քանի կամ դրանից մի քիչ ավելի հանդիսականներ բացակա գիտակցումով ու տարակուսած դիտում էին Փելեշյանի ֆիլմերը՝ ընթացքում կինոդահլիճի մթությունն ազատելով իրենց ներկայությունից, փելեշյանական կինոն հենց այդ ժամանակ իր անունը սրբագրում էր համաշխարհային կինոյի էջերում: Նա արդեն ստեղծում էր կինոպոեզիայի իր ժանրը՝ կյանքի անչափելի տարողությունը դատարկելով իր 7, 10 կամ մի քիչ ավելի տևող ֆիլմերում՝ ամեն կադրին կյանքի իմաստ ու արժեք տալու հստակ ձգտումով:

Պատկերի լեզուն, պատկերի անհերքելի գերակայությունն իշխում է կինոդիտողի գիտակցության ու հոգու վրա, այն մխրճվում է մարդու ուղեղի մեջ, ու սև-սպիտակ ժապավենը շարահար շղթայի նման անցնում է աչքիդ առաջով: Այնտեղ կինը ծննդաբերում է՝ նոր կյանք պարգևելով ու իր սրտի զարկերը միախառնելով մեծ կյանքի երաժշտությանը, տարվա եղանակները հաջորդում են միմյանց՝ իրենց տարերքին մասնակից դարձնելով մարդուն: Ռեժիսորը մարդու արարչագործությունների վրա է հրավիրում մարդու ուշադրությունը, որովհետև դա մարդկանց երկիրն է. Մարդիկ ուղղակի երթևեկում են գնացքով: Առաջին հայացքից սովորական ուղևորություն. կինոխցիկը որսացել է խոշոր պլաններ՝ զարմանալի ճշգրտությամբ ու պատահաբար: Գնացքի ուղևորների մեջ հայտնված ռեժիսորին օպերատորը թաքուն նկարահանում է, և սա այն եզակի դեպքն է դառնում, երբ Փելեշյանը «Վերջ» ֆիլմում օգտագործում է նաև իր կադրը: “Եթե ես իմանայի, որ օպերատորն ինձ էլ է նկարահանել, այդ կադրը հաստատ չէի դնի ֆիլմում, բայց քանի որ թաքուն է նկարել, դրա համար էլ որոշեցի օգտագործել այն”,-ասում է Փելեշյանը:
Մի առիթով նրան հարցրի, թե ինչպես է վերաբերվում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Ռևազի իր դերին: Ասաց. «Ամեն մարդ իր կյանքում գոնե մի անգամ թունդ սխալվում է, դա էլ իմ սխալն է, որ ուղղել չեմ կարող, ի՞նչ անեմ, արդեն շատ ուշ է»:

Սերգեյ Գերասիմով, Լեոնիդ Քրիստի, Ձիգա Վերտով, Սերգեյ Էյզենշտեյն. Արտավազդ Փելեշյանն իրեն համարում է նրանց աշակերտը: Համաշխարհային կինոյի վարպետ Գոդֆրի Ռեջիոն խոստովանել է, որ իր կուռքը կինոյում Արտավազդ Փելեշյանն է: Իր ստեղծածը նա համարում է կայծեր, Փելեշյանինը՝ կայծակ:

Արդեն 18 տարի Արտավազդ Փելեշյանը ֆիլմ չի նկարահանում: Ապրում է Մոսկվայում, դասավանդում է, վարպետության դասեր է տալիս տարբեր երկրների տարբեր բուհերում, գիրք է գրում: Շատերն են տարբեր առիթներով ափսոսանք հայտնում, որ Փելեշյանը կինո չի ստեղծում՝ վստահաբար հաստատելով, որ ստեղծելու դեպքում այն գլուխգործոց է լինելու: Կինոնախագծեր շատ ունի: Դրանցից մեկը՝ «Homo Sapiensե-ը, կադր առ կադր նա ներկայացրել է իր «Իմ կինոն” գրքում: Այդպես է իր չիրականացած կինոնոսցենարի ծնունդը փորձել ներկայացնել կինոդիտողին՝ ոչ թե ժապավենին, այլ գրքի թղթե էջերում նկարելով այն:

Աշնանը Արտավազդ Փելեշյանը 6 տարվա ընդմիջումից հետո Հայաստան եկավ: Առիթը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում վարպետության դասերի հրավերն էր: Մեկ շաբաթ մայրաքաղաքը նրա հետ հանդիպումից էր խոսում: Բոլորը տպավորված էին, հուզված, մի տեսակ մեղքի զգացումով, որ վարպետի կինոսցենարները նրա գզրոցներում են ու մտքում, և կյանքի կոչելու հնարավորություններ չկան: Աղմկոտ ու մարդաշատ վայրերից, հանդիպումներից խուսափող, հարցազրույցներ, տեսախցիկ ու ֆոտոսարքեր չսիրող, իրենով հետաքրքրվողներին շրջանցող ռեժիսորը պատասխանեց կինոաշխարհին ու իր կինոյին վերաբերող հարցերին: Ձևաչափը հարցուպատասխանին չէր հակված, այլ վարպետության դասին: Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում պետք է համարել բացառիկ, աննախադեպ հաջողություն, իսկ արդյունքը՝ հիշողություն, որն ունենալու բախտին ամեն ոք չի արժանանում: Արտավազդ Փելեշյանը հանդիպումը սկսեց իր ֆիլմերից 4-ի՝ «Մարդկանց երկիրը», «Տարվա եղանակներ», «Վերջ» և «Կյանք» վավերագրականների ցուցադրումով:
Հաճախակի՞, թե՞ հազվադեպ կինոդիտումներ, երբ էկրանին փելեշյանական կինոն է: Կինոյի առանձնահատկությունները և տարբերությունն այլ արվեստներից:
– Ես հազվադեպ եմ դիտում իմ ֆիլմերը, միայն այսպիսի առիթների դեպքում: Լավ ֆիլմեր են, հավանում եմ: (Ծիծաղում է): Ափսոս այս անգամ էկրանն էր վատը, թե չէ ֆիլմերը վատը չեն:

Ես մի առիթով ասել եմ, որ իմ ֆիլմերը երկար են ապրում իմ սխալների պատճառով, հիմա էլ եմ նույնն ասում: Իմ վարպետն ասում էր՝ դու ֆիլմ նկարիր, բայց մի խոսիր: Կինոն սինթետիկ արվեստ չէ, կինոն ինքնուրույն արվեստ է: Այն կապ չունի գրականության հետ: Կինոն չի խմում ո՛չ գրականության, ո՛չ երաժշտության, ո՛չ կերպարվեստի ջրերից: Կինոն խմում է այնտեղից, որտեղից խմում են առանձին վերցրած գրականությունը, երաժշտությունը, կերպարվեստը: Կինոյի և կինոարվեստի սահմանները տարբեր են ու շատ մեծ: Այն, ինչ գրանցում է կինոժապավենը, դեռ կինոարվեստ չէ: Գեղարվեստական կինոն տարբեր է խաղարկայինից: Վավերագրականն էլ կարող է լինել գեղարվեստական, խաղարկայինն էլ:

Մեծ ընդմիջում, ստեղծագործական դադար. հետևանքը՝ դատարկ ժապավեն

– Ես էլ եմ ափսոսում, որ չեմ նկարում: 1968 թվականին գրեցի «Homo Sapiensե սցենարը: Այն խաղարկային ֆիլմ էր լինելու, որի համար մեծ գումար էր պահանջվում՝ մեկ միլիոն դոլար: Բախտս բերեց. 1989 թվականին Պետկինոն հաստատեց սցենարն ու բյուջեն: Ուրախացա, բայց մի տարի հետո երկիրը քանդվեց: Ես չեմ նահանջում «Homo Sapiensե-ից, թեև էլի ունեմ սցենարներ, և՛ խաղարկային, և՛ վավերագրական. «Homo Sapiensե-ն էլ է խաղարկային: Եթե այդ ֆիլմը նկարեմ, իմ մյուս բոլոր ֆիլմերը նրա կողքին կերևան փոքրիկ էսքիզներ: Այնքան նորություն կա այդ ֆիլմում, որ մինչև կյանքիս վերջն ինձ հերիք է: Ունեմ նաև «Հայոց աշխարհ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի սցենար, որը նույնպես ֆինանսական պատճառներով այդպես էլ չնկարեցի: Ես այդ բոլոր ֆիլմերը տեսել եմ, ուզում եմ, որ դո՛ւք էլ տեսնեք:

Փելեշյանական կինոյի առանձնահատկությունը, ոճը, ասելիքը

– Ես իմ ճանապարհն ունեմ, մյուս ռեժիսորներն՝ իրենցը: Իմ ֆիլմերով ուզում եմ ձեզ հետ կիսել պայմանականորեն ասած՝ իմ հայտնագործություններն ու տպավությունները: Կինոյում պետք է հենվել կինոյի լեզվի վրա. դա է ամենակարևորը, ուրիշ ճանապարհ չկա: Ես մինչև չիմանամ, որ ֆիլմը պատրաստ է, չեմ գրի սցենարը, ոչ թե չեմ նկարի, այլ չեմ գրի: Տասնամյակներ առաջ Գորիսում ֆիլմ էինք նկարում: Ինձ պետք էր լեռների ուղղահայաց պատկեր, իսկ օպերատորը նկարում էր հորիզոնական ու հավատացնում, որ այդպես գեղեցիկ է: Ես ասացի՝ այո՛, գեղեցիկ է, բայց ինձ պետք է լեռների ուղղահայաց կադր: Իմ ֆիլմերում ես միշտ ներկա եմ: Օպերատորը տեսախցիկն է բռնում, իսկ ես՝ օպերատորին:
Գունավոր ժապավեն չեմ սիրում, սև-սպիտակ եմ սիրում ու սև-սպիտակ եմ նկարել, թեև իմ վերջին՝ «Վերջ» ֆիլմը գունավոր ժապավեն է: Ֆիլմը մի քիչ հուշում է, որ ընդունելի է, կարելի է այս-այն գունավոր նայել: Նկատի ունեմ այն, որ գունավոր ֆիլմ ու գունավոր ժապավեն հասկացությունները միմյանցից շատ տարբեր են: Գունավորը դրամատուրգիայի մեջ է մտնում, պետք է դրամատուրգիան արդարացում ստանա գունավոր ֆիլմով, ոչ թե գունավոր ժապավենով:

Նորից ու կրկին տարածական մոնտաժի մասին

– Իմ ֆիլմերում ես օգտագործում եմ ուրիշ սկզբունք. ինձ կադրերը միացնելը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է դրանք միմյանցից բաժանելը, հեռավորության վրա դնելն ու արանքում ուրիշ պատկեր տեղադրելը: Իմ կարծիքով՝ այդ հեռավորության վրա գտնվող լիցքավորված պատկերներն իրար մեջ ավելի լավ են խոսում և ոչ միայն իրար մեջ են խոսում, այլ նաև մինչև անգամ իրենց մեջտեղում ընկած բոլոր պատկերների հետ են խոսում: Այ դա է մեխանիզմը: Պատկերի բացակա ներկայությունը միշտ կա: Մոնտաժի շնորհիվ այն ներկա է: Եթե վիրաբույժի նման հերձեք ֆիլմը, կտեսնեք, որ ֆիլմի մեջ պատկեր չկա, բայց դրա էֆեկտը, տպավորությունը կա, ստացել եք: Դա է բացակա պատկերի հիմնական էությունը:

Կարճ և հատու տիտրերի ներկայությունն ու նշանակությունը

– Ես չգիտեմ՝ ով է ասում՝ հոգնեցի: Հետո շարունակում՝ կարծում ես ուրիշ տեղ լա՞վ է: Իհարկե, ես եմ գրել այդ տիտրերը, բայց թե ով է ասում՝ պարզ չէ: Դա անուղղակի խոսակցություն է: Հերոսներն են ասում՝ устал (հոգնել եմ): Բայց ամեն տեղ նույնն է, բոլորն էլ հոգնում են: Ի՞նչ են տալիս այդ տիտրերը ֆիլմին: Ես մի համեմատություն անեմ: Հրթիռն անցնում է առաջին, երկրորդ, երրորդ աստիճանները, հետո նոր տիեզերք է բարձրանում: Այս տիտրերն այդ նույն աստիճաններն են, ֆիլմի ուղեծիրն է անընդհատ փոխվում, հետո տիտրերն արագ անհետանում են, մահանում՝ լիցք տալով: Մահացած տիտրն այլևս պետք չէ, ավելորդ է: Ինքն իր գործն արել, թողել- հեռացել է:

Կադրի և երաժշտության մոնտաժ

– Ես չեմ մոնտաժում պատկերը երաժշտության հետ: Ես մոնտաժում եմ պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ:
Արտավազդ Փելեշյանն իր մուտքը կինոաշխարհ կարճ ու հումորով է ներկայացնում: Պատմում է, որ երիտասարդ ժամանակ Ավտոմատիկայի գործարանում աշխատելիս աշխատանքից հետո կոլեկտիվով հաճախ գնում էին կինո դիտելու: Հաջորդ օրը քննարկում էին ֆիլմը: «Իմ կարծիքներն ու մտքերը ոչ մեկին դուր չէին գալիս, որովհետև ես միշտ մյուսներից տարբեր կարծիք էի ունենում: Ընկերներս ասում էին՝ լավ, դե ոչինչ, ներում էին, էլի: Ես էլ որոշեցի գնամ կինոռեժիսոր դառնամ, որ էլ ավելորդ խոսակցություն չլինի»:

Նաիրա Փայտյան