ՙ«Ինտերնացիոնալ» ֆիլմ ծիծակ Հայաստանի մասին
ՙ«Կորած-մոլորածը Հայաստանում» ֆիլմի հայաստանյան պրեմիերայից առաջ հրավիրված ճեպազրույցի ժամանակ, որին մասնակցում էին ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը և պրոդյուսերներ Մարալ Ջերեջյանն ու Վալերի Մակքարֆին, ռեժիսորը հայտարարեց, որ նպատակ է ունեցել նկարահանել միջազգային (իր խոսքով` ինտերնացիոնալ) ֆիլմ` ոչ միայն հայերի մասին և հայկական թեմայով: Պրոդյուսեր Մարալ Ջերեջյանն էլ ավելացրեց, որ ինտերնացիոնալ ֆիլմի համար իրենք ընտրել են կատակերգության ժանրը, որպեսզի ֆիլմը հասկանալի լինի բոլորին, քանի որ, իր համոզմամբ, հայկական ֆիլմերն ընդհանրապես անհասկանալի են օտարներին:
Մինչ Գոռ Կիրակոսյանի ոչ միայն հայկական թեմայով և ոչ միայն հայերի մասին պատմող «ինտերնացիոնալ» ֆիլմ նկարահանելու նպատակին և այդ նպատակի վերջնական արդյունքին դառնալը, բնավ չստանձնելով հայկական կինոյի պաշտպանի դերը (մեր կինոն դրա կարիքը բացարձակապես չունի), չեմ կարող չասել, որ Մարալ Ջերեջյանի հայտարարությունը, որը գնահատականի արժեք ունի, առավել քան չի համապատասխանում իրականությանը և սուտ է: Այդ հայտարարությունը եզրակացության ընդամենը երկու ճանապարհ է ենթադրում. կա’մ տկն Ջերեջյանը «Կորած-մոլորածը Հայաստանում» ֆիլմի համար ընտրել է ոչ այնքան արդար PR-ի այս տարբերակը, կամ բացարձակապես անտեղյակ է հայկական կինոյի պատմությանը:
Ինչևէ, փաստը մնում է այն, որ պրոդյուսերներին հաջողվել է ամերիկյան արտադրության ֆիլմի ամբողջ բյուջեն հավաքել Հայաստանից: Իսկ թե ինչու «ինտերնացիոնալ» մակարդակի և օտարներին հասկանալի կինոնկարի համար պրոդյուսերները չեն կարողացել կամ չեն փորձել ֆինանսավորում գտնել ամերիկյան շուկայում, մտորելու առիթ է:
«Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիմի հերոսը հասարակ ամերիկացի չէ, այլ, որ շատ կարևոր է, ամերիկացի սենատորի որդի զբոսաշրջիկ Բիլին, որն ընկերուհուց բաժանվելուց հետո որոշել է դարդերն ալկոհոլի մեջ խեղդել Անթալիայում: Սենատորի որդու` Անթալիայի էժանագին հյուրանոցում և, վատ իմաստով, հանրային լողափ հիշեցնող ծովափին հանգստանալու որոշումը փորձենք վառ երևակայությունից ծնված հումոր ընկալել:
Այնպես է պատահում, որ թուրքական քամիները Թուրքիայի դրոշի տեսքի օդապարիկով սավառնող Բիլիին հասցնում են Հայաստանի գյուղերից մեկը: Այս հեռավոր գյուղում, որտեղ համակարգչին «տելեվիզոր» են ասում, Playboy-ը սեռահասունացման միակ հնարավոր ճանապարհ ընկալում և նույնիսկ ամենահայտնի ահաբեկչական երկրների համար նախանձելի քանակի զենք ու զինամթերք պահում տանիքներում, Բիլիի` իբրև քաղաքակրթության մարմնացման և անփոխարինելի փեսացուի հայտնությունը սկզբում այնքան էլ տեղը չեն բերում և նրան դնում են ադրբեջանցի կամ թուրք «շպիոնի» տեղ (թուրքի և ադրբեջանցու տարբերակումը ֆիլմի սցենարիստների համար էլ երկրորդական է եղել, մի խոսքով` թշնամի): Քաղաքակրթության մեր շփոթահար մարմնացումը, որ կարծում է, թե դեռ Թուրքիայի տարածքում է, չի հասցնում նույնիսկ երկու թուրքերեն բառ արտաբերել, երբ գյուղի «լավ տղա» բիձեքը, որոնք դեռ պատերազմական և խիստ “մարտունակ” վիճակում են և որևէ ցանկություն էլ չունեն այդ վիճակից դուրս գալու, երկաթե հաստ շղթաներով կապկպում են Բիլիին ու նետում մառանը:
Էս աբորիգեն գյուղացիները, որ վերջապես հայերեն թարգմանված 80-ականների «Տերմինատորով» են օրը մթնեցնում՝ իրենց Շվարցնեգերի տեղը դրած, սկսում են «շպիոնին» ուզածի պես տանջել` ընդհուպ սովետական բանակի սապոգով մռութին հասցնելը: Սակայն ռեժիսորը չի մոռացել, որ հայերը, այնուամենայնիվ, հյուրասեր ազգ են, և Բիլիի կտտանքները մերթընդմերթ ընդհատվում են «զակատ արած» կոմպոտի հյուրասիրությամբ, որը շաքարի պարունակությամբ կարող է օրգանական սննդի ջատագով խեղճ ամերիկացուն մահվան դուռը հասցնել:
Երբ, վերջապես, հայկական գյուղը և տեղացիներին իբրև վանդալ-աբորիգենների ներկայացնելու և ծաղրելու բոլոր հնարավոր տարբերակները սպառվում են, հայտնվում է քաղաքից ժամանած և երեք տարի անգլերեն պարապած ու ամերիկացու ակցենտ ձեռք բերած Անին, որը շփվում է Բիլիի հետ, հասկանում նրա ով լինելն ու փորձում դա հասկացնել նաև հասկանալ չցանկացող խոշտանգողներին:
Ի վերջո, քաղաքակրթության զավակին օգնության է հասնում նորին մեծություն քաղաքակրթությունը` հեռուստատեսությունը: Թուրքական ալիքներով իրենց գլխին եկածի և թրքուհիների ձեռքից թռած ամերիկացի սենատորի որդու մասին պատմող ռեպորտաժն անհավանական պատահականությամբ հասնում է նաև աշխարհագրորեն չկողմնորոշված հայկական գյուղը: Վերջ. «շպիոնն» այլևս շպիոն չէ, ուր մնաց` թշնամի, նա այլևս հերոս է, Աստծու կողմից ուղարկված այն պարգևը, որին գյուղացիք և հատկապես Անին երկար են սպասել:
Անին` իբրև իր դերը քաջ գիտակցող իսկական հայուհի, հասցնում է Բիլիին հյուրասիրել հայկական ծիրան (որից հյուրի նրբին ստամոքսը միանգամից հանձնվում է) և իհարկե պատմել իր անվան ծագումնաբանությունը, հազար ու մի եկեղեցիների, դարավոր պատմության, կորցրածի ոդիսականը (բայց կորուստը չընդունողի համառությամբ) և տեղնուտեղն էլ ուտել 200-ամյա պատմություն կրողի, բայց նույնիսկ այդ պատմությունը չիմացողի խելքը: Ինձ էլ` որպես «ինտերնացիոնալ» կարգի կինոյից վերստին հույսը կտրած հանդիսատեսի, թվում էր, թե այսքանով վերջը կերևա, բայց արի ու տես, որ ստեղծագործական խմբի երևակայությունը չի ցանկացել հանձնվել` հակառակ իմ համբերությանը:
Հոլիվուդյան փառքի հավակնությամբ, բայց այդ կինոյի հետ որևէ աղերս չունեցող խեղկատակության դրամատուրգիան այլ ընթացք է ստանում, որպեսզի օտարերկրյա հանդիսատեսի պորտը տեղը դնի` ցույց տալով, թե ում հետ գործ ունեն էս խեղճ աբորիգենները, և թե ինչու են աբորիգեն:
Ծիծակ գյուղի ծիծակ գյուղապետի ծիծակ տղան, որ սիրահարված է Անիին, ոչ մի կերպ չէր ուզում ընդունել իր բերանի համը լավ իմացող աղջկա մերժումը և փախցնում է նրան: Կովկասի գերուհուն առևանգած գյուղապետի որդին` իր պապենական ժառանգությամբ` կարմիր «Նիվայով», հայտնվում է ադրբեջանական սահմանին: Ադրբեջանցի զինվորները որոշում են, որոշումը ո՞րն է, գրեթե բռնաբարում են Անիին, ու մեկ էլ հայտնվում է հերոսը` ամերիկյան «զինվորը»:
Հայկական հյուրասիրության թեմայի շարունակությունը դարձած առատ սեղանի շուրջը բոլորը երջանիկ են` չբռնաբարված և հայեցի մնացած Անին, նրա փրկիչը, նախկին կտտարարները… Հյուրին գովերգող բաժակաճառերն էլ անպակաս են, թե՝ մնա, պաշտպանիր մեր գյուղը, օգնիր հետ բերենք կորցրածը, պսակվիր մեր Անիի հետ, ու շենացրեք գյուղը: Մինչև ֆիլմի ավարտն էլ անհայտ է մնում` արդյոք ամերիկացի սենատորի որդին մեկնո՞ւմ է, թե՞ որոշում մնալ ու փրկել հայուհուն էլ, հային էլ:
Բիլիի կերպարը մարմնավորել է ամերիկյան կինոյում ավելի շատ իր անհաջողություններով հայտնի (ընդհուպ մինչև «Ոսկե մորու» արժանանալը տղամարդու վատթարագույն դերակատարման համար), երրորդական կարգի դերասան Ջեյմի Քենեդին, որը մերոնց՝ հատկապես մամուլի կողմից ի սկզբանե ընդունվեց և փառաբանվեց այնպես, որ դրա մասին կերազեր ցանկացած հոլիվուդյան աստղ: Ընդունենք, թե դա էլ հայոց հյուրընկալ ոգուն բնորոշ գիծ է, և անտեսենք բարդույթները:
Իսկ այն պնդմանն ի պատասխան, թե այս ֆիլմը ոչ միայն հայի և Հայաստանի մասին է, այնուամենայնիվ, ստիպված եմ ավելացնել, որ սա, առաջին հերթին, հենց հայի մասին է` իբրև բարդութավորված տգետ հետամնացի, և ինչպես ընկերս ասաց, հակադրությունն ու հերքումն է այն գիտնական հայի կերպարի, որը ժամանակին պատկերում էր հայկական կինոն՝ ի տես օտարների: Շատ ցավալի է նաև, որ ժամանակակից հայի նման կինոկերպարը ստեղծվում է հայկական կողմի ֆինանսավորմամբ: Գուցե այս վերջին միտքը գրելու ցանկությունս զսպեի, եթե ֆիլմն ինքն իրեն և իր ստեղծողներին էլ իր հետ արդարացներ` որպես քիչ թե շատ գրագետ կատակերգություն: Մինչդեռ «Կորած-մոլորածը Հայաստանում» ֆիլմը, ցավոք, զուգարանային հումորի վրա հիմնված այն կլիշեավոր «Ճ» կլասի կատակերգությունների թվին է պատկանում, որոնք Հոլիվուդում տարեկան արտադրվում են հարյուրներով և այդպես էլ կինոթատրոնի ու էկրանի երես չեն տեսնում:
Րաֆֆի ՄՈՎՍԻՍՅԱՆ