Կինոերաժշտությունը կարող է դառնալ ֆիլմի այցեքարտը: Այն երբեմն կարող է ավելի հաջողված լինել, քան ֆիլմը և ավելի մեծ ժողովրդականություն վայելել, քան ռեժիսորը կամ ֆիլմի մասնակից հայտնի դերասանը: Սա վերաբերում է հատկապես Միշել Լեգրանին, որի  անունը կապված է  համաշխարհային կինոյի հետ:

Միշել Լեգրանը երաժշտություն է գրել շուրջ 250 ֆիլմերի համար: «Շերբուրգյան հովանոցներ» (1965 թ.), «Թոմաս Քրաունի խաբեբաները» (1968 թ.) և «Ռոշֆորցի աղջիկները» (1968 թ.) ֆիլմերի  երաժշտության համար Միշել Լեգրանն արժանացել է «Օսկար» մրցանակինաև  ստացել  է  5 «Գրեմմի»,  3 «Կեսար»,  1 «Էմմի»,  12 «Ոսկե գլոբուս» իսկ  2003-ին ֆրանսիական կառավարության կողմից` «Պատվո լեգեոն»  շքանշանիՄիշել Լեգրանը կոմպոզիտոր է, դաշնակահար, գործիքավորող, երգիչ. 80 տարեկան  էբայց  նույն  ակտիվությամբ  է  աշխատումինչ տասնամյակներ առաջ: 100-ից ավելի ձայնասկավառակներ է թողարկել` սկսած  22 տարեկանից: Համագործակցել է  ամենահայտնի երգիչների ու նվագախմբերի հետ: Նրա համատեղ կատարումները Շառլ Ազնավուրի, Լայզա Մինելլիի, Ֆրենկ Սինատրայի, Նանա Մուսկուրիի, Բարբարա Սթրեյզանդի, Միրեյ Մաթիեի, Նաթալի Դեսսոյի, Մայլս Դևիսի, Սթինգի, Ջորջ Բենսոնի, Մարիա Նաումովայի, Թամարա Գվերձիթելիի հետ  համաշխարհային հիթերի ոսկե ձայնադարանում են:

 Միշել Լեգրանը ծնվել է 1932 թ., Ֆրանսիայում: Հայրը եղել է կոմպոզիտոր և դիրիժոր, դաշնակահարուհի մայրը` ՀայկանուշՄարսել ՏերՄիքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Պատանեկան և վաղ երիտասարդության տարիներին նա տարված է եղել էստրադային երաժշտությամբ, երաժշտություն է գրել շանսոնյեների համար, ղեկավարել սեփական նվագախումբը, համագործակցել ամերիկացի ջազմենների հետ, ինչպիսիք են Ջոն Կոլտրեյնը, Մայլս Դևիսը, Բիլ Էվանսը: Շուտով սկսում է գրել նաև երաժշտություն հոլիվուդյան ֆիլմերի համար: Կինոստեղծագործություններն սկսում են մեծ հաջողություն ու հռչակ բերել հեղինակին: Նրա  հեշտ հիշվող, մեղեդային ու տպավորիչ երգերը  լայնորեն  տարածվում  են  ու  սիրվում: 1985 թ. Միշել Լեգրանն առաջին անգամ եկել է Հայաստան:

 Կոմպոզիտորը հոկտեմբերի 20-ին դարձյալ իր պապի հայրենիքում էր: Նրան հրավիրել էր Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Արվեստասեր հանրությունը դեռ ամառվանից սպասում էր Լեգրանի հետ հանդիպմանը: Նա եկել էր տիկնոջ` տավղահար, Փարիզի օպերային թատրոնի մենակատար Քաթրին Միշելի հետ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 20-ի երեկոն նվիրվեց Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյակին: Կոմպոզիտորը հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգային ծրագիրը բաղկացած էր մաեստրոյի տարբեր տարիների վաղուց արդեն դասական դարձած ստեղծագործություններից, մեծ մասամբ` կինոերաժշտություն ու երգեր: Դաշնամուրի առջև Միշել Լեգրանն էր, բարձրախոսի առջև` նույնպես: Նա և´ երգում էր, ևʹ նվագում, և´ ղեկավարում նվագախումբըՀոբելյանական համերգից առաջ մաեստրոն մի քիչ ժամանակ հատկացրեց զրույցի համար` առանց պայմանականությունների, հակիրճ ու պարզ:

 Ժան Գաբենն ասել է. «Տարիքս զարդարում է ինձ»:

– Համաձայն չեմ Ժան Գաբենի հետ: Տարիքը զարդարանք չէ: Բայց  իրականում տարիքս չեմ զգում: Ես երիտասարդ եմ, իսկ երիտասարդությունն ա´յ այստեղ է: (Ցույց է տալիս գլուխը:) Ինձ երբեք չեն հետաքրքրել ծննդյանս տարեդարձները, 80-ամյակս` նույնպես:

Հայաստանն ու հայ ժողովուրդը` Լեգրանի համար:

– Մորս հայրը հայ էր: Պապիկիս հետ ես ապրել եմ 10 տարի: Նա հաճախ էր պատմում Հայաստանի մասին: Երկուսով նստում էինք դաշնամուրի առաջ, ու նա ինձ ցույց էր տալիս այն ակորդները, որոնցով կարելի է հայկական ժողովրդական երգեր նվագել: Հայաստանի մասին պապիկս միշտ թախիծով էր խոսում: Հայաստանն իմ սրտի համար յուրահատուկ երկիր է: Այստեղ ես գտել եմ իմ հայ ազգականներին: Հայերի հետ հավասար լաց եմ եղել, ողբացել նրանց անցյալի համար: Հայաստանից մի բան կուզեի միայն` ինձ նվիրեին Սարյանի կտավներից մեկը:

Ձեր երջանկության բանալին:

– Երաժշտությունն է ինձ նվիրել երջանկության բանալին: Ես կրքոտ երաժիշտ եմ, դրա համար էլ շատ եմ ստեղծագործում, խանդավառված եմ մշտապես: Կարիերայի հետևից երբեք չեմ ընկել: Եթե իմ արածը կարիերա համարենք, ուրեմն ես բազմաթիվ կարիերաներ եմ արել` ջազմեն, ռեժիսոր, երաժիշտ, գործիքավորող, դիրիժոր: Ու դեռ շարունակում եմ նույն ջանասիրությամբ աշխատել: Համբուրգցի մի հայտնի խորեոգրաֆի համար երկուսուկես ժամանոց բալետ եմ գրել: Ի դեպ, դա իմ առաջին գործն է այդ ժանրով: Առաջիկա երկու տարում ևս մի բալետային գործ եմ գրելու: Միաժամանակ երաժշտություն եմ գրում ամերիկյան մի ֆիլմի համար: Սպիվակովի պատվերով  կոնցերտ եմ գրել ջութակի և նվագախմբի համար: Եվս մի մեծ աշխատանք է սպասվում Ֆիլադելֆիայի նվագախմբի համար: Ինձ շատ են ուրախացնում ու ոգևորում անդադար աշխատելու առիթներն ու պահանջները:

Ընտանիք` կին, զավակներ:

– Կինս տավղահար է, նրա հետ եմ եկել Հայաստան: Քաթրինը ևս նվագելու է երևանյան համերգում: Որդիներիցս մեկն ավանգարդ ոճի կոմպոզիտոր է, մյուսը` երգիչ: Աղջիկս ձիարշավի չեմպիոն է: 2004-ի Օլիմպիական խաղերին ներկայացրել է Ֆրանսիան: Ես էլ եմ ժամանակին զբաղվել ձիարշավով, բայց վատ ձիարշավորդ եմ, աղջիկս միշտ դիտողություն էր անում ինձ: Երբեք որևէ մասնագիտություն չեմ պարտադրել զավակներիս: Իմ կարծիքով` պատասխանատվությունը մեր երեխաների նկատմամբ հետևյալն է. պետք է նրանց հնարավորինս ցույց տալ այն ամենը, ինչ կա աշխարհում, սովորեցնել ևʹ երաժշտություն, և´ սպորտ, և´ գեղանկարչություն և այլն, և այլն: Տղաներիցս մեկը, օրինակ, 10 տարեկանում հայտարարեց, որ ուզում է ֆերմեր դառնալ: Թողեց դպրոցը: Արթնանում էր առավոտյան ժամը 4-ին, խնամում ձիերին ու կովերին: Այնպես որ երեխաներին պետք է ինքնուրույն թողնել:

Երբ հանդիպում են ֆիլմն ու երաժշտությունը:

– Այդ հանդիպումը հենց այնպես չի ստացվում: Ֆիլմն ու երաժշտությունը  մինչև իրար գտնելը երկար ճանապարհ են անցնում: Ես դիտում եմ ֆիլմը, ուսումնասիրում այն, ոգեշնչվում ու մտածում` ինչ յուրահատուկ բան ավելացնեմ նրան: Այդտեʹղ ու այդպեʹս ծնվում է կինոերաժշտությունը:

Լեգրանն ու հայկական ֆիլմերը:

– Ես տեսել եմ հայոց Մեծ եղեռնի մասին հայկական վավերագրական բոլոր ֆիլմերը, իսկ գեղարվեստականներից քչերն եմ դիտել: Ընդհանրապես հայկական կինոյին շատ ծանոթ չեմ: Երբևէ չեմ մտածել հայկական ֆիլմերի համար կինոերաժշտություն գրելու մասին: Բայց եթե  առաջարկ լինի, սիրով կհամաձայնեմ:

Անցյալի՞, թե՞ ապագայի կոմպոզիտոր:

– Անցյալի մարդ չեմ ու անցյալի հետ կապված չեմ: Սիրում եմ ամեն տեղ լինել, բայց զբաղվածության պատճառով ամեն տեղ մեկ անգամ եմ լինում: Ոչնչի համար չեմ ափսոսում ու չեմ զղջում: 250 ֆիլմի համար կինոերաժշտություն եմ գրել, 100-ավոր ձայնասկավառակներ թողարկել, 800 երգի հեղինակ եմ: Հպարտ եմ այն ամենով, ինչ արել եմ ու ստեղծել, բայց ուզում եմ ավելին անել: Երբ երեխան մի լավ բան է անում, նրան վարձատրում են մի կտոր շաքարով: Ես էլ եմ երեխայի նման. շատ բան եմ արել ու արածիս դիմաց շաքարի շատ կտորներ ստացել: Բայց դեռ շաքար կա, որ ուզում եմ ստանալ:

Անշլագ. «Արամ Խաչատրյան» համերգասրահը հոկտեմբերի 20-ին լեփլեցուն էր: Երգում էր Միշել Լեգրանը: Նրա 80-ամյա արծաթե ձայնը ոչ մի կեղծ նոտա չարտաբերեց. ոչ մի վրիպում: Լեգրանի 80-ամյա մատները դաշնամուրի ստեղների վրայով սահում էին նույն ճկունությամբ, ինչ կես դար առաջ: Բեմում ջազ էր, դասական գործեր և, իհարկե, Միշել Լեգրանի այցեքարտը` նրա կինոերաժշտությունն ու դրա թագ ու պսակ «Շերբուրգյան հովանոցները»:

 Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

 


Բեռլինալե 2019-ը

Փետրվարի 7-ին՝  դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմով, մեկնարկեց Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնը։ Բեռլինի կինոփառատոնի ժյուրին այս տարի գլխավորում...

|8 Փետրվար 2019,10:18