վիգենՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն այս տարի բոլորեց 60-ը։ Հենց հոբելյանն էլ նրա հետ զրույցի առիթ դարձավ։

– Շնորհավորում եմ։  Կենսական, ստեղծագործական ավյուն և մշտապես հետաքրքրական զբաղվածություն… Ի՞նչ կասեք այսօրվա Ձեր զբաղվածության մասին։

– Հիմա “Համազգային” թատրոնում, որտեղ աշխատում եմ, բեմադրվում է Պերճ Պռոշյանի “Հացի խնդիրը՚”: Գործն, ինչպես գիտեք, շատ լայնածավալ է ու բազմախնդիր։ Դժվար է կարևորագույնն ընտրել, բայց եթե չես ընտրում այդ կարևորագույնը, չես էլ բեմադրում։ Ընտրվեց անձ և իշխանություն` անարդար իշխանություն կոնֆլիկտը, որին զոհ են գնում երեխաները, սերը, ինքը` անձը… Պիեսը հեղինակել էր Ռուբեն Հովսեփյանը, սակայն աշխատանքային պրոցեսում թատրոնն իր տարբերակը պատրաստեց կոնկրետ դերասանների համար։ Ներկայացումը,  գործողությունը  շարունակվելու են  անգամ դադարին։  Կուռ կառույցով մի ամբողջություն ենք ուզում ստեղծել, որի փաթեթավորումը կենդանի երաժշտական կատարումներով ուղեկցվող հայկական ավանդական ծեսերն ու խաղերը կլինեն։ Այդպես ենք պատկերացնում։ Թե ինչ է ստացվել, պարզ կլինի ընդամենը մի քան օրից՝ նոյեմբերի 23-ին։

– Ինչքան գիտեմ, մշտապես նախընտրել եք բազմազբաղությունը։

– Ընդհանրապես, այո, բեմադրության ընթացքում բացառվում է որևէ այլ զբաղվածություն։ Արդեն հրաժարվել եմ Մոսկվայի եռօրյա նկարահանումներից և չեմ ափսոսում։ Այս պահին “Հացի խնդրից” բացի ուրիշ ոչնչի մասին չեմ էլ ուզում մտածել։ Մանավանդ հիմա ֆինալն այնքան է հզորանում, որ պիտի դառնա հստակ ապտակ այն մարդկանց, որոնք արդարացնում են սեփական ստոր քայլերը ասելով` հացի խնդիր է։ Դրանով գործն արդիական է և դեռ, ցավոք, դարեր կմնա այդպիսին։ Համենայն դեպս թատրոնը նայում է ապագային և ցույց տալիս, որ փողի իշխանությունը փակուղի է։ Բեյրութում մի խոսք ունեին՝ վերը Աստված, վարը` դոլար։ Սա մարդկանց  ուղղակի խեղդող, քանդող, սարսափելի խոսք է, սակայն մերօրյա իրականությունը։ Բայց ասեմ, որ այնուամենայնիվ համաձայնեցի նկարահանվել Հրաչ Քեշիշյանի “Նժդեհ”  ֆիլմում, և խումբն ընդառաջում է իմ զբաղվածությանը։

– Ֆիլմն այդչափ արժանավոր լինելու հեռանկար ունի՞, որ զիջման եք գնացել։

– Կինոն այն արվեստն է, որը հազար ու մի հարակից  գործոնների հանրագումար է։  Ռուսերեն ասած` экран покажет (էկրանը ցույց կտա)։ Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, դերն էր ինձ համար հետաքրրքրական, և հետո կարծում եմ՝ Նժդեհն այն գաղափարախոսությունը և այն անձն է, որի մտքերը, գործերը, տեսակն ավելի քան կարևոր են, բայց շատ պակասում են Հայաստանին։ Գոնե ֆիլմի տեսքով ներկայացվեն ու վերադառնան։ Ընդհանրապես հայրենասիրությունը միայն խոսք չէ։ Այն յուրաքանչյուրի մեջ պիտի արմատավորվի շատ վաղ տարիքում։ Բախտս բերեց, որ հայրս ոչ ուղղակի դաստիարակեց իմ մեջ այդ երևույթը։ Ինձ համար սարսափելի է անցյալի մեծություններին չիմանալը։ Իսկ այսօր մեծ մասամբ անտեղյակ են, կամ իմացություններն առավելագույնը ինտերնետային մակարդակի են։ Անկախությունից հետո մեծացան  վասն կոպեկի մարդիկ։ Փողը շատ բան խեղդեց` մշակույթ, արվեստ, նաև կինո։ Անցողիկ շրջան էր գուցե, այդպես պիտի լիներ։ Բայց վաղուց արդեն նախկին դիրքին վերադառնալու  ժամանակն է։ Միշտ ունեցել ենք դարերում իրենց հնչեղությունը տարածած անուններ։ Այ դա չպետք է կորցնել։ Իհարկե, որոշ բաներ արվում են, բայց այդ անիվը մինչև սկսի ըստ պահանջի պտտվել, ժամանակ կանցնի, ու իր հետ սերունդ կտանի` թողնելով նրան պրոցեսից դուրս։

– Մեր կինոն ի զորո՞ւ է վասն կոպեկի մտածողությունից վեր գործելու։

– Մենք այսօր իսկական կինոյի հազվադեպ ենք հանդիպում։ Իսկ մեր իբրև թե կինոն բազմաթիվ պակասություններ ունի, և դրանցից մեկն այն է, որ շատ հաճախ էկրանին տեղ են գտնում պատահական և կինոյին լիովին անտեղյակ մարդիկ։

– Ձեր կենսագրությունում գրված է. “Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է մոտ 40 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում”։ Չասեմ լավագույն դերը, սիրելի կերպարը, բայց առաջին ֆիլմը, որում խաղացիք հիշո՞ւմ եք, ո՞րն էր։

– Առաջինը “Լենֆիլմում” էր։ Դերն էպիզոդիկ էր։ Ֆիլմն էկրաններ բարձրացավ։ Գնացի առաջին սեանսին։ Տիտրերում կարդացի ազգանունս։ Ամբողջ ֆիլմը նայեցի ու ինձ չտեսա։ Գնացի կինո ՙՆաիրի՚։ Էլի տիտրերում կարդացի ազգանունս։ Ամբողջ ֆիլմը նայեցի ու էլի ինձ չտեսա։ Կտրել-գցել էին։ Զավեշտ է… Իսկ վերջինը “Նժդեհ” ֆիլմն է, որի մասին արդեն խոսեցինք։

Վերջին ներկայացման մասին էլ ասեմ՝ Շեքսպիրի “Լիր Արքան” է` Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի թատերական գործիչների միությունների համատեղ նախագիծը։ Բեմադրվեց Բիշկեկում և բավական մեծ հաջողություն ունեցավ։ Թատրոնի ղեկավարությունը ասում էր, թե չի հիշում` երբ է հանդիսատեսն այդչափ երկար ծափահարել ու զբաղեցրել անգամ աստիճանները։ Արդեն մի քանի միջազգային փառատոների հրավերներ կան։ Բեմադրող ռեժիսորը Հակոբ Ղազանչյանն է, բեմանկարիչը` Անտոն Քաշիշյանը, պարերի բեմադրողը` Ելենա Բոգդանովիչը, համադրողը` Եկատերինա Չերյոմինան, և Ղրղզստանի ռուսական դրամատիկական թատրոնն էր ամենայնին մասնակից։

– Ավելի շատ ո՞րն է ձերը, գեղանկարչությո՞ւնը, երաժշտությո՞ւնը, դրամատո՞ւրգիան, կինո՞ն, թե՞ թատրոնը։  Շարքը կարծես ավարտուն չէ…

– Գեղանկարչական ցուցահանդեսներ էլ են եղել, բայց նկարիչ չեմ, պարզապես ճարտարապետական կրթությունն է թողել իր կնիքը։ Պոլիտեխնիկում սովորելու տարիներին Արթուր Մեսչյանի հետ նվագում էի “Առաքյալներ” խմբում, որքան էլ ծիծաղելի լինի, մյուզիքլներ ունեմ գրած, նույնիսկ “Արտավազդ” մրցակ եմ ստացել, երաժիշտ չեմ։ Պիեսներ ունեմ, որոնցից յոթ-ութը բեմադրվել են տարբեր թատրոններում, բայց դրամատուրգ չեմ։  Ուղղակի քաջատեղյակ եմ ներկայացման բեմադրումը հաջողելու անհրաժեշտ գործոններին։ Ինչ մնում է կինոն, թե թատրոնը… Իհարկե թատրոնը։ Որովհետև թատրոնն է սկիզբը։ Դերասան դառնում են թատրոնում։ Կինոյում դերասան չես դառնա։ Կինոն սիրում է պատրաստի դերասանի։  Դրանում համոզված եմ։ Սկիզբը թատրոնն է։ Կինոյում աշխատում եմ որպես դերասան և ֆիլմ նկարելու ո´չ միտք ունեմ , ո´չ ձգտում, որովհետև դա իմը չէ։ Հրաժարվում եմ այն ամենից, ինչն իմը չէ։ Մեծ հաճույքով կգրեմ սցենար, պիես, այդպիսի ծրագրեր կան, որոնք դեռևս չեմ մանրամասնի։

– “Հայֆիլմի” բեղուն գործունեության տարիներին պատրաստի դերասան էիք, բայց կինոյում սպասված չափով հանդես չեկաք։

– Այն ժամանակ շատ-շատ էի ուզում նկարահանվել կինոյում, բայց, ցավոք, ինձ քիչ-քիչ էին նկարահանում։ Կար Մոսկվայի կոպիտ ասած ոչ պաշտոնական հրահանգը, որ հայը նկարի գյուղական կյանքից։ Նկարահանվում էր հենց դա։ Դե, կերպարս էլ մի քիչ շատ քաղաքային է։ Այդ տարիների իմ դերասանական աշխատանքը կայացավ թատրոնի և հեռուստատեսության միջոցով։ Համենայն դեպս, թատրոնի դերասան լինելն ինձ համար արդեն քիչ էր, և շատ լուրջ մտածում էի ռեժիսուրայի մասին։ Սունդուկյանի թատրոնում աշխատելուն զուգահեռ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետն ավարտեցի` Մարատ Մարինոսյանի կուրսը։ 1989 թ. ստեղծեցի “Արձագանք” թատրոն-ստուդիան,  որը երեք տարի անց դարձավ ՙՄետրո՚ թատրոնի հիմքը, և սկսեցի լուրջ զբաղվել բեմադրական աշխատանքով ու այնքան լուրջ, որ հիմա արդեն, երբ սցենարը չի բավարարում, չեմ ուզում կինոյում նկարահանվել։

– Ընդհանրապես հեշտ չէ թատրոն ստեղծելը, դուք հաջողեցիք դժվար ժամանակներում, բայց կարճ ժամանակ տեր մնացիք։ Ինչո՞ւ։

– Այն մթնոլորտը, որի համար այդ թատրոնը ստեղծվեց, սկսեց թատրոնից գնալ։ Թատրոնները շատ դժվար են ստեղծվում, բայց շատ հեշտ են քանդվում։ Ընդհանրապես  թատրոն ստեղծելը դժվար է, իսկ պահելը` ավելի դժվար։ Պարզապես անիմաստ գտա ղեկավարել մի թատրոն, որը ստեղծածին արդեն նման չէ, հոգեհարազատ չէ։

– Մթնոլորտը թատրոնից գնաց, դուք էլ՝ Հայաստանից։

– Առանձնակի ուրախություն չէր գնալս ինձ համար։ Կինս` թավջութակահար Նարինե Հարությունյանը, Լիբանանում աշխատելու հրավեր ստացավ Համազգայինից։ Ի՞նչ պիտի անեի մենակ։ Բեյրութում Նարինեն թավջութակի դասարան հիմնեց, որն այսօր էլ գործում է, ես էլ պրոֆեսիոնալ հիմունքներով մանկական թատերախումբ ստեղծեցի։ Այնտեղ ապրածս 14 տարիներին Երևանն ահավոր պակասում էր, և այդ պակասը տանը վեճերի ու այլ հարցերի պատճառ էր դառնում։ Անգիտակից մղում կար` վերադառնամ, այլևս չեմ կարող։ Չնայած Լիբանանում ունեի պատիվ-հարգանք, ամեն ինչ։ Պարզապես Երևանն ինձնից անբաժանելի է։

– Ի՞նչը մեկընդմիշտ կբաժանիք այսօրվա Երևանից։

– Ասելիքս ծերունական փնթփնթոց չդիտվի, բայց իմ երիտասարդ տարիներին երևանցին խուսափում էր ստանդարտներից։ Այսօր խոսելու, երգելու, ծիծաղելու, ապրելու ստանդարտներ են ձևավորվել, ու դրանցում տեղավորվելու ձգտում կա։ Իսկ էդ ամենի տակ դատարկություն է։ Երևանցին լավ էր հագնվում` ճաշակով, այսօր անճաշակությունն է տիրում։ Էն էրևանցի քաղքի տղերքը ունեին իրենց ոճը։ Դրանում, իհարկե, ժպիտ էլ կա, բայց ամեն մի քաղքի տղա մի անհատականություն էր։ Ռուսական կրթությունն էր իշխում, այնուամենայնիվ, եթե հայերեն, ապա ճիշտ էինք խոսում։ Մենք “չ” տառն էինք օգտագործում. ՙ”խաչմերուկը” մեզ համար երբեք “խաշմերուկ” չէր դառնում։ Խուսափում էինք դատարկ լինելուց. Բուլգակով, Ցվետաևա, Բլոկ, Շիրազ կարդում էինք սամիզդատով` հազար անգամ վերամեքենագրված, հազիվ ընթեռնելի։ Հիմա այդ ամբողջն ու շատ ավելին խանութներում փոշու տակ թաղված է։ Վառ գույներն են կորել։

– Ձեր սպասելիքներից ո՞րը կբարձրաձայնեիք։

– Ամենակարևորն  ինձ համար՝ ամեն օրն ինձնից ու ես օրվանից սպասելիք ունենամ։

Զրուցեց Նանա Պետրոսյանը