կարանֆիլTV TRAVEL production-ի  “Պատմության վկաները” հեռուստանախգծի ստեղծագործական կազմը Հայաստանում և Հայաստանից դուրս գոյություն ունեցող հայկական պատմամշակութային հուշարձանները ներկայացնելու ինքնատիպ ձեռագիր ու մտածողություն է դրսևորում։ Հեռուստանախագիծը միայն պատմական փաստերի արձանագրմամբ չէ, որ առաջնորդվում է, այլ ամեն թողարկման ընթացքում ներկայացնում է մի գրավիչ ճամփորդություն երբեմնի հայկական բնակավայրերով՝ անդրադառնալով հատկապես հայոց պետականությունը փաստող կառույցների՝ ամրոցների, կամուրջների պատմությանն ու ներկայիս վիճակին։ Հեռուստանախագծի հեղինակ և օպերատոր Հակոբ Կարանֆիլյանը, ռեժիսոր Սեյրան Հակոբյանը, որոնք նաև  պրոդյուսերի աշխատանքն են կատարում, սցենարիստ Արթուր Սաֆարյանը, հաղորդավարներ Սմբատ Ստեփանյանն ու Ալբերտ Մելքոնյանը, խորհրդատու Նարեկ Ղազարյանը գտել են հայոց ինքնության դրսևորումներն առանց ծանրաբեռնելու և դյուրընկալելի կերպով ներկայացնելու ձևը։ Մանրամասները ներկայացնում է ինքը` Հակոբ Կարանֆիլյանը։

Պարզապես ուզում ենք ցույց տալ հայության թողած հետքերը

“Պատմության վկաները” հեռուստնախագծի նկարահանումները սկսեցինք 2010 թ. մայիսին։  Ի սկզբանե նկարահանվում էր հենց Հանրային հեռուստատեսության   համար։ Իհարկե, մուտքը եթեր ավելի ուշ եղավ՝ զուտ եթերի և նկարահանումների միջև ժամանակային ինտերվալ ապահովելու նպատակով։  Նկարահանումներ եղան Հայաստանում, Ղարաբաղում, Կիլիկիայում, Ջավախքում, Արևմտյան Հայաստանում, իսկ երբ բավականչափ նյութ հավաքվեց,  եթեր տվեցինք։ Հեռուստանախագիծը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ և արբանյակով՝ չորեքշաբթի օրերին։ Յուրաքանչյուր թողարկումը նվիրված է մի տարածաշրջանում գտնվող մի քանի հուշարձանի։

Բայց սա Հանրային հեռուստատեսության պատվերը չէր։ Գաղափարն ամբողջովին իմն է։ Մինչև այս ուրիշների համար նկարահանել եմ նույն թեմաներով “Նոյան տապան” (երեք սերիա), “Արարտ” ֆիլմերը։ Վերջինը ցուցադրում է մեր սիրած Արարատը տարվա չորս եղանկներին, օրվա տարբեր ժամերին՝ տարբեր ռակուրսներից։ “Կորուսյալ հայրենիք” շարքը նույնպես եթեր հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ։ Ու երբ ներկայացրի «Պատմության վկաներ” շարքը, նկատեցին,  որ նույն ձեռագիրն է, և բովանդակությունն ու նպատակն էլ պարզելուց հետո անմիջապես վերցրեցին։

Իսկ նպատակը Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող հայկական հուշարձանները ներայացնելն է։ Պարզապես ուզում ենք ցույց տալ,  ներկայացնել աշխարհում հայության թողած հետքերը։

 Ոչ միայն հաղորդաշար

Ճամփորդելն ինձ համար միշտ էլ հետաքրքրական է եղել։ Ամենասկզբից,  երբ հեռուստատեսությունն ինձ համար սիրելի ոլորտ դարձավ,  որոշեցի աշխատել հենց այդ ասպարեզում։ Իսկ հեռուստատեսության հանդեպ այդ հատուկ վերաբերմունքս ձևավորեց Յուրի Սենկևիչի “Ճանապարհորդների ակումբ”   հաղորդաշարը։ Երազանքս մասնագիտանալն ու այդպիսի ծրագիր անելն էր։ Դե, որպես հայ, առաջինը մեր մասին պիտի հաղորդաշար անեի։ Իհարկե, համապատասխան ֆինանսավորման դեպքում պատրաստ ենք այսօրվանից էլ ընդլայնել աշխաարհագրությունը և անդրադառնալ մյուս ժողովուրդների մշակութային ժառանգությանը։

“Պտմության վկաները”  հաղորդաշար լինելուց բացի, նախագիծ է, որը չորս տարբեր ձևաչափով է մատուցվելու։ Արդեն կա հաղորդաշարը, շրջանառոթյան ենք պատրաստում  ֆիլմերը, կլինեն  TV TRAVEL ամսագիրն ու կայքը։

Ֆիլմերում հաղորդավարներ չեն լինի։ Հաղորդման առավելագույն տևողությունը 26 րոպե է, իսկ ֆիլմերը շատ ավելի երկար են։ Հաղորդման ընթացքում ներկայացնում ենք մեկ կամ երկու հուշարձան, իսկ օրինակ` “Կիլիկիա” ֆիլմը ներառում է 17 ամրոց և տևում է 2 ժամ։ Բացի այդ, ֆիլմերը ներկայացվելու են չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն,  անգլերեն,  ֆրանսերեն։ Հետագայում այդ չորս լեզուներից մեկի փոխարեն կլինի իսպաներեն տարբերակը։ Վաճառքը կկազմակերպվի Հայաստանում և Ռուսաստանում: Ամսագիրը նույնպես աչքի է ընկնելու հավաստի տեղեկություններով և միմիայն պատմական ու բնության հուշարձանների մասին է։

 

Հետագա ծրագրերը

Ծրագրում ենք և աշխատանքային պլանը լիովին պատրաստ է Հնդկաստանում, Իտալիայում, Իսրայելում նկարահանումներ իրականացնելու համար։ Ցավում եմ, բայց անցած տարի չհասցրեցինք Սիրիայում նկարահանումներ կազմակերպել և անդարձ կորցրեցինք. այսօր արդեն այդ երկիրն ավերված է, զարգացումերն էլ` պատերազմական։ Մտադրվել ենք անպայման նկարահանումներ անել Ղրիմում. ժամանակին այն Ծովային Հայաստան էին կոչում։ Այս անգամ ծրագրել ենք ամեն մի երկրի հուշարձանները ներկայացնել մի հաղորդավարի մասնակցությամբ։ Այս պահին ՀՀ մշակույթի նախարարությունն է ֆինանսավորում “Պատմության վկաները” հեռուստանախագիծը, ինչի համար, իհարկե, շատ շնորհակալ ենք։ Այնուամնայնիվ ցանկալի է,  որ այդ համագործակցությունը երկարատև և հստակ ժամանակացույցով լինի։ Դա կօգներ հստակ ժամանակացույցով աշխատելուն և անելիքը ստույգ ծրագրելուն։ Առկա է նաև այլ հովանավորություն գտնելու խնդիրը։

Հաղորդման բովանդակային հավաստիությունը

Հաղորդաշարն իր խորհրդատուն ունի։ Նրա հետ համատեղ ընտրում ենք այն հուշարձանները, որոնք պիտի նկարահանենք, և նա արդեն, օգտվելով Մատենադարանում առկա և այլ տպագիր նյութերից, տրամադրում է ողջ տեղեկությունները։ Ինչն էլ սցենարիստը վերածում է հեռուստատեսային սցենարի:  Իհարկե,  համադրելով տեսաշարի հետ։ Երաժշտությունը մոնտաժին զուգահեռ չենք ընտրում,  այլ արդեն մոնտաժված նյութին համապատասխան երաժշտություն է համադրում հնչյունային ռեժիսորը։ Ստացվում է, որ հավաստիությունն այնքան է, որքան մեզ հասանելի պատմական նյութինը։ Կտրականապես հրաժարվել ենք ինտերնետից ու էլեկտրոնային աղբյուրներից։

Հաջողության բանալին

Ինձ համար հեռուստատեսային նյութի առանցքը կադրն է, տեսաշարը։ Այն պետք է հետաքրքրական, տեղեկացնող, աչք պահող,  դիտարժան լինի անգամ լիովին միայնակ՝ առանց տեքստի ու երաժշտության,  առանց ձայնաշարի։ Սակայն անկախ դրանից` հեռուստատեսային արտադրանքը թիմային աշխատանքի դեպքում է արդյունավետ ու որակյալ լինում։ Հաղորդաշարը հաջողելու և որակյալ արտադրանք տալու ամենանշանակալի մոտեցումը հենց այդ է` թիմային աշխատանքը, որ հարազատ է մեր ստեղծագործական խմբի յուրաքանչյուր ներկայացուցչի։ Ունենալով լավ, որակյալ նյութ ստեղծելու ամեն ռեսուրս՝ հեռուստատեսությունները մեծ մասամբ փորձում են ուղղակի ծածկել կամ լցնել եթերը։ Վատորակ կամ լիովին անորակ հաղորդաշարերն ու հեռուստանյութերը ոչ թիմային սկզբունքով աշխատելու հետևանք են։

Մասնագետները, անկախ նրանից` ընկեր ենք,  թե ոչ, նկատում են։ Պատվերներ լինում են։ Ընդ որում, հենց այս թեմայով նկարահնումների պատվեր է եղել, բայց մերժել եմ, քանի որ նմանատիպ բան էին ուզում անել։ Չուզեցի ձեռագիրն ուրիշին նվիրել։

Ասում են` ինտելեկտուալ որևէ նյութ չի գտնում իր դիտողին։ Գոնե այս հաղորդման պարագայում այդպես չէ։ Ճիշտ հակառակը` այսօր ինտելեկտուալ հաղորդաշարերի պահանջ կա։  Պարզապես հարկավոր է դրանց համար չակնկալել սերիալներին ու լրատվական թողարկումներին հատուկ մակարդակ։ Տեսակով տարբեր են և դրանցից յուրաքանչյուրն իր լսարանն ունի։ Իսկ ճիշտ աշխատելու դեպքում լիովին հնարավոր է ընդլայնել ինտելեկտուալ հաղորդաշարերի լսարանը։

Պատրաստեց Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ