0Ժուկով-ժամանակով «Անպոչ ճգնավոր» անունով մի այլաբանական պիես կար, որ յոթ տարի բեմի երես չտեսավ ու որոշեց միանգամից էկրան բարձրանալ:  Էս գործի վրա մի զորավոր անեծք կար դրված` «այր ու էգ ըլլաս», որ մեր սուրբ Կարապետի շուրթերից պոկվել, միջնադարյան ավանդազրույց  դարձած, եկել հասել էր Խաչիկ Չալիկյան անուն-ազգանվամբ հեղինակի ականջին: Նա էլ բռնել ու էդ անեծքն իր պիեսի ու դրա հիման վրա էկրանավորված համանուն ֆիլմի գլխին էր կապել: Երևի հենց էդ պատճառով էլ խեղճ «Անպոչը»` իբրև ֆիլմ, ժանրային առումով երկսեռ էր դարձել` անբեմադիր հեռուստաթատրոն, անալիք հեռուստաֆիլմ, պատկերազարդ կինոձայն, հրապարակախոսական տեսակոլաժ: Մի խոսքով` «Ճգնավորը» կորցրել էր ոչ միայն պոչը, այլև ժանրային ինքնությունը` «թատրոն-կինո-հեռուստատեսություն» բերմուդյան եռանկյունում վերածվելով անորոշ գեղարվեստա-թատերական հեռուստատեսային էակի: Իբրև անդարձ կորստի միակ փոխհատուցում: «Ճգնավորը» երկարացրել էր լեզուն, էն աստիճանի, որ հեղինակը ստիպված կտրել էր իր իսկ ստեղծագործության վերջույթն ու չորս ժամ ձգվող խոհափիլիսոփայական հրապարակախոսությունը դարձրել մեկուկեսժամանոց նույն բանից: 

Եթե չեք հասցրել տեսնել, ավելի ճիշտ` լսել ֆիլմը, դժվար թե հասկանաք` ինչի մասին է խոսքը, որովհետև անգամ տեսնելուց, ավելի ճիշտ` լսելուց հետո  դժվար թե հստակ հասկանաք` ինչի մասին է խոսքը: Մի բան հաստատ է. Չալիկյանի խոսքի հոսքն անկասելի է, էկրանային շաղակրատանքը հորդառատ անձրևի նման թափվում է շվարած հանդիսականի գլխին էն ինտենսիվությամբ, որ անգամ Վուդի Ալենի շատախոս կինեմատոգրաֆի ամենամոլի երկրպագուի ականջի ապահովիչները ֆիլմի կեսից հաստատ կգցեն:

Եթե «Անպոչ ճգնավորի» գրական հենքը ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ «գիտակցության հոսքով» գրված լիներ, էկրանավորված տարբերակը հանգիստ խղճով կարող էինք համարել կինոբարբաջանք-գլուխգործոց` հայկական պսիխոդելիկ արտ հաուս, մանավանդ որ տեղ-տեղ նման կասկածներ լրջորեն առաջանում են: Ասենք` «Աբդուլա թուրքը, Օբամայի ուսերին թառած, անցնում է Ռուբիկոնը», կամ «Իմանուիլ Կանտն ու Սալվադոր Դալին ռուսական շաշկի են խաղում»: Ավաղ` ոչ, «Ճգնավորը” չափից դուրս մտածված է տարերային լինելու համար, անգամ իր խենթուխելառության մեջ` չափված-ձևված, տեղ-տեղ միտումնավոր զառանցանքի հասցված այլաբանություն: Ուրեմն, պետք է սրեք ձեր ականջներն ու զինվեք համբերությամբ, և շատ հստակ կլսեք` «առակս զինչ ցուցանե»:

Սա բոլորիս քաջածանոթ միայնակ, նեղսրտած, հուսահատ մտավորականի հոգու հերթական ճիչն է, որ ի տարբերություն քեշիշ-մեշիշյանների` ոչ թե կեղծ բարեպաշտաբար է տապակվում ազգի դարդուցավով, այլ իրապես, շիտակ արվեստագետի ու հավատավոր մարդու տեսանկյունից փորձում է հարցադրումներ անել ու ելքեր գտնել «Հայաստան երկիր և հայ մարդ» հարացույցում: Երկրի մասով ամեն ինչ պարզ է պոետի դիպուկ մի տողով. «Երկիր, ես քոնն եմ, բայց իմը չես դու»: Ուրեմն երկիրը պետք է փոխել: Բայց փոխողն ո՞վ է: Ո՞վ է այն մեկը, հայը, հավատավորը, նվիրյալը, նահատակը, հեղափոխականը կամ չալիկյանական այլաբանությամբ` անպոչ ճգնավորը, որ պիտի երկիրը փոխի: Զանգ կախելու մասով, ինչպես միշտ, բարդություններ կան, լուրջ բարդություններ:

Մարդը բանական էական է, իսկ հայ մարդը` այլաբանական: Մենք ամբողջանում ենք մի քանի կերպարներում, որոնք հավերժական լինելու միտում ունեն, քանի որ ֆիլմի հերոսները ճամփորդում են ժամանակի մեջ` հայտնվելով մեկ միջնադարում, մեկ մեր օրերում` անցյալում խեղված, կորուսյալ հավատը ապագայում վերագտնելու համար: Անիծվածը` հոգևորականի Հուրի անունով դեռատի դուստրն է, որ ամբողջացնում է ազգային ոգին, մաքրամաքուրը, կուսականը, զգացմունքը, բնականը, շենացնող նախասկիզբը, մի խոսքով` գրեթե հինգերորդ տարրը Լյուկ Բեսոնի համանուն ֆիլմից, բայց հայաֆիկացված տարբերակով` Մարիամ Մելիքսեթյանի կատարմամբ:

X դարում Հուրին սիրահարվում է Հուսիկ անունով պատանի ճարտարապետին, որին հայրը վանքի նախագիծ էր պատվիրել: Բայց հայրն աղջկան նվիրաբերում է եկեղեցուն և տղայի գլուխն ուտում: Ոգի-աղջիկը, ազգափրկիչ գաղտնի առաքելությամբ, իր հավատարիմ, անբաժան ընկերոջ` Խոռի հետ հայտնվում է մեր օրերում, ոչ ավելի, ոչ պակաս, նախագահի առանձնատանը: Իշխանությունը կամ քաղաքականությունը ներկայացվում են նախագահի և նրա նմանակի կերպարով, որոնց մարմնավորել է Աշոտ Ադամյանը (Ադամյան չարագործը նույնն է, ինչ, ասենք` Ֆրունզիկը Ջեք մարդասպանի դերում): Նախագահը, բնականաբար, հարբեցող թուլամորթ է, նմանակը` դաժան մոլագար-բռնակալ: Առաջին տիկինը  վավաշոտ պչրուհի է, որ նաև ֆիլմում երևացող երկու կանանցից մեկն է, հետևաբար ներկայացնում է կանացի նախասկիզբը մեդալի մյուս կողմից` իբրև կործանիչ ուժ կամ ավերիչ տարերք:

Չալիկյանի ընկալմամբ` քաղաքականությունը կեղտ է, իշխանության ձգտող էմանսիպացված կինը` նենգ արարած. «Տաբատավոր կենտավրոս կանայք և տղամարդիկ` պոչը կտրած, մողեսներ են այս երկրում» կամ «Հաստաքամակ նախարարներ, հաստագլուխ պատգամավորներ…. Մեղավորը հետույքներն են, որ չեն ազատվում աթոռի հանդեպ տածած սիրուց», «Քաղաքականությունը պոչը թաքցնելու արվեստն է» և այլն: Ուրեմն անպոչ ճգնավորը` նույն ինքը փրկիչը կամ փոփոխություն բերողը, հաստատ Քաղաքականությունը չէ: Գիտությունը մարմնավորում է Հուսիկը, որ X դարում հանդես է գալիս իբրև ճարտարապետ, իսկ մեր օրերում` նախագահականում հայտնված աստղաֆիզիկոս: Աստղաֆիզիկոսը, ցավոք, «դոձիկ» է, ա լա Շուրիկ` «Կովկասի գերուհուց», իսկ իբրև ճարտարապետ` դասական թատրոնի ռոմանտիկ սիրահարի կեղծ պերսոնաժ: Կերպարի զարգացումը հնարավորություն է տալիս ասելու, որ գիտությունը մեզ համար ապագա չէ, մեր փրկությունը, փաստորեն, Վիկտոր Համբարձումյանները չեն:

Հաջորդ և թերևս ամենահակասական կերպարը եկեղեցին ու կրոնը մարմնավորող հոգևորականն է` Էրազմ Պավլիկյանի տղան` Ավետիս Սրբազանը` նույն ինքը պավլիկյան Մակարը` նույն ինքը Հուրիի հայրը` Հուսիկին սպանել տվողը` էշի գլուխ Սուրբ Կարապետը և այլն:

Այս կերպարն արտահայտում է եկեղեցու նկատմամբ հեղինակի ողջ պատկառանքն ու արգահատանքը, զզվանքն ու հիացմունքը միաժամանակ: Առաջին հայացքից մեր եկեղեցու (իսկ խոսքը Հայ առաքելական եկեղեցու մասին է) ամբողջացնող կերպարը դաժան ծաղրուծանակի է ենթարկվել, բայց արի ու տես, որ հեղինակի մոտեցումը միանշանակ չէ, քանի որ եկեղեցին է, ի վերջո, ազգային ոգու` անպոչ  ճգնավորի, մաքրամաքուրի, զտարյուն զգացմունքի, հեղափոխության, սուրբ նահատակի հայրը, իսկ համազգային համախմբումը հնարավոր է միայն հոգևոր գերխնդրի շուրջ, և այս համատեքստում բոլորովին էլ պատահական չէ պավլիկյանների հիշատակումը: Ուրեմն թեʹ Եկեղեցին, թեʹ Քաղաքականությունը կարիք ունեն բարեփոխման, ինքնամաքրման, ինչպես իրենց մարմնավորող կերպարները:

Արվեստը, որ նույնականացել է թատրոնի հետ, ներկայացված է Խոռի կերպարով, որ Հուրիի պոչն է, անբաժան ընկերը: Խոռ-Արվեստին երկրի վերափոխման գործում, ինչպես նաև ֆիլմում, կենտրոնական դեր է հատկացված: Նա իմաստուն ծաղրածու է, վիճում է Եկեղեցու, Քաղաքականության, անգամ Գիտության հետ, հոգ է տանում Հուրիի` Ազգային ոգու պահպանության համար: Նա բոլոր կերպարների կապող օղակն է, բայց ինքը փրկիչը չէ: Խոռը` առանց Հուրիի, անկարող է անգամ ինքն իրեն պաշտպանել (չէ, նա հաստատ Բրուս Ուիլլիսի մարմնավորած Քորբենը չէ, Քաղաքականության մի թաթալոշից ուշաթափվում, վայր ընկնում): Նա լոկ սուրբ ոգու պոչն է, նրա սիրասուն Լոշտակը: Ուրեմն մերթ ծաղրածու, մերթ նահատակ Արվեստն իմաստուն է, ավելի, քան Գիտությունը, բայց անկարող է ինքնուրույն մի բան փոխել:

Այսպիսով, բոլոր այս մտահայեցողական կամ թե սխեմատիկ կերպարների հետ մակերեսային ծանոթությունից անգամ հասկանալի է դառնում, որ անպոչ ճգնավորը վստահաբար Հուրին է: Ուրեմն, եթե Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, այդ մեկը նա է` սուրբ նահատակ նվիրյալը, մաքրամաքուր էակը, հայաֆիկացված հինգերորդ տարրը, գուցե նույն ինքը անձնուրաց քաղաքացին, հավատավոր սիրահարը կամ ազգային ոգին, ինչ անուն ուզում եք` դրեք, բայց նա պիտի վերջում անպայման մեռնի, համենայն դեպս` ըստ Չալիկյանի սցենարի, քանզի ինքնափրկության համար, ո¯վ հրաշք, մեզ պետք են Ժաննա դ’Արկեր, որովհետև Ժաննաները չեն այրվում, այդ մարդիկ են այրվում, բոցավառվում` նրանց տեսնելով: Եվ ուրեմն` «Լոշտակ, տա¯ր ինձ միջնադար ու այրիր խարույկի վրա հանուն վաղվա հավատի»:

Դուք կհարցնեք` իսկ որտե՞ղ է ժողովուրդը` քարից հաց քամող, վերելակում միզող աշխատավոր հայ ժողովուրդը: Իսկ ժողովուրդը ամբողջանում և իբրև հավաքական կերպար հանդես է գալիս «Հովեր» երգչախմբի միջոցով, որ անընդհատ իր երգն է երգում`ըստ ֆիլմի զարգացման տրամաբանության և տրամադրության:

Չալիկյանն անողոք ծաղրի է ենթարկել ծաղրածուներին, մահացու հարվածներ հասցրել մեռելներին, մոլեռանդորեն ու ասպետաբար պայքարել հողմաղացների դեմ, իր խղճի մտոք` Աստծունը տվել Աստծուն, կայսրինը` կայսրին, հաջողացրել է խոսել ամեն ինչի մասին ու չասել ոչ մի նոր բան, եթե անտեսենք, որ ավետել է մեզ նեոպավլիկյանականություն` ի հակակշիռ ցեղակրոնության:  Ուրեմն կարիք չկար Ամերիկա հայտնագործել, մանավանդ որ ըստ Ավետիս-Եկեղեցու` «Ամերիկա չկա, դա նույն Հնդկաստանն է` հայտնաբերված հակառակ կողմից, իսկ իմ թշվառ երկիրը այդպես էլ ոչ ոք չհայտնաբերեց»:

Պրոդյուսեր Օշին Եղիազարյանցի անկեղծ խոստովանությամբ` այս ֆիլմով ընդամենը «մշակույթի ընդհանուր տարածքի մեջ մեկ ստորակետ է դրվել»,  իսկ մենք հավելենք` դատարկության մեջ կախված ստորակետ, և դնենք ևս մեկ վերջակետ:

Արմեն ՕՀԱՆՅԱՆ