Հայ կնոջ կերպարներ մեր կինոյում շատերն են մարմնավորել՝ Վերջալույս Միրիջանյան, Վարդուհի Վարդերեսյան, Գալյա Նովենց, Սոֆիկ Սարգսյան, Ալլա Թումանյան, Լուսյա Հովհաննիսյան և այլք: Հրանտ Մաթևոսյանը մեր գրականություն, նաև կինո բերեց հայ կնոջ անսովոր կերպար, որը շատերին ստիպեց մայր, կին, քույր, կողակից արարածի մեջ տեսնել ցայտուն արտահայտված խառնվածք, հզոր կամք, խիզախող հոգի, անաչառ ու ընդվզող անհատականություն՝ ներդաշնակված ծով համբերությանն ու նվիրումին:

Աղունի կերպարը շրջադարձային եղավ հայ արձակում ու հայական էկրանին, չընդունվելու չափ շրջադարձային: ԱղունԱնահիտ Ղուկասյանն ապրում է մեր քաղաքում, մեր կողքին, մեզ նման խանութ ու շուկա է գնում, պահածոներ փակում, կենցաղային հոգսերից ելքեր փնտրում, գրեթե ամեն օր հյուրեր ընդունում: Ժամանակ առ ժամանակ խաղում է ֆիլմերում. Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի է: Ասում է՝ երբ իր խաղացած դերերը տեսնում է հեռուստատեսությամբ, ինքն իրեն քննադատում է՝ այ էստեղ ուրիշ կերպ պիտի խաղայի: «Աշնան արևը» նկարահանվել է 1977 թ., այս տարի լրացավ ֆիլմի 35- ամյակը: Նկարահանման հրապարակում, ավելի ճիշտ՝ Լոռվա խուլ գյուղերում, մի քանի ամիս տևած ստեղծագործական եռուզեռից միայն երանելի հուշեր են մնացել: Մանավանդ որ այս ֆիլմի նկարահանումները Անահիտ Ղուկասյանի համար ճակատագրական են եղել:

Ինչպե՞ս եղավ, որ հենց Դուք նկարահանվեցիք Աղունի դերում:
– Այդ դերի համար 200 թեկնածու է եղել, անգամ Վրաստանից են դերասանուհի բերել. փորձել են Վարդուհի Վարդերեսյանին, Անահիտ Թոփչյանին, Ալլա Թումանյանին և էլի շատերի: Կինոփորձերի արդյունքում գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ հենց ես պիտի խաղամ Աղուն: Այդ ժամանակ 30 տարեկան էի ու կինոյում նկարահանվելու փորձ չունեի: Աղունն իմ առաջին դերն էր կինոյում:
Աղունը հայ կնոջ հավաքական կերպար դառնալու հավակնություններ ուներ, և նրան մարմավորելը, բնականաբար, հեշտ չպիտի լիներ: Ընդամենը 30 տարեկան ինչպե՞ս կարողացաք այդ կերպարը յուրացնել համոզիչ դարձնելու համար:
– Իրավացի չեք. նախ՝ 30-նն այնքան էլ երիտասարդ տարիք չէ, և հետո տարիքը կապ չունի: Հայ կնոջ գենետիկական կոդը նստած է բոլորիս մեջ` երիտասարդ թե ծեր: Ինչքան էլ փոխվեն ժամանակները, թեկուզ հայ աղջիկը պորտը բաց ման գա, միևնույն է, գենետիկական այդ կոդն ու հիշողությունը, որ ցեղասպանություն, գաղթ ենք տեսել, անհնար է ջնջել: Տառապանքը հայ կնոջ ներսում է: Գումարած նաև այն, որ ես նոր էի ծանոթանում Մաթևոսյանի հետ և ուղղակի սիրահարված էի նրա արձակին, շշմելու աստիճան հիացած: Նման արձակ մենք չունենք, մեկ էլ Բակունցն է այդպիսին: Ու ես ջանում էի այդ կերպարը լավ խաղալ, լավ մարմավորել:
Համաձա՞յն էիք Մաթևոսյանի կերտած Աղունի կերապարի հետ: Հայ կնոջը մենք սովոր ենք տեսնել լուռ, համբերող, մեղմ, ներող, ու հանկարծ Աղունը:
– Հայ կինը ստեղծող է, արարող, ինքն է տան տերը, բայց դրսում բոլորը պետք է իմանան, որ ամուսինն է գլխավորը: Ո՞վ է տունուտեղ դնողը, ո՞ւմ վրա է հիմնական հոգսը ծանրացած, և ոչ միայն տանը, այլև դրսում: Եթե հայ կինը չսատարի ամուսնուն, ոչ մի լավ բան չի ստացվի: Դրա համար էլ Հրանտը շատ ճիշտ է գրել, ճիշտ կերպար է ստեղծել՝ հայ կնոջ հավաքական կերպար:
Հե՞շտ էին լեզու գտնում Հրանտ Մաթևոսյանն ու Բագրատ Հովհաննիսյանը:
– Սարսափելի դժվար. լեզու չէին գտնում: Երկու անհատականություն՝ ամեն մեկն իր ուզածն էր առաջ տանում: Բագրատն ընկերներ գրեթե չուներ: Անդրեյ Տարկովսկու հետ էր ընկերություն անում, բայց հեռավորությունը խանգարում էր: Իսկ Հրանտի հետ անընդհատ վիճում էր: Հրանտը չէր ուզում, որ ֆիլմն իր գյուղում՝ Ահնիձորում նկարահանվեր: Հայրը, մայրը, եղբայրն այնտեղ էին ապրում: Մոր անունն Արուս էր. հանճարեղ, իմաստուն կին՝ բնատուր խելքով, ինչ ասում էր, հանգավորված էր ասում: Բնական է, որ նրանից Հրանտ ու Հրաչ պիտի ծնվեին: Ես շշմած էի: Անընդհատ ուսումնասիրում էի Արուսին իմ դերի համար: Այդ տունը նրա դրած տունն էր: Հրանտի հայրը՝ Իգնատ դային, աշխատող, խելոք մարդ էր: Բայց Արուսը չլիներ` տունն էդպիսի´ն չէր լինի, էրեխեքն էլ է´դ էրեխեքը չէին լինի:
Հրանտ Մաթևոսյանն ինչո՞ւ չէր ուզում, որ իրենց գյուղում նկարահանվեր «Աշնան արևը»:
– Չէր ուզում, որովհետև գյուղացիները ճանաչում էին իր ընտանիքին: Հրանտը ճիշտ բաներ էր գրել, նա չէր կեղծում: Նրա գրվածքներում իր համագյուղացիներն էլ կային: Ես այդ գրական կերպարներին տեսել եմ. և´ «Մենք ենք, մեր սարերի», և´ «Աշնան արևի» հերոսներն իրական մարդիկ էին: Իսկ նրանք կարծում էին, թե Հրանտն իրենց ձեռք է առնում: Վստահ էին, որ նա գրականության, հիմա էլ կինոյի միջոցով ծաղրում է իրենց: Իսկ Արուսն ամբողջ գյուղին իր դեմ էր հանել: Մեկի կողքով հանգիստ, անխոս չէր անցնի. մի դիտողություն, նկատողություն անպայման պիտի աներ: Աղունը հենց Արուսն է, Սիմոնն էլ՝ Իգնատ դային: Դրա համար էլ Հրանտը չէր ուզում, որ նկարահանող խումբը մտներ իրենց գյուղ: Իսկ Բագրատն էլ որոշել էր, որ հենց Ահնիձորում պիտի նկարի:
Լա՞վ հիշողություններ ունեք այդ օրերի հետ կապված:
– Փառահեղ, չքնաղ հիշողություններ: Նկարահանման հրապարակում Բագրատն ինձ ամուսնության առաջարկություն արեց: Դրանից ավելի վառ հիշողություն լինո՞ւմ է: (Ծիծաղում է): Մինչ այդ, նա շատ խիստ էր իմ նկատմամբ: Ընդմիջումներին, երբ բոլորը հավաքվում էին ճաշելու կամ ընթրելու, նա թույլ չէր տալիս ինձ միանալ ստեղծագործական խմբին: Ասում էր. «Դերասանուհին պետք է առանձին լինի, որպեսզի միշտ մնա նույն հոգեվիճակում, որպեսցի առավոտյան վերսկսի նկարահանումները»: Ամեն ինչ արգելում էր: Իրերս հավաքեցի՝ հաստատապես վճռած, որ ինձ ոչ մի ֆիլմ էլ պետք չի, ես զզվել եմ արդեն, տուն եմ գնում: Եկավ Ֆիլմի նկարիչը` Գրիշան: Հարցրեց՝ ինչ եմ անում: Պատասխանեցի, որ էլ չեմ դիմանում Բագրատի ձեռքին, նյարդերս տեղի են տվել: Ասաց. «Հո գի՞ժ չես, էդքան նկարվել ես, կիսա՞տ ես թողնում-գնում»: Ասացի. “Զահլաս գանացել է, Գրիշա, հո ես նրա գերի՞ն չեմ»: «Չե՞ս հասկանում, սիրում է քեզ»,- ասաց Գրիշան: Զարմացա, չէի հավատում լսածիս: Ախր Բագրատն ինձնից 17 տարով մեծ էր: Մեկ էլ լսեցի, որ նկարահանման հրապարակում ինչ-որ աղմուկ է: Իմ հանգստի անկյունից դուրս եկա ու լսեցի, որ Բագրատը մեր օպերատոր Կարեն Մեսյանին ասաց. «Կարե՛ն, չե՞ս հասկանում, մենք ամուսնանում ենք»: Կարենը շրջվեց իմ կողմն ու հարցրեց»,- ճի՞շտ է, Անահիտ: Ես զարմացա՝ ո՞վ, ե՞ս: Բագրատը թե՝ այո, այո, ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ:
Կարեն Մեսյանն այլևս ֆիլմը չնկարեց, որովհետև սիրահարված էր ինձ: Ասաց՝ ես Բագրատի հետ չեմ աշխատի: Օպերատորը փոխվեց: Գարիկ Ավագյանը շարունակեց ֆիլմը: Նկարահանումների մյուս հատվածը Քարինջ գյուղում է: Հիշո՞ւմ եք, երբ Աղունը գնում է ճանապարհով, խուլ ծերունու, Սոֆիի տան, գերեզմանների կողքով է անցնում, ասում է. «Գնացիք, ձեզ համար հանգիստ զոհվեցիք, էս քիստը մնաց մեզ…»: Այդ ճանապարհն Ահնիձորինը չէ:
Անգիր հիշո՞ւմ եք Ձեր մենախոսություններից գոնե հատվածներ, եբեմներբեմն ինքներդ Ձեզ համար արտասանո՞ւմ եք:
– Լավ հիշում եմ առաջին մենախոսությունը. «Լավը չես, խեղճ ես, զավակս, առաջնեկս…»:  Ինձ համար ծանր էր այդ խոսքերն ասելը, որովհետև երեխա չունեի, 30 տարեկան էի, ու չկայացած մայրն էր իմ մեջ խոսում, ցավը, որ երազել եմ մայրանալ, ու չի ստացվել:Ինչպե՞ս ընդունեց հասարակությունն «Աշնան արևը»:

– Ֆիլմը շատ ուշ բարձրացավ էկրան, որովհետև համարվում էր հակասովետական: Ֆիլմում տրակտոր չկար, կոլխոզի մասին ընդհանրապես խոսք չկար:
«Դժբախտ կնոջ կերպար է, ոչ մի անգամ չի ուրախանում, անընդհատ բողոքում է»,- ասում էին: Բայց նա դժբախտ չէր, նա ա´յդ տեսակն էր: Ո´չ վերջնականապես արգելում էին, ո´չ էլ թույլ էին տալիս էկրան բարձրանալ: Պետկինոյի այն ժամանակվա ղեկավար Ֆիլիպ Երմաշը, որ նաև Տարկովսկու, Գերմանի, Կիրա Մուրատովայի ֆիլմերի դահիճն էր, Բագրատի ֆիլմը երկար ժամանակ արգելեց: Միառժամանակ անց «Աշնան արևն» սկսեցին ցույց տալ կինոթատրոններում: Պրեմիերային, ինչպես կարգն է, նկարահանող խումբը, դերասանները դուրս եկան բեմ, ներկայացան: Ֆիլմի ընթացքից մարդիկ դուրս էին գալիս դահլիճից: Մի օր էլ Բագրատի հետ թաքուն մտանք «ՙՆաիրի» կինոթատրոնի դահլիճ, որ ստուգենք հանդիսատեսի վերաբերմունքը: Տեսանք` մարդ չկա: Ինձ թվում էր, թե ամբողջ աշխարհը թքում է երեսիս: Մարդիկ չէին հասկանում ֆիլմը: Գիտակները հենց սկզբից էլ հավանել էին, գնահատել, գովել, բայց հասարակությունը դեռ պատրաստ չէր «Աշնան արևին»: Այդ ֆիլմը ժամանակից շուտ էր ծնվել: Իհարկե, հետո հասկացան ու ընդունեցին, շատ սիրեցին ֆիլմը, բայց սկիզբը սարսափելի էր:

Փոշմանե՞լ էիք, որ նկարահանվել եք:

– Չէ, բոլորովին, վիրավորանքն էր մեծ, որ չեն հասկանում ֆիլմը:

Իսկ ի՞նչ վիճակում էին Հրանտ Մաթևոսյանն ու Բագրատ Հովհաննիսյանը:

  – Երկուսն էլ սարսափելի վիճակում էին: Հրանտն այդ ժամանակ թույլ տվեց, որ դրամատիկական թատրոնը բեմադրի «Աշնան արևը»: Բեմադրեցին. Վիոլետա Գևորգյանը խաղաց Աղունի դերը: Հրանտը հայտարարեց, թե այ նա է դերասանուհի, այդպես պետք է խաղալ: Ես, իհարկե, հասկանում էի, որ նրա կռիվը Բագրատի հետ է, բայց ինձ մեծ ցավ պատճառեց: Իսկ հետո հատուկ ինձ համար դեր գրեց «Տերը» ֆիլմի մեջ: Ես այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ արդեն փորձ ունեի, իսկ խաղընկերս մեծ դերասան էր՝ Խորենը: Նրանից շատ բան եմ սովորել: Այդքան մեծ ու այդքան հասարակ, շշմելու արտիստ էր, աշխատասեր: Օրվա մեջ 4 ժամ էր քնում ընդամենը, մնացած ժամանակ աշխատում էր, անվերջ մտածում, ստեղծագործում: Ես մեծ կինոդպրոց անցա՝ հանձին Խորեն Աբրահամյանի: Շատ հանդուրժող մարդ էր: Ասում էր. «Բագրատ ջան, 100 դուբլ ուզես, կնկարենք քո ուզածով, բայց ընդամենը մի դուբլ թող իմ ուզածով նկարենք, հա»:

Դերասանուհու հիշողությունների գրքի ամեն էջում մեր կինոյի, մշակույթի մեծերի անուններն են, որոնց ուղիները ստեղծագործաբար խաչվել են: Անահիտ Ղուկասյանը շատ է ափսոսում, որ ամուսինը՝ Բագրատ Հովհաննիսյանը, շատ ֆիլմեր չնկարահանեց. սցենարները մերժում էին: Այդպես մերժվել է նաև «Երկիր Նաիրիի» սցենարը: Իսկ Անահիտի երազած ու դեռ չմարմնավորած դերերում Շեքսպիրի հերոսուհիներ չկան: Այսօր էլ երազում է իր ամենասիրելի հերոսուհուն մարմնավորել` խաղալ Շապոկլյակ:

 Հարցազրույցը` Նաիրա Փայտյանի