img_3637561652_My_Little_Prince_PosterՊատկերացրեք` հեռուստաէկրանին հայկական ալիքները փոխվում են. մեկով Ֆրանսիայի հարավն են ցույց տալիս` Մարսելը, հետո` լազուրե ափ, ձկան շուկա, տաճարներ ու փողոցներ, մի խոսքով, «Օտար ամայի ճամփեքով»-ի ոգով մի բան, մյուսով ցեղասպանությունից են խոսում, երրորդով սև-սպիտակ գծանկարներով հավաքած մուլտ է, որ եռաչափ անիմացիայի ու համակարգչային գրաֆիկայի դարում խղճուկ ու անհուսալիորեն հնացած է նայվում: Թունել: Դասական երաժշտություն. կատարողը հայազգի վիրտուոզ ջութակահար է` Ալեքսանդր Շիրինյանը: Թունել: Կրկին գեղեցիկ բնապատկերներ: Հիմա կարծես «Շողակաթով» ինչ-որ հոգևոր ճանաչողական հաղորդաշարի եք հետևում. Քրիստոսի մարմարե արձանն է, մի հայ հոգևորական խոսում է գաղութի ու իր հոտի մասին: Թունել: Էլի հայտնվում ենք «օտար ամայի ճամփեքում»: Իսկ այժմ պատկերացրեք, որ ոչ մի ալիք էլ չի փոխվում, դուք պարզապես դիտում էիք Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» ֆիլմը:

Մեր կինոն, ազատվելով խորհրդային գրաքննության կապանքներից, կարծես հայտնվել է մի անվերջանալի անցումային շրջանում, մոլորվել ու չի կարողանում գտնել իրեն: Ռոնովի ֆիլմը գալիս է հավաստելու այս իրողությունը: Ռեժիսորի Փոքրիկ իշխանն ավելի նման է Ֆրանկենշտեյնին` արհեստականորեն կենդանություն առած մի մարմին, որ այդպես էլ հոգևոր ամբողջության չի հասնում, քանի որ կարկատված է տարբեր մարդկանց մարմինների կտորներից: Կարելի էր համարել մեր փակ փորձաշրջանի հերթական գլուխկոտրուկը, եթե մի քանի պարամետրերով ուղղակի ցուցանմուշային չլիներ:

Առաջին և ամենացայտուն միտումը, որ զգացվում է ոչ միայն Ռոնովի, այլև նոր սերնդի շատ ու շատ ռեժիսորների գործերում, ցեղասպանության թեմայի շահարկումն է: Մերոնք սկսել են տասնամյակներով մոռացության մատնված ցեղասպանության հարցը տեղի-անտեղի բարձրացնել` միամտաբար կարծելով, թե իրենց ցանկացած խոսք կարող է նպաստել  միջազգային ճանաչմանը, և երևի թե նույնքան միամտաբար չգիտակցելով, որ չհիմնավորված խոսքը կարող է նաև վնասել նախ և առաջ մեզանում այդ արհավիրքի խոր գիտակցման և վերաիմաստավորման դանդաղ գործընթացին: Եթե արվեստագետը կարողանում է Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» երևակայության թռիչքով կապել Հայոց ցեղասպանությանը, դա խոսում է նրա ստեղծագործական երևակայության օգտին, բայց միաժամանակ` ցեղասպանության փաստը համարժեք ընկալելու անկարողության մասին: Սա նման է այն բանին, որ սրտի փոխպատվաստման վիրահատության գնաք, ու ձեզ առաջարկեն շոկոլադե սրտիկ:

Երկրորդ միտումը երաժշտության` իբրև փրկօղակի գործածումն է: Հայ կինոգործիչներն ասես նոր բացահայտում են արել. երբ բան չունեն պատմելու, հուզական կամ իմաստային դատարկությունը լցնում են անվերջանալի երաժշտությամբ, դրա համար էլ մեր նոր ֆիլմերի մեծ մասը նայելիս թվում է` երաժշտական հոլովակ ես դիտում: Ռոնովն էլ բացառություն չէ. նրա ֆիլմը ժանրային առումով որոնում է, որովհետև դասական իմաստով ոչ մի ժանրի չի պատկանում, անգամ կինոերաժշտական էսսե չի կարող համարվել, իսկ արտ-հաուս համարվելու համար էլ զուրկ է կոնցեպտուալ ինքնատիպությունից: Եթե ֆիլմում անտեղի չշահարկվեր ցեղասպանության թեման և ասելիքի բացակայությունը փորձ չարվեր կոծկել տաղանդավոր երաժիշտների կատարումներով, այս աշխատանքը կարելի էր համարել փորձարարական -ճամփորդական վավերագրություն:

Ֆիլմը, սակայն, ցուցանմուշային է ոչ միայն ժանրային խառնաշփոթի, երաժշտության անհարկի առատության, ցեղասպանության հարցի անտեղի շահարկման առումներով, այլև ինքնաքննադատական հայացքի իսպառ բացակայությամբ: Սա թերևս արդի հայ կինոարվեստի ամենավառ հատկանիշն է: Վերջինս առավել ակնհայտ է դառնում Մոնակոյի իշխանի զբոսանավը ցուցադրող տեսարանում (ենթադրում ենք, որ Փոքրիկ իշխանը մեծանալով չի վերածվել Մոնակոյի իշխանի), որտեղ ամերիկացի մի հայտնի գործարար հարբած երգում է «Նյու Յորք, Նյու Յորքը»-ը:  Ակնհայտ է, որ հայազգի մեծանուն երաժիշտների համեմատ գործարարի կատարումը ծիծաղելի է, պարզապես զավեշտ, բայց հարց է առաջանում` ինչո՞վ է արդարացված նման տեսարանի ընտրությունը: Պարզապես այդ նշանավոր մարդու ներկայությամբ էլ ֆիլմը հավելազարդելու Ռոնովի ապլոմբո՞վ: Խառնաշփոթը հետզհետե աճում է, միչև որ ֆիլմի ասելիքի թելը վերջնականապես կորցնում ես: Էկրանին հայտնվում են ցեղասպանությունից  մազապուրծ մանկատան երեխաների պատկերներ, իսկ հետո Սերժ Թանկյանը` «Ձեր կյանքին մեռնեմ» երգելով: Թունել: Մեքենան թունելից վերջապես դուրս է գալիս, վարորդը խոստովանում է, որ ինքը Փոքրիկ իշխանն է, բայց դա արդեն չի փրկում իրավիճակը: Երևան: Օպերա: Արարատ սար: Կրկին համերգ: Աշխարհի բոլոր փոքրիկ իշխան-տաղանդավոր հայերը մի օր տուն կգան, ու երաժշտությամբ կլցվի մեր դատարկ կյանքը:  Հիշում ես մանկական երգի բառերը. «Ի՞նչ պիտի դառնանք մենք, երբ մեծանանք, կան իղձեր, շատ իղձեր, միայն մեծանանք»: Փոքրիկ իշխանից անիմացիոն հատվածներ: Վերջ: «Իմ փոքրիկ իշխանն» ավարտվեց` այդպես էլ չմեծանալով:

Ֆիլմում հիմնականում հնչում է հայերեն և ֆրանսերեն խոսք, բայց  արի ու տես, որ անիմացիոն կտորներում, չգիտես ինչու, տիտրերը գրվում են հայերեն և անգլերեն, երբ Էկզյուպերին գրել է ֆրանսերեն: Մանրուք է, բայց կարևոր: Կաʹմ պարզապես անհետևողականության արդյունք է, կաʹմ գալիս է ապացուցելու այն դիտարկումը, որ ռեժիսորն ուղղակի իրար գլխի է հավաքել տարբեր ժամանակներում և նպատակներով նկարված նյութն ու իրար կցմցելով` ֆիլմ ստացել: Հանուն արդարության պետք է նշել, որ դոկտոր Ֆրանկենշտեյնն էլ իր անվամբ կոչեցյալ հրեշին ստեղծելիս բարի նպատակներ ուներ:

Արմեն ՕՀԱՆՅԱՆ


Կինոյի մեծ ընտանիքի հավատարիմ ապաստարանը

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, կինոարվեստի բաժին. որքանո՞վ ենք տեղյակ հայկական կինոյին առնչվող մեր հավաքածուներին և ֆոնդերին, դրանց...

, |14 Սեպտեմբեր 2019,00:15