Վիտալի Մանսկին կինովավերագրության ասպարեզում ճանաչված դեմք է, բազմաթիվ ազգային և միջազգային փառատոների, մրցանակաբաշխությունների դափնեկիր: Նրա ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներում և եվրոպական երկրների առաջատար հեռուստաալիքներով, 1996-1998 թթ. զբաղեցրել է ռուսական REN-TV հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը, 1999 թ. սկսած` ռուսական PTP և «Россия» հեռուստաալիքների վավերագրական ֆիլմերի արտադրության և ցուցադրման ծառայության ղեկավարն էր, 2004 թ.գցել  սկսած «Վերտովիրական կինո» ստուդիայի ղեկավարն է: Նա Ռուսաստանի  «Նիկա. կինոակադեմիայի և «Տեֆֆի» հեռուստաակադեմիայի անդամ է, Մոսկովյան «Արտդոկֆեստ» վավերագրական կինոյի փառատոնի նախագահը: Հայտնի է նաև որպես առաջին ռուսական ինտերնետային կինոհանդեսի` VERTOV.RU կայքի հիմնադիր  և “Իրական կինո” մանիֆեստի հեղինակ: Վիտալի Մանսկին նաև ազգային «Դափնի» մրցանակաբաշխության նախագահն ու գլխավոր պրոդյուսերն է, որը շնորհվում է  ոչ խաղարկային կինոյի և հեռուստատեսության բնագավառում աշխատող կինեմատոգրաֆիստներին, նաև «Ռուսաստանի ոչ խաղարկային կինո և հեռուստատեսություն» գիլդիայի համահիմնադիրներից է:

Մանսկին երկար տարիներ զբաղվում է վավերագրական կինոն հեռուստատեսությամբ տարածելու ու հանրության լայն շերտերին հասանելի դարձնելու գործով: Կինովավերագրողը, ըստ նրա,  պատմաբան է, որ ժապավենի վրա վավերացնում է ժամանակակից կյանքի, մեր առօրյա իրականության պատմությունը, ստեղծում իր ժամանակի փաստաթուղթը: Վիտալի Մանսկու հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ «Ինտերնյուս» կազմակերպությունում, երբ նա ներկայացնում էր իր վերջին` «Իկոնոսկոպ» վավերագրական ֆիլմը:

Նա խոսեց վավերագրական կինոյի պատմության և  ժամանակակից միտումների, նաև` հեռուստատեսության մասին, որին էլ  նվիրված է նրա վերջին աշխատանքը` «Իկոնոսկոպ» կինոնկարը (ֆիլմը ցուցադրվեց հանդիպման ընթացքում): Այս ֆիլմում ոճական ինքնատիպ հնարքներ, յուրահատուկ միջոցներ, նորարարություն և էքսպերիմենտներ չկան, ընդհակառակը` շատ պարզ և մատչելի ֆիլմ է բոլորի համար` ակադեմիկոսից մինչև դպրոցական: Այն ավելի շուտ գիտահանրամատչելի կինոյի տեսակին է պատկանում և կարելի է որակել և´ որպես հիմն հեռուստատեսությանը, և´ որպես դրա առողջ, կառուցողական քննադատություն:

2011թ. ստեղծված «Իկոնոսկոպը» (հեռուստացույցը «իկոնոսկոպ» է անվանել հեռուստատեսության հիմնադիր Զվորիկինը` համարելով, որ էկրանային պատկերը սրբապատկերային, իկոնոգրաֆիկ զորություն ունի)  մի շանս է հեռուստատեսության համարյա 100-ամյա պատմությունը ամփոփելու 100 րոպե տևողությամբ ֆիլմի մեջ: Կինոդիտումից հետո դիտողները հնարավորություն ունեցան ունկնդրելու  հեղինակին  և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները:

Սա կարելի է անվանել հեռուստատեսության անձնավորված պատմություն

Երբ սկսեցի աշխատել «Իկոնոսկոպ»  ֆիլմի վրա, ինձ թվում էր, որ բավարար կլինի վերցնել հեռուստատեսության պատմության որևէ դասագիրք, սակայն որոշ ժամանակ անց հայտնաբերեցի, որ հեռուստատեսության մասին դասագիրք գոյություն չունի, ես դա չգիտեի: Արդյունքում մենք ինքներս «գրեցինք» այդ դասագիրքը, նկատի ունեմ մեր սցենարը, որի մեջ, փաստորեն, ամփոփ շարադրեցինք հեռուստատեսության պատմությունը: Դրանից հետո սկսեցինք աշխատել կինոնկարի վրա արդեն ոչ թե տեսական, այլ գործնական հարթության վրա: Աշխարհում, նաև Հայաստանում, հեռուստատեսության դասագրքերը այն մարդկանց հիշողություններն են, մեմուարները, որոնք կերտել են հեռուստատեսության պատմությունը: Ամեն ինչ շատ մոտ է մեզ, ուստի դեռևս հնարավորություն չունենք հեռանալու և մեծ տարածության վրա հայացք նետելու դրա վրա, իմաստավորելու և ընդհանրացումներ անելու: Ամեն ինչ շատ կենդանի է և շատ անձնական: Սա կարելի է անվանել հեռուստատեսության անձնավորված պատմություն: Դրանում շատ է սենտիմենտի տարրը, զգացմունքները, անձնական զգայական ընկալումն ու վերաբերմունքը:

Ընդհանրապես երբեք նման գիտա-հանրամատչելի ֆիլմեր չեմ արել, սա իմ առաջին և առայժմ վերջին փորձն է: Սակայն նույնիսկ գիտա-հանրամատչելի ֆիլմին ձգտել եմ անձնական երանգավորում տալ: Ես ընտրեցի հերոսներ երկաթե վարագույրի երկու կողմերում: Հաճախ հանդիսատեսից լսում եմ, որ Կիրիլովը զիջում է Ռազերին, բայց չեմ համաձայնվում նրանց հետ, քանի որ Կիրիլովը մարմնավորում է ոչ թե լրագրողական, այլ հաղորդավարական  հեռուստատեսությունը` լինելով պրոֆեսիոնալ դերասան` վարպետորեն կարդում էր իր «դերը», ինձ համար նա հրաշալի, հոյակապ հեռուստահաղորդավար էր:

Հեռուստատեսությունը XX դարի կրոնն է

Հարցնում եք ինտերնետի մասին: Դա նոր լրատվամիջոց է, որը շուտով վերջնականապես կուլ կտա հեռուստատեսությունը: Երկուսի դեպքում էլ կա և´ դրականը, և´ բացասականը: Ինտերնետը պակաս գունեղ, պակաս գրավիչ է, բացի այդ,  այստեղ մարդն է ընտրում, թե ինչ սպառի, նա ազատ է իր ընտրության մեջ, սակայն իր ազատ ընտրության համար վճարում է որոշակի անհարմարությամբ: Իսկ հեռուստատեսության դեպքում ավելի հեշտ է:  Հեռուստադիտողն ընդամենը մի կոճակ է օգտագործում, անջատում է գիտակցությունն ու սկսում անգիտակից կերպով սպառել պատկերը: Նրա առջև բոլորը պարում, երգում ու խաղում են: Եվ բնական է, որ ավելի բարդ լսարանը հեռանում է հեռուստացույցից: Հիշեք Զվորիկինի մեզ պատգամ թողած խոսքերը` «Հեռուստացույցի գլխավոր դետալը անջատիչն է»:

Հեռուստատեսությունը XX դարի կրոնն է` դրանից բխող բոլոր հանգամանքներով: Անկեղծ խոստովանեմ, որ մեր ֆիլմի  այսպես կոչված պատվիրատուն գումար էր հատկացրել և ֆինանսավորել այս նախագիծը Զվորիկինի հիշատակն անմահացնելու նպատակով: Ինձ դա հետաքրքիր չէր, և ես սկսեցի փնտրել իմ պատմությունը: Որոշեցի գնալ մեկ այլ ուղիով` պատմեցի հեռուստատեսության պատմությունը նրա իսկ հերոսների շուրթերով: Հեռուստացույցի երևան գալը վերափոխեց, վերաձևեց մեր  կեցության  տարածությունը: Եթե առաջ մեր տանը պատվավոր տեղում սրբապատկեր էր կամ Աստվածաշունչը, ապա այսօր մեր կենցաղը դասավորում, հարմարեցնում ենք ըստ հեռուստացույցի տեղադրության, այն մեր բնակարանի գլխավոր կոմպոզիցիոն կառույցն է: Այստեղ կան բազմաթիվ ոչ պատահական պատահականություններ: Դրանցից մեկն էլ այն է, որ առաջին հեռուստակենտրոնը տեղակայվել է հենց քանդված, լքված եկեղեցում, որտեղ գմբեթի խաչի փոխարեն տեղադրել են ալեհավաք (որը, ի դեպ, վիզուալ առումով նման է ռուսական խաչին): Եվ սա անհերքելի պատմական փաստ է, իսկ ինչպես հայտնի է, փաստն ամենահամառ բանն է աշխարհում:

Ֆիլմ հայերի ներկայությամբ

Ինչ վերաբերում է Հայաստան գալուս և հետագա նախագծերիս, ասեմ, որ այստեղ ֆիլմ նկարահանելու նպատակով եմ եկել, բայց նկարահանումներն իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Ֆիլմը լայն առումով կյանքի իմաստի մասին է, այն մասին, թե ինչպես է ապրում մարդը ժամանակակից աշխարհում, XXI դարում: Իսկ ֆիլմի հերոսները հայեր են: Փորձում ենք հասկանալ, իմաստավորել այնպիսի երևույթներ, որոնք դեռ ինձ համար էլ մինչև վերջ պարզ չեն, իսկ այս ամենի առանցքը պիտի դառնա Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը, սա մաքսիմումն է, ինչ ես այս պահին կարող եմ ասել, քանի որ որոշակի իմաստով մենք դեռ  ճանապարհի սկզբում ենք:

Մշակույթի նախարարությունը մեզ հատկացրեց բավականին մեծ գումար, դրան գումարած` նաև մի ռուսաստանյան խոշոր հայկական ընկերություն որոշեց ստանձնել այս նախագծի ֆինանսավորումը: Ինձ համար բավականին  դժվար է սրա մասին խոսելը, քանի որ ինձ դուր չի գալիս այն, ինչ անում է այդ ընկերությունը, երբ սկսում եմ որևէ բան քննադատել, փնովել, սկսում եմ այդ ընկերության գործունեությունից: Միակ բանը, որ ինձ սփոփում է այս պարագայում, այն է, որ գուցե փորձում եմ այժմ քավել «մեղքերս»:

«Փելեշյանի լռությունը»

Ես ժյուրիի անդամ եմ եղել «Ոսկե ծիրանում» երեք տարի առաջ: Այս առումով այստեղ կատարվող կինոպրոցեսներին ծանոթ եմ: Սակայն ինչ վերաբերում է ժամանակակից հայկական վավերագրական կինոյին, ապա այն վատ գիտեմ, քիչ եմ տեսել, այնքան էլ լավ ծանոթ չեմ: Հետաքրքիր է, որ հիմա մի զավեշտալի դեպք եկավ միտքս, որով էլ, եթե թույլ կտաք, ավարտենք մեր զրույցը: Այն կապված է մաեստրո Արտավազդ Փելեշյանի հետ, որը մեր ազգային մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցույթից դուրս շնորհվող պատվավոր «Դափնի» մրցանակի` համաշխարհային կինոարվեստում ընդհանրապես և վավերագրական կինոյի ասպարեզում` մասնավորապես, իր ներդրած մեծ ավանդի համար: Մեր փառատոնում մենք որոշեցինք ցույց տալ «Փելեշյանի լռությունը» իտալական կինոնկարը: Ես ոգևորված զանգահարում եմ վարպետին, հրավիրում դիտելու այն, նա ինձ խիստ ձայնով ասում է` «Ցույց մի տուր»: Ես էլ նրան  բացատրում եմ, որ արդեն փառատոնի ծրագրում և կատալոգում ներառել ենք, անհարմար է, ինչին ի պատասխան նա ասում է. «Էհ, կատալոգում թող մնա, իսկ ընդհանրապես ցույց մի տուր»: Հաջորդ օրը առավոտյան կինս ինձ արթնացնում է և ասում, որ Փելեշյանն էր զանգել ուշ գիշերով: Ես էլ, մի փոքր անհանգստացած, մի փոքր վախեցած, անմիջապես ինձ գցում եմ հեռախոսի մոտ և զանգահարում  Փելեշյանին` տեսնելու, թե ինչ է պատահել, և նա մի փոքր թեթևացած ձայնով ինձ ասում է. «Ցույց տուր»:

Պատրաստեց  Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆԸ