img_3637561652_My_Little_Prince_PosterՄեր ազգային կինոն, որ մեկ դարից էլ քիչ և երիտասարդ պատմություն ունի, որևէ ջանք չի խնայել իրեն ծանր պահելու և այդ պահպանողական ծանրության հաշվին  ցանկալի կշռի հասնելու համար: XX դարը, որ համաշխարհային կինոյում բազմաթիվ ուղղությունների, մեթոդների որդեգրման, փորձարկման,  ապա  և դրանք հերքելու ու դրանցից ազատվելու ժամանակաշրջան, ինքնահաստատման ճանապարհ  էր, որևէ կերպ չի բնութագրում մեր կինոն:

Անցանկալի թյուրիմացությունից խուսափելու համար նշեմ, որ խոսքս վերաբերում է միմիայն կինոյի լեզվահամակարգին, այսինքն` պատմություն անելու, իրականությունը կենդանագրելու ձևին և ոչ թե ասելիքին կամ այդ ասելիքի, գաղափարի քիչ թե շատ ազգային  նշանակությանը: Այն կարևոր հանգամանքը, որ կինոն, ըստ էության,  բազմիցս ասվածը մինչ այդ չտեսնված ձևով ասելու հաշվին հասավ արվեստի կոչման, իրավունք է տալիս համարելու, որ հայկական կինոլեզուն, մեծ հաշվով, աղքատ է ու անդեմ: Եվ դրա մեջ, վստահաբար, մեր կինոյին  ուղղված «ինչի մասին է» ձևակերպում-հարցադրման մեղքի բաժինը կա, որ վերածվել է պահանջի ու հանգեցրել փակուղու:  Իրավիճակը սթափ գնահատելու և ճիշտ եզրակացությունների  հանգելու ճանապարհին թերևս մի բան ակնհայտ է. լուծումը չպետք է լինի արհեստական և չարդարացված: Մեզ պետք չեն տեխնիկապես թերի գիտաֆանտաստիկ ռոք օպերաներ, եռաչափ ֆիլմեր, սեփական ականջը հնարավորինս անհավանական դիրքից քորելու փորձեր. դրանց  թիվը նույնիսկ մեր խիստ սահմանափակ կինոարտադրության պայմաններում շատ մեծ է:  Նորարարությունը ստեղծագործողի նպատակը չէ, այլ նրա ստեղծագործությանը տրված սուբյեկտիվ գնահատական:

Արմեն Ռոնովը ժամանակակից հայկական կինոյի այն հեղինակներից է, որը փորձում է կարևորել «ինչպես»-ը` չանտեսելով նյութը, բայց և նախապատվությունը տալով սեփական զգացողությանը:

Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» ֆիլմը  բնավ էլ նորարարական չէ, ու չեմ էլ կարծում, թե այդ պիտակը որևէ կերպ ավելացնելու է դրա իրական արժեքը:  Այս ֆիլմի կառույցի հիմքում նոր մտածողություն չէ, այլ համատարած խառնաշփոթ անդեմության մեջ ձգում դեպի պարզ արմատը, որտեղ մաքուր կինոն է` կինոզգացողությունը: «Իմ փոքրիկ իշխանի»  ժանրի, տեսակի  ձևակերպումն առավել քան համալսարանական նշանակություն կարող է ունենալ և անհրաժեշտ լինել միմիայն իրեն վաղուց սպառած, կատալոգային կարծրատիպ շաբլոնները լրացնելու համար: Այդ իմաստով ուշագրավ է նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի շրջանակներում ֆիլմի` խաղարկային անվանակարգում առաջադրվելը, թեև հեղինակն ինքը ֆիլմը ներկայացրել էր իբրև վավերագրական:

Ռոնովի ընտրած ռակուրսներն ու մոնտաժային սկզբունքները, որ երբեմն շատ  ազդեցիկ են, տեղ-տեղ անհասկանալի, անընդունելի, ենթարկվում են միմիայն իր օրենքներին:

Ֆիլմի հիմքում ընկած են հիմնական երեք կինոտեսակները` խաղարկային կինոն, վավերագրությունը և անիմացիան:  «Իմ փոքրիկ իշխան»-ում ռեժիսորը ոչ թե փորձել է ջնջել կինոյի տեսակների միջև ձևավորված սահմանները, այլ ավելի հեռու է գնացել, փորձել է հասնել այն վիճակին, երբ այդ պայմանական  սահմանները նույնիսկ չէին հասցրել ձևավորվել: Այս ֆիլմում առաջնայինը հեղինակի զգացողությունն է իրեն հուզող` Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ, որը փոխանցելու համար նա օգտվել է խելքին փչած ցանկացած բանից. վեր է հանել Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի նշանավոր «Փոքրիկ իշխանի» քաղաքական ենթատեքստը, կենդանացրել նրա հերոսին իր պատկերացմամբ և իր ստեղծած անիմացիայում խոսեցրել նրան իր լեզվով` իր ուզածի մասին: Մյուս հերոսը` Ռոնովի Փոքրիկ իշխանը, երիտասարդ և նշանավոր ջութակահար Ալեքսանդր Շիրինյանն է, որ  բնակվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում:

Առաջին հայացքից  ֆիլմի սյուժեի հետ որևէ առնչություն չունեցող անցումային տեսարանների միջոցով  Ռոնովի և Էկզյուպերիի Փոքրիկ իշխանները երկխոսության են բռնվում: Թեև նրանք  խոսում են տարբեր լեզուներով, բայց ունեն միևնույն նպատակը` քարտեզի վրա իրենց տեղն ունեցող մոլորակների բնակիչներին հաղորդակից դարձնել անհայտ, փոքրիկ մոլորակների խնդիրներին:

Րաֆֆի ՄՈՎՍԻՍՅԱՆ