վենետիկ

Մակույկի մեջ մեծ ու հսկա, կապույտ-կապույտ, երազի պես մի ռնգեղջյուր, իսկ նավախելին, մեջքով դեպի հսկան, թառել է մի ձկնորս տղա, ասես անհաղորդ թիկունքից իրեն հսկող հրաշքի մեծությանը:  Ու լողում է նավը` ֆելլինիական աշխարհի մոգական ծովում, որի ամեն ալիքը  ծանոթ-անծանոթ ֆիլմերից մի կադր է, ուրեմն կարթի ծայրին էլ հաստատ որդ չէ, արտասովոր մի խայծ է, որովհետև սա աշխարհի ամենահին` Վենետիկի կինոփառատոնի այս տարվա պաշտոնական պաստառն է:

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը բազմաթիվ կինոգործիչներ դարձել էին ձկնորս-պատանյակ ու փորձում էին ոսկե ձկնիկի փոխարեն որսալ քաղաքի ու նրա կինոփառատոնի խորհրդանիշ ոսկե առյուծը: Ցանկալի առյուծը, որի չքնաղ տիրուհի Վենետիկը դանդաղ սուզվում է (հնգամյակում` 2 սմ), դեռ խռիկներ չունի, նախկինի պես թևավոր է  և ի զորու փառք ու պատվի երկնակամարին հասցնելու իրեն որսացողին, միայն թե խայծն իր քմահաճ քիմքին դուրեկան լինի:  Այս «որսաշրջանում»` հիմնական մրցութային ծրագրում, 18 խայծ-ֆիլմ էր գցված փառատոնային ջրերը, բայց Լիդո կղզում հանգրվանած ձկնորսներից միայն մեկի կարթը մնաց ոսկե առյուծի կոկորդում:

Վենետիկի փառատոնն ինքնատիպ է ամեն ինչովգգցել  նույնիսկ կարմիր գորգը ձգվում է յուրովի, ոչ թե սովորականի պես` փողոցից դեպի կինոթատրոն, այլ շենքի պատի երկայնքով: Այստեղ թեʹ Իոնեսկոյի աչքին չարագույժ երևացող ռնգեղջյուրներն են էկրան-երկնքի պես կապույտ պահապան հրեշտակների վերածվում և թեʹ մահն անգամ գեղեցկանում է, որովհետև նրան անպայման հաջորդելու է վերածնունդը` իտալական լավագույն ավանդույթի համաձայն:

Մահն էլ է  Վենետիկում առյուծի պես թևավոր` նաև իբրև խոսք, Վիսկոնտիի համանուն գլուխգործոցի շնորհիվ: Եվ մահը թևածում էր թեʹ մրցութային, թեʹ արտամրցութային ծրագրերի ֆիլմերում: Հենց մահվան իրավունքի` էֆթանազիայի թեմայով էր իտալական կինոյի կենդանի դասական Մարկո Բելոկկիոյի «Քնած գեղեցկուհին» (ըստ տեղական մամուլի` գլխավոր մրցանակի ամենահավանական հավակնորդը):  17 տարի վեգետատիվ ստատուսով անկողնուն գամված աղջկա ծնողները որոշել են անջատել կյանքին նրան կապող արհեստական սնուցման սարքը: Ֆիլմի հերոսներից մեկը` սենատոր Բեֆրադին, պետք է էֆթանազիայի հարցը բարձրացնի խորհրդարանում: Նրա կինը նույնպես մահացու հիվանդ է և ամուսնուց պահանջում է հստակ դիրքորոշում, իսկ աղջիկը, որ կյանքի աստվածային ծագման մոլի կողմնակից է, իր հերթին սիրում է գաղափարական հակառակորդ ճամբարից մի տղայի: Հերոսուհիներից մեկն էլ, որին խաղում է Իզաբել Յուպերը, հույս ունի իր աղջկան` գեղեցկուհի Ռոզային, կոմայից դուրս բերել, մինչդեռ որդին կարծում է, որ քնած քույրը սպառնում է իրենց ընտանեկան երջանկությանը: Խճանկարի սկզբունքով հավաքած դրաման իր հերոսների ու պատմությունների առատությամբ նմանվում է սերիալի: Ինչևէ, «Քնած գեղեցկուհուն» հաջողվեց իր ուռկանը գցել միայն Մարչելլո Մաստրոյաննիի անվան մրցանակը, որ բաժին հասավ երիտասարդ դերասան Ֆաբրիցիո Ֆոլկոնեին` լավագույն դերասանական դեբյուտի համար:

Մահվան թեմայով ամենահիշարժանը թերևս  Մանուել դի Օլիվեյրայի «Գեբոն և ստվերը» ֆիլմն էր, որ ցուցադրվեց արտամրցույթում: 103-ամյա պատկառազդու վարպետը բնավ էլ չի  կորցրել իրականության զգացողությունն ու նկարել է  համայն մարդկության համար ցավոտ` աղքատության թեմայով ֆիլմ: Աղքատ են ոչ միայն անգործունակներն ու ձրիակերները: Աղքատության ճիրաններում են ապրում շատ ու շատ արժանավոր  մարդիկ, որոնց կողքով մեծ փողերն անցնում ու անհետանում են: Զառամյալ ամուսինները (Մայքլ Լոնսդեյլ և Կլաուդիա Կարդինալե) ութ տարի չեն տեսել իրենց որդուն, և կյանքն իմաստավորվում է նրան կրկին տեսնելու ցանկությամբ: Բայց երբ անառակ որդին վերջապես վերադառնում է, ռեմբրանդտյան գույներով պատկերված ծնողներն իրենց կյանքից այլևս ընդհանրապես ոչ մի սպասում չունեն, բացի մահից: Ծերացած կինոդերասանների աստղաբույլի,  հատկապես Ժաննա Մորոյի հայտնությունն էկրանին կեցության դառնության անմոռանալի համ է հաղորդում ֆիլմին:

Նույնիսկ հրաշալի պատկերված մահը կյանքի ավարտն է, որին չգիտենք, թե ինչ է հաջորդում` դրախտ կամ դժոխք, կամ թե ոչինչ.  սա արդեն հավատքի հարց է, որին էլ նվիրված էին մրցութային անվանակարգի ամենաանվանի ռեժիսորներից մի քանիսի ֆիլմերը: Ուլրիխ Զայդլի «Դրախտ. հավատն» ավելի շատ դժոխքի էր նման: Սա նրա դրախտային եռապատման երկրորդ մասն է, որ ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ (առաջին ֆիլմը` «Դրախտ. սերը», երևանյան հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնում): Զայդլը, ինչպես միշտ, հմտորեն խաղում է մեր նյարդերի հետ: Պատահական չէ, որ մոլեռանդ կաթոլիկների նյարդերը չդիմացան, մի խմբավորում անգամ դատական հայցով դիմեց դատարան` խաչի անհարկի գործածմամբ տեսարանների համար:

Թերենս Մալիքի «Առ հրաշքը», որ եդեմական այգի վերադառնալու Ադամի ու Եվայի միստիկական և անհաջող փորձ էր, կարծես չվիրավորեց ոչ ոքի հավատը: Եթե Մալիքին հաջողվեր որսալ «Ոսկե առյուծը», ապա նա կդառնար Անտոնիոնիից և Օլթմանից հետո երրորդ ռեժիսորը, որն իր հավաքածուում կունենար երեք ամենակարևոր ոսկիները, ներառյալ` «Ոսկե արմավենու ճյուղը», որ ստացել էր «Կենաց ծառի» համար, և «Ոսկե արջը»` «Բարակ կարմիր գծի» համար: Դժբախտաբար թե բարեբախտաբար դա նրան չհաջողվեց: «Առ հրաշքը» կնոջ` ծագումով ռուս փարիզաբնակ միայնակ մոր և տղամարդու` քչախոս ամերիկացի ֆերմերի հարաբերության խառնիճաղանջ պատմություն է, որում Աստծու մատը  հիմնավորապես խառն է: Նրանք ճամփորդում են, ամուսնանում, հետո բաժանվում, կրկին ճամփորդում, նորից միանում, որ ամուսնանան ու բաժանվեն արդեն մեկընդմիշտ: «Առ հրաշքը» այլաբանական, վերժամանակյա կինոպատում է` առօրեականությունից վերացարկված, դեպի հոգևորի խորքերն ընթացող ճանապարհորդություն, որտեղ խոսում են անգլերեն, իսպաներեն, իտալերեն, անգամ օրորոցային երգում ռուսերեն: Զբոսաշրջիկ կամ ուխտագնաց սիրահար զույգն ուղևորվում է դեպի Սեն Միշել սարը` փորձելով համատեղ կյանքի խորդուբորդները հարթել, բայց դրսի ճամփաները սրում են ներսի անհարթությունները: Սա հիշեցնում է Միքելանջելո Անտոնիոնիի կեսդարյա վաղեմության ֆիլմերը, հատկապես` «Խավարումը», որտեղ Ալեն Դելոնն ու Մոնիկա Վիտտին ճիշտ նույն կերպ, ինչպես Բեն Աֆլեքն ու Օլգա Կուրիկովան, անհաղորդությունը փորձում էին հաղթահարել մարմնական մտերմությամբ: Ի տարբերություն Անտոնիոնիի` Մալիքի ֆիլմում երկուսի դրաման, որ ընթանում է մեկ ամերիկյան անծայրածիր դաշտերի, մեկ ֆրանսիական հիասքանչ բնապատկերների ֆոնին, համալրվում է երրորդ հերոսով: Անհասկանալի մի առաքելությամբ հայտնվում է Խավիեր Բարդեմի կատարմամբ մի հոգևորական, և ֆիլմը վերջնականապես կորցնում է կապն իրականության հետ կամ գահավիժում դեպի մարդկային հոգու անհասկանալի խորխորատներ և կամ սլանում վեր` հայտնվելով միայն թերևս Մալիքին, մեկ էլ Տեր Աստծուն հայտնի լուսեղեն մի հարթությունում:

Փոլ Թոմաս Անդերսոնի «Վարպետը» փառատոնի ֆավորիտներից էր, որ շատերի համոզմամբ` մերօրյա աշխարհի ամենաաստղային աղանդի` սայենտոլոգիայի հիմնադիր Հոբարդի մասին էր: Ռեժիսորն ինքը ոʹչ հստակ հաստատում, ոʹչ մերժում է իր գործի առնչությունը սայենտոլոգիային, բայց փաստը մնում է փաստ, որ հենց այս ֆիլմը նրան բերեց Վենետիկի «Արծաթե առյուծը»` լավագույն ռեժիսորի դափնին: Ինչևիցե, դափնիներ հասան նաև վարպետին ու իր աշակերտին մարմնավորած դերասաններին` համապատասխանաբար Սիմոր Հոֆմանին և Խոակին Ֆենիքսին, որոնք կիսեցին տարվա լավագույն տղամարդու դերակատարի տիղոսն ու արժանացան «Վոլպիի գավաթի»:

Մահը հաղթահարվում է վերածնունդով:  69-րդ փառատոնը շատ իմաստներով վերածնունդ էր հիշեցնում:  Նախ` 11 տարվա դադարից հետո փառատոնի տնօրենի պաշտոնին վերադարձավ կինոգետ, ասիական կինոյի մեծ սիրահար Ալբերտո Բերբերան: Իր վերադարձը նա նշանավորեց տարբեր «զուգադիպություններով», օրինակ` բացման ֆիլմի ռեժիսորը Միրա Նաիրն էր, որի «Հարսանիք անձրևների շրջանում» աշխատանքը Բերբերայի նախորդ պաշտոնավարման վերջին տարում` 2001-ին, հաղթող էր ճանաչվել ու միջազգային լայն ճանաչում բերել հնդկուհուն: Բերբերան նաև հայտնի է որպես առաջինը միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններից, որ կորեական ֆիլմեր է վերցրել մրցույթի, և այս իմաստով նույնպես տեղի ունեցավ վերադարձ հին ու բարի ավանդույթներին, մանավանդ որ հաղթող ֆիլմը կորեական էր: Եվ, ի վերջո, այս փառատոնն իսկական վերածնունդ էր գլխավոր մրցանակին արժանացած Կիմ Կի Դուկի համար, որ ներշնչված Վերածննդի գլուխգործոցով` Միքելանջելոյի «Պիետայով», համանուն ֆիլմ էր նկարել ու դրանով քառամյա դադարից հետո վերադարձել գեղարվեստական կինո:

Պարզվեց` Կիմ Կի Դուկն էր նավախելին թառած տղան: Հենց նրա գցած խայծը կուլ տվեց «Ոսկե առյուծը»: Ճիշտ այդպես` «Պիետան» սկսվում է մի մեծ կեռ-կարթի ցուցադրությամբ: Կիմ Կի Դուկը քաջ ծանոթ է էս կողմերում որս անելուն: Վենետիկն է նրան բերել միջազգային լայն ճանաչում 2000-ին այստեղ ցուցադրված  «Կղզի» ֆիլմով, որի հերոսները ձկնորսական կարթեր էին կուլ տալիս ու աղիք-արյուն թափում տախտակամածին: Նոր ֆիլմի հերոսն ամենևին էլ ձկնորս չէ, այլ Կան Դոն անունով դահիճ` վաշխառուների սպասավոր, որ պարտապաններից փող է ստանում` անխղճաբար տանջելով սրանց: Նա  ապրում է Սեուլում` արհեստավորների թաղամասում, փոքր խցերում խցկված մարդկանց հետ հավասար: Նկարահանումները Սեուլի Չհենչհոն թաղամասում են արվել: Կիմ Կի Դուկը ժամանակին ապրել է  այստեղ և շատ հիշողություններ ունի: Մի տեսարանում ֆիլմի հերոսները բարձրահարկի կտուրից նայում են ժամանակակից Սեուլի երկնաքերների գրոհից ճզմվող Չհենչհոնի քար լռությանը:

Կիմ Կի Դուկը ջանք չի խնայել`  հավաստի պատկերելու թաղի փոքրությունը` հյուղակների ու նեղլիկ արհեստանոցների անհյուրընկալությունը, շեշտելու աղքատությունը: Ռեժիսորի խոստովանությամբ` «Աշխարհը փողացավով է համակված, մենք մեծ պատրանքի մեջ ենք, որ փողն ի զորու է ցանկացած հարց լուծել: Էդպես չի: Իմ ֆիլմում փողը ցավի աղբյուր է: Փողն անընդհատ տխուր հարցեր է մեզ տալու, քանի դեռ իր դարը չի ապրել: Պետք է կասեցնել այս հրեշավոր փողամուլուցքը»: Կան Դոնը միտումնավոր է հաշմում պարտապաններին, որ բժշկական ապահովագրություն ստանան և ի վիճակի լինեն վերադարձնելու պարտքը: Մեկին հարմար բարձրությունից վայր է գցում, մյուսի ձեռքն է ճզմում, քանի դեռ չի հայտնվել առեղծվածային կինը, որ ներկայանում է իբրև նրա մայր: Նորահայտ մայրը հավատ չի ներշնչում և իր իսկությունն ապացուցելու համար ստիպված է ուտել որդու մարմնի մի վերջույթը  (Կիմ Կի Դուկը մամուլի ասուլիսում չպարզաբանեց, թե հատկապես որ) և անգամ քնել զավակի հետ: Գազանի խիղճը սկսում է արթնանալ: Ու  մի օր էլ մայրն անհետանում է:

Միքելանջելոյի «Պիետայի» նմանությամբ սարքված պաստառը (նման կադր ֆիլմում չկա) խուլ հանդիսականի ականջին գոռացող հուշարար է դառնումգգցել  սա գլխիվայր շուռ տված վերածնունդ է, բոլորովին նոր կտավ, հունական ողբերգություն` կորեական գույներով: Եվ իսկապես, վերջում ամեն ինչ գլխիվայր շրջվում էգգցել  աստվածածինը դառնում է ֆուրիա, հրեշին մարդ սարքող սերը` որդեկորույս մոր անմարդկային վրեժ:

Վենետիկյան որսաշրջանի ավարտին կորեական երգ է հնչումգգցել  դա Կիմ Կի Դուկն է, մրցանակաբաշխությանը երգում է մենակ մարդու երգը` «Արիրան»: Նրա նախորդ ֆիլմի`  ճգնավորության երկու տարվա արդյունքում ծնված ինքնակենսագրական վավերադրամայի վերնագիրն էլ է «Արիրա»: Նա արդեն նույնացել է իր հուսահատ հերոսների հետ` ցույց տալով իրեն հարբած, կեղտոտ ու բոկոտն: Տարիների ստեղծագործական դադարից հետո հաջողել  է նկարել 18-րդ ֆիլմը` իրեն շատ բնորոշ և բոլորովին նոր ու տարբեր, ուրեմն և արժանացել է վերածննդի հենց Վենետիկում:

Էհ, որսաշրջանն ավարտվեց: Մեր միակ հոգևոր-մշակութային կղզին` Սուրբ Ղազարը, Լիդոյից շատ հեռու չէ, բայց բոլորին է հայտնի, որ հայերը Վենետիկում ավանդաբար ձկնորսությամբ չեն զբաղվում:

Արմեն ՕՀԱՆՅԱՆ


 «Ծիրանի ծառ» միջազգային փառատոնի հաղթողները

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Արագածոտնի մարզի Ուջան գյուղում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի...

|21 Սեպտեմբեր 2019,14:02