միռզյան«Կինոաշխարհը»վաղուց էր ծրագրել հանդիպել սիրելի վարպետին` հայ կինոյի «ամենահնաբնակ» կոմպոզիտորին, որ 9 խաղարկային ֆիլմերի («Երբ քեզ հետ են ընկերներդ», «Փլուզում», «Տասներկու ուղեկիցներ», «Դժվար անցում» , «Քաոս», «Կարծր ապար», «Հեղկոմի նախագահը», «011 աքսորականը», «Խաչմերուկի դեղատունը») և բազմաթիվ վավերագրական ֆիլմերի երաժշտության հեղինակ է: Վերջապես հանդիպումը, հուրախություն մեզ, տեղի ունեցավ… նրա մահվանից 10 օր առաջ: «Կինոաշխարհի» հարցազրույցը, ցավոք, վերջինը եղավ նրա կյանքում: Նա ավարտեց իր երկրային կյանքը նույնքան համեստ, որքան առաջին քայլերն անելիս, և ավարտեց պայծառ խաղաղությամբ, քանի որ իր մշտական ներկայությունը վաղուց էր հաստատել հայ երաժշտության և կինոյի պատմության մեջ:

– Մաեստրո, ինչպե՞ս սկսվեց Ձեր մուտքը երաժշտության աշխարհ:
– Ի միջի այլոց, այդպիսի հարց երևի չէի ստացել, քչերը դա գիտեն: Անկեղծ ասած, Ռոմանոս Մելիքյանը եղել է հորս` Միքայել Միրզոյանի շատ մտերիմ մարդկանցից մեկը: Երբ ես երեխա էի, նա շարունակ ասում էր, որ պետք է երաժիշտ կամ կոմպոզիտոր դառնամ: Ռոմանոս Մելիքյանը լսեց ինձ, հատուկ նշեց, որ իրեն դուր եկավ հատկապես հարմոնիան: Դա ինձ համար շատ անսպասելի էր: Ու փաստորեն գտավ, որ իմ միակ ճանապարհը երաժշտությունն է: Հորս բան չէր մնում, քան ինձ տանել երաժշտության ուղղությամբ:
– Բայց դա Ձեր սրտո՞վ էր:
– Իմ առաջին դաշնամուրի դասատուն Աննա Միխայլովնան էր: Հիշում եմ` շարունակ ինձ հանձնարարություններ էր տալիս, իսկ ես թամբալ էի, ոչինչ չէի անում: Մի օր մի լավ ջղայնանալուց հետո ասաց, որ հեռացնում է ինձ դասարանից: «Դու պետք է չնվագես»,- ասաց ինձ Աննա Միխայլովնան: Երբ այդ օրը դասարանից դուրս եկա, մի զգացողություն կարծես արթնացավ մեջս, ու հասկացա, որ ամենևին ինձնից ոչինչ չեմ ներկայացնում: Այնուամենայնիվ, շատ կարճ ժամանակ էր ինձ պետք հասկանալու, որ երաժշտությունն ինձ համար ամեն ինչ է: Երևի անցավ մեկ ամիս, Արամ Խաչատրյանն ինձ ասաց, որ հիացած է իմ երաժշտական հարմոնիայով: Չնայած որպես դաշնակահար ինձ միշտ հիացրել է Առնո Բաբաջանյանը:
– Ասում են` նոտաներն էլ են մարդիկ` ուրախ, տխուր, բոլորն էլ ծնվել են ինչ-որ ասելիքով…
– Երաժշտությունը փիլիսոփայություն է: Անկեղծ ասած, շատ եմ սիրում Պրոկոֆևին և վստահ եմ, որ նա էլ է շատ սիրել դո մաժորը: Այնպես որ, այսպես ասեմ, ես շատ եմ սիրում Պրոկոֆևին, որը շատ էր սիրում դո մաժորը: Իսկ եթե պարզապես մեկ նոտա նշեմ, կլինի հենց դոն… Լավ նոտա է:
– Մաեստրո, Աննա Միխայլովնային` Ձեր առաջին ուսուցչին, չե՞ք ներում:
– Ես կյանքի ընթացքում շատերին եմ ներել: Այս դեպքում թերևս նա պետք է ինձ ներեր: Անկեղծ ասած, չգիտեմ, ներե՞ց ինձ, թե՞ չէ: Բայց մի բան գիտեմ. ես երբեք շատ լավ չեմ նվագել, չեմ կարողացել: Ուղղակի հավանում էի այդ երաժշտությունը, բայց երաժշտական աշխարհը մինչև վերջ էլ չեմ պատկերացրել, չեմ հասկացել…
– Ձեր երաժշտական տաղանդը, փաստորեն, փոխանցվել է գեներով:
– Նորից պետք է ասեմ, որ հայրս մտերիմ էր Ռոմանոս Մելիքյանի հետ: Նա հաճախ էր գալիս մեզ հյուր, հատկապես որսից հետո. որսը նրա տարերքն էր: Առաջին անգամ նվագել եմ հենց նրա համար: Նա խորհուրդ տվեց շարունակել: 1935-ին քննություն տվեցի և կարծես բաց դուռ ունեցա դեպի երաժշտական մեծ աշխարհ: Տարի անց խոսակցություններ եղան, որ առաջընթաց չունեմ: Զգացողությունս նորից արթնացավ, ու զգացի, որ ոչինչ ինձնից չեմ ներկայացնում: Հիշում եմ` ծնողներս որոշեցին, որ քեռուս պես բժշկության ոլորտում ուժերս փորձեմ: Այդ ամռանը տատիկիս տանն էի, երբ նամակ ստացա կոմպոզիտոր Վազգեն Տալյանից: Նամակում ասվում էր, որ ես պետք է ջութակի համար սոնետ գրեմ: Երբ լսեց իմ շուրջ պտտվող խոսակցությունները, սաստիկ վրդովվեց` ասելով` նա ի ծնե երաժիշտ է… Պարզապես գնահատեց իմ աշխատանքը, և ես գերազանց ավարտեցի: Տալյանի գոյությունը մեծ ազդեցություն ունեցավ իմ կյանքում:
– Պարոն Միրզոյան, Ձեր ապրած կյանքը հավանաբար հնարավորություն է տալիս, որ գնահատեք այս աշխարհը և գոյություն ունեցող երևույթները…
Aram Khachaturian, Konstantin Orbelian, Edward Mirzoyan, Garold El Registan– Ես չգիտեմ, թե ինչ է դժոխքը, բայց գիտեմ, թե ինչ է դրախտը: Ես մտածում եմ այն մարդու մասին, որ ծնվում է այս երկրագնդում: Նա ծնվում է պայքարի միջոցով, պայքարում է` ծնվում է, որովհետև հաղթում է: Եթե չպայքարեր, չհաղթեր, չէր ծնվի:
Ես մտածում եմ, որ եթե ծնվել ենք այս հողագնդի վրա, ուրեմն տիեզերքում հաղթել ենք և արդեն իսկ դրախտում ենք: Բնությունը դրախտ է: Այս իմաստով, եթե ծնվեցիր, օգտվիր այդ դրախտից:
– Ինչքան գիտեմ, միայն հատուկենտ պահերի չեք մոտեցել դաշնամուրին, թույլ չեն տվել առողջական խնդիրները…
– Իմ ստեղծագործությունները ես երևի վատ չեմ նվագել: Չորս ձեռքերով նվագել եմ ընկերներիս` Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի հետ: Օրինակ` «Սուսերով պարը» նվագել եմ Ռոստրոպովիչի հետ: Երկուսով նաև նվագում էինք թավջութակի իմ սոնատը: Ի դեպ, «Թավջութակի սոնատի» ստեղծումն ունի ուշագրավ պատմություն: Մի անգամ նա` Ռոստրոպովիչը, հյուր էր եկել: Նա ծնկի իջավ ու խնդրեց, որ ես թավջութակի համար սոնատ գրեմ: Որպես ապացույց` նա ինձնից գրավոր խոստում պահանջեց: Այդ ստեղծագործությունն առաջին անգամ կատարվեց Հայաստանում, հետո աշխարհի տարբեր բեմահարթակներում:
Tikhon Khrennikov, Aram Khachaturian, Konstantin Orbelian, Edward Mirzoyan (1)– Ձեր ստեղծագործություններով նոր շունչ հաղորդեցիք հայ կինոյին:
Ուղիղ 56 տարի առաջ` 1956-ին, ռեժիսոր Գ. Սարկիսովը Ձեզ առաջարկեց երաժշտություն գրել իր «Երբ քեզ հետ են ընկերներդ» ֆիլմի համար, ճի՞շտ է:
– Դա անսպասելի առաջարկ էր, այո, դա շատ վաղուց էր` 1956-ին: Վերջիվերջո, պատասխանատվությունը մեծ էր: Դա ինձնից երկար ժամանակ խլեց, բայց Սարկիսովը համբերատար սպասում էր: Ես տեղեկացրի նրան, որ երաժշտությունն արդեն պատրաստ է, նա ասաց. «Էդիկ, սա այն է, ինչ ես ցանկանում էի: Անբացատրելի է` քեզ ինչպես է հաջողվել»:
– Մաեստրո, 1956-ին փաստորեն Ձեզ համար դուռ բացվեց դեպի կինոյի աշխարհ: Սկսեցիք ակտիվ երաժշտություն գրել նաև կինոյի համար: Ծնվեցին Քարամյանի «Տասներկու ուղեկիցները», Երզնկյանի «Դժվար անցումը», Լաերտ Վաղարշյանի «Քաոսը»…
ministrkulturymirzoyanpervaya_ledi(1)– Այո, դա անսպասելի ժամանակահատված էր ինձ համար: Բոլոր երաժշտություններն էլ, որ գրել եմ, սիրել եմ նույնքան ուժգնությամբ: Գիտես, իմ երաժշտության նկատմամբ ես միշտ եղել եմ խստապահանջ:
Հիշում եմ` Լաերտը մի օր եկավ մեր տուն ու ասաց, որ ցանկանում է «Քաոսը» էկրանավորել, ու երաժշտություն է հարկավոր: Շիրվանզադեի այդ ստեղծագործությունը ես շատ եմ սիրում, դա էր երևի պատճառը, որ շատ արագ գրեցի երաժշտությունը: Լաերտը շատ գոհ էր, իսկ ֆիլմն արդեն պատրաստ էր: MirzoyanPervajaLedi (1)Պրեմիերայի օրը երբ տեսա Ալլա Թումանյանի խաղը, հասկացա, որ երաժշտությունը շատ ավելի թույլ է: Մի խոսքով, զգացի, որ այլ բան է հարկավոր:
Լաերտին ասացի, որ նոր երաժշտություն եմ գրելու: Կարմրեց, ասաց` չէ, ամեն ինչ հրաշալի է ստացվել: Ես շատ վճռական էի, իսկ նա ասաց, որ ստուդիայում նորից պետք է ձայնագրություն անենք, նորից մոնտաժ, որ այն տարիներին շատ երկար աշխատանք էր: Ես հասա իմ ուզածին: Դիլիջանի քոթեջում մի գիշերում գրեցի “Շուշանիկ” երաժշտությունը: Հիշում եմ` Լաերտը եկավ, լսեց ու… ապշած էր: Իսկ ես շատ հավանեցի «Քաոսի» սյուժեն ու ռեժիսորական աշխատանքը:
Այնուամենայնիվ, անկեղծ պետք է ասեմ` երբեք իմ մասին մեծ կարծիք չեմ ունեցել:

Հարցազրույցը վարեց
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ