qochar2013-ի մարտին էկրան կբարձրանա կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» ֆիլմը, որը հայ-ամերիկյան համատեղ արտադրություն է: Հոգեբանական միստիկ դրամայի առանցքում կինն է` իր բարդ հոգեբանությամբ:
-Ֆիլմի գործողությունները ծավալվում են Հայաստանում, բայց դրանք կարող էին տեղի ունենալ աշխարհի որևէ այլ անկյունում: Այստեղ երիտասարդ աղջկա հոգեվիճակն է` ազատության ձգտման և աշխարհընկալման ճանապարհին: Սիրո և ընկերության հասկացությունները փոշիանում են շրջապատի, հասարակության նսեմացնող վերաբերմունքից: Երիտասարդ աղջիկն իր փրկությունը տեսնում է միայնության, ինքնամփոփման մեջ, մինչ այն պահը, երբ հանդիպում է Աննային, բայց… Մեր կյանքում յուրաքանչյուրն իր տարածքում ավելի վատ է զգում: Թվում է` ելքը փախուստն է, եթե դուրս գաս, ամեն ինչ կփոխվի, բայց իրականում մեր տունը, մեր երկիրն է, որ «ամենեն լավն է»: Ֆիլմի հիմքում հենց այս գաղափարն է. երբեք միʹ նայիր դեպի դուրս, միʹ փորձիր գտնել գեղեցիկը միայն դրսում, այլ ճանաչիʹր ինքդ քեզ, որովհետև գեղեցիկը միշտ քո ներսում է,- ասում է ֆիլմի ռեժիսորը:
qPebeIV3swZUWXkn3Ua3COOl2XՌուբեն Քոչարը մեծ ցանկություն է ունեցել, որ ֆիլմի գլխավոր դերակատարները լինեն Հայաստանից, բայց երկար որոնումներն արդյունք չեն տվել:
– Մոտ մեկ տարի որոնելուց հետո հասկացա, որ դերասանական դպրոցը Հայաստանում փակուղում է հայտնվել,- շարունակում է նա:- Իմ խորին համոզմամբ` այն պարզապես գոյություն չունի: Բացառությունները չնչին տոկոս են կազմում: Չափազանց բարդ է ևʹ կին, ևʹ տղամարդ դերակատարների ընտրությունը: Մեր կյանքի անբաժան ու պարտադրված մասը դարձած սերիալները ստեղծել են մի նոր դպրոց, որի նմանն աշխարհում գոյություն չունի: Մեր թատերական ու կինոարվեստի նման շրջադարձն ինձ համար մեծ անակնկալ էր: Երիտասարդ դերասանները կինոն, բեմն ու իրական աշխարհը միմյանցից չեն տարբերում, ինչը լուրջ խնդիր է առաջացնում այն ռեժիսորի համար, որն ուզում է իր ֆիլմում ուժեղ կերպարներ ստեղծել: Դերասան ընտրելիս ես հաշվի եմ առնում` ինչպես է նա ընկալում կյանքը, ինչպես է բացատրում աշխարհը: Առաջին երկու-երեք խոսքից գլխի ես ընկնում, որ շատերը չեն հասկանում, թե ինչ է դերասան լինելը: Աղջիկների 99 տոկոսը կարծում է, թե սա մոդելի աշխատանք է` գեղեցիկ ոտքեր, գեղեցիկ քայլվածք և այլն: Բայց այս արվեստում կարևորագույնը գեղեցիկ ներքինն է: Եթե կան այդպիսիք, որոնց ես գուցե չեմ նկատել, շատ կցանկանայի ծանոթանալ նրանց հետ:
62Ֆիլմի գլխավոր կերպարներից մեկին մարմնավորելու համար ռեժիսորն, այնուամենայնիվ, Հայաստանում գտել է Լուսինե Ալեքսանյանին` մասնագիտությամբ դիզայներ-մոդելավորող: Բնածին տաղանդը, մանկական անկեղծությունն ու հազվագյուտ աշխատասիրությունը ստեղծագործական խմբին ստիպել է հարյուրավոր երիտասարդների միջից ընտրել հենց նրան: Նկարահանումների բարեհաջող ընթացքը հնարավորություն է տալիս մտածելու, որ ընտրությունն արդարացված էր:
«Անունս Վիոլա է» ֆիլմի գլխավոր դերակատարների թվում Ջանեթ Սպիցերն է Միացյալ Նահանգներից: Նա իրեն երջանիկ է համարում, քանի որ, ունենալով հայկական արմատներ, հնարավորություն է ստացել նկարահանվելու հայկական ֆիլմում, հայոց հողի վրա և հայ ռեժիսորի մոտ:
– Ինձ համար չափազանց հետաքրքիր է այս ամենը,- ասում է նա:- Երբ կարդացի սցենարը, պարզապես ցնցվեցի. ինչպե՞ս կարող էր տղամարդն այսպես խորությամբ հասկանալ ու մեկնաբանել կնոջ զգացմունքներն ու հոգեբանությունը: Իմ հերոսուհին մի իրավիճակում է, որում յուրաքանչյուր կին հայտնվում է կյանքի ինչ-որ ժամանակահատվածում: Ցանկացած դերասանուհու համար մեծ պատիվ է նման կերպարի մարմնավորումը: Հայրս հայ է, նրա ընտանիքն ապրում է այստեղ` Հայաստանում: Ինձ համար մեծ երջանկություն է գտնվել այստեղ, վայելել այսքան սեր և համեղ ուտեստներ:
Մաքսանս Քուզուբաշյանը ֆրանսահայ է: Ֆիլմում նա մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին` Հրանտին` դրական, բայց միաժամանակ չափազանց բարդ մի անձնավորության: Եղեռնից մազապուրծ հայի ծոռն անչափ զգացված է իրեն հայկական ֆիլմում նկարահանվելու հնարավորություն ընձեռելու համար: Նա իր հետ Հայաստան էր բերել մի պայուսակ, որով իր պապիկի հայրը 120 տարի առաջ ներգաղթել էր Ֆրանսիա:
– Ես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ` իմ մեծ պապի հայրենիքում,- ասում է նա:- 1800-ականների ջարդերի ժամանակ նա Հայաստանից հեռացել է հենց այս պայուսակով, որն ինձ համար չափազանց թանկ է: Սերնդից սերունդ անցնելով` 120 տարի անց այն կրկին վերադարձել է հայրենիք, թեկուզ և Արաքսի այս կողմը: Ես երջանիկ եմ, որ եկա Հայաստան ու հատկապես այս ֆիլմում նկարահանվեցի:
Ռուբեն Քոչարն ասում է, որ փորձում է ստեղծել լավ ֆիլմ և այս պահին չի մտածում` հաջողություն կունենա՞ այն միջազգային որևէ փառատոնում, թե՞ ոչ: Ըստ ռեժիսորի` այսօր մի տեսակ սխալ մոտեցում կա փառատոների նկատմամբ.
– Շատերի կարծիքով, եթե ֆիլմը մասնակցում է փառատոնին, պետք է վերադառնա միայն առաջին մրցանակով: Իրականում մասնակցությունը հեղինակավոր կինոփառատոնին արդեն մեծ հաջողություն է, քանի որ հարյուրավոր ֆիլմերի մեջ դա արդեն նկատվել է: Միշտ չէ, որ փառատոներում մրցանակներն ազնվորեն են բաշխվում, բայց այդ ֆիլմերը ազնվորեն հավաքվում են: Այնպես որ այդ ամենին շատ չեմ հավատում, չնայած ինքս էլ ունեմ բազմաթիվ մրցանակներ:
Կգնահատի՞ արդյոք հայ հանդիսատեսը Քոչարի նոր ֆիլմը: Ռեժիսորի ակնկալիքները, պարզվում է, մեծ չեն:
– Երբ տեսնում եմ, թե մեր հեռուստադիտողներն ինչ հաճույքով են դիտում ժամանակակից սերիալները, մտածում եմ, որ իմ ֆիլմը գուցե քչերը դիտեն. միայն նրանք, ովքեր սիրում են մտածել ֆիլմը դիտելիս և դրանից հետո: Բարեբախտաբար նման մարդիկ մեր երկրում դեռ մնացել են, և նրանց թիվը քիչ չէ:
«Անունս Վիոլա է» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2013-ի գարնանը` Երևանում և Լոս Անջելեսում: Ֆիլմի հայաստանյան աջակիցը Հայաստանի ազգային կինոկենտրոնն է:

Պատրաստեց Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ