Գրողի մասին ֆիլմ ստեղծելը դժվար է, եթե տեսանյութեր ընդհանրապես չկան, ընդամենը` ինը լուսանկար և երկար, բուռն, հագեցած ստեղծագործական ուղի: «Կոստան Զարյան. հայ գրականության միայնակ հոգին» փաստագրական ֆիլմը (ռեժիսոր` Հ. Կբեյան, սցենարիստ` Ն. Եղիազարյան), որը հասարակության դատին հանձնվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին, նման էր չիմացության թանձր վարագույրը բացելուն: Ֆիլմը, իհարկե, ամբողջական Կոստան Զարյան չէր, և այս պատճառով դժգոհողներ կային: Հնարավոր չէ մեկ ֆիլմի մեջ ընդգրկել անընդգրկելին: Կոստան Զարյանը գրական առանձնահատուկ կյանք ու ճակատագիր ունեցավ, միշտ գրական կյանքի կենտրոնում, բազմաշերտ, տարածուն: Բարդ է նկարելը, քանի որ հանդիսականին հիմնականում անծանոթ են գրողի ևʹ կենսագրությունը, ևʹ ստեղծագործությունը: Սակայն ստեղծագործական խումբն այդպիսի հավակնություն չի էլ ունեցել, և խելամիտ է վարվել` գլխավոր թեմա ընտրելով մենակությունը:

Վավերագրական ֆիլմը հաջողված է, քանի որ Զարյանը երևում է իր խորունկ բանաստեղծություններով, որոնք շատ տեղին են հնչում ֆիլմում: Կոստան Զարյանի` բառերի ոսկին հայտնագործող բանաստեղծի գրչին է պատկանում Աստվածամոր մասին նոր ժամանակների ամենահուզիչ  քերթվածը. «Ես եմ մայրը…»: Ստեղծագործություն, որի համար երաժշտություն է գրել իտալացի երգահան Ռեսպիգին: Դա հնչում էր ֆիլմում: Կինոն սիրում է էքսկլյուզիվ կադր, և այդպիսին է ներկայանում Վենետիկը` Զարյանի բնակության հանգրվաններից մեկը: Եվ կարևոր չէ, թե գրողի թոռն ինչ է հիշում ու պատմում. Վենետիկի աուրան և Զարյանի պոեզիան ներդաշնակ են. «Վենետիկը հին գոհար, պատահար և անուրջ…»:

Տիգրան Մանսուրյանը պատմում է Երևանում Զարյանի հոգևոր ներկայության մասին: Պատմաբան Ստեփան Պողոսյանը այն քիչ մարդկանց թվում էր, ում հետ շփվել է 1962-ից Երևանում հաստատված գրողը, և իր հուշերն է ներկայացնում, Զարյանի արձակի նկատմամբ իր հիացումը: Չկա հեղինակային տեքստ, գրողը բացահայտվում է երկխոսություններով, իր մասին պատմում է գրողն ինքը, առանց միջնորդավորման, գրաբարի և աշխարհաբարի հրաշալի միահյուսմամբ, բառի լավագույն իմաստով` ոսկեղենիկ հայերենով:

Վճռական մենակի լուսապսակից զատ, Զարյանը ներկայանում է իբրև շատ բան մերժող ու մտածող փիլիսոփա: Բացահայտված են Զարյանի հարաբերությունները ժամանակի հայտնի արվեստագետների հետ` Վերհարն, Տագոր, Պիկասո, Ունամունո, Լեժե, Չարենց, Սարյան: Եվ Զարյանն ինքնատիպ ու անկեղծ է իր գնահատանքի ու վրիպումների մեջ: Էմիլ Վերհարնի խորհուրդը  ֆրանսերեն բանաստեղծություներ գրող Զարյանին. քանի որ բանաստեղծությունը մտերմիկ աղոթք է, պիտի գրել այն լեզվով, որով աղոթում ես: Շամախեցի մայրը Զարյանին գրաբար աղոթք էր սովորեցրել: Եվ գրողը Վենետիկում, Մխիթարյանների մոտ գրաբարի և աշխարհաբարի (որի ուսուցիչը Նիկողայոս Ադոնցն էր) դասեր է առնում: Նրա հուշերում հառնում է անհավասարակշիռ, բայց կենդանի, ոչ թե հուշարձան Չարենցը: Քանի որ Վենետիկը հայի մտքում կապված էր տարագիր Իսահակյանի հետ, հանդիսականի մեջ սպասում կար, որը չարդարացավ: Ոչ մի խոսք այս մասին: Փոխարենը Կոստան Զարյանի հուշերի շնորհիվ բացահայտվում է Մարտիրոս Սարյանը: Ֆիլմում հնչում է Սարյանի խոսքը, որ եթե իր մասին մի-երկու նորմալ բան է գրվել, Կոստան Զարյանն է գրել: Չի ասվում` ինչ, ու անառիթ  ներկայացվում է Զարյանի աննպաստ  (մեղմ ասած) կարծիքը Սարյանի փարիզյան  ցուցահանդեսի առիթով: Այս ինտրիգը հավանաբար արված է պատմության վերջաբանի ուժգնությունը ապահովելու համար: 90-ամյա Սարյանը, իմանալով Զարյանի հիվանդության մասին, ժամանակին վրձնած դիմանկարը թևի տակ, ոտքով բարձրանում է բարձրահարկի Զարյանի բնակարան ու դիմանկարը նվիրում գրողին, ապա լուսանկարվում են: Այդ լուսանկարն ու դիմանկարը ոչ միայն հարստացնում էին ֆիլմը, այլև մեծի լուսապսակով օծում Մարտիրոս Սարյանին:

Այնպիսի թոհուբոհով ու իրադարձություններով է լի Զարյանի կենսագրությունը, ասես մի քանի կյանք է ապրել:  Անտեղյակ հանդիսականը կարող է ապշել, որ հայ գրողն այսքան էրուդիտ է, բազմաշնորհ, Պոլսում, Փարիզում ու ԱՄՆ-ում գրական պարբերականներ է հիմնել, եղել է դարակազմիկ իրադարձությունների կենտրոնում, մինչև իսկ Կամոյի փողերը Լենինին փոխանցելիս ձերբակալվել է ու բանտ նստել, մազապուրծ փրկվել է 1915 թ. Պոլսից, 1925 թ. Երևանից` աչքի առաջ ունենալով շուրջը սեղմվող բանտարկության օղակը: Բայց չէր կարող փախչել ինքն իրենից: Պոլիսը դառնում է կարճ բանաստեղծություն. «Գարուն, արյուն, արև և վիշտ: 1915»: Այսքանը: Դարասկզբի Երևանի մասին գրվում են վեպեր` «Անցորդը և իր ճամփան»,«Բանկոոպը և մամութի ոսկորները»: Նա սիրում էր իր դժվար հայրենիքը, և եկավ ապրելու: Հայրենի ղեկավարությունը նրան վերաբերում էր ինչպես մի օտար հուշարձանի, որին ձեռք չէր տալիս, բայց յուրային էլ չէր համարում: Հայրենիքում բնակության երկար տարիների ընթացքում Զարյանը ստեղծագործում էր, բայց երբեք չհրատարակեցին: Արտասահմանում` տարագիր, հայրենիքում` օտարական հայ գրողն ամենուր արարատյան մարդու հոգևոր կերպարը, հայրենիք ու հանգրվան էր փնտրում: Ինքն էլ ձևակերպել է իր վիճակը. «Տարագիրը գաղթական չէ, այլ ժամանակավոր այցելու, անցորդ, մշտնջենական նավարկող: Իսկական ստեղծագործողը միշտ տարագիր է»:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

 

 


 «Զուլալի»․Նարինե Աբգարյանի  առաջին էկրանավորումը

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ...