աբդռաշիդՌեժիսոր Վադիմ Աբդռաշիտովի 11 ֆիլմերն աննկատ չեն մնացել. պետական ու փառատոների մրցանակներ, հանդիսատեսի սեր ու հետաքրքրություն, ի վերջո, ռեժիսորի ճանաչում: Արդի ռուսական կինոյի դասական Աբդռաշիտովը ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի հյուրն էր և իր կինոյի հայ երկրպագուների ու կինոն որպես մասնագիտություն ընտրած երիտասարդների զրուցակիցը:

Ուրախ եմ հենց «Պարողի ժամանակը» ֆիլմը Հայաստանում ներկայացնելու համար: Այն երեկ ավարտված պատերազմի և այսօր սկսվող խաղաղ կյանքի մասին է:  Հեռուստատեսությամբ ընդամենը մի ցուցադրություն եղավ, այն էլ ուշ գիշերին: Ասում էին, թե կցուցադրվի, երբ Կովկասում ամեն ինչ կարգավորվի: Միայն անցած տարի` 2011 թ. հոկտեմբերին թույլ տվեցին ֆիլմը ցուցադրել  երկրից դուրս` Թբիլիսիում, Ռուսական կինոյի փառատոնի ժամանակ: Կարծում եմ` այն մինչև օրս արդիական է, ցավով եմ ասում այդ մասին:  «Պարողի ժամանակը» լավագույն դերասանական աշխատանքի հանրագումար է, չնայած դերասաններից չորսը դեբյուտով են հանդես եկել: Դրա համար էլ շատերն ասում էին, թե խելագարվել եմ: Ու այդքան դեբյուտանտների մեկտեղումը գնահատում էին որպես մեծագույն ռիսկ: Բայց շատ ուրախ եմ այդ ընտրության համար. այն լիակատար անհայտությունը, որ ռիսկային էր համարվում,  իր շատ օգտակար գործն արեց:

Ի՞նչ է պակասում այսօր կինոյին

Լավ սցենարների շատ մեծ դեֆիցիտ կա ինչպես կինոյում, այնպես էլ թատրոնում: Ռեժիսուրայի առումով էլ լավ արված գործի սղությունը նկատելի է: Այ, դերասանական գործը նախկինի պես բարձր մակարդակում է: Մինչև օրս դերասանական վարպետության դասավանդումը պահպանում է հին` բարձր մակարդակը թեʹ Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի, թեʹ Յարոսլավլի ու Սարատովի թատերական ինստիտուտներում և ուսումնարաններում: Այդպես կլինի, քանի դեռ հին դպրոցի արտիստներ կան ու դասավանդում են: Պարզ չէ, թե ինչ կլինի հետագայում, քանի որ դերասանները շատ կարճ ժամանակում ընկնում են հեռուստասերիալների մսաղացն ու կորչում: Խաղացանկային թատրոնում աշխատողները մասնագիտական ավելի անվտանգ վիճակում են. այսպես թե այնպես, պրոֆեսիոնալ, երբեմն նաև գերազանց  նյութի հետ են գործ ունենում և ստիպված են խաղալ ու ներկայացնել բնավորություններ, ստեղծել կերպարներ:

Մյուս կողմից էլ, եթե ռեժիսորը պրոֆեսիոնալ է, սցենարը` մշակված, ապա ուզածդ դերասանն իր դերը նորմալ կխաղա: Բայց շատ կարևոր է, որ ռեժիսորը դերասանների ճիշտ դուետ կազմի: Ռեժիսորը պետք է անսամբլ ստեղծի և այնպես, որ նայես, ու կասկած չմնա` ամուսիններ են, թշնամիներ, մարտական ընկերներ և այլն: Հենց այդ անսամբլ կազմելու  պահը շատ պատասխանատու է: Փոխվում է դերասանը` փոխվում է ֆիլմի իմաստը: Ոչ թե ինտերպրետացիա է ստացվում, այլ բոլորովին ուրիշ ֆիլմ,  քանի որ բուն իմաստն է փոխվում: Ամեն անգամ եղած հետաքրքրական թեկնածուներից տվյալ կերպարի համար, ըստ քեզ,  ամենաճշգրիտ դերասանին  ընտրելիս հասկանում ես, որ կատարածդ ընտրությունը որոշելու է ֆիլմի կոնցեպտուալ հենքը: Զուր չէր, որ խորհրդային տարիներին սցենարն ու դերասանների հաստատումը ամենից դժվարն էր, ու հենց այդ երկու կետում էին ամենից պահանջկոտ:

Հնարավո՞ր է  ռեժիսորի  նախնական մտահղացմանը լիովին համապատասխանող  ֆիլմ նկարահանել

Սցենարը կենդանի օրգանիզմ է:  Գրում ես ռեժիսորական սցենար, ու մտքումդ արդեն կատարյալ ֆիլմ է նկարվում: Լավագույն օպերատորը, դերասանները, երաժշտությունը հենց քո ֆիլմում են: Չնայած դրան` նկարահանման հենց առաջին օրը սարսափով գիտակցում ես, որ ամեն ինչ հակառակ է քո այդ լավագույն ֆիլմին: Ասենք` հարկ էր նկարահանել շոգ ամռանը, իսկ նկարահանումները սկսվում են սեպտեմբերին, ժապավենն անհրաժեշտից քիչ զգայունություն ունի և այլն: Սկսում ես եղածից ցանկալին ստանալու փորձերը: Հենց դա է ռեժիսորի գործը: Երբեմն արդեն պատրաստ ֆիլմը նկատելիորեն չի համապատասխանում սցենարին: Այնուամենայնիվ ստորագրում եմ ինչպես ռեժիսորական սցենարի, այնպես էլ պատրաստ ֆիլմի տակ: Որքան էլ աշխատանքի ընթացքն  ամենատարբեր կերպով հակադրվում է նախնական մտահղացմանը, միևնույն է, հաջողվում է ինչ-որ կերպ մտահղացումը պահպանել:

Ժամանակակից  երիտասարդ  ռեժիսորները

Ցնցելու աստիճան ապրում նվիրող ռեժիսորներ այսօր փաստացի չկան: Նախկինում ստեղծված և դիտողին ապրումակից դարձնող ֆիլմերը` Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով»-ը (1975), Հել Էշբիի «Վերջին մանրամասները» (ՙThe Last Detail՚) (1973) այսօր մրցակից չունեն: Չնայած կինոն սիրում եմ, բայց այդ ֆիլմերի շնորհած ուժգնության ցնցում, ապրում ներկայում չեմ ունենում: Ասեմ նաև, որ վերջերս լուրջ տպավորություն է գործել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բաբելոն» ֆիլմը: Հիանալի կինոնկար է: Չնայած դրամատուրգիական շատ բարդ կառույցին` դյուրընկալելի է: Անչափ լավ է արված ռեժիսորական աշխատանքը, նաև փայլուն դերասանական խաղ կա, անգամ` երկրորդ պլանում: Ֆիլմը խորն ու նորարարական է: Բայց անհամեմատ շատ են այն ֆիլմերը, որոնք նայելուց հետո կարելի է ասել` հետո ինչ: Հարկ եմ համարում առանձնացնել Սերգեյ Լոբանի «Շապիտո-շոուն»: Տևողությունը չորս ժամ է, բայց հաստատ արժե դիտել: Հիանալի ֆիլմ է, որը կարելի է անվանել նոր սերնդի կինո: Սեփական երկրում ինքնարտահայտման ու ինքնառեալիզացման հնարավորություն չունեցող սերնդի մասին լուրջ ու խոր ֆիլմ է:  Նկարահանված է կերպարների հանդեպ մեծ հոգածությամբ, աննման դերասանական խաղ, հիանալի կառուցված դրամատուրգիա կա: «Շապիտո-շոուն» երիտասարդ ռեժիսորի և երիտասարդի ֆիլմ է: Մինչդեռ շատ երիտասարդ ռեժիսորներ, համաձայն իրենց գործի, արդեն ծերուկ են, քանի որ սովորել են հմտորեն կրկնել մինչ իրենց արդեն արվածը: Նայում ու ասում ես. «Աստված իմ, ախր դեռ 28 տարեկան ես, ինչո՞ւ ես ծերուկի պես ցույց տալիս բազմիցս արդեն ծեծված, ասված, պատմվածը»:

Վավերագրական կինոն

Վավերագրական կինոն բացահայտումների մայրցամաք է:  Ոչնչով նման չէ խաղարկային կինոյին: Այնտեղ լիովին այլ մոտեցում  ու վերաբերմունք է կյանքին: Նկարահանվում են վավերագրական այնպիսի ֆիլմեր, որոնք հավասարվում են գեղարվեստական գործի և համեմատության ոչ մի եզր չունեն խաղարկայինների հետ: Վավերագրական կինոյում  կան մի շարք ռեժիսորներ, որոնք հիանալի են աշխատում:

Կինոարտադրության ապագան

Հարկ է չշփոթել կինոարտադրությունն ու կինոարվեստը. առաջինն աշխատում է մասսաների համար, երկրորդն անում է այն, ինչ արվեստն ընդհանրապես` հնարավորինս հասկանալ մարդուն ու պատմել այդ մասին կինոլեզվով: Այդ երկուսը հազվադեպ, շատ հազվադեպ են շփման կամ հատման եզրեր ունենում: Իսկ թե ունենում են, ապա միայն հանճարների շնորհիվ, օրինակ` Չարլի Չապլինի: Իհարկե, նա այն ընդգրկման մասսայական արտադրանք է ստեղծել, ինչի մասին այսօր էլ հնարավոր չէ անգամ երազել:

Կշարունակվի՞ համագործակցությունը սցենարիստ Ալեքսանդր Մենդաձեի հետ, որի 11 ֆիլմ է նկարահանվել

Մենդաձեն հիմա ռեժիսուրայով է զբաղվում: Իհարկե, ափսոսանք ունեմ, չէ՞ որ 30 տարի միասին ենք աշխատել, բայց համատեղ աշխատանքի ներուժը սպառած լինելու զգացողություն առաջացավ: Ալեքսանդր Մենդաձեն փորձառու կինեմատոգրաֆիստ է: Նա գիտի ու սիրում է կինոն: Նա, անկասկած, հաջողություն կունենա: Ես էլ կհամագործակցեմ այն հեղինակների հետ, որոնց ստեղծագործությունները հետաքրքրական կլինեն:

Արդեն 8 տարի է, ինչ ֆիլմ չի նկարահանվում. ինչո՞ւ

Կինոյի ֆինանսավորման համար պատասխանատու այս ու այն պաշտոնյաների աշխատասենյակների ճանապարհն եմ չափում` հույսով, որ այնուամենայնիվ երկու առկախված ֆիլմերիս նկարահանման համար անհրաժեշտ միջոցները կպոկեմ: Ցավն այն է, որ հենց դրա վրա է ծախսվում ուժերի մեծ մասը: Չինովնիկների հետ զրույցներն արիություն  ու մեծ վարպետություն են պահանջում: Նրանց հետ զրույցներին հարմարվել, վարժվել է պետք: Այ սա է դարձել ժամանակակից ռեժիսուրայի գլխավոր առաքելությունը:

Իսկ ընդհանրապես կինեմատոգրաֆը դժվար կացության մեջ է: Իրավիճակի լուծման հեռանկարները չեմ նշմարում: Կարծում եմ, որ քանի դեռ պետությունը չի ստանձնել արվեստում և մասնավորապես կինոյում կատարվելիքի պատասխանատվությունը, փոփոխություններ ակնկալելն անիմաստ է: Ինչ վերաբերում է այս պահի գործունեությանս, դասավանդում եմ ՎԳԻԿ-ում (Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարան) և ղեկավարում եմ «Մոսֆիլմի» «Արկ-ֆիլմ» ստուդիան:

Պատրաստեց Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ