ղազախՍտացվել է այնպես, որ նախկին Խորհրդային Միության երկրները միմյանց կինոարտադրության միտումների, ընդհանուր վիճակի մասին այնքան էլ տեղյակ չեն: Նախկին բաց, անմիջական ու սերտ շփումներն էլ չկան, ամեն երկիր իր ներսում է իրականացնում  իր կինոարտադրությունը` գերադասելով արդյունքը ոչ թե ներկայացնել նախկին եղբայրական հանրապետություններին, այլ, օրինակ, եվրոպական ու ամերիկյան կինոշուկային:

Օգոստոսի 27-31-ը Երևանում առաջին անգամ անցկացվեցին Ղազախական կինոյի օրեր Հայաստանի և Ղազախստանի միջև 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների հաստատման   տոնակատարությունների  շրջանակներում: Նախաձեռնությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնինը, մեր երկրում Ղազախստանի դեսպանությանը և «Ղազախֆիլմինն» էր: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին «Ղազախֆիլմում» վերջին տարիներին նկարահանված հարյուրավոր ֆիլմերից 5-ը: Ղազախները հատուկ ընտրել էին իրենց պատմությանն ու ազգային նկարագրին վերաբերող կինոնկարներ, որպեսզի հայ կինոդիտողը որոշակի պատկերացում կազմի այդ ժողովրդի, նաև նրա կինոարտադրության մակարդակի մասին: Մոտ մեկ շաբաթ մեր երկիրը հյուրընկալում էր ղազախական կինոյի վարպետների, որոնք մեծ համբավ ունեն ոչ միայն իրենց երկրում, այլև միջազգային կինոաշխարհում:

Ղազախական կինոյի օրերը պատեհ առիթ էին` անձամբ նրանցից տեղեկանալու միջինասիական այդ երկրի կինոարտադրության ծավալների, ձեռքբերումների ու հեռանկարների մասին: Գոհ կինոյի նկատմամբ իրենց պետության  վերաբերմունքից` ղազախ հյուրերը մեծ հպարտությամբ պատմեցին իրենց կինոաշխարհի անցուդարձի ու նորությունների մասին: Միջինասիական  զարմանահրաշ հեքիաթի պես էին հնչում անվանի սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր Սոն Լավրենտիի և դեռ սովետական կինոյում մեծ ճանաչում ձեռք բերած ղազախ դերասան Մենդիբայ Ուտեպբերգենովի  հաղորդած տեղեկությունները ղազախական կինոյի վերելքի մասին: Եվ առաջին հարցը, որ հետաքրքրում էր մեզ, այն էր, թե որքանով է կարևորում ղազախական պետությունն իր կինոյի դերը և ինչ վերաբերմունք է դրսևորում:

Մ. Ուտեպբերգենով  – Սովետմիության փլուզումից հետո անկախացած երկրները փորձեցին կամաց-կամաց ոտքի կանգնեցնել նաև իրենց կինոն: Ղազախստանն էլ աստիճանաբար մեջքը շտկեց: «Ղազախֆիլմը» սկսեց իրար հետևից նկարահանել պատմական, դրամատիկ, մանկական և այլ ժանրերի ֆիլմեր: Հետզհետե ֆիլմարտադրությունն ավելի աշխուժացավ, որովհետև «Ղազախֆիլմն» ստանում էր պետական լուրջ աջակցություն ու հովանավորություն: Եվ շեշտը հատկապես դրվում էր այն ֆիլմերի վրա, որոնք ներկայացնում էին ղազախ ժողովրդի պատմությունը, հերոսական էջերը, ազգային նկարագիրը: Ղազախ ժողովուրդն սկսեց ճանաչել իրեն, իր պատմությունը, արմատները: Դա ազգային ինքնագիտակցության զարթոնք էր: Մարդիկ այսօր էլ մեծ ակտիվությամբ են հաճախում կինոթատրոններ` մեծ թե փոքր. հատկապես ուրախացնում ու զարմացնում է երիտասարդների աշխուժությունը:

11Ս. Լավրենտի  – Երբ մարդն էկրանին իրեն է տեսնում` առանց կեղծիքների ու ստի, կապվում է կինոյի հետ, սիրում կինոն և անընդհատ հետաքրքրվում նոր նկարահանված ֆիլմերով: Ղազախական կինոն մեծ մասամբ ներկայացնում է ղազախ ժողովրդին, նրա ճակատագիրը, հերոս նվիրյալներին: Առանց անցյալդ իմանալու` ներկա ու մանավանդ ապագա չես ունենա: Ղազախստանը նախկին Սովետմիության այն եզակի երկրներից է, որոնք իրենց պետբյուջեից կինոարտադրությանը խոշոր գումարներ են տրամադրում: Մենք տարեկան միջինը նկարահանում ենք 10 ֆիլմ, յուրաքանչյուրի բյուջեն կազմում է 5-6 միլիոն դոլար: Նկարահանվող ֆիլմերը թեʹ գաղափարական, թեʹ գեղագիտական առումներով, պետությունից բացի, շատ արագ նաև մասնավոր համախոհներ են գտնում, որոնք մեծ ոգևորությամբ են համագործակցում ՙՂազախֆիլմի՚ հետ` առաջարկելով ֆինանսական աջակցություն:

– Պետական հովանավորությունը հասկանալի է, բայց մասնավոր հատվածն ի՞նչ շահ է հետապնդում` այդքան խոշոր ներդրումներ կատարելով ղազախական կինոարտադրության մեջ: Միջազգային կինոշուկա դուրս գալու հեռանկա՞րն է ոգևորում:

Ս. Լավրենտի  – Ղազախստանում երբեք ֆիլմ չի նկարահանվել զուտ ֆինանսական շահի համար: Յուրաքանչյուր ֆիլմ պետք է ունենա գաղափար, ծառայի բարձր արվեստին, դիտողին գեղագիտական հաճույք պատճառի, հարստացնի նրա ներաշխարհը, բարձրացնի ազգասիրական, հայրենասիրական ոգին: Եթե պետք է նկարահանել ղազախական պատմության այսինչ էջը, որը պատմում է ղազախի համառության մասին, թե ինչպես է նա կառչած մնում իր հողին, իր արմատներին ու հայրենիքի սահմաններն ազատագրում օտար հորդաներից, և դրա համար պետք են խոշոր գումարներ, հոլիվուդյան աստղերի մասնակցությունը, ուրեմն ամեն ինչ կարվի պահանջված կարգով:

– Քանի՞ կինոթատրոն կա Ղազախստանում:

178857Մ. Ուտեպբերգենով – Միայն մի մարզում 17-18 կինոթատրոն կա, իսկ ղազախական պետության տարածքում` 130: Որոշ կինոթատրոններ սեփականացվելով փոխեցին գործառության բնույթը, բայց պայմանագրի համաձայն` դրանց նշանակությունը պետք է վերականգնվի:

Մեր երկրում հեռուստատեսությամբ շատ են ցուցադրվում ղազախական արտադրության ֆիլմեր, բայց կինոթատրոնների դերն անփոխարինելի է: Կինոյի տոմսերն էլ էժան չեն` 6-7 դոլար: Ղազախները, բնականաբար, բոլորը հարուստներ չեն, բայց առանց վարանելու այդ 6-7 դոլարը տալիս են, տոմս գնում ու կինո նայում ոչ թե հեռուստաէկրանին, այլ մեծ կինոէկրանին: Սա դաստիարակություն է, կենսաձև:

– Եթե գաղտնիք չէ, որքա՞ն է «Ղազախֆիլմի» ռեժիսորի, սցենարիստի, դերասանի աշխատավարձը:

Ս. Լավրենտի – Ես վաղուց աշխատավարձ չեմ ստանում, բայց լավ էլ ապրում եմ: (Ծիծաղում է:) «Ղազախֆիլմի» աշխատակիցների աշխատավարձը ամսական միջինը 1200 դոլար է: Ես պարբերաբար նկարահանում եմ ֆիլմեր, նաև սցենարներ գրում, այնպես որ իմ աշխատավարձի չափը կախված է ֆիլմերի նկարահանումից:

Մ. Ուտեպբերգենով – Ես համարվում եմ բարձր վարձատրվող արտիստ: Իմ մեկ օրվա նկարահանման համար ստանում եմ շուրջ 500 դոլար: Դրսից նույնպես հաճախ եմ ֆիլմերում նկարահանվելու հրավերներ ստանում` Ռուսաստանից, Ամերիկայից և այլն:

– Ինչպիսի՞ն են «Ղազախֆիլմի» և օտարերկրյա ֆիլմարտադրող կազմակերպությունների հարաբերությունները, համատեղ ֆիլմեր հաճա՞խ են նկարահանվում:

Ս. Լավրենտի – Բավական հաճախ: Ղազախստանը բաց երկիր է, մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության` առանց սահմանափակումների: Օրինակ` «Քոչվորները» ֆիլմը, որով բացվեցին Ղազախական կինոյի օրերը Հայաստանում, ղազախա-ամերիկա-ռուսական արտադրության է` մասնակցությամբ հոլիվուդյան դերասանների: Մեր բերած բոլոր ֆիլմերն էլ ղազախական թեմաներով են: Դրանցից մեկը` «Իմ մանկության երկինքը» ֆիլմը, Նուրսուլթան Նազարբաևի մանկության մասին է: Ես այնքան էլ չեմ ընդունում նման ֆիլմերը: Կարծում եմ, որ ղազախական հարուստ պատմությունն ունեցել է հերոսական հզոր կերպարներ, որոնք արժանի են էկրան բարձրացվելու և ներկայացվելու հարազատ ժողովրդին ու միջազգային հանրությանը:

Մ. Ուտեպբերգենով – Մենք ոչ միայն մեր ֆիլմերն ենք ներկայացնում միջազգային կինոշուկայում, այլև դրսի ֆիլմերն ենք բերում մեր երկիր: Ղազախստանը 3 խոշոր փառատոն ունի, որոնք իրար են հաջորդում գարնանից մինչև աշուն և միջազգային կինոաշխարհում մեծ հեղինակություն են վայելում:

– Որպես սցենարիստ` ունե՞ք նոր մտահղացում, նոր թեմա, որ պատրաստվում եք սցենար դարձնել:

Ս. Լավրենտի  – 1938-41 թթ. Ղազախստանում սովետական իշխանությունների հրամանով կառուցվել են համակենտրոնացման հատուկ ճամբարներ, որտեղ կալանավորված են եղել, այսպես կոչված, հայրենիքի դավաճանների կանայք: Նրանք այդտեղ անցկացրել են երկար տարիներ` ենթարկվելով տաժանակիր աշխատանքի ու կտտանքների: Այդ կանանց կալանավորել են միայն այն պատճառով, որ իրենց ամուսիններն էլ են կալանավորված: Սարսափելի, ողբերգական ճակատագրերի մասին են պատմական այդ արխիվային նյութերը: Այդ փաստերի հիման վրա ես նոր սցենար եմ գրել, ու գումար տրամադրելու դեպքում կսկսվեն ֆիլմի նկարահանումները: Իմ կարծիքով` ցնցող կինոնկար կլինի, որ դարձյալ ղազախ ժողովրդի պատմության տառապալից էջերից մեկը կներկայացնի: Նկարահանումների համար պետք է հենց նույն տեղում կառուցվեն համակենտրոնացման ճամբարներ: Իմ պատկերացմամբ` հսկայական գումար է պահանջվելու:

– Ի՞նչ  տեղեկություններ  ունեիք  Հայաստանի  ու  հայկական  կինոյի  մասին  մինչև  մեր երկիր գալը:

Մ. Ուտեպբերգենով – Դուք կինոյի հզոր ավանդույթներ ու անցյալ ունեք: Ամերիկյան կինոյի հիմնադիրը հայ է` Ռուբեն Մամուլյանը: Դուք Փելեշյան ու Փարաջանով ունեք, Ֆրունզիկ Մկրտչյան ու Հրաչյա Ներսիսյան, վերջապես, Համո Բեկնազարյան: Ձեր «Շորն ու Շորշորը» ֆիլմը ոչնչով չի զիջում Չապլինի ֆիլմերին: Երբ Սովետական Միությունից Ռուբեն Մամուլյանին առաջարկում են համատեղ ֆիլմ նկարահանել, պատասխանում է. «Միայն մի դեպքում, եթե այդ ֆիլմի երաժշտությունը գրի Արամ Խաչատրյանը, իսկ նկարիչը լինի Մարտիրոս Սարյանը»: Դուք միշտ պետք է նրա  նման պատվախնդիր ու սկզբունքային լինեք, պահպանեք ու աշխարհին արժանապատվորեն ներկայացնեք ձեր մեծերին ու ազգային արժեքները: Ես միշտ ասել եմ` այնպիսի մեծ դերասան, ինչպիսին Ֆրունզիկ Մկրտչյանն էր, շատերը կերազեին ունենալ: Դուք տեսել եք ցեղասպանություն: Ինչո՞ւ ազգային ողբերգության այդ թեմայով մի մեծ ֆիլմ չնկարահանեցիք Ֆրունզիկի մասնակցությամբ: Միայն նրա ներկայությունը բավական կլիներ, որ այդ ֆիլմը մեծ հաջողություն ու հսկայական ազդեցություն ունենար միջազգային հանրության վրա: Ձեզ ոչինչ հարկավոր չէր լինի, միայն նրա թախծոտ աչքերը բավական էին:

Ս. Լավրենտի  – Ես  շատ եմ շրջագայել աշխարհում, բայց զարմանալիորեն երբեք չէի եղել Հայաստանում: Երկու օր է քայլում եմ Երևանի փողոցներով ու ապշած եմ, թե ինչ անբացատրելի հանգիստ են հայերը: Բոլորի դեմքին հանգստություն ու խաղաղություն կա, նաև ինքնավստահություն: Գուցե առաջին տպավորությունս խաբուսիկ է, չգիտեմ: Ես քիչ եմ շփվել հայերի հետ, բայց մի կոմպոզիտորի եմ ճանաչում` անունը Գեորգի: Շատ պայծառ, կենսուրախ, հյուրասեր երիտասարդ է: Մինչև Հայաստան գալս Գեորգիով եմ չափել բոլոր հայերին ու պատկերացրել, որ այդ ազգը նրա նման է: Ձեր ու հատկապես ձեր կինոյի մասին շատ տեղեկացված է Մենդիբայը: Ես պատմելու շատ բան չունեմ: Իսկ նա իսկական շտեմարան է:

Մենդիբայ Ուտեպբերգենովը, իսկապես, հայ կինոյի նուրբ գիտակ է: Նա պայուսակից հանեց մի գիրք, որը ներկայացնում էր համաշխարհային կինոարվեստի ամենատպավորիչ ու հիշարժան էջերը, իսկ այդ էջերում հին նամականիշներ էին` անվանի դերասանների, ռեժիսորների, ֆիլմերի ազդագրերի պատկերներով: Դրանք ղազախ արտիստը ձեռք է բերել տարբեր միջոցներով, նաև աճուրդի սրահներից: Տասնամյակներ շարունակ հատիկ-հատիկ հավաքած նամականիշներն ու ազդագրերը տեղ են գտել հաստափոր գրքում ու դարձել պատմական նշանակության վկայություններ: Դրանց մի  մասը վերաբերում է հայկական կինոյին: Համո Բեկնազարյանի և մեր կինոյի մյուս նվիրյալների պատկերներով նամականիշները ևս իրենց արժանի տեղն ունեին այդ անգլերեն գրքում:

Պատրաստեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ

 

 


Արա Խզմալյան․Ծանոթ ու անծանոթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, արվեստագիտության թեկնածու, մշակույթի տարբեր ոլորտները՝  հատկապես թատրոնն ու կինոն  համակարգող, մշակութային քաղաքականություն...

|9 Դեկտեմբեր 2019,12:22