էդոյանԲանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Հենրիկ Էդոյանի հետ զրույցը ժամանակակից գրականության և իրականության կապի և արժեհամակարգի խարխլման պատճառների մասին է:

-Մերօրյա ստեղծագործողների շարքում կա՞ն այնպիսիք, որոնց գործերին սպասում եք:

– Իհարկե, իհարկե կան գրողներ, որոնց գործերին սպասում եմ: Վերջերս Վահագն Գրիգորյանը շատ լավ  գիրք էր գրել “Ժամանակի գետը”: Հրաշալի գործեր էին` պատմվածքներ, վիպակներ: Հասուն վարպետության ու ներքին իմաստնության հասած գրող է` իսկական գրող: Երիտասարդների մեջ էլ կան շնորհքով գրողներ, բայց նրանք դեռ պետք է ընտրեն, թե ինչպես են շարունակելու իրենց գրական կյանքը: Իսկ այդ ընտրությունը միանգամից չի լինում: Ժամանակ ու փորձ է պետք:

– Տաղանդի դրսևորման համար փո՞րձ է հարկավոր:

– XIX դարում 20-ամյա հանճարներ կային: Մեր օրերում այդպես չէ: Հիմա փորձ, ինֆորմացիա, ինտելեկտուալ վերահսկողություն է պետք: Ինչ վերաբերում է աշխարհի գրողներին, պիտի ասեմ, որ շատ մեծ սպասումներ չունեմ: Վերջին 50 տարում գրականությունը, արվեստն ընդհանրապես տեղատվության մեջ է: Իհարկե, Եվրոպայում էլ կան լավ գրողներ, բայց ոչ այնպիսիք, որոնց գործերին սպասես: Ի դեպ, գրող ասելով` նկատի ունեմ արձակագիրներին: Բանաստեղծները գրող չեն, նրանք առանձին կղզում են ապրում:

– Նրանց կղզում իրավիճակն ա՞յլ է, այնտեղ ավելի՞ տաղանդաշատ են:

– Չէ, ասածս տաղանդի հարց չէ: Կան և´ տաղանդավոր գրողներ, և´ անտաղանդ բանաստեղծներ, ու իհարկե` հակառակը: Ասածս այլ է: Ժամանակակից պոեզիան, արձակը, դրամատուրգիան կենսունակություն ունե՞ն, թե՞ ոչ: Պիտի ասեմ, որ պոեզիան կենսունակություն ունի, և կան լավ բանաստեղծներ, բայց գիտեք` գեղարվեստական շարժում, իրադարձություն չկա: Լավ գրողներ, բանաստեղծներ կան, բայց այն շարժումը, առաջընթացը, որ կենդանություն է հաղորդում ամբողջ մեխանիզմին, չկա: Անցած դարի 20-30-ականներին կար:

– Ասվածի լինելիությունը ի՞նչ է պահանջում:

– Նկատի ունեմ ոգու միջավայրը` մտածողության ձևը, աշխարհի ընկալման սիստեմը, տեսանկյունը: Ժամանակակից աշխարհը չի նպաստում գեղարվեստական միջավայրի ձևավորմանը: Հիմա ճաշակը լիովին ուրիշ է: Մարդկությունն ավելի թեթև բաների հետևից է փորձում գնալ: Ասում ես` երաժշտություն, ասում են` շոու բիզնես: Շոու բիզնեսը ո՞րն է, կա´մ երաժշտություն է, կա´մ երաժշտություն չէ: Երաժշտությունը կարծես մեռած լինի: Սա հետադիմության արտահայտություն չէ, պարզապես իրատեսորեն փորձում եմ գնահատել:

– Գրականությունը, կինոն գործունա՞կ վիճակում են:

– Կինոն ժամանակակից արվեստ է` երես առած, լկստված, փայփայված: Արվեստի ոչ մի տեսակ այնքան արտոնություններ չունի, որքան կինոն: Բնականաբար, էդպես է: Միլիոններ են հատկացնում, ճանաչումն էլ անհամեմատ շուտ է գալիս:

– Ուզում եք ասել կինոյում իրավիճակն ա՞յլ է:

– Կինոն ժանրային ընդգրկունություն ունի, և մեկ ընդհանուր գնահատական տալը ճիշտ չէր լինի:  Բայց ասեմ, որ ժամանակակից հրաշալի ֆիլմեր կան, որոնք կուզենայի մեկ անգամ էլ նայել: Դա մտքի, ապրումի ակտիվացում է բերում: Իհարկե, հարկ է տարբերել մասսայական ֆիլմերն ու իսկական կինոն: Օրինակ` իտալական կինոյում կային ռեժիսորներ, որոնք մեծ մտածողներ էին: Այդպիսին էր Ֆելինին, որին նաև գրող եմ համարում: Ֆելինիի յուրաքանչյուր ֆիլմ նաև գրականություն է: Այդպիսին են նաև Բերգմանի մի քանի ֆիլմերը: Կինոն  արվեստ է դառնում, եթե կարողանում է միանալ գրականության հետ:

– Ժամանակակից կինոյում կա՞ն ինչ-որ գործեր, որոնք առանձնացնում եք:

– Լավ է և շատ հուզիչ “Արհեստական բանականություն” ֆիլմը: Մոցարտի մասին 20-ից ավելի ֆիլմ կա, բայց Ֆորմանի “Ամադեուսը” լավագույնն է, քանի որ հանճարի ներաշխարհ թափանցելու փորձ է, ու հենց դրա համար էլ կարող ես անվերջ նայել: Այդ ֆիլմը բացառիկ հաջողված եմ համարում: Եվրոպական կինոն մեզ ավելի հարազատ է, քանի որ հենց մեր մասին է, այսինքն` այսօրվա մարդու մասին: Ամերիկայում ասպեկտը փոխված է, այն ավելի ապագայի մարդու մասին է: Երբեմն դա մեզ վախեցնում է: Ապագա մարդու ուրվագիծն են տալիս ու նաև մեծապես ներառում միֆոլոգիա, առասպելական մտածողություն:  Պոեզիան էլ անհատական միֆ ստեղծելու միջոց է: Ինչպես որ մի ազգ ստեղծում է իր միֆոլոգիան, այնպես էլ բանաստեղծը ստեղծում է իր անհատականը: Ամերիկյան կինեմատոգրաֆիայում, ինչպես նաև գրականությունում միֆականությունն առկա է: Ո՞վ է Ռեմբոն, մեր ժամանակի Հերակլեսը:

– Անդրադարձաք մի ժամանակաշրջանի, երբ կինոն ու գրականությունը կապակցված էին:  Որքան էլ այսօր հայկական կինոարտադրության մասին խոսելն անիրական թվա, այնուամենայնիվ ֆիլմեր նկարահանվում են, սակայն հազվադեպ է կարևորվում գրական հիմքը: Ինչո՞ւ:

– Այդպիսի բան կա: Գրականությունն առանց կինոյի  կարող է գոյություն ունենալ, բայց հակառակն անիրական է. կինոն առանց գրականության ապրել չի կարող: Կինոարվեստի հիմքն ի վերջո գրականությունն է, տեքստը: Սերգեյ Փարաջանովը, օրինակ, փորձեց այլ հիմք օգտագործել` գրականությունը փոխարինելով կերպարվեստով: Նա գիտակցաբար խուսափում էր գրականությունից և տարբեր զրույցների ժամանակ էլ ասում էր, որ կինոյի հիմքը կերպարվեստն է: Ծանոթ էինք և առիթներ ունեցել եմ զրուցելու: Այնուամենայնիվ, միայն տեսաշարը չի կարող կինո դառնալ:  Գրականությունը, ի վերջո, նաև ամենաազատ արվեստն է, կախված չէ որևէ մեխանիզմից, գործիքից, անգամ հնարավոր է մի ամբողջ վեպ գրել անազատության մեջ: Կգրես գլխում, թե միտք ունես:

– Արվեստի այդ ազատ տեսակը կարող է որոշ չափով ազատություն փոխանցել, եթե օգտվեն իրենից, ինչո՞ւ կինոն չի դիմում գրականությանը:

– Հայաստանում մեծ դժվարություն կա, որովհետև ժամանակակից գրականությունն այդ նյութը` կինոյի նյութ չի տալիս: Չգիտեմ` ինչքան հանճարեղ կինոռեժիսոր պիտի լինի, որ կարողանա այդ նյութից մի բան ստեղծել: Բացի այդ, մեր կինոն էլ թույլ է: Ճիշտ է, եղել են առկայծումներ, գլուխգործոցներ, բայց շարունակականություն չկա: Մեր կինեմատոգրաֆիան հիմնականում հետևից էր ընթանում: Վրացական կինոն շատ ավելի լավ արդյունքներ էր արձանագրում: Նրանք շատ ավելի ազատ էին, կարողանում էին, ստեղծագործական մոտեցում դրսևորելով, յուրացնել արդեն եղած առաջավորը: Մեզ խանգարող հանգամանքներ կային` որոշ մեծամտություն, չափից շատ ազգայինի որոնում…   Նպատակը լավ ֆիլմ նկարահանելն է. նկարահանիր, իսկ ազգայինը հետո կորոշվի: Ազգային մի կերպար չկա, որ վերցնենք ու օգտագործենք: Սա վերաբերում է ոչ միայն կինոյին, այլև մեր արվեստին ընդհանրապես: Շատ են ստվերների մեջ ընկած, շատ են ուզում ազգային լինել և այդ պատճառով էլ չեն լինում: Ազգային լինելու առաջին պայմանը արվեստի գործ ստեղծելն է: Մոտեցումներ կան, որ մեզ խանգարում են: Շատ հաճախ, ավելի ճիշտ` հիմնականում ամենամեծ հետևողականությամբ վազում են ամեն ինչի հետևից, նմանակում են ինչ պատահի, ու պարզվում է, որ այն, ինչ կրկնօրինակում են,  ամերիկացին արել է որպես էքսպերիմենտ: Իհարկե, արվեստում պետք է էքսպերիմենտ լինի, բայց էքսպերիմենտալ արվեստ չի լինում: Ռեժիսորը պետք է նաև մտածող լինի. ի վերջո, արվեստը մտածողության ձև է, կինոարվեստը` նույնպես: Մեր արվեստում մտածողությունը աշխատում է այնպես անել, որ միտք չլինի, մինչդեռ մտածողությունը մարդկային կյանքի հիմքն է: Կարծես հիմա մտածողությունը արվեստի թշնամին լինի:

– Սյուժեների, բովանդակության ու արժեհամակարգի որոնումը, ձևավորո՞ւմն են դադարել:

– Դե նոր սյուժեներ չկան: Որքան էլ փնտրես, նոր սյուժե գտնելու հնար չկա: Կա նպատակ, այդ նպատակին ձգտող հերոս և հակահերոս: Այնպես որ խնդիրն այդ սյուժեներին նոր բովանդակություն հաղորդելն է: Հին եգիպտական պոեզիայից մինչև մերօրյա չափածոն ու արձակը սյուժեն նույնն է, բայց գործերը նոր են ու տարբեր, քանի որ բովանդակությունն է այլ և գրված է նոր հոգեբանական պայմաններում:

– Մինչ այսօր արվեստում նույնպես դրական էր համարվում եվրոպական մարդակենտրոն արժեքներով առաջնորդվելը: Սակայն Հունգարիայի վերջին քայլը` հայ սպա Գուրգեն Մարգարյանին ազգային պատկանելության համար կացնահարած անձի էքստրադիցիան Ադրբեջան, նոր հոգեբանական վիճակ ստեղծեց, և ոչ միայն… Ինչո՞վ առաջնորդվի հայ հասարակությունն ու ստեղծագործողը:

– Եվրոպական արժեքները մեծագույն արժեքներ են: Դրանք հենց այն են, ինչով մենք ապրում ենք: Եվրոպական մշակույթն առայժմ բարձրակետն է, դրանից ավելին մարդկությունը դեռևս չունի: Ինքս եվրոպակենտրոն մարդ եմ: Ինձ համար մշակույթի համաշխարհային կենտրոնը վերջին 1000-1500 տարիներին Եվրոպան է, էլ չեմ ասում` հին հունական մշակույթը: Եվրոպական արժեքներն ու մշակույթը քրիստոնեության վրա են հիմնված: Հայերս էլ քրիստոնյա ենք, ուրեմն եվրոպական արժեքները կտրված չեն հայկականից: Ընդհակառակը, երբ հեռանում կամ կորցնում ենք այդ արժեքները, ընկնում ենք անորոշ վիճակի ու հոսանքների մեջ: Հայերն ինչքան մոտ են այդ արժեքներին, այնքան հայ են, այնքան մոտ են իրենց արմատներին: Իսկ այն, ինչ կատարվեց,  քաղաքական ոլորտին է պատկանում: Քաղաքական գործողություններն ու արժեքներն էլ միշտ չէ, որ համընկնում են, նույնանում: Անգլիական վիթխարի կուլտուրա կա, բայց անգլիկան քաղաքականությունը միշտ էլ վնասակար է եղել: Իհարկե, այն, ինչ կատարվեց, խայտառակություն է` պետական մակարդակի կաշառակերություն: Հունգարացիները ֆինանսական ծանր կացության մեջ են, և հանկարծ մեր էս հարևանը երեք միլիարդ է առաջարկում: Գայթակղությանը դիմանալը հեշտ չէ: Իհարկե, թե հետևեին իրական քրիստոնեական արժեքներին, չպետք է անեին, բայց արել են: Հիմա հարկ է հասկանանք… Սա նահանջ է եվրոպական արժեքներից, որոնք, կրկին պիտի ասեմ, մեծագույն արժեքներ են: Չպետք է մոռանալ, որ Հունգարիան արևմտյան համակարգի մեջ դեռևս լրիվ չտեղավորված սոցիալիստական համակարգի երկիր էր: Այդ պատճառով հնարավոր է, որ Հունգարիայում այդպիսի բաներ լինեին: Ի դեպ, մյուս եվրոպական երկրների պարագայում էլ չպետք  է բացառել նմանատիպ մոտեցումը: Այդ պատճառով էլ չպետք է իբրև արտառոց երևույթ դիտարկել ու ընկնել էմոցիաների շրջապտույտի մեջ: Քաղաքականություն է, այդպես էլ է լինում: Մենք մեզ պիտի նայենք, մեր մոտեցումը այդ ամենին պետք է ավելի խելոք լինի: Ո´չ վիրավորված հայհոյանքներ բարձրաձայնենք, ո´չ էլ ներողամիտ լինենք, այլ կշռադատենք ու պատճառը նաև մեր մեջ փնտրենք: Շան գլուխն այստեղ է թաղված: Քո աչքի գերանը թողնելով` ուրիշի աչքի չոփը չես հանի: Միտքս այն է, որ և´ մեր արվեստը, և´ մեր կացութաձևը, և´ իշխանավարումը պետք է մարդկային նկարագիր ունենան, հիմնվեն մարդկային արժեքների վրա, հակառակ պարագայում պետք է չլինեն:

 Զրուցեց Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ