հոգեւորՀոգևոր բովանդակությամբ ֆիլմերի ազդեցությունը հանրության շրջանում, ինչպես նաև  դրանց միջոցով հոգևոր արժեքների տարածման և ամրապնդման  մասին ՙԿինոաշխարհը՚ զրուցել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի և  Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ:

3273Հովհաննես Հովհաննիսյանի համար հոգևոր բովանդակությամբ  ֆիլմերի միջոցով մարդու մեջ հոգևոր արժեքներ զարգացնելը կամ ուժեղացնելը  միանշանակ չէ: Նա համոզված է, որ շատ ֆիլմերում առհասարակ կրոնական թեմաներ չեն շոշափվում,  բայց  դրանք մարդու մեջ հոգևոր զգացմունքներ են առաջացնում:

– Ես կարծում եմ, որ  ռեժիսորներն իրենց առջև ամենևին էլ նման նպատակ չեն դնում` նկարել այնպիսի ֆիլմ, որ ազդի մարդու հոգևոր պահանջմունքների վրա. դա ռեժիսորների ուժերից վեր է: Ուղղակի կան հաջողված և չհաջողված ֆիլմեր: Սիրո մասին ֆիլմ նայելիս կարող է նաև հոգևոր զգացումների աճ լինել: Երբ ցուցադրվում են ֆիլմեր տարբեր կրոնական հոսանքների պարանորմալ երևույթների մասին, մարդկանց մեջ դեգրադացիա է սկսվում: Այսինքն`  մեծ հաշվով հոգևոր բովանդակությամբ ֆիլմերի արտադրությունը  ևս  բիզնես է: Հետաքրքրական է, երբ Մել Գիբսոնն իր “Քրիստոսի տանջանքները” ֆիլմը նկարեց, առաջին տպավորությունն ուժեղ էր: Շատ կրոնական կազմակերպություններ այդ հողի վրա քարոզչություն իրականացրին: Մարդիկ ուշաթափվում էին   ցավի տեսարաններից: Մի քիչ կոպիտ է հնչում, բայց ամերիկյան հայտնի պրոֆեսորներից մեկը` Իվան Ստրեսկին, այն  որակել է որպես պոռնոգրաֆիա: Ծայրահեղ սուր քննադատություն: Փաստորեն Միացյալ Նահանգներում այդ ֆիլմն ընդհանրապես չընդունվեց, որովհետև տեսարանները չէին համապատասխանում մարդու հոգևոր պահանջմունքներին ու զգացմունքներին: Ժամանակին գիտեինք, որ Հիսուսի դերը խաղացող դերասաններին պայմանագրով տարիներ շարունակ արգելվում էր այլ դերեր խաղալ, որպեսզի մարդկանց մոտ ասոցիացիաներ չլինեին, բայց հիմա կարծես թե այդպիսի սահմանափակում չկա: Այդուամենայնիվ, ինձ համար այդ ֆիլմի միջոցով մարդու մեջ հոգևոր արժեքներ զարգացնելու հարցը բաց է մնում: Պատմական տեսանկյունից   Քրիստոսին վերաբերող շատ լավ ֆիլմեր  կան: BBC-ն շատ հետաքրքիր ֆիլմերի շարք ունի, որոնք նպաստում են ոչ թե հոգևոր զգացմունքի խորացմանը, այլ գիտելիքի ընդլայնմանը` համակողմանիորեն ներկայացնելով պատմական որևէ ժամանակահատված: Տեսնում ես իրականությունը, դեպքերի շղթան և նաև լսում փորձագետների, գիտնականների խոսքը:

3 (3)Սբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր հայր Շմավոնի համոզմամբ` ցանկացած  իրադարձություն մարդուն կարող է տանել դեպի հավատք: Իրադարձություն, որը խորապես հուզում է տվյալ անձի ներաշխարհը: Իսկ հոգևոր բովանդակությամբ  ֆիլմերը  բարերար և մխիթարիչ ազդեցություն են թողնում հավատացյալի վրա:

– Ես կարծում եմ, որ հոգևոր բովանդակությամբ ֆիլմերը նկարահանվում են ոչ նրա համար, որ մարդուն դարձի բերեն, այլ որ մարդիկ վիզուալ առումով հաղորդակից դառնան Քրիստոսի սխրագործությանը, չարչարանքներին, երկրային կյանքին: Այն, ինչը հավատացյալն ընթերցել է   Ավետարանում, պարզ տեսնում է էկրանին,- ասում է նա:- Այս առումով Մել Գիբսոնի “Քրիստոսի չարչարանքները” ֆիլմն արտակարգ է, ոչ միայն արտահայտում է  այն ժամանակվա  Հրեաստանի լեզուն` արամեերենը, որով խոսում էր Քրիստոսը, այլև պատկերում է շատ դրվագներ, որոնցով մարդու մեջ առաջանում է խորը ակնածանք: Հայտնի են  բազում օրինակներ, երբ մարդիկ նայել են այդ ֆիլմը և դարձի եկել, ինչպես  Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նրանք հասկացել են այն թանկ գինը, որ տրվեց իրենց հոգիների փրկության համար, ի վերջո, ամբողջ ֆիլմը նվիրված էր Քրիստոսի խաչելությանը: Ով  զավակ ունի, չի կարող անտարբեր  նայել,  երբ տեսնում է Մարիամի  տառապանքները, որը  կանգնած է Խաչի մոտ և նայում է միակ որդու խաչելությանը:  Այս ամենին չի կարող հաղորդակից լինել միայն անզգամ մարդը: Այո, ես համոզված եմ, որ հոգևոր ֆիլմերը մարդու վրա թողնում են  բավական դրական, խաղաղություն բերող ազդեցություն: Մարդը մեծ կախում ունի արտաքին աշխարհից,  լինի շրջապատ  թե կինո, այն անմիջականորեն ազդում է մարդու վրա, և շատ արագ երևում են նաև դրա դրսևորումները: Ըստ այդմ էլ, լայն տարածում ունեցող կինոն մեծ ազդեցություն ունի հանրության վրա, նրա ներաշխարհի վրա. բարի ֆիլմերը սերմանում են բարություն, իսկ չարը, բնականաբար,  ագրեսիա և բռնություն: Այսօր հանրության շրջանում նկատվում է ընտանեկան արժեքների անկում: Դա  հեռուստաէկրաններից ցուցադրվող ֆիլմերի հետևանք է նաև, որոնց հերոսները շատ հանգիստ  հեռանում են ընտանիքից: Թե ինչ կլինի ընտանիքը, նրանց չի հետաքրքրում. ես քեզ չեմ սիրում, և վերջ: Այսինքն` չկա պատասխանատվություն, պարտավորություն ընտանիքի, երեխայի, կնոջ կամ ամուսնու նկատմամբ: Կարծում եմ`  սցենարիստները և ռեժիսորներն իրենց վրա  մեծ մեղք են վերցնում հետագա սերունդների նկատմամբ:

Այսօր ինչո՞ւ են հին ֆիլմերը համարում բարի, որովհետև դրանց մեջ դաժանություն չկա: Մարդիկ դրական ազդակներ են ստանում, և հանրության մի ստվար հատված մղվում է  դեպի այդ ֆիլմերը, եթե անգամ 10-20 անգամ դիտել է դրանք: Գուցե արդեն եկել են այն ժամանակները, որ ինչ-որ գրաքննություն մտցվի: Սովետական հասարակությունը  շատ ավելի բարի էր, թեև քրիստոնեություն և հավատք չէր քարոզվում: Այսօր հակառակն ենք տեսնում, երբ եկեղեցին ու հոգևորականն այսքան մեծ ազատություն ունեն  իրենց խոսքը ժողովրդին հասցնելու և տարածելու առումով: Տեսեք` դաժանությունն ու չարությունը ամենուր են: Վստահաբար կարող եմ ասել, որ սա ամենևին կապված չէ եկեղեցու գործունեության հետ: Ժամանակին այն  թույլ էր, բայց հասարակության  ամենօրյա սնունդը բարի գիրքն ու կինոն էին, բարի խոսքն ու հոգատարությունը: Մենք ականատեսն եք այսօր մարդկային հարաբերությունների ամենանուրբ և ինտիմ դրվագների  ի ցույց դրվելուն` նսեմացնելով և խեղաթյուրելով դրանց իրական բովանդակությունն ու արժեքը:  Ես համոզված եմ պարզապես, որ սերունդը մեղավոր չէ, սերունդը փչացնողներն են մեղավոր, որոնք նպատակային և ծրագրված կերպով փորձում են սերունդը արատավորել, որպեսզի հասարակարգը ոչնչանա: Դեռևս լողում ենք ջրի երեսին, կարողանում պահել մեզ, քանի դեռ հին սերունդը չի վերացել, այն սովետական կրթություն և դաստիարակություն ստացած սերունդը` պիոներական սերունդը, որը  լծված էր բարի գործ կատարելուն: Սակայն ևս մի 30-40 տարի, և Հայաստանն անճանաչելի կդառնա:

Մեր պետական այրերը վերջապես պիտի հասկանան, որ պետք է ստեղծել մի օղակ, որը վերահսկի (ոչ ամենևին խոսքի ազատությունը սահմանափակող) եթերից  անբարոյականության տարածումը,  պատնեշ դառնա  բոլոր այն ֆիլմերի նկատմամբ, որոնք հակասում են ազգային գաղափարախոսությանը, հակասում են ընտանիքի պահպանմանը: Հայաստանն  այսօր մոտ 22-23 հեռուստաալիք ունի, որևիցե մեկը վերահսկո՞ւմ է, թե դրանցով ինչ են ցուցադրում: Ով ինչ ուզում, այն էլ ցուցադրում է, չի վերահսկվում գովազդային ժամանակաչափը և բազում այլ հարցեր: Ես կարծում եմ, որ այն պաշտոնյաները, և´ ԱԺ-ում, և´ գործադիրում, որոնք վարձատրվում են հայ ժողովրդի տված գումարներից, պարտավոր են հանուն այդ ժողովրդի աշխատել: Այս ամենը պետք է վերևից սկսել: Բնականաբար, եկեղեցին ունի իր անելիքը, բայց դա զգացական հողի վրա է արվում`  խոսքով, քարոզով, հորդորով: Մարդը կա´մ կլսի, կա´մ չի լսի: Ամենևին կապ չունի,  թե ինչպես ես ասում այդ խոսքը: Աստծո  խոսքը մեկ համեմունք ունի` հավատը: Եթե մարդը հավատ ունի, կլսի:

Զրուցեց Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆԸ