կարինեԵրևանի Համազգային թատրոնի դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը 2012 թ. արժանացավ «Արտավազդ» մրցանակի «Տարվա լավագույն կին» անվանակարգում` Մադլենի դերակատարման համար (Վիգեն Ստեփանյան, «SALE»): Ու թեև նա իր խոսքն այսօր հիմնականում ասում է թատրոնի բեմից, իր փոքրիկ, սակայն հետաքրքիր հետքն է թողել նաև կինոյում, որտեղ, ինչպես համոզված է, դեռ մեծ անելիք ունի:

– Ես երազում էի դառնալ երգչուհի, բայց  հարգարժան մեկն ինձ մի օր սպառնաց` եթե գործերդ թատերական ինստիտուտ չհանձնես, որտեղ բռնեմ, կսպանեմ: Դե ես էլ` միամիտ լոռեցի, հավատացի ու դպրոցն ավարտելուց անմիջապես հետո թղթերս վերցրի ու գնացի թատերական ինստիտուտ: Ավարտել եմ  թատրոնի ու կինոյի բաժինը: Ցավով պետք է խոստովանեմ, որ կինոյում աշխատելու իմ հնարավորությունները միշտ սուղ են եղել: Դեռ առաջին կուրսում էի, երբ Դովժենկոյի անվան կինոստուդիայից հրավիրեցին նկարահանվելու «Հարսանիք» ֆիլմում` գլխավոր դերում: Չափազանց ոգևորված էի, բայց եկա Երևան ու ինստիտուտում ինձ արգելեցին նկարահանվել` դնելով  ծանր ընտրության առջև` կա´մ կինոն, կա´մ ինստիտուտը:

Ավելի ուշ կինոյում ևս մեկ ձախողված փորձ ունեցա: Արմեն Վաթյանի սցենարով «Մոսկվա» կինոստուդիան ֆիլմ էր նկարահանում: Լուսանկարներս ուղարկել էինք, նրանք էլ հավանել էին: Արդեն ամեն ինչ պայմանավորված էր, պետք է մեկնեի Մոսկվա: Ու հանկարծ ինձ զանգահարում է Արմեն Վաթյանն ու ասում. «Ես շատ  ցավում եմ, բայց ռեժիսորի սիրուհին երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու պնդում է, որ այդ դերում ինքը պիտի նկարահանվի»: Եվ, վերջապես, 1985 թ. նկարահանվեցի Գենադի Մելքոնյանի «Վերջին կիրակին» ֆիլմում Միքայել Պողոսյանի հետ միասին: Լավ  աշխատանք էր, բայց մի թերություն կար. այնպես ստացվեց, որ ես չկարողացա ձայնագրվել, և իմ փոխարեն ֆիլմում հնչում է Ալլա Թումանյանի ձայնը: Ես շատ հարգում ու գնահատում եմ նրա աշխատանքը, բայց կարծում եմ, որ մենք շատ տարբեր ենք, և կերպարային անհամապատասխանություն կա ֆիլմում: Դրանից հետո այլ փորձեր ևս եղան կինոյում, բայց իմ առաջին լուրջ աշխատանքն այս ոլորտում համարում եմ «Ուրախ ավտոբուսը»:

Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտելուց հետո Ալբերտ Մկրտչյանն  ինձ տեսնում է բեմում ու որոշում, որ ես, ինչպես ինքն է ասում, իր կինոյից եմ ու պետք է նկարահանվեմ «Ուրախ ավտոբուսում»: Զանգահարում է ինձ, ներկայացնում ֆիլմի բովանդակությունն ու մեկ շաբաթ ժամանակ տալիս` մտածելու համար, թե ինչ կերպարով կարող եմ հայտնվել ֆիլմում: Ինձ համար դա բարդ խնդիր էր, քանի որ սիրում եմ ռեժիսորի հետ միաժամանակ աշխատել: Մեկ շաբաթ հետո մոտ տասը էջանոց մի թղթապանակով մեկնեցի Գյումրի, որտեղ աշխատում էր Ալբերտ Մկրտչյանը: Ներկայացրեցի այն, ինչն, ըստ իս,  պակասում էր և կցանկանայի ավելացնել այդ ֆիլմում: Այդպես էլ ծնվեց «Ուրախ ավտոբուսի» այդ հղի կնոջ կերպարը, որը խորհրդանշում է նոր կյանք, նոր ծնունդ ու նոր հույս, որի վրա դողում էր երկրաշարժի արհավիրքն ապրած ժողովուրդը: Ես հիացած եմ այդ ֆիլմի նկարահանումների ընթացքով, Ալբերտ Մկրտչյան ռեժիսորով, որն իսկապես սիրում է դերասանին ու դրանով ստիպում է նրան տալ իր հնարավորությունների առավելագույնը: Նրա հետ կրկին աշխատելու մեծ հույսեր ունեմ, խոստացել է:

Վերջերս դժգոհեցի, որ խոստացած ֆիլմն ուշանում է, իսկ ես արդեն մեծացել  եմ: Ալբերտ Մուշեղիչը նկատեց. «Դու չես հասկանում` նկարահանվելու ամենաճիշտ ժամանակն է հիմա»: Անկեղծ ասած, ես նրա հետ համաձայն եմ, ինձ դուր է գալիս իմ տարիքը: Զգում եմ, որ ներսում ունեմ կուտակումներ, որոնք պետք է արտահայտվեն, ես իսկապես ասելիք ունեմ, կարող եմ խոսել ու կարծում եմ` վաստակել եմ արդեն այդ իրավունքը: Իմ մեջ  անընդհատ այն զգացողությունն է, որ կարևոր անելիք ունեմ ու չեմ անում: Ես իսկապես պատրաստ եմ, բայց հնարավորությունների դաշտը չափազանց նեղ է: Չնայած մեծ հաշվով գիտակցում եմ, որ ամեն ինչ ունի իր ժամանակը: Տարիներն ինձ սովորեցրել են համբերել և համբերել ոչ այն պատճառով, որ այլ ելք չկա, այլ պարզապես ժամանակը չէ: Ես իմ տեսակով պայքարող եմ, կարող եմ քիթս մտցնել ճակատագրիս մեջ ու համարձակ փոփոխություններ անել, բայց նաև  հասկանում եմ, որ կյանքն անիմաստ քաշքշելը հիմարություն է: Այժմ չափազանց կարևորում եմ իմ խոսքը թե´ կյանքում, թե´ արվեստում: Եվ այն, ինչ կցանկանայի ասել այսօր կինոյում, տարիների  լիարժեք ապրումների խտացումն է:

2000 թ.  ծնվեց  որդիս` Զարեհը: Ստիպված էի տանը նստել: Բայց անգործ չեմ նստել, ինչպես ասում են: Այդ ընթացքում ևս երկու ֆիլմերի ստեղծմանն եմ մասնակցել` Զոհրապ Բեկ-Գասպարենցի նկարահանած «Գնա խաղաղությամբ» և «Առաքել» ֆիլմերի մասին է խոսքը: Ավելի ուշ նկարահանվեցի «Արտիստը» ֆիլմում: Ընդհանրապես շատ եմ սիրում կինոն, գուցե կրկնում եմ, բայց մեծ հույս ունեմ, որ կինոյում դեռևս ասելիք ունեմ: Ի դեպ,  դուստրս` Աննա Բայաթյանը, ավարտել է  Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի  կինոռեժիսուրայի բաժինը: Կինոյում հետաքրքիր փորձեր արդեն ունեցել է: Նրա առաջին` «Գնալու եմ» ֆիլմը  «Ես եմ» կինոփառատոնում շահեց առաջին մրցանակը, երկրորդ ֆիլմը`  «Խոստացած հանդիպում», ոգևորությամբ ընդունվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Կարծում եմ` հասունացել է այն պահը, որ մենք նաև միասին աշխատենք:

Նախկինում երբեմն իմ մասին գրում էին, որ ազգային  դերասանուհի չեմ: Ո՞րն է դա, ես չեմ հասկանում: Հայ կնոջ կերպարը մեր կինոյում երկու ծայրահեղությունների է բաժանվում. մեկը գերինտելեկտուալ, մի քիչ էլ իրականությունից կտրված կինն է, մյուսը` նահապետական հայ կնոջ կերպարը: Երկուսն էլ ինձ համար ընդունելի են, բայց գոյություն ունի նաև հայ կնոջ այլ կերպար` պարզ, մարդկային ու շատ իրական, առանց ավելորդ պաթոսի: Հայ կնոջ հերոսությունն այսօրվա առօրյայի մեջ ազնիվ ու անկեղծ մնալու կարողությունն է: Մարդ մնալն այսօր կամքի մեծ զորություն է պահանջում: Ինձ համար ընդունելի է ուժեղ ու հաղթող կնոջ կերպարը, որը ի հեճուկս տիրող խավարի ու դժվարությունների, կարողանում է կանգնած մնալ, կարողանում է հավատալ ու հավատով փոխել աշխարհը: Հայ կնոջ հենց այս կերպարով կցանկանայի ներկայանալ կինոյում, եթե երբևէ հաջողվեր:

Այսօր երբեմն վեճեր են ծագում, թե հնարավո՞ր է հայ կնոջ կերպարը բացահայտել ժամանակակից հեռուստասերիալների միջոցով: Շատերն ասում են, որ դրանցում մեր կյանքն է` այնպիսին, ինչպիսին որ կա: Բայց մի՞թե մեր կյանքում միայն այն գորշությունն է, որ տեսնում ենք այդ սերիալներում: Ինչպե՞ս կարելի է այդպես պիտակավորել մի ողջ ժողովրդի: Դրանք խայտառակություն են, որոնք  հայ մարդուն ներկայացնում են գռեհիկ, լպրծուն, փոքրոգի ու մանրախնդիր: Ես անընդհատ բախվում էի դրանց ու քննադատում, բայց մի միջադեպ եղավ, որն ինձ սթափեցրեց ու ինչ-որ առումով երկար ընդմիջումից հետո ստիպեց վերադառնալ իմ աշխատանքին: Մի հավաքույթի էի մասնակցում: Ամենաթեժ պահին  երիտասարդների մեջ  հանկարծ  իրարանցում սկսվեց: Պարզվեց` հերթական հիմար սերիալի պատճառով: Ուզում էին այն անպայման դիտել: Սկսեցի հանդիմանել. «Անհարմար չէ՞, ինչե՞ր եք նայում»: Տղաներից մեկը, ինձ ոտքից գլուխ չափելով, ասաց. «Ինչ տալիս եք, այն էլ ուտում ենք, ինչ մատուցում եք, այն էլ նայում ենք»: Ոչինչ չկարողացա ասել, որովհետև նա ճիշտ էր, չնայած բոլորի մեղքը, փաստորեն, ինձ վերագրեց` որպես դերասանուհու: Այո, ես ու ինձ նման բազմաթիվ արվեստագետներ տանը նստել ու թույլ ենք տվել, որ միջակությունը  ճաշակ պղծի: Բայց կարծում եմ, որ արդեն բավական է, ամեն ինչ իր սահմանն ունի:

Պատրաստեց  Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ