Արդեն երկրորդ ամառն է, ինչ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին Երևան ժամանած բազմաթիվ հյուրերի ու մասնակիցների մեջ տեսնում ենք ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանին, որն աշխատում է փառատոնային ոչ  մի միջոցառում բաց չթողնել: Նրա հետ զրույցի յուրաքանչյուր երկրորդ բառը «սինեման» է: Պարզվում է, որ այդ անվերջանալի թեմայի սկիզբը դեռ հայրն է դրել, որ եղել է Հենրիկ Մալյանի ուսանողը, բայց նրան արդպես էլ բախտ չի վիճակվել ֆիլմ նկարահանել:  30 տարի առաջ, երբ Էրիկն ընդամենը 4-5 տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ` մշտական բնակության: Եվ հիմա նա ամերիկահայ ռեժիսոր է կամ ամերիկացի ռեժիսոր` հայկական արմատներով:

Մի օր էր մնացել Էրիկին Հայաստանից մեկնելուց առաջ, շտապում էր տեսնել իր հայաստանաբնակ հարազատներին, բայց սիրով ժամանակ նվիրեց մեզ` պատասխանելով մեզ հետաքրքրող բոլոր հարցերին` սկսած անձնական կյանքից մինչև հայ կինոյի զարգացման հեռանկարները:

Հիշողություններ, այնուամենայնիվ, մնացել են

Մենք ԱՄՆ տեղափոխվեցինք, երբ Սովետական Միությունը կար` իր լավ ու վատ կողմերով: Գնալով ավելի եմ համոզվում, որ պետք էր այդ տարիներին դուրս գալ այդ կայսրության սահմաններից: Ամերիկան այն երկիրն է, որը լիուլի հնարավորություն է տալիս մարդուն աշխատելու, փորձելու և ցույց տալու սեփական հնարավորություննեը, ճանաչելու դրանք ու ինքնադրսևորվելու: Ոչ ոք այդ երկրում չի հարցնում` հայրդ ով է, ում տղան ես: Կարո՞ղ ես աշխատել, խնդրեմ, ոչ ոք չի խանգարում քեզ, դու ազատ ես: 5 տարեկան էլ չկայի, որ տեղափոխվեցինք ԱՄՆ, բայց մինչև հիմա հիշում եմ տատիկիս ու պապիկիս ձեռքերը, հայկական հացի ու մեր տան դարչինով թեյի բույրերը: Հիշում եմ նաև, որ ընտանիքով գնացել էինք Ծաղկաձոր` ոչխար մատաղ անելու: Ես Հրազդանում եմ ծնվել, որոշ բաներ այնտեղից հիշում եմ. սիրուն, լավ քաղաք էր, բայց հիմա շատ է փոխվել, տխուր է մի տեսակ:Ես հայ եմ, բայց ինձ համարում եմ մոլորակի քաղաքացի: Ունեմ տարբեր ազգությունների ընկերներ, անգամ ապաչիներ: Ես լիովին ինտեգրված եմ ամերիկյան կյանքին, ինձ այդ երկրում շատ լավ եմ զգում: Մարդկային բոլոր հարաբերություններում, ինչ ազգի էլ լինեն, առաջնահերթը պետք է լինի մարդասիրությունը: Սակայն ես խորապես զգում եմ իմ արմատներն ու գենը: Մենք փոքր ազգ ենք, բայց` ցրված աշխարհով մեկ: Շատ կարևոր է, որ դրսում միասնական լինենք, իրար թիկունքի կանգնենք բոլոր հարցերում: Դրսում հայն ավելի մեծ պատասխանատվություն է կրում իր տեսակի համար: Եթե նա ատամնաբույժ է, ուրեմն պետք է լավ մասնագետ լինի, եթե ռեժիսոր` ուրեմն տաղանդավոր: Չէ՞ որ քո անունը ֆիլմում գրվելու է, ուրեմն պետք է լավ ֆիլմ նկարես, որ ոչ ոք չամաչի քո հայ լինելու համար:

Մի գրոշ անգամ չունեի, երբ նկարում էի «Կապույտ ժամերը»

Միշտ էլ մեծագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվել ֆիլմ նկարելու համարձակությանը: Այսօր համակարգչային աշխարհն անսահմանափակ հնարավորություններ է տալիս բոլորին անգամ հեռախոսով ֆիլմ նկարելու ու համացանցի միջոցով ցույց տալու ամբողջ աշխարհին: Մի կողմից լավ է, որ ծանոթանում ես տարբեր ոճերի, ճաշակների ու մտածողության հետ, բայց մյուս կողմից պարզ երևում է, որ ոչ բոլորն են զգում իրենց գործի կարևորությունն ու պատասխանատվությունը:

Ես ընդունվել եմ Հարավային Կալիֆոռնիայի համալսարան ու խստագույն կարգուկանոնի, զինվորական ռեժիմին ոչնչով չզիջող պայմաններում սովորել ֆիլմ նկարելու արվեստը: Ոչ մի րոպե պարապ չեմ մնացել: Ի դեպ, ես այդ համալսարանի առաջին ու միակ հայ ուսանողն եմ եղել: Ավարտելուց հետո 4-5  տարի մտածում էի, թե ինչ ֆիլմ նկարեմ ու ինչ սցենարով, որ հաջողություն ունենա, մասնագիտական շրջանակների հավանությանն արժանանա: Եվ հենց այդ ժամանակ ծնվեց «Կապույտ ժամեր» ֆիլմի գաղափարը: Այդ ֆիլմի տևողությունը 93 րոպե է,  որում ընդամենը 6-7 րոպեանոց երկխոսություն կա: Ես այդ ֆիլմով ցանկացել եմ վերադառնալ սինեմայի արմատներին: Այդ ֆիլմն իմ անդրանիկ զավակն է: Ի՞նչ է զգում ծնողն իր առաջնեկի լույս աշխարհ գալով. նույնն էլ ես եմ ապրել ու զգացել: Եվրոպան այն ավելի ջերմ ընդունեց, քան Ամերիկան: Սան-Սեբաստիանում ֆիլմիս արձագանքներն այնքան բուռն եղան, որ գլուխս պտտվում էր, թվում էր` կխենթանամ ուրախությունից: Մազերս այդ ֆիլմի վրա են սպիտակել: Դերասաններին ոչ մի կոպեկ չեմ վճարել. ասացին` քեզ համար ենք անում, մեկ էլ նրա համար, որ սցենարդ շատ լավն է: Ասացին ու սիրահոժար համաձայնեցին առանց հոնորարի աշխատել իմ ֆիլմում:

Կինոն քաղաքակրթությունների ու  քաղաքականությունների խաչմերուկ է

Հրավիրվեցի աշխատելու մի կինոնախագծում, որում ընդգրկված էին թուրք, սերբ, հույն, բոսնիացի, պաղեստինցի ռեժիսորներ: Յուրաքանչյուրս պետք է նկարահանեինք մեկական կարճամետրաժ ֆիլմ Ստամբուլի մասին. ես այն անվանեցի, ինչպես հայերն են Ստամբուլը կոչել` «Պոլիս»: Պայմանս էլ հետևյալն էր. ֆիլմիս մեջ պետք է հնչի ցեղասպանություն բառը, ու ես ցույց տվեցի ցեղասպանության պատճառով անհայրենիք մնացած իմ հայ հերոսի ճամփորդությունը դեպի Պոլիս: Ֆիլմը մեծ արձագանքի արժանացավ նաև Թուրքիայում: Հիմա շատ հայ ռեժիսորներ են ձգտում ցեղասպանության թեմայով ֆիլմեր նկարահանել, մանավանդ որ մոտենում է 100-ամյա տարելիցը, բայց ես չէի ուզենա, որ այդ  ցավոտ թեման շահարկվեր, ներկայացվեր սարսափելի տեսարաններով: Մենք պետք է պատմական ճշմարտությունը ներկայացնելու ավելի դիվանագիտական ճանապարհներ գտնենք, որ ազդենք ոչ թե սրտի ու խղճի, այլ ուղեղի, գիտակցության վրա: Կինոն կարող է նպաստել մեր նպատակների առաջխաղացմանը, բայց մատուցման ձևի մեջ չպետք է սխալվենք: Կինոն քաղաքակրթությունների ու  քաղաքականությունների խաչմերուկ է, պետք է հանդիպող ուժերը հավասար լինեն, միմյանց չզիջեն: Ես կուզեի, շատ կուզեի տեսնել հայոց ցեղասպանության թեմայով մի այնպիսի հզոր ֆիլմ, որ շրջադարձ աներ աշխարհում:

Մեզանում պակասում է գյուլբենկյանական մտածելակերպը

Նույն սկզբունքով, այսինքն դիվանագիտորեն լավ մշակված ու մատուցված տարբերակով կուզեի անդրադառնալ ղարաբաղյան թեմային: Սցենարը գրել եմ արդեն: Հերոսը 9 տարեկան մի երեխա է, որը ղարաբաղյան պատերազմի պատճառով կորցրել է ձայնը, ու տասը բժիշկ ջանում են նրա ձայնը վերադարձնել: Պատրաստ եմ սկսել, բայց հայտնվել եմ նույն դրության մեջ, ինչ ՙԿապույտ ժամեր՚ ֆիլմիս նկարահանման ժամանակ: Փող չունեմ ֆիլմն սկսելու համար: Ցավն այն է, որ կինոյի մարդիկ մշտապես կախված են փողից: Միշտ մտածում եմ, որ մեզանում պակասում է գյուլբենկյանական մտածելակերպը: Հայ մեծահարուստները, որպես կանոն, չեն հետաքրքրվում արվեստով, նրանք չեն կարևորում իրենց ազգի մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ձգտումները: Ես շատ հրեա ընկերներ ունեմ, որոնք զարմանում են, թե ինչու են հայ հարուստներն այդքան անտարբեր իրենց մշակույթի ու մշակութային գործիչների նկատմամբ, իրենց ստեղծագործող հայրենակիցներին չեն հովանավորում: Իսկ, օրինակ, հրեաները շատ ուշադիր են. տեղին բառ կա` թասիբով են: Դրա համար էլ մեծ քաղաքականության մեջ մեծ հաջողությունների են հասնում, իրենց ազգային խնդիրները հենց միասնականության շնորհիվ են լուծում: Եվս մի նոր սցենար ունեմ. այս մեկը սիրո մասին է` XXI դարի սիրո: Այն ստվերում հայտնված մարդկանց մասին է, որոնք գտնում են իրար ու սիրահարվում, սիրում:

Ասելիք շատ ունենք

Որոշել եմ հնարավորության դեպքում ավելի հաճախ գալ Հայաստան: Տեսեք, թե ինչպես է փոխվել այստեղ մթնոլորտը, որովհետև ստեղծագործական եռուզեռ կա: «Ոսկե ծիրանը» դա ստեղծել է: Շատ կուզեի, որ ստեղծագործական կապ լիներ հայաստանցի ու Սփյուռքի  ռեժիսորների միջև, համատեղ ֆիլմեր նկարահանվեին, որ այդ անունները կողք կողքի գրվեին ու նրանց ֆիլմերը մասնակցեին տարբեր փառատոների: Համագործակցությունը միշտ լավ արդյունք է տալիս: Շատ կուզեի ֆիլմ նկարահանել հենց Հայաստանում: Այնքան ասելիք ու թեմաներ ունենք, հո միայն ցեղասպանությունը չի ու վերջ: Մեր մշակույթի, պատմության մասին շատ հետաքրքիր նյութեր կան, որ նորություն կլինեն նաև ամբողջ աշխարհի համար: Այ դրանք պետք է վեր հանել ու ֆիլմի սցենար դարձնել, թե չէ ամեն մեկն էլ կարող է ցեղասպանության դրոշակն  առնել ձեռքը, փողոցում կանգնել ու աղաղակել, դրանից ի՞նչ դուրս կգա: Պետք է համարձակ ու խիզախ լինել, չվախենալ նորություններից, հետաքրքրվել դրսի աշխարհով, անընդհատ սովորել, նոր բան մտածել, բայց երբեք չմեծամտանալ: Ինձ համար մարդու և հատկապես ռեժիսորի ամենագնահատելի հատկանիշը համեստությունն է: Տեսեք, “Ոսկե ծիրանի” խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Վիկտոր Էրիսեն անընդհատ մեր աչքի առաջ գնում-գալիս է, զրուցում. պարզ ու հասարակ շփում է դա, բայց ինչքան բան է ասում նրա մասին: Դա համեստության ապացույց է: Ես խոնարհվում եմ նրա տաղանդի ու համեստության առաջ:

Փոքր երկիրն էլ մեծ կինո կարող է ունենալ

Այսօր Ամերիկայի, Ռուսաստանի, Չինաստանի նման գերտերությունները տիրել են ամբողջ շուկան, այդ թվում և կինոյի: Նրանք թելադրողի դերում են: Սակայն փոքր պետություններն ու ազգերը, որ այդ շուկայում տեղ չունեն, ստեղծում են լավ ու ինքնատիպ ֆիլմեր: Նրանք էլ այդպես են գրավում աշխարհի ուշադրությունն իրենց կինոարտադրության վրա: Ինձ, օրինակ, շատ են հետաքրքրում ռումինական, թուրքական ֆիլմերը, բավականին ինքնուրույն ու յուրահատուկ են: Մենք էլ ենք ժամանակին ուրույն ձեռագիր ու ոճ ունեցել` Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան, Փարաջանով, Փելեշյան: Համաշխարհային կինոյի մեծ անուններ են Ռուբեն Մամուլյանը, Ատոմ Էգոյանը, նույն Փարաջանովն ու Փելեշյանը: Մեր կինոն դեռ կարող է զարգանալ, կրկնում եմ, մենք պետք է մեր մեջ ձևավորենք գյուլբենկյանական մտածելակերպ, օգնենք միմյանց:Կուզեի մի լավ հայկական կինո տեսնել` ռումբ, որ պայթեր ու բոլորի ուշադրությունն իր վրա հրավիրեր:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ