ցիռանԱրդեն 9-րդ անգամ անցկացվեց «Ոսկե ծիրանը»,  բայց դեռ խոսակցություններ են լսվում, դեռ կան մարդիկ, որոնք տարակուսում են` մեր կինոն մի՞թե այն վիճակում է, որ մեր երկիրն իրեն միջազգային փառատոնի շքեղություն թույլ տա: Այս հարցի հնարավորինս անաչառ պատասխանը ստանալու համար  «Կինոաշխարհը» որոշեց դիմել կինոգետ Զավեն Բոյաջյանին` մի մարդու, որը սերտորեն առնչվել է փառատոնի գործունեությանը, և այսպես ասած, քաջ ծանոթ է «խոհանոցին»:

Zaven-Boyajyan-Copy-370x292– Անկասկած Հայաստանին անհրաժեշտ են կինոփառատոներ: Եթե որևէ երկրում կինոփառատոն է անցկացվում, բնավ նշանակություն չունի` տվյալ երկրի կինեմատոգրաֆն ինչքանով է զարգացած: Շատերի ընկալմամբ փառատոնը տոնախմբություն է, հանդիսանք, ճոխ միջոցառում, արարողություն`  շքեղ ու գեղեցիկ, բայց իրականում յուրաքանչյուր կինոփառատոն որոշակի նպատակներ ու խնդիրներ ունի: Այս փառատոնն ինքնին իր գոյությամբ կարող է նպաստել, որ Հայաստանում կինոարտադրությունը զարգանա, որ կինոպրոցես առաջանա: Նույնիսկ աշխարհի ամենահայտնի փառատոներն այս կարգի խնդիրներ են լուծում: Օրինակ` Կաննի, Վենետիկի, Բեռլինի փառատոները միջազգային ընդգրկում և աշխարհում մեծ հեղինակություն ունեն, բայց տեղական արտադրությանն էլ մեծ նշանակություն են տալիս: Եթե օրինակ` Կաննի փառատոնին ուշադրություն դարձնենք, դրա մրցութային բաժնում միշտ ֆրանսիական ֆիլմեր կան, այն էլ մի քանիսը, կամ էլ Ֆրանսիան մրցող ֆիլմերի արտադրող կողմերից մեկն է: Եվ եթե ուշադրություն դարձնենք, Կաննի փառատոնում ամեն տարի հաղթողների ցանկում ֆրանսիական ֆիլմեր կան: Ուզում եմ ասել, որ նույնիսկ այնպիսի երկիր, ինչպիսին Ֆրանսիան է, որի կինեմատոգրաֆը կարելի է համարել Եվրոպայում ամենազարգացածը, շահագրգռված է և ջանում է խթանել իր երկրի կինոարտադրությունը: Եվ դա անում է նաև կինոփառատոնի միջոցով:

Բացի այդ, փառատոնի շնորհիվ տեղի են ունենում շատ կարևոր գործնական հանդիպումներ (ասենք` պրոդյուսերների և ռեժիսորների, սցենարիստների և ռեժիսորների), որոնք կարող են հանգեցնել համագործակցության, նոր գաղափարների հղացման: Այսինքն` հանդիպումներ, որոնք նշանակալից դեր կարող են ունենալ կինեմատոգրաֆիական կյանքը աշխուժացնելու համար: Ուստի այն մարդիկ, որոնք կարծում են, թե այս փառատոնը արվում է միայն որպես շքեղ տոնախմբություն, կարճատեսորեն կամ անհեռատեսորեն տեսնում են միայն փառատոնի արտաքին կողմը: Բայց, իմ կարծիքով, եթե փառատոնը կայացած է, եթե մտադիր է շարունակել իր գործունեությունը, ցանկացած փառատոնի մասին է խոսքը, նրա բերած նպաստն անգնահատելի է:Այլ հարց է, թե ինչքանով է «Ոսկե ծիրան» փառատոնը նպաստում նշածս խնդիրներին: Այդ իմաստով ես` որպես փառատոնին ինչ-որ չափով առնչվող մարդ և որպես կողքից դիտարկող, կարող եմ ասել, որ վերջին տարիներին հայկական կինոյի նկատմամբ ուշադրությունը մեծացել է: Հիշեցնեմ, որ փառատոնում հայկական մասը փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագիրն է, բայց հայկական ֆիլմերը կարող են մասնակցել նաև միջազգային մրցույթներին: Նկատի ունեմ խաղարկային և վավերագրական ֆիլմերի մրցույթները, այլ հարց է, որ շատ հաճախ հայկական ֆիլմերի պրոֆեսիոնալ մակարդակը, գեղարվեստական մակարդակը, որակը թույլ չեն տալիս, որ դրանք մրցության մեջ մտնեն շատ ավելի բարձր որակի կինոարտադրանքի հետ:

Ես գիտեմ, որ փառատոնի կազմակերպիչներն ամեն տարի մեծ դժվարությամբ են կարողանում ապահովել «Հայկական համայնապատկեր» ծրագիրը, քանի որ տեղական արտադրանքը հիմնականում պրոֆեսիոնալ-տեխնիկական մակարդակով զիջում է դրսի աշխատանքներին: Բայց այն կազմվում է ոչ միայն տեղացի կինոգործիչների, այլև սփյուռքահայերի գործերով: Այն, որ այս ծրագրին կարող են ներկայանալ աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող հայազգի կինոռեժիսորները, ինքնին շատ հետաքրքիր իրողություն է, քանի որ ի մի է բերում,  ստեղծում մի տարածություն, որտեղ ներկայացվում են հայազգի կինեմատոգրաֆիստների գործերը:

Ես կարծում եմ` փառատոնը պետք է շատ հետևողականորեն և համբերատար աշխատի այս ծրագրի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Եվ պետք է ասեմ, որ վերջին տարիներս դրական տեղաշարժեր են նկատվում: Նախ` խթանման ձևերն ավելի կատարելագործվել են: Եթե չեմ սխալվում, «Հայկական համայնապատկերում» մրցանակները նաև դրամական արտահայտություն ունեն: Դա շատ կարևոր է մեզ նման աղքատ երկրի համար, որտեղ կինո նկարելը լուրջ խնդիր է հատկապես ֆինանսական տեսանկյունից: Երկրորդ դրական տեղաշարժը «Հայկական համայնապատկերի» ժյուրիի կազմում շատ ավելի հեղինակավոր, միջազգային ասպարեզում համարում ունեցող անձանց ընդգրկելու համգամանքն է, ինչը նպաստավոր է բոլոր առումներով: Փաստորեն «Հայկական համայնապատկերը» նախկին աղքատ ազգականի կարգավիճակից բերեցին ավելի լիիրավ ծրագրի, լիիրավ անդամի կարգավիճակի, որը շատ կարևոր է: Որովհետև փառատոնը, իմ կարծիքով, ոչ թե պետք է լինի միջազգային ծրագիր` ազգային ծրագրի կցորդով, այլ պետք է լինեն երկու համարժեք ծրագրեր` միջազգային մրցույթ և ազգային մրցույթ: Այս տարի, ի դեպ, «Հայկական համայնապատկեր» ֆիլմերի նկատմամբ հետաքրքրությունն աշխուժացնելու համար մտցվել էր նաև գրախոսականների մրցույթ: Մեզ մոտ շատ հաճախ նոր հայկական ֆիլմերը լռության են մատնվում, մամուլը հարկ չի համարում դրանց անդրադառնալ, և անվանի կինոգետները հազվադեպ են օբյեկտիվ կարծիքներ հայտնում: Ուստի այսպիսի ձեռնարկումները կարող են նպաստել, որ հայկական կինոյի շուրջ խոսակցություն ծավալվի, խոսվի թերությունների մասին, մեր այսօրվա մակարդակի, ձեռքբերումների  ու կորուստների մասին: Լռության մատնելով` հարցը չի լուծվի: Ընդհակառակը, այդպես ստեղծվում է համատարած լռության ուխտի մթնոլորտ, որտեղ չի կարելի ոչ մեկի մասին ոչ մի վատ բան ասել: Այդպես անընդհատ կդոփենք տեղում: Այդ է պատճառը, որ մեզանում ստեղծվել է անառողջ մթնոլորտ, որտեղ իշխում է ինքնագոհությունը և անհանդուրժողականությունը քննադատության նկատմամբ: Կարծում եմ, որ այս կարգի մրցույթները կարող են ոչ միայն հետաքրքրություն առաջացնել հայկական կինոյի շուրջը, այլև շահագրգռված շրջանակներին բերել երկխոսության, որ շատ կարևոր է:

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կարող են կազմակերպվել, ինչպես արվում է տարբեր փառատոներում, սեմինարներ, արվեստանոցներ, դիտումներ, հանդիպումներ, ֆիլմերը կարող են քննարկվել նախնական` սցենարական մտահղացման վիճակում,  կարող են սցենարների մրցույթներ անցկացվել, որոնց կարող են մասնակցել դրսի ճանաչված հեղինակներ, քանի որ հայկական կինոն ավանդաբար կինոդրամատուրգիայի պակաս ունի: Մի խոսքով, փառատոնը կարող է կանգնած լինել տվյալ ֆիլմի ծննդյան ակունքներում, նպաստել  դրա ստեղծմանը բոլոր փուլերում, օժանդակել, որպեսզի այդ ֆիլմն ուղեգիր ստանա: Այս ամենը շատ բարդ խնդիրներ են, ես շատ լավ պատկերացնում եմ` ինչ է նշանակում միջազգային փառատոն կազմակերպել` պատշաճ մակարդակի, մանավանդ որ հիմա Արևմուտքում ֆինանսական ճգնաժամ է, տարեցտարի այդ ֆիլմերի ցուցադրության իրավունք ձեռք բերելը ավելի ու ավելի մեծ ներդրումներ է պահանջում, մինչդեռ  «Ոսկե ծիրանի» ֆինանսական ներդրումները նույնիսկ պակասել են: Այսուհանդերձ տեղյակ եմ, որ կազմակերպիչները մտադիր են գալիք հոբելյանական փառատոնը ոչ միայն մեծ շուքով անցկացնել, այլև նորովի ներկայանալ, նոր ծրագրերով, ավելի հետաքրքիր ձևերով: Սա է շարունակականության ու զարգացման նախապայմանը:

Զրուցեց Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ