without_gorky_amԱրշիլ Գորկու թոռնուհի Կոզիմա Սփենդերի «Առանց Գորկու» ֆիլմով հարազատները փորձ են անում «բացահայտել շփոթությունը, թեև պատմությունը տխուր է, բացահայտել նրա հուշերը, ստերը, մահը»: Մեզ համար սա առեղծվածային Գորկու մասին երկրորդ ֆիլմն է Ատոմ Էգոյանի «Արարատից» հետո:

«Մենք մեծ կորուստ ունեցանք նրա մահով, որում մեր մեղքն էլ ենք զգում, և այս զգացողությունն է ընտանիքին ուղեկցում մինչ հիմա»,-  ասում է ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Կոզիմա Սփենդերը: Մենքը Գորկու կինն ու դուստրերն են: Երբ նկարիչը 1948 թ. կյանքին հրաժեշտ տվեց, ավագը` Մարոն, 5 տարեկան էր, Նատաշան` 3: Աղջիկները երկար տարիներ ոչինչ չեն իմացել իրենց հռչակավոր հոր մասին: Մայրը գերադասել է չպատմել: Մարոն հոր  ինքնասպանության մասին հետագայում լրագրում է կարդացել և ցնցում ապրել, ինչի ազդեցությունը զգացվում է ֆիլմում:

Նրանք վերադառնում են Կոնեկտիկուտի իրենց տուն, որտեղ 60 տարի առաջ լքել էին հուսաբեկ ու անառողջ նկարչին` սիրող ամուսնուն ու հորը: Վերադառնում են անցյալ, և անցյալը հառնում է Մարոյի, Նատաշայի և 90-նա անց Ագնես Մագրուդերի համար: Նատաշան` տխրամած, գորկիական լուռ հայացքով: Մարոն` հոր և իրենց ընտանիքի չստացված կյանքի համար զայրացած: Բայց արդեն ուշ է. իրենց դիմաց 90-ն անց կին է, կյանքի առաջ դեռևս չընկրկող, դեռևս զարմանալիորեն հպարտ, համարյա առանց մեղայականի:

Նրանք առանձին-առանձին փորձում են քանդել, իրենց խոսքով` «ստից ստեղծված պատնեշը»: Ագնեսը պատմում է, որ մահից հետո է առաջին անգամ լսել ամուսնու Ոստանիկ Ադոյան անունը: Ոստանիկ Ադոյանն իր նոր «դառը» ազգանունով սրբագրում էր անհունորեն տխուր  իրականությունը, ոչ թե մերժում կամ ուրանում, այլ սրբագրում անմարդկայինը: Ճիշտ և ճիշտ Վիլյամ Սարոյանի նման, որը, ցնցված հոր անկատար և կիսատ կյանքից, վճռում է. «Պետք է մի մեծ ու կարևոր բան անել, ճակատագիրը չպիտի ինձ հետ այդպես դաժան վարվի»: Վիլյամ Սարոյանը դարձավ  XX դարի ԱՄՆ-ի հինգ լավագույն արձակագիրներից մեկը, Արշիլ Գորկին, ժամանակի քննադատների խոսքով,  «չորս-հինգ խոշորագույն նկարիչներից մեկը»: Նա չէր մերժում իր ազգությունը, մերժում էր ժամանակի պարտադրած կոդերը` «սովյալ հայեր, անապաստան մարդիկ»:  Պետք էր ծպտվել կեղծանունով` ապրելու, կյանքը հաղթահարելու համար:

Նրա հայրենիքը հպարտ Վասպուրականն էր` Նարեկացու ծննդավայրը: Նա ընտանիքի փայփայված որդի էր, սիրելի մայրը շնորհալի որդուն ներշնչել էր, որ նկարիչ է դառնալու, հեռվում ուրվագծվում էր ԱՄՆ-ում կյանքը վերափոխած հարազատ հայրը: Եվ ահա  Վանի շուկայում մայր և որդի լուսանկարվում են: Ապագա նկարիչն ու իր մայրը նկարն ուղարկելու են հորը… Սակայն ամեն ինչ կատարվում է շատ արագ:  Հայաստանը դատարկվում է: Հաջորդ հարվածը. Երևանի փողոցներում 39-ամյա մայրը քաղցից հանգչում է պատանի որդու ձեռքերին: Այս մասին Գորկին խոսել է միայն նկարչուհի քրոջ` Վարդուշի հետ: Երբ հետագայում հայտնի նկարիչներից մեկը խնդրում է Գորկուն պատմել, թե ինչպես որոշեց նկարիչ դառնալ, նա մի քանի դրվագ է հիշում. «…Սով է: Ես հսկայական քարեր ու ձյուն եմ տեսնում լեռների գագաթին: Իսկ ներքևում` վտակի կարկաչյուն, և մի ձայն երգում է»: Նա սիրում էր երգել և պարել: Երբ առաջին անգամ մի հավաքույթի ժամանակ Ագնեսը պիտի ծանոթանար արդեն համբավ ունեցող նկարչի հետ, այսպես են ներկայացրել. «Եթե մեկը երգում ու պարում է, ուրեմն Գորկին է»:

1940-ականների կեսին Գորկին ուներ շատ բան` հանճարեղ նկարչի համարում, սիրելի գեղեցկուհի կին, սիրած երեխաներ: Նա արդեն հաղթում էր կյանքին, հիշում-վերհիշում ու նկարում էր իր հայրենի պարտեզները և չէր ուզում հիշել-խոսել անմարդկային վշտի մասին: Մոռացության մի ուղի էլ կինն էր` շքեղ, գեղեցիկ, արտիստիկ, արվեստի գիտակ, ազատ ամերիկուհին: Կյանքի մի կարևոր պահի, երբ արդեն հռչակ ունեցող նկարիչ էր, պարտվեց կյանքին: Հաղթեց արվեստում ու պարտվեց կյանքում:

Գորկին հրաժեշտ տվեց կյանքին` չդիմանալով կյանքի դժվարություններին (քառասուն կտավի այրվելը, ավտովթարը, հիվանդությունը), դուստրերի կարոտին, սիրելիի հեռացումին: Եվ հիմա նրանք` Մարոն, Նատաշան և Ագնեսը այն տանն են, որտեղ լքեցին նրան: Մարոն հիշում  է միայն տան սանդուղքը և վեճերը ու հուզվում վերհուշից:  Ֆիլմի ողջ ընթացքում Նատաշան լուռ հայացքով և ժլատ խոսքով է ներկայանում: Մարոն է փոխանցում քրոջ վիշտը. «Ես այնքան էլ դժվար չէի տանում, բայց Նատաշան փոքր էր, կարոտում էր մայրիկին»:

Գորկու ինքնասպանությունից հետո կենսասեր Ագնեսը դուստրերին փորձում է թողնել Գորկու հարազատների խնամքին, ապա տեղավորում է գիշերօթիկ դպրոցում (մանկատուն), և ինչպես Մարոն է դառնացած նկատում, «անցնում նոր, հեղինակավոր ամուսնու որոնումներին»: Նա, որ կյանքն ու իրեն շատ էր սիրում, ամենևին հակված չէր զոհողության ինչպես ամուսնու, այնպես էլ մանկահասակ դուստրերի համար: Ամուսնանում է նկարիչ Մատտայի հետ և տեղափոխվում Փարիզ, «որտեղ կյանքն ավելի ուրախ էր»: Դատապարտելու համար ուշ է, իրենց դիմաց եսասեր, բայց արդեն խնամքի կարոտ կին է: Ընդ որում, Ագնես Մագրուդերը երրորդ անգամ էլ է ամուսնացել, արդեն 60-ամյա տարիքում:

«Առանց Գորկու» բացահայտվում է նաև խանդոտ Գորկին. նա համարյա հայավարի զայրացել, կոտրել ու  ու դուրս է շպրտել նկարիչ ընկերոջ` Մատտայի, կնոջը նվիրած զարդերը: Ագնեսն ու ավագ դուստրը որոշ զարմանքով են ներկայացնում այդ արարքները, իբրև անհարկի մի բան: Ու երբ պատմում են, որ նույն Մատտայի հետ Ագնեսը տեղափոխվում է Փարիզ, հասկանում ենք, որ Գորկու զայրույթի նոպաները հիմք են ունեցել և այնքան էլ հիվանդագին չէին, ինչպես հիշում ու ներկայացնում են:

Ֆիլմի վերջում ընտանիքը  (Մարոն, Նատաշան, Կոզիման և հայրը` Մեթյու Սփենդերը) Գորկու հայրենիքում են` Խորգոմի լեռներում: Առանց խոսքի երևակվում է Գորկու նկարչության և հայրենի բնաշխարհի գույների կապը: Եվ հուզիչ է հատկապես  Ոստանիկ Ադոյանի մանկության սարերում Նատաշայի ուրվագիծը: Նատաշան` սևուկ, տխրամած, լռակյաց, անճկուն: Կյանքին չհարմարվող` բարձրահասակ, ինչպես իր հայրը:

Արշիլ Գորկու կյանքը նաև այսօր են ուզում փոխել: Մեծ Բրիտանիայում գործող թուրքական կազմակերպությունները դիմել են ժամանակակից արվեստի Մոդեռն թանգարանին` պահանջելով նկարչի մասին պատմող գրքույկից հանել «գենոցիդ» բառը, փոխել 1915 թվականի դեպքերի ձևակերպումը: Ուշացած ջանք. վասպուրականցի հանճարեղ հայն այլևս պատկանում է հավերժությանը, որը սրբագրումների կարիք չունի:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ