Հայ կինոյի տարեգրության ամեն էջում մի անուն կա: Այդ անուններն են հենց տարեգրություն կերտողները: Նրանք ոչ միայն արժեքավոր ֆիլմեր են թողել, այլև դպրոց: Նրանք հենց իրենք են դպրոց անցել` իրենց մեծ ուսուցիչների ափի ջերմությունն զգալով ու հաղորդելով այն իրենց սաներին: Մեր կինոն նրանցով ինքնատիպություն է ձեռք բերել, նրանցով հարստացել, անգամ մի կադրով «մատնել» հեղինակի անունն ու խառնվածքը:

Կան ֆիլմեր, որոնց մասին անցյալով չես կարող խոսել: Դրանք միշտ ներկա են, մեր տանն են ու մեր էության մեջ: Դրանք անգիր ենք արել ու ամեն անգամ էկրանին տեսնելիս ուշադիր հետևում ենք ամեն բառին, վայելում ամեն կադրը: Կա՞ մեկը, որ «Առաջին սիրո երգը» տեսնի էկրանին ու ակամա հեռակառավարման վահանակի ուրիշ կոճակ սեղմի. դժվար թե: Այդ ֆիլմը շրջադարձային եղավ հայ կինոյի համար: Այն հաղթարշավով անցավ Սովետական Միության շատ ու շատ կինոթատրոններով ու հեռուստաէկրաններով: Մեկ այլ ֆիլմ` «Խաթաբալա». բոլորովին ուրիշ ոճ, բոլորովին ուրիշ պատկեր: Բայց դարձյալ նույն ռեժիսորի աշխատանքը:

Յուրի Երզնկյան. հայ կինոյի հնչեղ անուններից մեկը, որի 90-ամյակը լրացավ այս տարի: 16 տարի է անցել նրա մահից, իսկ դուստրը` Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Անետա Երզնկյանը, դեռ ամեն վայրկյան զգում է հայրիկի ներկայությունն ու նրա խոսքի կշիռը: Դստեր աշխատասեղանին հայրիկի լուսանկարներն են, որ նաև ֆիզիկական մոտիկություն են ապահովում:

– Մինչև հիմա իմ ամեն քայլը համաձայնեցնում եմ հայրիկի հետ, վճռորոշ իրադարձությունների դեպքում մտովի հարցնում եմ նրա կարծիքը, քանի որ շատ կապված եմ եղել նրա հետ, հստակ գիտեմ, թե ինչ խորհուրդ կտար, ինչ դիրքորոշում կցուցաբերեր: Նա միշտ ինձ հետ է, իմ կողքին: Այդպես է եղել միշտ ու հիմա էլ ոչինչ չի փոխվել, նա միայն ֆիզիկապես իմ կողքին չէ, մեկ էլ ձայնն է պակասում իմ կողքին: Ճիշտ է, հայրիկը հրաշալի խորհրդատու էր, բայց երբեք չի եղել կարծիք թելադրող և ոչ միայն իր երեխաների, այլև բոլորի համար: Նա միշտ փոխհամաձայնության կողմնակից է եղել:

Երբ դպրոցն ավարտեցի, ուզում էի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ` ՎԳԻԿ ընդունվել: Նա խորհուրդ չտվեց, ասաց. «Դեռ 15-16 տարեկան ես, այդ տարիքում տնից-տեղից կտրվելը ճիշտ չէ»: Ես էլ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետ, բայց, միևնույն է, մասնագիտական հետագա ուղղվածությունը հանգեց կինոյին:  Դա անխուսափելի էր, որովհետև ես շատ էի սիրում կինոն, երկրորդ` աչքս բացել էի կինոյի մեջ, կինոմթնոլորտում: Հայրիկը մյուս ռեժիսորների նման չէր: Ընտանիքը մասնակցում էր նրա ստեղծագործական աշխատանքներին: Նա նկարահանման էր գնում մայրիկիս, ինձ, հետագայում նաև եղբորս հետ: Հենց այդպես, մենք ընտանիքով ներկա էինք նկարահանման հրապարակում. այնպես որ հայրիկի գրեթե բոլոր ֆիլմերի կադրերը մեր աչքի առաջ են ստեղծվել: Պարզ է ու բնական, որ այդ միջավայրում կինոյով չապրել ու չտարվել անհնար էր:

Հայրիկն ինքն էր մեծացել ու ձևավորվել արվեստի ու արվեստագետների միջավայրում: Բավական է  միայն նշել, որ նա հայտնի քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի ու կառավարության անդամ Արամայիս Երզնկյանի որդին է, իսկ նրա ընտանեկան հարկը Վերնատուն էր հիշեցնում, որի մշտական այցելուներն են եղել Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Եղիշե Չարենցը, Ալեքսանդր Թամանյանը, անգամ Ֆրիտյոֆ Նանսենը: Նորվեգացի բևեռախույզն իր ՙՔանդված երկիր, քանդված հող՚ գրքի մեծ մասը նվիրել է Արամայիս Երզնկյանին:

Հայրիկը պրոֆեսիոնալներով է շրջապատված եղել մշտապես. նրա կողքին ես երբեք չեմ տեսել միջակ մարդկանց: Աշխատանքում էլ էր ընտրում միմիայն պրոֆեսիոնալների: Այդ սկզբունքը նրա բնավորության մեջ ձևավորվել է ևʹ իր ընտանիքում, ևʹ հետագայում` մեծ ու անվանի արվեստագետներին աշակերտելիս: Հայրիկն ուսանել է Միխայիլ Ռոմմի արվեստանոցում, Ռուբեն Սիմոնովի սանն է եղել: Նա շատ հանդուրժող ու ներողամիտ էր, բայց անճաշակությունից բացի, տանել չէր կարողանում նաև կեղծավորությունը: Ինքը համարյա միշտ զերծ էր այդ երկու երևույթներից, որովհետև իրեն շրջապատել էր ազնիվ, անկեղծ, պրոֆեսիոնալ արվեստագետներով ու մտավորականներով. Մինաս Ավետիսյան, Ռոբերտ Էլիբեկյան, Ալբերտ Յավուրյան, Սերգեյ Իսրայելյան, Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան, Խաչատուր Ավետիսյան: Նրանք տարբեր ֆիլմերում նաև  համագործակցել են հայրիկի հետ: Նա բծախնդրորեն ընտրում էր բացառապես վարպետների` կլիներ օպերատոր թե նկարիչ, դերասան թե կոմպոզիտոր:

Լավ եմ հիշում «Խաթաբալա» ֆիլմի նկարահանումները: Հրաշալի կազմ էր աշխատում` վերոնշյալ արվեստագետներից շատերը ու մեկը մեկից հետաքրքիր դերասաններ: Երջանիկ զուգադիպությամբ այս ֆիլմում ներգրավվել են իրենց գործի նվիրյալներ ու վարպետներ:  Նա ինքն էլ  իր այդ ֆիլմը շատ էր սիրում: Այն նկարահանեց 1971 թվականին: Դեռ 60-ականներից էր սցենարը պատրաստ, և ուզում էր հենց այդ ժամանակ նկարահանել «Խաթաբալան», բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Որպես կինոգետ` ես բարձր եմ գնահատում այդ ֆիլմը. հայրիկին իսկապես հաջողվել է էկրանից հաղորդել հին Թիֆլիսի կոլորիտը: Նա ինքն էլ շատ էր սիրում այդ քաղաքը ու մեզ էլ հաճախ էր տանում այնտեղ, ման տալիս, բացատրում:

Իսկ «Առաջին սիրո երգի» մասին իմ հուշերը մանկական են, նկարահանումները չեմ հիշում, շատ փոքր էի, բայց մինչև հիմա հիշում եմ խանդավառությունը պրեմիերայի ժամանակ: Այն  «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ, ընդունելությունն ու արձագանքները շատ բուռն ու ջերմ էին: Ֆիլմը միանգամից սիրվեց բոլորի կողմից: Բայց «Առաջին սիրո երգը» հայրիկի նախաձեռնությունը չէր: ՙԱռաջին սիրո երգի՚ նկարահանումներն արդեն սկսված են եղել, ռեժիսորը եղել է Լաերտ Վաղարշյանը, բայց ինչ-որ խնդիրներ են առաջացել նրա հետ, ու հայրիկին են առաջարկել շարունակել ֆիլմի նկարահանումները: Մեծ մասը հենց ինքն էլ նկարել է, ընտրել դերասաններին, կոմպոզիտորներին: Այդ ֆիլմից հետո Խորեն Աբրահամյանի անունն ուղղակի թնդաց Հայաստանում և ընդհանրապես Սովետական Միությունում: Մի խոսքով` հայրիկն իր շուրջն է համախմբել բացառիկ անհատականությունների, տաղանդավոր մարդկանց, ու ստացվել է չհնացող, միշտ արդիական ու պահանջված ֆիլմ:

Հայրիկի ֆիլմերը միշտ լավ են ընդունվել, դրական ընդունելության արժանացել նաև հանրության կողմից: Բայց նրա ֆիլմերից մեկը ոչնչացվել է: Հայրիկը Պերճ Զեյթունցյանի վեպի հիման վրա 1960-ականներին նկարահանել է «Թաղն սկսվում է անավարտ շենքից» վերնագրով մի գեղարվեստական ֆիլմ, որը ասում են` քննադատություն է պարունակել, ու այդ պատճառով էլ հրահանգվել է ոչնչացնել այն: Անմիջապես էլ գործի են անցել: Ասում են նաև, որ այդ ֆիլմը նոր, համարձակ խոսք է եղել ու կարող էր շրջադարձային դառնալ կինոաշխարհում, եթե նման տխուր ճակատագրի չարժանանար ու փրկվեր:

Նա միշտ է եղել առաջադեմ, միաժամանակ` ավանդապաշտ: 1940-ականներին` շատ երիտասարդ տարիքում, հայրիկը` որպես երկրորդ  ռեժիսոր, Բորիս Բառնետի հետ նկարահանում է նեոռեալիստական ֆիլմ (իսկ Բառնետը հայտնի է իբրև նեոռեալիզմի նախահայր): Այսինքն` դեռ երիտասարդ տարիքից հայրիկը ձգտել է նորույթների, թարմ, ինքնատիպ խոսքի, չի ընդունել սեփական կարծիքն ու տեսակետը դիմացինին պարտադրելու տարբերակը: Միշտ է եղել այդպիսին` թեʹ ընկերական շրջապատում, թեʹ ընտանիքում, թեʹ իր ուսանողների հետ: Ասել, սովորեցնել, ուղղորդել, խորհուրդ տալ, բայց երբեք չկոտրել դիմացինի «ես»-ն ու ինքնատիպությունը:

Հայրիկը 25 տարի մանկավարժական համալսարանում ամբիոն է ղեկավարել: Նրա սաներից են, օրինակ, Հարություն Խաչատրյանը, Նարինե Մալյանը, Հովհաննես Գալստյանը. նրանք տարբեր ոճի ու երանգի ռեժիսորներ են: Դա նրանից է, որ հայրիկը սովորեցրել է, բայց ուսանողին ազատ է թողել իր կողմնորոշումների, ինքնադրսևորման ցանկությունների մեջ: Նրան կյանքն է դեռ պատանեկությունից ազատ, ավելի ճիշտ` մենակ թողել, ու հայրիկն արդեն 14 տարեկանից, ընտրելով արվեստի ուղին, ստիպված է եղել մենակ հարթել իր ճանապարհը: 1936-37 թթ. նրա ծնողները ստալինյան ռեժիմի զոհ են դառնում: 15 տարեկանում նկարիչ Յուրի Երզնկյանը Ստանիսլավսկու թատրոնում  ներկայացում է ձևավորում: Նա «Հայֆիլմում» էլ է սկզբում աշխատել որպես նկարիչ, հետո արդեն` ռեժիսոր:

«Հասցեատիրոջ որոնումները», «Սգավոր ձյունը», «Իմ ընկերոջ մասին», «Խաթաբալա», «Առաջին սիրո երգը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը», էլի ուրիշ ֆիլմեր: Հայրիկն անմիջապես զգում էր սցենարը, կոլորիտը, որսում էր կերպարի առանձնահատկությունները` ավելացրած այն տաղանդավոր արվեստագետներին, որոնց հետ նա միշտ աշխատում էր, ու ստացվում էր երջանիկ ներդաշնակություն: Ահա և վերջ: Ես կուզեի այդ ֆիլմերից առանձնացնել «Այս կանաչ-կարմիր աշխարհը», որ նկարահանվել է Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա: Հայրիկի հետ աշխատել են նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանն ու Վարուժան Վարդանյանը: Նրան հաջողվել է գտնել այնպիսի արտահայտչամիջոցներ, որոնք դիտողին կհաղորդեն բակունցյան ոգին: Դա հայրիկի սիրելի ֆիլմն էր:

Հիմա էլ սեղանիս է այն ինքնակենսագրական սցենարը, որ հայրիկը պատրաստվում էր ֆիլմի վերածել: Դա Երզնկյանների պատմությունն էր. նա ուզում էր իր նախնիների կյանքն էկրան բարձրացնել, բայց չհասցրեց: 1996 թ. մեկնեց Մոսկվա` մասնակցելու Առնո Բաբաջանյանի հոբելյանական երեկոյին ու այնտեղ էլ մահացավ: Հայրիկը միշտ, անընդհատ շտապում էր. ես այդպիսին եմ հիշում նրան, ոչ թե վախենում էր չհասցնել, այլ պարզապես ուզում էր շատ բան անել: Նա լավ կյանք ապրեց: Ասում էր` ժամանակները չեն ընտրում, ժամանակներում ապրում են ու մահանում:

Պատրաստեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ