Ալեքսանդր Սոկուրով. «Ես հիմա էլ դեպի «Ֆաուստը» տանող ճանապարհին եմ»
Արդի ռուսական կինոյի ամենատիտղոսավոր ռեժիսորը, որ երկար տարիների ընդմիջումից հետո Ռուսաստան բերեց Վենետիկի կինոփառատոնի գլխավոր` «Ոսկե առյուծ» մրցանակը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվո հյուրն էր` իր հայտնի քառապատումով և մանավանդ Վենետիկի դժվարահաճ փառատոնի էսթետներին հմայած «Ֆաուստով»: Ալեքսանդր Սոկուրովի և հայ հանդիսատեսի հանդիպումը պետք է կայանար դեռ 7 տարի առաջ, երբ նրա «Արև» ֆիլմը նվաճեց «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակը: Փոքր-ինչ ուշացած հանդիպումը նոր անակնկալներ ու բացահայտումներ պարգևեց նրա կինոյի երկրպագուներին. Սոկուրովը պաշտում է գիրքն ու գրականությունը և առանձնապես չի սիրում այն հրաշալի կինոն, որ նկարում է:
-Ձեր տասնյակ կինոմրցանակների ու պետական պարգևների շարքում քիչ չեն նաև քրիստոնեական եկեղեցիների ու նրանց հոգևոր առաջնորդների Ձեզ շնորհած մրցանակները` սկսած Վատիկանից մինչև Հայ առաքելական եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակը: Դուք որևէ կերպ առանձնացնո՞ւմ եք դրանք Ձեր մյուս պարգևներից:
– Իհարկե, էկումենիկ մրցանակը չի կարելի դասել այդ ընդհանրական շարքին, որովհետև պրոֆեսիոնալ մրցանակները շատ հաճախ նաև տրվում են այնպիսի ֆիլմերի, որոնք խիստ հակասական արձագանքներ են ունենում բարոյական խնդիրների տեսանկյունից: Եվ էկումենիկ ժյուրիի ներկայությունը համաշխարհային կինոյում, որքան էլ դա տարօրինակ հնչի, բայց շատ առողջ ու սթափ հայացք է, որովհետև կոչ է անում կինեմատոգրաֆիստներին սթափվել, ավելի զուսպ լինել և հավասարակշռություն մտցնել կինոյի հզոր ուժի և դրա հետևանքների միջև: Վերադառնալով «Եղիցի լույսին», ասեմ որ ինձ համար հատուկ իրադարձություն է, որովհետև ես շատ լուրջ եմ վերաբերվում հայ եկեղեցու գործունեությանը: Պետերբուրգում շատ հաճախ եմ լինում հայկական եկեղեցում, նաև` հայկական գերեզմանոցում: Ես ունեմ բարեկամ հայ ընտանիքներ, որոնք ինձ միշտ ապշեցնում են իրենց հախուռն խառնվածքի ու նրբանկատության զարմանալի համադրությամբ, այն, ինչ շատ քիչ եմ հանդիպում հարավի մարդկանց մոտ: Այդ իմաստով Պետերբուրգի հայերն ինձ ինչ-որ կերպ հիշեցնում են ճապոնացիներին: Եվ, իհարկե, ինձ համար շատ մեծ անակնկալ էր մրցանակը, որին առնչություն ունի կաթողիկոսը: Ես անգամ ինձ թույլ տվեցի անցնել թույլատրելիի սահմանը և արարողության ժամանակ դիմեցի վեհափառին` խնդրելով հնարավոր մեծ աջակցություն ցուցաբերել վավերագրական, խաղարկային և ընդհանրապես հայկական կինոյի զարգացմանը:
– Դուք շատ հաճախ եք խոսում մարդու աշխարհաճանաչողության և ինքնաճանաչողության հարցում գրքի ունեցած բացառիկ դերի մասին: Ցավոք, օրեցօր խորանում է խզումը մարդու և գրքի, հասարակության և գրականության միջև: Ի՞նչ վտանգներ ու սպառնալիքներ է այս գործընթացն իր հետ բերում:
– Գլխավոր սպառնալիքը, իհարկե, հումանիզմի կորուստն է: Գրքի ստեղծման մշակույթը շատ երկար ճանապարհ է անցել: Եվ գտնված է մարդու անհատականության զարգացման շատ ճիշտ կամ գուցե և միակ ճիշտ եղանակը, երբ միլիոնավոր տպաքանակներով տպագրված գիրքը հնարավորություն է տալիս մարդուն ինքնուրույն աշխատելու տեքստի վրա, հասկանալու այն, յուրովի ընկալելու, կարդալու և թերթելու գրքի էջերը: Եվ, իհարկե, մեր մեջ դաստիարակելու անհատական վերաբերմունք մի այլ մադու մտորումների նկատմամբ: Եվ այդ ամենով հանդերձ, գիրքը մարդուն ազատ մնալու անսահմանափակ հնարավորություն է տալիս: Սա կինո չէ, երբ ռեժիսորը մեզ պարտադրում է ամեն ինչ` ևʹ իր կինոդերասաններին, ևʹ երաժշտությունը, իր ռիթմերը, իր գեղագիտությունը: Նա մեր փոխարեն ամեն ինչ արել է. մեզ մնում է գալ, հարմարավետ նստել դահլիճում, իսկ հիմա նաև ինչ-որ բան ծամել: Գիրքը երբեք մատուցող չի եղել: Եվ գիրք կարդալով` մարդը մնում է բացարձակապես ազատ, և դա այն դեպքում, որ կրում է հսկաների ազդեցությունը` Գյոթե, Թոմաս Մանն, Դիկկենս, Ֆոլկներ: Մենք զարգանում ենք ոչ թե վիզուալ բաների, այլ կարդալու միջոցով: Երեկ ես հրաշալի մի վայրում էի` «Թումո» մանկական կենտրոնում: Հիացած ու միաժամանակ ճնշված էի, քանի որ ականատեսը դարձա, թե ինչպես հազարավոր երեխաներ հատել են գիրք կարդալու դասական մշակույթի սահմանագիծը և անցել են ընդամենը կոճակներ սեղմելու տեխնիկային: Եթե մենք զարգացնում ենք նման նոր տեխնոլոգիաներ, ապա որպես քաղաքակիրթ հասարակություն պետք է լրացուցիչ հավասարակշռության նժար ունենանք, որ երեխան այդ համակարգչային խաղերից հետո անպայման ձեռքը վերցնի գիրքը: Հակառակ դեպքում կարճ ժամանակ անց նրանք բոլորը կհեռանան Հայաստանից. սերունդները չեն կարող սպասել: Նրանք մեղավոր չեն, ժամանակը չի սպասում, կյանքը մեկն է, և եթե նրանք հումանիտար կապվածություն չունեն իրենց երկրի, ժողովրդի ու ավանդույթների հետ, ի վերջո կթողնեն հայրենիքը, որովհետև երիտասարդներին թվում է, թե ամբողջ աշխարհն իրենց հայրենիքն է, ամբողջ աշխարհն իրենց համար է: Դա, իհարկե, ճիշտ չէ, նրանք դա կհասկանան, կհասկանան, թե ինչ է հայրենիքը, բայց արդեն ուշ կլինի: Այնպես որ ոչ ոք մեր փոխարեն գիրք չի կարդա:
– Ի՞նչ եք կարդում այս պահին, կամ ո՞րն է Ձեր սեղանի գիրքը:
– Այժմ վերընթերցում եմ Ֆոլկներին, նրան վաղուց եմ կարդացել: Հիմա իմ սեղանին իտալական դասական գրականությունն է` միջնադարյան դասականը, Վերածննդի դարաշրջանի գրականությունը: Ես նաև հսկայածավալ վավերագրական նյութ եմ կարդում 2-րդ համաշխարհային պատերազմի մասին. պատրաստվում եմ ֆրանս-գերմանական համատեղ արտադրության նոր վավերագրական ֆիլմի նկարահանումներին, և հիմա ամբողջովին կլանված եմ պատերազմ-մշակույթ, պատերազմ-արվեստ փոխհարաբերությունների խնդիրներով:
– Դուք շատ հետաքրքիր մոտեցում ունեք թարգմանական արվեստի նկատմամբ, գրեթե մերժողական վերաբերմունք ունեք անգամ լավագույն թարգմանությունների դեպքում:
– Ոչ, ոչ: Ես մշտապես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր գրականություն են կարդում ոչ իրենց մայրենի լեզվով: Գուցե սխալվում եմ, բայց նրանց բոլորին նախազգուշացնում եմ` մի ընդունեք թարգմանությունը որպես բնագիր, և երկրորդ` սովորեք լեզուներ, ու մի զբաղվեք ինքնախաբեությամբ: Արվեստն այնքան բարդ երևույթ է, որ հայերեն, ռուսերեն կամ իտալերեն ստեղծված որևէ գործ գեղարվեստական այնպիսի բացառիկ կոդ ունի, որն անհնարին է որևէ կերպ վերականգնել ու վերաշարադրել: Օրինակ` այն, ինչ մշտապես ասում եմ ՙ«Ֆաուստի» առիթով. իհարկե, մարդիկ, ովքեր չգիտեն գերմաներեն և չեն զգում լեզվի բուն էությունը, չեն կարող հասկանալ, որ դա բացարձակապես այն ստեղծագործությունը չէ, ինչ իրենք կարդում են: Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչ է նշանակում այդ բացարձակ մարդասիրական ստեղծագործության անվանումը: Ֆաուստ նշանակում է բռունցք, ընդամենը բռունցք` ուժ: Եվ ամեն տողից հետո բախվում ես այն իրողությանը, որ բացարձակապես հնարավոր չէ թարգմանել ոʹչ ռուսերեն, ոʹչ հայերեն, ոʹչ անգլերեն և ոʹչ էլ որևէ այլ լեզվով այնպիսի ինտելեկտուալ գիգանտի, ինչպիսին է Գյոթեն: Չէ՞ որ նա իսկական հսկա է` XIX դարի Լեոնարդո դա Վինչին: Պարզապես հանճարեղ է: Ես` որպես ռուս մարդ, ասում եմ` ինչ կլինեինք մենք` ռուսներս, առանց մեր հանճարեղ թարգմանիչների, ով կլինեինք մենք: Հենց նրանց միջոցով ենք ճանաչում աշխարհը, նրանց միջոցով դառնում ենք քիչ թե շատ քաղաքակիրթ ազգ: Բայց ոչ մի դեպքում չի կարելի մոլորության մեջ ընկնել, որ ունենալով հանդերձ նման փայլուն թարգմանիչների բանակ` ի վիճակի ենք ընկալելու ազգային մշակույթների ամբողջ բարդությունն ու անսահմանությունը: Ազգային մշակույթներն անփոխանցելի, անհասանելի, անկրկնելի արժեք են և նրանց առջև պետք է ծնկաչոք խոնարհվել:
– «Ֆաուստի» մասին սկսել եք մտորել դեռ խորհրդային տարիներին: 30 տարուց ավելի պահանջվեց, որ Ձեր մտահղացումը հասնի մեծ էկրան: Արդյոք չափազանց մեծ ժամանակահատված չէ՞ր:
– Ընդհանրապես նման հզոր գրական-հումանիստական հուշարձաններին առնչվելը չափազանց բարդ է: 1980 թ. դեկտեմբերին ես առաջին անգամ փորձեցի «Ֆաուստի» ինչ-ինչ գաղափարներ համադրել քառապատումի մյուս մասերի հետ: Ես հասկանում էի, որ սա շատ երկար ճանապարհ է, ու դա հեշտ չի լինի անել, և խնդիրը միայն խորհրդային ցենզուրան չէր, պարզապես «Ֆաուստը» հնարավոր չէր նկարել խորհրդային շրջանում: Բայց 80-ից սկսած` ես անվերջ վերընթերցում ու գրառում էի իմ մտորումները: Պարզապես ավելի հասունանում էի, սկսում էի ավելին հասկանալ: Ես հիմա էլ դեպի «Ֆաուստը» տանող ճանապարհին եմ, և կարծում եմ, որ կանցնի որոշ ժամանակ ու կհասկանամ, որ դա շատ ավելի անկատար է, քան հիմա է թվում: Ես չափազանց մեծ վերապահումներ ունեմ իմ այս ֆիլմի կապակցությամբ, բայց կարծում եմ, որ ժամանակի հետ դրանք շատ ավելին ու լուրջ կլինեն, որովհետև մենք զարգանում ենք, փոխվում ենք: Բայց երբեք չի փոխվել քնարական զգացումի հակասականությունն ու բարդությունը, քնարականությունն ինքնին փոխանցելու ցանկությունը: Ապացուցելու մղումը, որ այդ լիրիկան անվտանգ ու պարզունակ չէ, որ տղամարդը և կինը ծայրահեղ հակասական ու միմյանց համար վտանգավոր էակներ են: Ցավոք:
– Եթե շրջանցենք չնչին բացառությունները, ապա Դուք սկզբունքորեն չեք նկարահանում կինոյում ճանաչում ձեռք բերած արտիստների և առավել ևս` աստղերի: Մինչդեռ Ձեր ֆիլմերում նկարահանված արտիստները հայտնություն են դառնում հանդիսատեսի համար:
– Այն մարդու մեջ, որի հետ ուզում եմ աշխատել, և որը համաձայնում է ինձ հետ աշխատել, ինձ համար շատ ավելի կարևոր են անհատական, քան արտիստական հատկանիշները: Այսինքն` որպես անհատականություն նա պետք է ավելի հզոր լինի, քան որպես արտիստ: Ես Տեր Աստվածը չեմ, ընդամենը ռեժիսոր եմ, ուստի տեսնելով մարդու մեջ ինչ-որ առանձնահատկություն` ուզում եմ հենց դա պահպանել, որով Արարիչը նրան օժտել է: Դերասանների մեծ մասը ժամանակի հետ, ցավոք, անվերադարձ կորցնում է այդ անհատականությունը, և այդ հատկանիշները փոխարինվում են թատերական տարբեր դպրոցներով, արվեստանոցների ղեկավարներով, դասավանդողներով: Թատերական դպրոցները շատ հաճախ օտարում կամ ռետինի նման ջնջում են այդ անհատականության ինքնօրինակությունը: Իհարկե, կան մեծ, հզոր արտիստներ: Ժամանակին ուզում էի, որ մեզ հետ աշխատեր Ֆաինա Ռանևսկայան: Նրա համար մանրամասն գրված էր դերը` ըստ Բեռնարդ Շոուի «Տունը, որտեղ կոտրվում են սրտեր» ստեղծագործության: Բայց երբ արդեն նկարում էի ֆիլմը, նա հիվանդացավ ու վախճանվեց: Կան ամերիկյան և արևմտյան արտիստներ, որոնց կհրավիրեի, և նրանք էլ ցանկանում են ինձ հետ աշխատել: Կա փայլուն արտիստուհի, անզուգական վարպետ` Մերիլ Սթրիփը: Մենք վաղուց էինք ուզում իրար հետ աշխատել, բայց պետք է, որ դերը ոչ թե ձևականորեն նրա համար լինի, այլ` ըստ էության, որովհետև այս դերով նա պետք է մի նոր քայլ անի, որը երբևէ չի արել և չէր կարող անել ոʹչ Ամերիկայի և ոʹչ էլ Եվրոպայի պայմաններում: Ես հատուկ նրա համար եմ գրել սցենարը, ու եթե նա ինչ-ինչ պատճառներով չկարողանա նկարահանվել, պարզապես չեմ նկարի այդ ֆիլմը:
– Ինչո՞ւ այսօրվա ռուսական կինոյում այդքան մեծ տեղ ունի անհոգի, դատարկ զվարճանքը, գլամուրային շքեղությունը, մինչդեռ արվեստի ֆիլմերի համար գումարները, ինչպես միշտ, չեն հերիքում:
– Հիմա մի շրջան է, երբ իսկական, մեծ ու տաղանդավոր վարպետների մի սերունդ հեռացավ, նույն Փարաջանովը, Կոզինցևը և ուրիշներ: Իսկ հիմա փորձում են քանակից որակ ստանալ: Հիմա կինոարտադրություն մուտք են գործել մարդիկ, որոնք ոչ թե իրավունք ունեն կինո նկարահանելու, այլ իրենց կապերի միջոցով կարող են դրամով լցնել գանձանակը: Բայց այդ ժամանակն անցնելու է: Ռուսաստանն ահռելի երկիր Է, որտեղ շատ մեծ թվով տաղանդավոր մարդիկ են ապրում: Նրանք չեն կարող զբաղվել քաղաքականությամբ, չեն կարող լավ պետություն կառուցել, բայց գեղարվեստական շնորհը նրանց շռայլորեն է տրված: Ժամանակի հետ ամեն ինչ կբալանսավորվի, եթե, իհարկե, ժողովուրդը պահպանի իր մշակույթը: Իսկ եթե թիկունքով կանգնի մշակույթին և վերածվի սպառողների ամբոխի, որին, ի դեպ, մոտ են ոչ միայն ռուսները, այլև իտալացիները, ֆրանսիացիները, հայերը, ամերիկացիների մասին էլ չեմ խոսում…
– Դուք երջանի՞կ մարդ եք:
– Չգիտեմ, ես սիրում մի բան, զբաղվում եմ մի այլ բանով: Ես այնքան էլ չեմ սիրում կինոն և սիրում եմ գրականությունը, բայց զբաղվում եմ կինոյով: Տեսնո՞ւմ եք ճակատագրի ինչ հակասություն է, այնպես որ չգիտեմ:
Հարցազրույցը` Նունե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ