ցիռանՀայաստանում ցանկացած միջազգային փառատոն կազմակերպելը, լավ իմաստով, խենթություն է` նման ծովեզերքից հեռու, լեռներում նավատորմ կառուցելուն: 2004-ից սկսած` ամեն տարի հայկական կինոաշխարհն իր «Ոսկե ծիրան» անունով ինքնաշեն նավն իջեցնում է համաշխարհային կինոջրերը` հույսով, որ մի օր էլ մենք կդառնանք այդ ծովերի տիրակալ: Երազանքը` երազանք, բայց պիտի հավաստենք, որ անցած ինը տարիների ընթացքում մեր մակույկը վերածվել է գեղեցիկ զբոսանավի, որի հերթական նավարկությունը դարձել է շատերի համար սպասված մի տոն:

«Ոսկե ծիրանի» ՏԱԽՏԱԿԱՄԱԾԻՆ

Ծովագնացներն ասում են, որ անաստղ երկինքը փոթորիկ է գուժում: Ծիրանն այս անգամ անաստղ էր (Արդան կամ Կարդինալե, ասել է թե` նախորդ տարիների մարող և մարած աստղերի հրավիրելու փորձը չէր կիրառվել), իսկ փոթորիկ էդպես էլ չեղավ: 9-րդ «Ոսկե ծիրանը» 9-րդ ալիք չառաջացրեց մշակութային մեր ջրափոսում, փոխարենը` կինոսիրողներով լցված մեր հյուրընկալ նավը մեղմ ալյակների վրա 8 օր շարունակ հանդարտ ճոճվեց ու առանց զոհերի բոլորիս հասցրեց մի նոր հանգրվան:

Զբոսանավի տախտակամածին հայտնվեցին մի քանի անվանի հյուրեր, այդ թվում` Ագնեշկա Հոլանդը, որի հրեաների ջարդի թեմայով «Խավարումը» իսկապես խամրում-խավարում է  իր իսկ «Լիարժեք խավարումի» համեմատ (Արթուր Ռեմբոյի և Պոլ Վերլենի սիրավեպի մասին պատմող հանրահայտ կինոնկար), վրացական կինոյի կենդանի դասական  Էլդար Շենգելայան, որ 93-ից ի վեր ֆիլմ չի նկարել, ռուս կինոռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը, որ ասուլիսներում պնդում էր, թե իր 15 տարվա վաղեմության «Պարողի ժամանակը» դեռ չի անցել, իսկ ամենաանվանի հյուրը, անխոս, Սոկուրովն էր: Ինքը Սոկուրովը կինո «Մոսկվայի» բեմից մեզ հավաստեց, որ չենք կարդացել «Ֆաուստը», քանի դեռ չենք կարդացել գերմաներեն, սակայն իր կինոմեկնաբանությունն էլ բավական հեռու էր Գյոթեի բնագրից. ինչպես կասեր Անդրե Բազենը` «Որքան ավելի արտահայտիչ ու խորիմաստ են գրական սկզբնաղբյուրի արժեքները, այնքան ավելի շատ է էկրանավորումը խախտում դրանց հավասարակշռությունը»: «Ֆաուստը» Սոկուրովի հայտնի քառերգության վերջին կինոնկարն է (չորսն էլ ցուցադրվեցին փառատոնի ընթացքում), ինչպես նաև «Գիրք և կինո» արտամրցութային ծրագրի ամենադիտված ֆիլմը:  Ի դեպ, «Գիրք և կինոն» առիթ դարձավ, որ փառատոնը բացվի  Մուշեղ Բագրատունու (գրական ծածկանունը Փալանդուզ Մկո) Աշտարակի բնակիչների սնահավատությունը ծաղրող պատմվածքի հիման վրա նկարված «Շորն ու Շորշորով»:  Բեկնազարյանն իր հուշերում գրել է, որ «Շորն ու Շորշորն» իր ապօրինի դուստրն է, որին նկարել ու մոնտաժել է 11 օրում, իսկ սցենարը գրել` մի գիշերում: Բեկնազարյանի օրինակով մենք գիտենք, որ կինոն նախևառաջ վարպետություն է, ուրեմն և դաս, որ պիտի քաղենք, չնայած վարպետության դասերն այս տարի նախորդների համեմատ ավելի պաղած էին, գուցե այն պարզ պատճառով, որ վարպետներն էլ մահկանացու են ու հերթով լքում են մեզ: Վարպետները հեռանում են, իսկ տախտակամածին հայտնվում են նրանց վշտահար այրիները, այս անգամ` Տոնինո Գուերայի և Թեո Անգելոպուլոսի: Աշխարհահռչակ ամուսինների հիշատակին կազմակերպված երեկոն հուզիչ էր, հատկապես մտապահվեցին Գուերայի այրու խոսքերը.  «Տոնինոչկան շատ էր սիրում ձեզ, միշտ ասում էր` Հայաստանը փոքր է, հորիզոնական ուղևորության երկիր չէ, այլ` ուղղահայաց»:

Յուրատեսակ ուղղահայաց ճամփորդություն էր նաև Հանեքեի «Սերը», որ փառատոնի փակման ֆիլմն էր և, ինչպես թատրոնի մարդիկ են ասում, անշլագ առաջացրեց: «Ոսկե ծիրանը» ոչ միայն այս տարվա Կաննի «Մեծ մրցանակին» արժանացած, այլև նախորդ տարվա հաղթող ֆիլմն էկրանից վայելելու հաճույքը պատճառեց: Վալոնցի Դարդեն եղբայրների սոցիալական դրաման` «Հեծանիվով տղան» ասես իտալական նեոռեալիզմի գլուխգործոց «Հեծանիվ գողացողների» զարմիկը լիներ, բայց, ի տարբերություն Վիտորիո դե Սիկայի ֆիլմի, այստեղ դեռահաս հերոսի ու իր հոր կապը խզվում է սոցիալական անապահովության պատրվակով: 11-ամյա Սիրիլն անընդհատ փախչում է մանկատնից` հույսով, որ կգտնի իրեն լքած հորը, որից բացի աշխարհում էլ ոչ մի հարազատ չունի, ու մի օր էլ հանդիպում է բարեսիրտ վարսահարդար մի կնոջ, որ պատրաստ է որդեգրել իրեն:  Շուրջ ժամուկես տևող ֆիլմը պտտվում է Սիրիլի հեծանվի անիվներին համընթաց` մեզ իր հետ տանելով մարդկային ճակատագրի վայրիվերումների ստորոտից մինչև բարձունք: Հայրեր-որդիներ հարաբերության տեսանկյունից հետաքրքրական էր նաև ֆրանսաբնակ դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի որդու` Տիգրան Ավետիքյանի «Վատ հայրը» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսի հոր դերը խաղացել է հենց Սերժ Ավետիքյանը: Տիգրանի ալտեր-էգոն` 27-ամյա Օլիվիեն, վերադառնում է իր մանկության գյուղը` մորից ժառանգած հողը վաճառելու: Նա հույս ունի ավելի մտերմանալ հոր` Ժակի հետ, որը ձիաբույժ է: Օլիվիեի որդիական խանդն ու անհանգստությունը գնալով սրվում են ու հարաբերությունները հոր հետ հասցնում լարման գագաթնակետի, որպեսզի առավել հստակվի հայր-որդի հարաբերության ողջ խրթին անատոմիան: Խորհրդանշական է, որ ֆիլմը ստացավ «Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ» գրողի որդու` ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանի ձեռամբ:

«Ոսկե ծիրանի» ԽԱՐԻՍԽԸ

Եթե փառատոնը պատկերել ենք իբրև զբոսանավ, ապա ժյուրին միանշանակ նրա խարիսխն է, առանց որի հնարավոր չէ հանգրվանել: Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ, ծագումով բասկ Վիկտոր Էրիսեն այն ռեժիսորներից է, որոնք առաջնորդվում են «քիչ, բայց որակով» սկզբունքով: Նրա սակավաթիվ ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունն իսկական հայտնություն էր հայ հանդիսականի համար, բայց, ցավոք, որոշ ֆիլմեր ընդամենը մեկ անգամ, այն էլ նույն ժամին ու տարբեր կինոթատրոններում ցուցադրվեցին: Շատերը բաց թողեցին  Էրիսեի առաջին լիամետրաժը` «Փեթակի ոգին» (1973 թ.), որ կինոյի հրաշքն ու մանկական երևակայությունը միահյուսող խորախորհուրդ մի գլուխգործոց էր` այնքան արտառոց և բազմիմաստ, որ ժանրային առումով որևէ դասակարգման դժվար թե ենթարկվի:

Խաղարկային ֆիլմերի ժյուրին կազմված էր բացառապես տղամարդկանցից, այդ թվում լեհ հայտնի կինոքննադատ, Փարաջանովի ստեղծագործության գիտակ Յանուշ Գազդան (ավագ սերունդը կհիշի նրա համախմբագրած «Էկրան» լեհական ամսագիրը),  Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի գեղարվեստական ղեկավար Շառլ Տեսոնը,  ռուսաստանաբնակ հնչյունային ռեժիսոր Ռոլանդ Ղազարյանը և Կիրիլ Ռազլոգովը, որը Հայաստանում մեծ ճանաչում ունի «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող իր հեղինակային կինոծրագրի շնորհիվ:

Վավերագրական ֆիլմերի գնահատման գործն այս տարի վստահվել էր գլխավորապես կանանց` ռուս վավերագրող, կինոգործիչ Մարինա Ռազբեժկինայի նախագահությամբ:

Ընդհանուր առմամբ 25 պրոֆեսիոնալ ողջ աշխարհից հավաքվել էին դատելու տարբեր անվանակարգերում մրցույթի ներկայացված շուրջ 9 տասնյակ ֆիլմ, իսկ ավելի ստույգ` 89 (ներառյալ «Կորիզ» կոչվող կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը, որն «աղջանաբադի» ճակատագրին է արժանացել. էլի ծիրանի է, բայց երբ ասում են «ծիրան»` ոչ ոք չի պատկերացնում «աղջանաբադի կորիզ»):

«Ոսկե ծիրանի»  ԿԱՅՄԸ

Ժամանակին, երբ մարդիկ դեռ նավարկում էին` քամիների բերանն ընկած, կայմն էր պահում առագաստները, ու թե կոտրվեր, նավը կորած էր: Ներկայումս անառագաստ նավերի վրա ուղղահայաց կանգնած կայմին ծածանվում են ազգային դրոշները: «Ոսկե ծիրանի» կայմին այս տարի բարձրացված դրոշ-խորհրդանիշներից երկուսի համար հոբելյանական տարի էր` Յուրի Երզնկյանի 90-ամյակն էր ու Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակը:  Եթե Երզնկյանն իր «Առաջին սիրո երգից» հետո ոչինչ չնկարեր (1958 թ.), մեկ է, կմնար մեր սրտերում, որովհետև առաջին անգամ ընտանեկան դրաման ու ժամանակակից կյանքը նրա ու Լաերտ Վաղարշյանի թեթև ձեռքով դարձան հայ կինոյի նյութ: Նա այդպիսին էր` միշտ նորություն էր բերում, անգամ երբ նյութը հին էր մեզ համար. 71-ին «Խաթաբալան», որ «Պեպոյից» հետո երկրորդ անդրադարձն էր Սունդուկյանի ստեղծագործությանը, ապա 78-ին «Սգավոր ձյունը», որ կրկին նոր խոսք էր` հոգեբանական խոր դրամատիզմով: Իսկ Դովլաթյանի մասին ընդհանրապես կարելի է ասել, որ նոր էջ բացեց մեր կինոյում իր «Բարև, ես եմ»-ով (1965 թ.): Նրա «Երկունքը» ցուցադրվեց «Հարգանքի տուրք» ծրագրում: Այս ֆիլմի մասին էլ նույն միտքը հայտնել է կինոգետ Սուրեն Հասմիկյանը. «Եթե Ֆրունզե Դովլաթյանն ուրիշ ոչինչ չնկարեր «Երկունքի» մի քանի արժեքավոր դրվագներից բացի, նա իր անունը դարձյալ կգրեր հայ արվեստի պատմության էջերում»:

«Ոսկե ծիրանի»  ՓԱՐՈՍԸ

Փարոսի լույսն է, որ անգամ ամենածանր մշուշի միջով մեզ անվտանգ կհասցնի ափ: Երբ էկրանը հետզհետե լցվում է «Մշուշով», ու թանձր սպիտակը ծածկում է ողջ հորիզոն-տեսադաշտդ, ակամա սկսում ես փնտրել փարոսի լույսն ու հիշում ես Գուերայի խորհուրդը. «Հայաստանը փոքր է, հորիզոն չունի, պետք է նայել վերև, ճամփորդել ուղղահայաց…»:  Ինչպե՞ս, երբ կառուցածդ զբոսանավ է, ոչ թե հրթիռ, ու հենց այդ պահին ականջներիդ մեջ արձագանքում է վերջին կրակոցը, որ ավետում է հերթական փառատոն-նավարկության ավարտը: Հենց այդպես` ամենակուլ մշուշապատմամբ ու կրակոցով է ավարտվում տարվա լավագույն խաղարկային ֆիլմի համար «Ոսկե ծիրան» ստացած բելառուս Սերգեյ Լոզնիցայի «Մշուշումը»:

Լոզնիցան երեք անգամ ճամփորդել է մեր զբոսանավով ու արդեն երկրորդ անգամ էր համտեսում ծիրանը. դեբյուտային լիամետրաժ «Իմ ուրախությունը» նրան բազմաթիվ միջազգային դափնիներից ու հռչակից զատ, 2010-ին բերեց նաև առաջին ծիրանը, ճիշտ է` արծաթե, իսկ ահա երկրորդ ֆիլմն արդեն` ոսկե: Ուրախալի է, որ երբեմնի ոսոխները` Ռուսաստանն ու Գերմանիան, այսօր համատեղ ֆիլմ են նկարում հենց  Երկրորդ համաշխարհայինի մասին: Կինոնկարը պատերազմի ժամանակ մարդկանց մեջ ընթացող ներքին պատերազմի մասին է` նկարված Վասիլի Բիկովի համանուն ստեղծագործության հիման վրա: Գնացքը պայթեցնելու կասկածանքով գերմանացիները ձերբակալում են ուղեպահ Սուշենյային, սակայն որոշ ժամանակ անց բաց են թողնում: Տեղացիները կարծում են, թե Սուշենյան դավաճան է, որ համագործակցել է ֆաշիստների հետ, ու որոշում են սպանել նրան, բայց մենք գիտենք, որ նա անմեղ է, դրանում ոչ մի կասկած չկա: Ինչպես ինքը հեղինակն է խոստովանել, իրեն հետաքրքրում են քավության նոխազները, որովհետև, երբ պատժում ենք մեկին, պար ենք բռնում նրա զոհաբերված դիակի շուրջ` ծեսի պես, ու դա միավորում է մարդկանց, դնում հասարակության հիմքերը: Ժամանակին ռեժիսորի պապին էլ են մեղադրել դավաճանության մեջ, և այս առումով ֆիլմը նաև շատ անձնական է: Հիշատակման արժանի է  օպերատոր Օլեգ Մուտույի գերազանց աշխատանքը: Տեղ-տեղ կինոխցիկը կարծես հերոսներին հետևում է թիկունքից` մերթ թաքնվելով ծառերի հետևում, մերթ խառնվելով ռազմագերիներին կամ զինվորներին: Մոնտաժն օգտագործվել է միայն 72 անգամ, տեսարանները մեծ մասամբ նկարահանվել են մեկ անգամից: Մահը հիմնականում ցուցադրվել է էկրանից դուրս: Երբեմն միակ նշանը, որից հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք դիտել ֆիլմը ու ոչ թե ստոպ-կադր, հնչյունն է:

Կրակոցներ գրեթե անընդհատ լսվում էին նաև վավերագրական ֆիլմերի անվանակարգի հաղթող կինոնկարում: Այս «Ոսկե ծիրանն» ուղևորվեց Պաղեստին` իբրև փոխհատուցում Էմադ Բունմաթին իր «Հինգ կոտրած տեսախցիկների» համար: Երբ ծնվում է պաղեստինցի գյուղացի Էմադի չորրորդ զավակը` Ջիբրիլը, նա ձեռք է բերում իր առաջին տեսախցիկը: Բիլինում` հայրենի գյուղում, բաժանարար պատնեշ է կառուցվում, և գյուղացիները սկսում են դիմադրություն: 1995-ից սկսած` ավելի քան հինգ տարի Էմադը նկարահանում է պայքարը, որն առաջնորդում են իր ընկերները, միաժամանակ նկարահանելով նաև, թե ինչպես են հասակ առնում իր չորս զավակները:  Իսրայելցի սահմանապահների հետ արյունալի բախումները, օրը ցերեկով կատարվող ձերբակալություններն ու գիշերային ստուգումները Բիլինի բնակիչների առօրյան են: Տեսախցիկը տեսախցիկի հետևից կա´մ կրակոցների բաժին է դառնում, կա´մ ջարդվում, ու յուրաքանչյուր տեսախցիկ Էմադի ընտանիքի ու բիլինցիների պատմության մի շրջան է նշանավորում, բայց հակամարտության ելքը չի էլ նշմարվում: Անգամ չինական մեծ պատը հուզմունքից ճաքեր կտար, թե տեսներ` ինչպես են փոքրիկ, մի մատ երեխա պաղեստինցիները, առանց մեծերի ուղեկցության, բողոքի երթ անում ու գրոհում զինված սահմանապահների վրա, իսկ անվանակարգի գլխավորապես կանանցից կազմված ժյուրին` առավել ևս: Դիտումից հետո, երկար ժամանակ հավատդ չի գալիս, որ տեսածդ վավերագրություն էր, ու կողքիդ նստած կնոջ հռետորական հարցին` «բա հայն իր հինգ տարեկան երեխուն կրակի բերան կտա՞ր», անկարող ես արձագանքել:

Մեզ շատ ծանոթ կրակոցներ են լսվում նաև Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմում: Այս անգամ Ալփերը Թուրքիայում ապրող էթնիկ փոքրամասնությունների դարդուցավից հյուսված կորուսյալ սիրո մասին մի սրտառուչ կինոպատմությամբ էր ներկայացել, որը «Աշնան» նման խորը չէր, ու ստացավ միայն էկումենիկ ժյուրիից հատուկ դիպլոմ (2009-ին «Աշունը» FIPRESCI-ի մրցանակի և ժյուրիի նախագահի հատուկ մրցանակի է արժանացել): Անցած դարասկզբին ողբերգության վերածված հայոց հարցը Ալփերը գեղարվեստորեն կապել է ներկայիս Թուրքիայի ամենախնդրահարույց` քրդական հարցի հետ` երբեմն դրանք նույնականացնելով այն աստիճան, որ օտար մեկը դժվար թե գլխի ընկնի` երբ է հնչում քրդերեն, երբ հայերեն եղերերգ: Սումրուն գեղեցկուհի համշենահայ է, նրա կորուսյալ սիրեցյալը` քուրդ պարտիզան: Հերոսուհին շրջում է Հարավարևելյան Անատոլիայում ու հավաքում ազգային եղերերգեր ու դամբանականներ` ատրճանակ հիշեցնող ձայնագրիչը ձեռքին, դեպի սիրեցյալի գերեզման տանող իր ճանապարհին հանդիպելով տարբեր մարդկանց, այդ թվում` Դիարբեքիրի հայկական եկեղեցու ժամկոչ քեռի Անդոյին, որի դերը, ի դեպ, ստաձնել է «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Սարգիս Սերոբյանը: Քեռի Անդոն ներկայացվում է որպես Դիարբեքիրի վերջին մոհիկան-հայը, որի գերդաստանից ոչ ոք էլ չի մնացել հայրենի քաղաքում: Քուրդ կանայք 90-ականներին անհետ կորածների նկարներով զարդարված պատի տակ ողբում են իրենց չար բախտը, իսկ մեկ այլ պատի վրա XX դարասկզբի «անհետ կորածներն» են, որոնց մեջ ուշադիր հանդիսականը կարող է տեսնել անգամ Զոհրապի լուսանկարը: Հեղինակի գնահատմամբ` «Դիարբեքիրը մի խորհրդանշական վայր է, որն անմիջապես տանում է մեզ դեպի քրդական հարցի ակունքները, բայց սա միայն քրդական հարց չէ: Կառավարության բռնարարքները տանում են դեպի վաղ անցյալ, և 1915-ն այն տարեթիվն է, երբ դրանք դարձան ավելի մշակված ու ցավալի: Դիարբեքիրը պահպանում է անցյալի այդ հիշողությունները»:

Հայկական հարցին առնչվող ֆիլմերի պակաս այս անգամ էլ չզգացվեց, բայց դրանց մեջ տաբու կոտրելու համարձակությամբ աչքի ընկավ լիբանանահայ շվեդաբնակ կինովավերագրող Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները», որը և արժանացավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակին: Հեղինակը հասուն արվեստագետին բնորոշ անկեղծությամբ պատմում  է. «Խանում տատս մյուսների նման չէր, մանկուց նրան իբրև վատ կին եմ հիշում: Խուսափում էր ֆիզիկական շփումից: Նա մի տատ էր, որը երբեք չէր գրկում կամ համբուրում: Ձեռնոց էր դնում` թաքցնելով իր ձեռքերն ու դաջվածքները, թաքցնելով իր գաղտնիքը»: Խանում տատի գաղտնիքը բացահայտելու համար կինոռեժիսոր թոռը ուղևորվել է տարբեր երկրներ, հանդիպել բազմաթիվ մարդկանց ու նրա մահից տասնյակ տարիներ անց պարզել, որ հարյուրավոր բախտակից քույրերի պես Խանումն էլ ժամանակին ենթարկվել է սեռական ստրկության: Դրա ապացույցն են եղել տատիկի դեմքին ու ձեռքերին մնացած կապույտ դաջվածքները, որ տարիներ ի վեր որպես խարան կեղեքել են խեղճ կնոջ հոգին` թույլ չտալով նրան սիրել, փայփայել ու գուրգուրել սեփական զավակներին ու թոռներին: Պատերազմը չի խնայում ո´չ կին, ո´չ երեխա, այդ իրավիճակում սեռական  ոտնձգությունների թեման շարունակում է մնալ շատերի համար տաբու (ռուս պատմաբանները միայն կես դար անց համարձակվեցին բարձրաձայնել, որ խորհրդային բանակի զինվորները բռնաբարել են ավելի քան երկու միլիոն գերմանուհու): Ֆիլմը թե´ թեմատիկայով, թե´ տեխնիկական կատարմամբ հասկանալի է միջազգային հանրությանն ու ոչ միայն լույս է սփռում հազարավոր մոռացված հայ կանանց ճակատագրի վրա, այլև լսելի դարձնում նրանց ձայնը: Այս իմաստով Սյուզան Խարտալյանն իրական առաջամարտիկ է: Նա նաև կինոյի պատմության մեջ առաջինն է լիամետրաժ վավերագրական ֆիլմով անդրադարձել ցեղասպանության թեմային` դեռևս 88-ին նկարելով «Վերադարձ դեպի Արարատ» կինոնկարը (արժանացել է Շվեդիայի ամենահեղինակավոր «Ոսկե բզեզ» կինոմրցանակի), այնուհետ 89-ին նկարահանել է առաջին արտասահմանյան վավերագրական ֆիլմն արցախյան ազատամարտի մասին (ՙԳաղտնի պատերազմ Խորհրդային Միությունում՚): Ուստի հենց Ազգային կինոակադեմիան նախևառաջ չէր կարող անտեսել Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող, միջազգային կինոլեզվով աշխարհին մեր մասին այդքան հետևողականորեն ու համոզիչ կերպով պատմող կին արվեստագետի անձնական-ներընտանեկան վերապրումը համաշխարհայնացնելու այս տպավորիչ փորձը:

Ինչպես ցանկացած նավարկություն, այս մեկն էլ մոտեցավ իր նավահանգստին: Մեզ մնում է սպասել տասներորդ` հոբելյանական շրջագայությանը և հուսալ, որ «Ոսկե ծիրան»  նավը երբեք չի արժանանա «Տիտանիկի» բախտին, որովհետև երևանյան թեժ հուլիսյան արևից ցանկացած այսբերգ կհալվի, եթե անգամ մշակութային մեր ջրափոսը մի հրաշքով օվկիանոս դառնա:

Արմեն ՕՀԱՆՅԱՆ