ժաննա«Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախօրեին ակիտիվորեն գովազդվող «Ժաննան և ձայները» կարելի է համարել փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի մասնակից հակասական ֆիլմերից մեկը: Հակասությունն առաջին հերթին վերաբերում է ֆիլմի ժանրային առանձնահատկությանը:Ֆիլմում, թեև այն զուրկ  է պատմողական հենքից, կարելի է դիտարկել որոշակի սյուժետային զարգացում: Խոսքը վերաբերում է հերոսուհու մշտական դեգերումներին, որոնք, թվում է, վերջ չեն ունենալու (ֆիլմի երկու գլխավոր հերոսներին խաղում են սցենարի հեղինակները` Արմինե Անդան և ռեժիսոր Միքայել Վաթինյանը): Վայրերը, որոնք նա այցելում է, աշխարհագրական առումով տեղայնացված չեն. կարելի է կարծել, որ նա պարզապես թափառում է կամ փնտրում է ինչ-որ մեկին, բայց թե ում, որտեղ և ինչու, պարզ չէ: Նա մեկ հայտնվում է հանքահորում, մեկ ալրաղացում կամ այլ արտադրամասերում` սառը մեքենաների ֆոնի վրա: Այս այցելություններն ուղեկցվում են պսևդո-դոկումենտալ նկարահանումներով, որոնք օպերատորական աշխատանքի և գեղարվեստական մշակման տեսանկյունից բավական ինքնատիպ են: Մինիմալիստական, չծանրաբեռնված կադրերը դառնում են հերոսուհու լուռ որոնումների ու ներքին ամայության արտաքին դրսևորումները: Ֆիլմում որոշակի միստիկ նոտա կա` իրականության ու երևակայության սահմանների վերացում, մի տեսակ քվազի-իրականություն, որը շեշտվում է կոնկրետ գործողություններ ներկայացնող ներդիրներով` մի կողմից պարող, նվագող ու ասմունքող երեխաների ցուցադրությամբ, մյուս կողմից` փախստական տղամարդու տենդագին թավալումներով: Նկարագրությունը հանգեցնում է այն հետևության, որ սա ավելի շուտ էկզիստենցիալ-պսիխոպատիկ դրամա է: Սակայն ժանրային այս կոնկրետացումը ֆիլմի համար մնում է բավականին հում, քանզի տվյալ թեմատիկան, որն այնքան սիրված է կինոյում և արվեստում ընդհանրապես, «Ժաննայում» լիովին չի բացահայտվել, և ոչ թե այն պատճառով, որ թերի է եղել մտահղացումը, որի մասին, վերջին հաշվով, դժվար է դատել, եթե մեր ձեռքին չունենք ֆիլմի սցենարը, այլ հիմնականում ֆիլմի որոշ բացթողումների հետևանքով: Այսպես, եթե փորձենք հասկանալ հերոսուհու մոտիվացիան, ապա կբախվենք պատի. հասկանալի չէ`  նա փնտրո՞ւմ է, փախչո՞ւմ, թե՞ պարզապես ձգտում է մեկուսացման: Սա հանգեցնում է աբսուրդային տրամադրության, որը, եթե համարենք որպես ևս մեկ ժանրային ատրիբուտ, ֆիլմը միայն կտուժի: Իսկ եթե նա լսում է «ձայներ», ինչպես Ժաննա դ’Արկը «երեկ և այսօր», այսինքն` հոգեպես անհավասարակշռված է, ապա այդ ձայները, որ հեղինակային հնարքով մեզ համար մնում են անլսելի, գոնե ինչ-որ բանի պետք է հանգեցնեին նաև մեր հերոսուհուն, առնվազն` խարույկի: Սա, անշուշտ, հեգնանք չէ. խոսքը ֆիլմի կառուցվածքի մասին է: Փաստորեն, այն ներկայացնում է դեպրեսիվ էսթետիկա, որն ունի ժամանակային, տարածական ձգվածություն  (հերոսուհու սենյակային կամ բացօթյա «պսիխոզային» գործողությունները) և պատկերային լուծում (մեգամեքենաների, հաստոցների լարված աշխատանք, գետնին գալարվող տղամարդու մարմին), սակայն չունի տրամաբանական հանգուցալուծում և ավարտուն կինոմեկնաբանություն: Իմաստաբանական կապը Ժաննա դ’Արկի հետ ենթադրում է, որ հերոսուհին կաʹմ կդառնար անմեղորեն դատապարտված զոհ, կաʹմ անհնազանդ վհուկ: Փոխարենը` մինչև ֆիլմի ավարտը նա մնում է իր ապատիայի շրջանակներում, հոգեպես մոլորված, ֆիլմի մոնտաժային սխեմայում բաղդատված անհասկանալի, անհեթեթ արարած: Առավել ևս անըմբռնելի է հերոսուհու և Ժաննա դ’Արկի կապը հայրենասիրական կամ պատերազմական մոտիվների հետ: Ֆիլմում պատերազմի մասին ընդհանրապես խոսք չկա, իսկ թավալվող տղամարդը, որին, ի դեպ, խաղում է ռեժիսորը, որպես պատերազմի կամ հետպատերազմյան իրականության մարմնացում, կարող է հավասարապես ընկալվել ինչ-որ բնական կամ արհեստական աղետից, ասենք` տնային գազի պայթյունից տուժած մեկը, որը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ կիսավեր նկուղից, ինչպես և ֆիլմի վերջում ցուցադրվող կիսաքանդ շինությունները կարող են լինել ոչ թե ռմբակոծության, այլ երկրաշարժի հետևանք: Կարծում եմ` պատերազմական ու առավել ևս` հետպատերազմական իրականությունը ներկայացնելու համար անհրաժեշտ է դիմել առավել պատկերավոր ու ազդեցիկ արտահայտչամիջոցների` խոսքի, կադրային բազմազանության, դերասանական խաղի, սյուժետային լուծումների մակարդակում: Հակառակ դեպքում մեկ-երկու թույլ ալեգորիկ դրվագները դիտողից երևակայական մեծ ջանքեր են պահանջում հասկանալու համար, որ խոսքը պատերազմի արհավիրքների կամ պատերազմի հետևանքով խեղված մարդկային ճակատագրերի մասին է:

Ֆիլմի կինետիկ լուծումը տրված է «ձայն-շարժում-խոսք» գամմայի միջոցով, որը դրսևորվել է մանկապատանեկան ակումբի «շնորհալիների» մրցույթի ցուցադրությամբ: Ժողգործիքների ճզվզոցը, դպրոցականների պարն ու ասմունքը խախտել են ֆիլմի թեʹ դինամիկան, թեʹ էսթետիկան: Պարզ չէ` սիրողական նկարահանում հիշեցնող  դրվագները ինչքանով են համապատասխանում հոգեվերլուծական-սյուրռեալիստական երանգավորում ունեցող ֆիլմի տրամաբանությանը: Դրան լրիվ հակառակ` կլաուստրոֆոբիկ միջավայրում գալարվող տղամարդու պատկերաշարքը` կոչված դառնալու նյարդագարության թեմատիկան պատկերող,  ֆիլմի առավել տպավորիչ ներդիրը, ի վերջո, վերածվել է «պրոմեթևսյան»  տառապանքների պաթետիկ ցուցադրության, որը, ցավոք, ոչ թե տագնապ է հարուցում, ինչը հավանաբար ակնկալվում էր, այլ ավելի շատ նյարդայնացնում է: Այս ամենը պատկերագրական խնդիրներ են, որոնք թեև զուրկ չեն խորհրդանշանային մեկնաբանությունից, բայց և բավական մշակված չեն խոսուն և հետաքրքիր երևալու համար:  Անշուշտ, ժանրը չէ, որ որոշում է ֆիլմի հետաքրքրականությունը կամ գեղարվեստական արժեքը: Իսկ տեսական ամփոփումներն ու կինովերլուծականներն ամենևին կարող են չհետաքրքրել դիտողին էլ, ֆիլմի հեղինակներին էլ: Մնում է միայն հուսալ, որ մեր կինոարտադրողներն ու ստեղծագործողները ֆիլմ արարելիս կփորձեն իրենց ստեղծագործությանը մոտենալ ոչ միայն տեխնիկական, տեքստային կամ պատկերագրական դիրքերից, այլև կկարևորեն կինոյի` որպես ունիվերսալ արվեստի ոճաբանական առանձնահատկությունները, սեմանտիկ ու սիմվոլիկ ամբողջությունը` ստեղծելով գրագետ, բովանդակալից ու դիտարժան ֆիլմեր:

«Ինձ աշուղ են ասում». ձին, կոլխոզն ու ալպիական գորգերը

Քոչար Քոչարյանը ապրում է Վայոց ձորի Եղեգիս գյուղում, այծեր է պահում և, ինչպես ինքն է ասում, աշուղ է: Հայտնի է, որ աշուղական արվեստը` որպես ժողովրդական ստեղծագործության ժանր, չի պահանջում ոʹչ բարձրագույն երաժշտական կրթություն, ոʹչ նշանակալի բեմական ընդունակություններ, սակայն հանպատրաստից թեմատիկ երգ հորինելու, խոսքը հմտորեն հանգավորելու և ինչ-որ երաժշտական գործիքի տիրապետելու պահանջները պարտադիր են եղել քիչ թե շատ հայտնի բոլոր աշուղների ու շրջիկ երգիչների համար: Մեր օրերում անգամ կազմակերպվում են աշուղական փառատոներ ու մրցույթներ, որոնց մասնակիցները, կարելի է ասել, չեն զիջում պրոֆեսիոնալ կատարողներին, իսկ ոմանք իրենց հմայքով ու կատարողական վարպետությամբ իսկապես մեծ զարմանք ու հիացմունք են առաջացնում:

Մեր հերոսը թեʹ իր երաժշտական ընդունակություններով, թեʹ դրանց մատուցման եղանակով, մեղմ ասած, աչքի չի ընկնում: Չնայած հնարավորինս խոսքաշեն ու ծիծաղաշարժ երևալու փորձերին` «աշխարհ տեսած» մարդու կերպարը մի տեսակ չի հարմարվում պապիկին: Գուցե այդպես ավելի լավ է. իր գավառական աշխարհընկալման ուղեծրում ապրող այս մարդու իրական դերը կարծես հայտնվում է միայն մի կադրում, երբ նա անհասկանալի մեղեդի է մրմնջում թոռան համար (կամ գուցե հարևանի թոռան` կարևոր չէ) և ծափ բռնած ուրախացնում մահճակալով մագլցող տղեկին: Իսկ ձիու, կոլխոզի ու ալպիական գորգերի մասին պատմությունները թվում են այն աստիճան անհրապույր ու անբովանդակ, որ մեծ հարցականի տակ են վերցնում սցենարական աշխատանքն ու ռեժիսորական մտահղացումն ընդհանրապես: Երևի տեսախցիկի առջև պապիկին ՙերգացնելով՚` ֆիլմի հեղինակը` Արթուր Խուդոյանը, փորձել է ցուցադրել ինչ-որ անձնական դրամա, որը, ավաղ, սպրդում է հասարակ մահկանացուիս տեսադաշտից:

Եղեգիս գյուղն իր առկա սոցիալական խնդիրներով (արտագաղթ, գործազրկություն, աղքատություն) ուսումնասիրության հիանալի ասպարեզ է բացում, և այս գյուղում աշխատելն իսկապես մեծ հաջողություն կհամարվեր ցանկացած ռեժիսորի համար: Դիտելով մեր հերոսի կենցաղն ու կյանքի պայմանները` կարելի է հասկանալ, որ այդ խնդիրները չեն շրջանցում նաև նրան: Այլ բան է, եթե ռեժիսորը նպատակ չի դնում անդրադառնալ առավել բարդ հարցերի և սահմանափակվում է գյուղի դատարկ փողոցները նկարելով և լրացնելով ֆիլմի դատարկ րոպեները:

Այստեղից առաջ է գալիս նաև ֆիլմի ոչ պակաս կարևոր գեղարվեստական լուծման հարցը: Հայտնի է, որ Եղեգիս ավանը միջնադարյան Եղեգիս քաղաքն է, որը Հայաստանի ճարտարապետական հուշարձաններով հարուստ գողտրիկ վայրերից է: Կենդանական ու բուսական աշխարհը, բնական լանդշաֆտը ֆոտո-վիդեո արձանագրման հրաշալի հնարավորություններ են ընձեռում, որոնցից օգտվելով` ռեժիսորը գուցե կարողանար ինչ-որ կերպ զարդարել ֆիլմի մռայլ ու աղքատիկ տեսաշարը: Եղեգիսի շրջակայքը պատմա-հնագիտական առումով լավ ուսումնասիրված է, կինոփաստագրման առումով ուսումնասիրված չէ ընդհանրապես: Որպես նախարարական տիրույթ, ակտիվ կրոնական կենտրոն և տնտեսապես զարգացած պատմական մարզ` ունի բազմաթիվ միջնադարյան արժեքավոր շինություններ, եկեղեցիներ, ամրոցներ, բնակատեղիներ, խաչքարային հուշարձաններ: Մինչդեռ ֆիլմում ընդամենը մի քանի կադրում, այն էլ ոչ այնքան հաջող օպերատորական դիրքերից, հայտնվում են Զորաց տաճարն ու Աստվածածին եկեղեցին: Գեղագիտական տեսանկյունից սա ակնհայտ մեծ բացթողում է:

«Հայկական հաց». ևս մի անալի հաց

Վերջին տարիներին հայ ինքնությանն ու պատմությանը վերաբերող բազմաթիվ ֆիլմերի շարքում ոչնչով չի առանձնանում նաև Արմեն Գասպարյանի «Հայկական հացը»: Ֆիլմի հերոսուհին պատմում է եղեռնի և դրան հաջորդող տարիներին տեղի ունեցած իրադարձությունների, իր կյանքի ու  ճակատագրի մասին, միաժամանակ ֆիլմում հանդես են գալիս այլ պերսոնաժներ.  74-ամյա հավատացյալ Արև Դավթյանն աղոթում է իր անգիր արած աղոթքները,  հնագետ Տիգրան Իսահակյանը հայրենասիրական պաթոսից ոչ զուրկ համեմատություն է կատարում կոտրված խեցու բեկորների և հայ ժողովրդի միջև, Խորվիրապում տեղացի կինը մատաղ է բաժանում եկեղեցու այցելուներին, ռուս ինժեները պատմում է Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցու շինարարության մասին: Զուգահեռ` ֆիլմում ցուցադրվում են հաստոցային խաչքարագործության մանրամասներ, փաստագրական կադրեր Էջմիածնում կատարվող կրոնական արարողություններից, միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի մերձակայքում գործող քարհանքերից:

Կարելի է կարծել, որ գործ ունենք մի բազմաբովանդակ ու խճճված ստեղծագործության հետ: Իրականում մեկ ֆիլմի շրջանակներում սյուժետային բազմաթիվ ուղղությունների համադրման փորձն այն դարձրել է կտրատված, տրամաբանական, պատմողական առանցքից զուրկ, մակերեսային: Թվում է` ոչ թե ֆիլմ ենք դիտում, այլ տարբեր ֆիլմերից վերցված, միմյանց հետ կապ չունեցող ֆիլմերի կադրեր: Իհարկե, ցանկացած գեղարվեստական ընդհանրացում կարող է և այս ամենում գտնել իմաստային ֆոն և կապել միմյանց հետ կապ չունեցող պատմությունները: Սակայն փաստն այն է, որ ֆիլմի հեղինակը ամենևին էլ չի մտահոգվել ստեղծել նախապես կառուցված մի սյուժե, որտեղ հերոսների, իրադարձությունների կամ նրանց պատմած պատմությունների շարքը կտեղավորվեին մեկ կինոմիավորի շրջանակներում:

Չնայած կրոնական կինոփառատոներում շահած մրցանակներին` «Հայկական հացն» ամենևին չի բարձրացնում կրոնական որևէ խնդիր, այլ միայն ֆիքսում է հայ առաքելականության առանձնահատկությունները`  պաշտոնական ծեսը, ժողովրդական քրիստոնեության դրսևորումները (մատաղ): Խոստովանենք` նման մի ֆիլմ նկարելու համար ամենևին պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ ռեժիսոր կամ օպերատոր. բավական է վերցնել տեսախցիկը և շրջել հայկական սրբավայրերում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամլո ասուլիսներից մեկում Արմեն Գասպարյանը մեկնաբանեց նաև ֆիլմի անվանումը. «Հայաստանը մի երկիր է, որտեղ քարը հաց է դառնում, իսկ հացը` հավատ»: Պետք է նշել, որ անվանաբանական այս «ալեգորիկ շղթան» ֆիլմում որևէ կերպ դրսևորված չէ:  Անհասկանալի է մնում, թե որտեղ է հացը դառնում հավատ, կամ քարը` հաց, և հետևաբար` ինչպիսի իմաստային բեռնվածություն ունի ֆիլմի անվանումը:

Ֆիլմի դանդաղաշարժ ընթացքն ու նվազագույնի հասցված մոնտաժային աշխատանքն ավելի են «ձգվում» օպերատորական միապաղաղ աշխատանքով, ծորուն, գործիքային երաժշտությամբ: Դոկումենտալ կադրերից հետաքրքրում է թերևս քարհատման պրոցեսը, որի ցուցադրությամբ ու զուգահեռ ընթացող բանավոր պատմությամբ փորձ է արված համեմատել քարի ճեղքումը Մեծ Հայքի մասնատման հետ: Սակայն, ինչպես և կարելի է ակնկալել, 45 րոպեների  ընթացքում բազմաթիվ համազգային խնդիրների արծարծման փորձը թողնում է անավարտ դրանցից յուրաքանչյուրի քիչ թե շատ լիարժեք բացահայտումը: Տատիկի պատումները Արևմտյան Հայաստանում ապրած իր նախնիների մասին որևէ կերպ չեն առնչվում Սուրբ Ծննդի ծիսական արարողությունների հետ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Եթե սրանց ավելացնենք խաչքարի կերտման, եկեղեցու շինարարության դրվագները, ապա ստացվում է, որ ֆիլմն արծարծում է հայոց եղեռնի, հայկական սփյուռքի, հայ եկեղեցու, ժամանակակից հայ իրականության խնդիրները, սակայն այդ ամենը պերիֆերային են հայ ինքնության սիմվոլների (Սուրբ Էջմիածնի ճարտարապետական համալիր, պաշտոնական եկեղեցական ծես, հայոց այբուբեն, հայկական խաչքարեր, միջնադարյան ճարտարապետական շինություններ) պարզ վերարտադրության մակարդակում, որի ետևում չի բացահայտվում սոցիալական, մշակութաբանական կամ կինո-գեղարվեստական որևէ խնդիր:

Նարեկ ՄԽԻԹԱՐՅԱՆ


Կինոյի մեծ ընտանիքի հավատարիմ ապաստարանը

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, կինոարվեստի բաժին. որքանո՞վ ենք տեղյակ հայկական կինոյին առնչվող մեր հավաքածուներին և ֆոնդերին, դրանց...

, |14 Սեպտեմբեր 2019,00:15