Նրան համեմատում են Աննա Մանյանիի հետ, ասում են` Գալյա Նովենցը հայ Աննա Մանյանին է: Բայց բոլորը չէ, որ համաձայն են այս տարածված կարծիքին: Համաձայն չեն նրանք, ովքեր ուղղակի չեն ուզում համեմատել Գալյա Նովենցին որևէ մեկի հետ, որովհետև նա եզակի էր, բացառիկ:

Ինչպե՞ս բացատրել այն անբացատրելին, որի ուժը ստիպում է հմայվել, էկրանին ու բեմին գամվել, երբ խաղում է Գալյա Նովենցը: Մեկ հավաքական բառով` անկեղծությամբ:  «Դերասանուհի, որը դերասանություն չի անում: … Մոռանալ դերակատարին և խորամուխ լինել կերպարի էության մեջ. սա չէ՞ արդյոք դերասանական  արվեստի  բարձրակետը:  Իմ  կարծիքով` սա է: … Զգացմունքները ոչ թե ցուցադրող, այլ ներս գցող, թաքցնող, կերպարի հուզմունքներն իրենը դարձնող»,- ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի գնահատականն է:

ԽՍՀՄ, նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելին «Մեր մանկության տանգոն» կինոնկարը դիտելուց հետո ասել է. «Այսուհետև հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրաց կինոն իր ֆիլմերում նկարահանվելու համար կհրավիրի Գալյա Նովենցին»:

Գրեթե նույն գնահատականն է տալիս վրացի կինոռեժիսոր Գենա Ցուլայան. «Մինչև հիմա հայ ռեժիսորներդ  ձեր  ժապավեններում նկարահանում էիք վրաց դերասանուհիներին: Գալյա Նովենցին էկրանին տեսնելուց հետո համոզվեցինք, որ հիմա ժամանակն է` մենք  դիմենք  ձեր  օգնությանը»:

Արձակագիր Աղասի Այվազյանը գրում է. «Ես նրան տեղադրում եմ ոգեխառնության դարբնոցում մարդկային բարձր շփման տաղանդը կրող դերասանների շարքում: …Ես վստահաբար հանձնվում եմ դերասանուհու մարմնավորած կերպարների և իր էության նույնականացմանը»:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը Գալյա Նովենցին ասել է. «Եթե ես  քեզ չեմ տեսնում թատրոնի բեմում, ապա երջանիկ եմ, որ հաճախ դու ես այցելում մեր տուն և կապույտ էկրանից քո մաքրամաքուր արվեստով զրուցում ինձ հետ… Այցելում ես քո քույրերի` Սիրանուշի, Սանամի, Անթառամի, քրդուհի Նազիի և թեկուզ չար Նոյեմի հետ»:

1985 թվական, Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն: Մասնակցում է 40 երկիր: Ավանդական ու հեղինակավոր այս կինոստուգատեսին Խորհրդային Միությունը մրցութային ցուցադրության է ներկայացրել Վ. Աբդռաշիդովի «Մոլորակների շքահանդես» և Ա. Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը: Երկուսն էլ հանդիսատեսն ու ժյուրին բարձր են գնահատում, բայց «Մեր մանկության տանգոյի» ցուցադրությունից հետո մոտ տասը րոպե դահլիճը ծափահարում է: Հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ միջազգային կինոաշխարհը հայացքը սևեռում է հայ դերասանուհու վրա. հայ դերասանուհին առաջին անգամ արժանանում է միջազգային ժյուրիի հատուկ մրցանակին: Այս գլխապտույտ հաջողությունից ընդամենը մի քանի ամիս առաջ «Մեր մանկության տանգո» ֆիլմը, մասնակցելով Մինսկի համամիութենական կինոփառատոնին, վաստակել էր ժյուրիի ու հանդիսատեսի հիացմունքն ու բարձր գնահատականը:

Գալյա Նովենցը կանացի լավագույն դերակատարման համար արժանացել էր Մինսկի կինոփառատոնի մրցանակին:

50-ից ավելի դերեր թատրոնում ու ռադիոբեմադրություններում, հարյուրավոր կրկնօրինակումներ. բայց կինոէկրանը արտիստուհուն դարձրեց ժողովրդական ու ժողովրդինը: «Անկեղծ ասած` կինոն երբեք իմ սերը չի եղել: Իմ ամենամեծ սրբությունը թատրոնն է: Բայց ստացվել է այնպես, որ քիչ թե շատ ստեղծագործելու հնարավորություն  ինձ  կինոն է տվել: Կինոյի աշխարհում ես ինձ ավելի լավ եմ զգում: … Յուրաքանչյուրը թատրոնից ստանում է այն, ինչ փնտրում է: Թատրոնում ամեն ինչ պիտի լինի, բայց նախ և առաջ` սեր, արժանապատվություն, լույս»,- անկեղծացել է Գալյա Նովենցը:

Կյանքի պարտադրած  հանգամանքները նրան  օտար ափեր տարան` հեռացնելով թե´ բեմից, թե´ էկրանից: Վերջին տարիներին նա ընդամենը 3 դեր կերտեց բեմում` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Իսկ կինոյում արտիստուհու վերջին խաղը եղավ Սանամի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ» ֆիլմում: Մեկ էլ 1992-ին դրվագային դերում հանդես եկավ Ա. Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» կինոնկարում: Հետաքրքիր զուգադիպությամբ Գալյա Նովենցն առաջին անգամ հայտնվել է էկրանին դարձյալ Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմում, «Կարոտից» 26 տարի առաջ` 1964-ին, «Բարև, ես եմ»-ում` մարմնավորելով  քրդուհու կերպարը: Հետաքրքիր է, որ այս ֆիլմը ևս արժանացել է միջազգային արձագանքների: “Բարև, ես եմ”-ն առաջին հայկական ֆիլմն է, որ բարձրացել է  Կաննի կինոփառատոնի էկրան: Երրորդ հետաքրքիր զուգադիպությունը. «Կարոտը» նաև Ֆրունզե Դովլաթյանի վերջին ֆիլմն է:

Կինոռեժիսորը քսանվեցամյա ընդմիջումից հետո իրենց երկրորդ ու վերջին կինոհանդիպման առիթով ասել է. «Նա հասել է մեծ հաջողությունների ու հռչակվել, բայց մնացել է 1964 թվականի իմ ճանաչած մաքուր, դյուրահավատ, պարտաճանաչ Գալյան, միայն հզորացել է նրա ստեղծագործական ոճը: Սանամի դերակատարումը նշանակալից թռիչք է նրա համար և լրացնում է նրա ստեղծած ազգային բնավորությունների տեր կանանց դերացանկը: Մեծ անկեղծություն ու անմիջականություն կա Գալյայի նաև այս կերպարի մեջ»:

Որքան մեղմ ու հուշիկ եղավ Գալյա Նովենցի հայտնությունն արվեստի աշխարհում, այդպես մեղմ ու հուշիկ էլ նա հեռացավ մահկանացուներիս աշխարհից: Գույժը տարածվեց: Արվեստագետներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, պարզապես մարդիկ, բոլորը մեծ ցավ ու ափսոսանք են ապրում:  Գալյա Նովենցը վախճանվեց երկարատև ծանր հիվանդությունից: Իսկ մինչ այդ ապրում էր լուռ ու աննկատ:

Տիգրան Մանսուրյան.

– Ես այն երջանիկներից եմ, որ թե´ աշխատել է Գալյայի հետ, թե´ եղել նրա ընկերը: Անկարելի է չհիշել այն հրաշալի պահերը, որ ես անց եմ կացրել այդ զարմանալի զուսպ մարդու հետ: Այդքան շռայլորեն օժտված լինել ու միաժամանակ այդքան զուսպ, խուփ. դեպի ներս գնացող գոյություն ոչ միայն թախիծի, այլ նաև ուրախության, հրճվանքի մեջ: «Կտրվելուց հետո է միայն երևում ծառի բուն հաստությունը»,- սևակյան այս գիտակցումը հետո է գալու, հետո ենք զգալու այդ ճշմարտության դառնությունը: Հետո ենք հասկանալու, թե  ինչ հսկա արվեստագետ կորցրինք:

Հենրիկ Հովհաննիսյան.

– Ես խոսելու եմ առանց գերադրական մակդիրների, դրանք կարող են նսեմացնել արժեքը: Նաև չեմ կարող երկար խոսել, որովհետև ես կողքի մարդ չեմ, ճառ ասել  չեմ կարող: Գալյան թե´ իր անձով, թե´ իր արվեստով խղճի մարմնացում էր: Մենք նույն կուրսում ենք սովորել, նա մեր քույրն էր  50 և ավելի տարի: Այո, նա իր արվեստով բերում էր խղճի գաղափարը, հայ կնոջ խղճի գաղափարը: Նա ներքին տարերքի դերասանուհի էր: Ամեն մարդ անկրկնելի է, անփոխարինելի, առավել ևս դերասանը կամ դերասանուհին, որ բոլորին է պատկանում:

Սուրեն Հասմիկյան.

– Ընդհանրապես դերասանները կինոյում և թատրոնում տարբեր են լինում: Բայց Գալյա Նովենցի շնորհքը համատեղվում է երկու ոլորտում էլ: Նա իր տաղանդը, վարպետությունը, պրոֆեսիոնալիզմը թատրոնում էր դրսևորում, իսկ կինոյում ներկայանում էր ինչպես ինքը կար` և´ որպես մարդ, և´ որպես կին, և´ որպես մայր: Այդ տեսանկյունից “Մեր մանկության տանգոն”, իհարկե, նրա գլուխգործոցն է: Եթե Հասմիկի մոտ տառապող մայրն էր, ապա Գալյայի մոտ բռնկվող, չհաշտվող մայրն է: Նա այն դերասանուհին էր, որը գլխավոր ու երկրորդական դերեր չուներ:  Մեծ դերասանուհի էր:  Գալյա Նովենցով մի ամբողջ դարաշրջան վերջացավ:

Մարտին Վարդազարյան.

– Այս պահին ես հիշեցի «Մի գավաթ բարություն» ներկայացումը, որտեղ Գալյան ընդամենը երկու մուտք ուներ: Հենց բեմ էր մտնում, կերպարն էլ հետն էր գալիս` հավաստի, կենդանի կերպար: Ես` որպես հանդիսատես, նույն ներկայացումը բազմիցս դիտելով` ամեն անգամ նոր երանգ էի տեսնում, որովհետև Գալյան ամեն անգամ նոր, մի ուրիշ գույն էր տալիս նույն կերպարին: Դա մի փոքր դեր էր, բայց փոքր դերեր չեն լինում, լինում են փոքր դերասաններ: Իսկ մեծ դերասանի համար փոքր դերեր չկան: Նրանք,  ովքեր Գալյային միայն բեմում են տեսել կամ էկրանին, նրան կիսով չափ են ճանաչում: Զուսպ մարդ, զուսպ կին, որ կարող էր իր զսպվածությամբ ցանկացած հարցին լուծում տալ:

Միքայել Պողոսյան.

– Նա ներքին զգայարաններով ապրող մարդ էր, և դա արտացոլվում էր նրա և´ դեմքին, և´ կերպարներում: Նա բարության, մայրության, հայ կնոջ կերպար է, որի կարիքը հայ մշակը, հայ մարդը միշտ ունի: Ես էլ շատերի հետ սպասում եմ, թե ով է գալու փոխարինելու Մետաքսյային, Գալյա Նովենցին: Նրանք ստեղծել են կանացի տարբեր կերպարներ` տարբեր երանգներով: Իսկ Գալյա Նովենցն առաջին հերթին հայ կին էր, հայ մայր, հետո` դերասանուհի:

Լևոն Մութաֆյան.

– Նա կինո բերեց մի զարմանալի ֆենոմեն` լուռ խաղը, լուռ տառապանքը: Արտաքին պասիվություն, ներքին ակտիվություն, ներքին կռիվ: Դա նրանից է, որ Գալյա Նովենցի  էկրանային  և  բեմական  բոլոր  կերպարները  փորձում են  բարության  դիտակով, բարության պրիզմայի միջով հաստատել կյանքի մեծագույն ճշմարտությունը: Խոր վերապրումների, դրամատիկական իրավիճակների նկատմամբ զգացմունքների օբյեկտիվացումն էր նրա դերասանական արվեստի սկզբունքը, և սա նորություն էր նաև համաշխարհային կինոյում: Գալյա Նովենցը կյանքում և կինոյում շատ տարբեր չէր, որովհետև մարդկային ազնվությունը, ջերմությունը, ներփակվածությունը նա փոխանցում էր իր կերպարներին: Նրա ամեն մի դերապատկեր յուրօրինակ ճակատագրի, յուրօրինակ գեղարվեստական խնդրի արտացոլումն է: Կյանքում որքան առանձնացած, որքան զուսպ, նրա կերտած  մի շարք հերոսներ կռվի, պոռթկումի դրսևորումներ են: Սա է նրա դերասանական արվեստի առանձնահատկությունը:

Արմեն Էլբակյան.

– Հայ թատրոնի ու կինոյի վերջին մոհիկաններից էր: Զուսպ ու պարկեշտ մի դերասանուհի, որ կարողացավ տանել իր խաչը` չկորցնելով իր նկարագիրը, պահպանելով գեղարվեստական մտածողությունն ու հայացքն այս աշխարհի հանդեպ: Վստահ եմ, որ հայոց արգանդը չի դադարելու տաղանդներ ծնել: Ի՞նչ է ի վերջո արվեստագետը հետազոտում, ուսումնասիրում. իմաստը, թե ինչու ենք ապրում: Բարոյական ինչպիսի՞ կեցվածքով ենք ապրում և ի՞նչ պիտի թողնենք մեզնից հետո. այ սա է կարևորը: Գալյա Նովենցի բոլոր դերերն էլ խորն են ու բազմերանգ, չեմ կարող որևէ մեկն առանձնացնել: Գուցե “Մեր մանկության տանգոյի”  նրա Սիրանուշի՞ն առանձնացնեմ կամ “Բեռնարդա Ալբայի տունը” ներկայացման Մարտիրիոյի՞ն: Ո՞ր մեկն առանձնացնել, հնարավոր չէ, որովհետև նա իր հետ հայ կինո և հայ թատրոն բերեց ի°ր դերասանական տեսակը և, փառք Աստծո, մնայուն արժեքներ:

Ռուբեն Մաթևոսյան.

– Իտալացիները մեր Գալյային համեմատեցին իրենց Աննա Մանյանիի հետ, բայց ես այնքան էլ համաձայն չեմ այդ կարծիքին: Համոզված եմ, որ նա ավելին է:  Աննան էկրան է բարձրանում` գրեթե խոսք չասելով, իսկ Գալյայի մոտ գերիշխում է խոսքը, միտքը, ճշմարիտ խոսքը, դարդը, մարդկային ճակատագրի հանգուցալուծումը: Համոզված եմ, որ նա ոչ միայն այս, այլ նաև եկող սերունդների համար նկատելի արտիստուհի է լինելու: Փառք ու պատիվ մեր կինոյին, որ Գալյա Նովենց անունը գրեց իր պատմության էջերում:

Հակոբ Ազիզյան.

– Ես բախտ եմ ունեցել Գալյա Նովենցի հետ խաղալու երկու ֆիլմում` «Հնձանում» և «Հեղնար աղբյուրում»: Զարմանալի կարողություն ուներ խաղընկերոջը տրամադրելու, դերի մեջ մտցնելու, և առանց ջանք ու եռանդի: Գալյան իր բնական վիճակի մեջ էր միշտ: Հեշտ էր նրա հետ աշխատելը, խաղալը. կերպարն զգալու արտակարգ ունակությամբ էր օժտված: Ես այնքան էի սպասում, որ նա կշարունակի իր ստեղծագործական ճանապարհը ու նոր դերեր կկերտի:

Դավիթ Մուրադյան.

– Միջնադարյան մեր մեծ բանաստեղծն ասել է` սիրո գինը սերն է: Սեր`  երկրի հանդեպ, սեր` մարդու, արվեստի հանդեպ: Նա սեր էր փոխանցում իր սրտի ամբողջ ուժով: Ժողովուրդը զգում էր դա և պատասխանում նույն կերպ: Գալյա Նովենցը երկար տարիներ մեր կինոյում էր, մեր կողքին: Իր հողի իմաստությունն ու զորությունն է, երբ տեսնում ենք նրան իր էկրանային փայլատակումներով, իր հողի քնքշանքն ու խստությունն է, իր հողի երազանքն ու համբերությունը, իր հողի շռայլությունն ու տագնապը, բարությունը, համառությունը, արժանապատվությունը: Եվ այս ամենը` մեկ դերասանի մեջ:  Կինոն դարձրեց նրան հայ մարդու ընտանիքի անդամը: Այդպես ենք մենք սիրում իսկական արտիստին` նրան դարձնելով մեր ընտանիքի անդամը, մեր կյանքի մի մասը, որովհետև արտիստն իր տաղանդով լուսավորում է մեր կյանքը: Իսկ արտիստական տաղանդի ակունքները նախ և առաջ մարդկային տաղանդի մեջ են:  Մեր  ամենամեծ ազգային համաձայնությունը մեր մշակույթն է, մեր արվեստը: Որքան էլ յուրաքանչյուրս տարբեր լինենք խառնվածքով ու նախասիրություններով, բոլորս սիրում ենք մեր երգերը, մեր կինոյի այն նմուշները, որոնք մեր հոգու հետ են խոսել մաքուր, անկեղծ արվեստով: Սիրանուշը Գալյա Նովենցի ստեղծագործության բարձրակետն է: Բայց նա  մտել էր կինո «Բարև, ես եմ» ֆիլմով: Ընդամենը 7-8 րոպե ենք տեսնում նրան այդ ֆիլմում, բայց այդտե՞ղ բացահայտվեց Գալյա Նովենցը: Նա կյանքի բնական շարունակությունն էր և խաղում էր առանց խաղալու: Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյան, Ալբերտ Մկրտչյան. բոլորը ձտգում էին նրան նկարել: Նրա ստեղծագործական սխրանքն այն էր, որ փառքը կրում էր զարմանալի խոնարհությամբ: «Մեր մանկության տանգոյում» Սիրանուշն ասում է. «Տեսնես կեղնի՞ մե օրըմ, որ ես երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ»: Հիմա ինքը վերևից կնայի այս աշխարհին, որն ուզում էր իր գեղեցկությամբ, տաղանդով մի քիչ շտկել և ուղղել:

Պատրաստեց  Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ

 

 

 

 


Երկրպագում․Ֆաբրիս դու Վելզ

Լոկառնոյի փառատոնի հանդիսատեսը տեղավորվել էր հրապարակի սև ու դեղին աթոռների վրա, ու շունչը պահած սպասում էր փակման ֆիլմի սկսվելուն: Չորս...

, |18 Սեպտեմբեր 2019,18:09