Սերիալը` քավության նոխազ
Ութ տարի է անցել անկախ Հայաստանի առաջին հեռուստասերիալի` «Վերվարածների» թողարկման մեկնարկից, և չնայած այս տարիների ընթացքում գրանցված սերիալային բումին` քննադատությունը մեզ այլ բան չի առաջարկել, բացի սերիալի դատափետումից և սերիալի գոյության իրավունքի կատաղի պաշտպանությունից: Վերջին օրերին մտավորականների` հանրապետության նախագահին ուղղված նամակը` հեռուստաեթերի որակի բարելավման պահանջով, յուղ լցրեց կրակին ու թեժացրեց բանավեճը` այն ըստ էության չփոխելով:
Նոր բան այս բանավեճի մեջ հնարավոր չէ ավելացնել, քանի որ այն ժամանակավրեպ է և չի արծարծում այն խնդիրները, որոնք քննարկման կարիք ունեն: Կողմերը սերիալը քննում են բարձր և ցածր մշակույթների հակադրության համատեքստում: Մի կողմը, որ սովորաբար ներկայացնում են խորհրդային նոմենկլատուրային մտավորականները կամ նրանց ազգայնական ժառանգորդները, սերիալը համարում է ցածր մշակույթի դրսևորում, որը չպիտի ունենա զանգվածային լրատվամիջոցներով տիրաժավորվելու հնարավորություն, մյուս կողմը, որ ներկայացնում են հետխորհրդային լիբերալները, սերիալը դարձյալ համարում է ցածր մշակույթի դրսևորում, որը, սակայն, տարածման նույնպիսի իրավունք ունի, ինչպես և բարձր մշակույթի նմուշները: Մինչդեռ սերիալը ցածրի ու բարձրի հակադրությունից դուրս է, ինչպես և դուրս է այդ հակադրությունից զանգվածային մշակույթն ընդհանրապես, որի դրսևորումներից մեկն էլ սերիալն է:
Հասկանալու կամ վերլուծելու համար զանգվածային մշակույթի որևէ դրսևորում, պետք է ճիշտ ըմբռնել` ինչ ասել է զանգվածային մշակույթ: Այն մշակույթի տեսակ է, որը սերտորեն կապված է արդյունաբերական ժամանակաշրջանի հետ, երբ պատմության բեմահարթակին հայտնվում են զանգվածները: Այն զանգվածների մշակույթն է, բայց զանգվածներ չի նշանակում ցածրակարգ մի բան, ինչպես հաճախ ընկալվում է մեզանում, քանի որ նախկին հիերարխիկ համակարգն այստեղ չի գործում: Զանգվածներն իրենք իսկ նոր համակարգ են` դիֆերենցիացիայի նոր հնարավորություններով: Զանգվածայնացման գործընթացն ուղեկցվում է ուրբանիզացիայով, ինչի արդյունքում մարդը, կտրվելով իր բնական միջավայրից, հայտնվում է իր համար նոր, անսովոր, օտար միջավայրում, որին պիտի հարմարվի:
Այդ ադապտացիոն գործառույթն իր վրա է վերցնում զանգվածային մշակույթը, որն այս պարագայում ստանձնում է սոցիալականացնող դեր և ավանդական նիստուկացից կտրված, կողմնորոշիչները կորցրած մարդուն օգնում է ընտելանալու նոր միջավայրին: Այն ունի նաև ինկուլտուրիզացիոն ֆունկցիա և մոտավորապես այն դերն է կատարում, ինչ հանրակրթությունը` լուսավորության դարաշրջանում: Զանգվածային մշակույթի ամենակարևոր բաղկացուցիչը կոմերցիան է, չկա զանգվածային մշակույթ առանց կոմերցիայի:
XX դարի առաջին կեսին բազմաթիվ հեղինակավոր ինտելեկտուալներ քննադատեցին մշակույթի զանգվածայնացումը և առևտրայնացումը, սակայն XX դարի երկրորդ կեսից սկսում է այլ մշակութային իրադրություն ձևավորվել` հետարդիականությունը: Այս ՙպահից՚ սկսած` տվյալ բանավեճը անիմաստ է: Լսելով բանավիճող կողմերին` հեշտ է ընկնել թյուրիմացության մեջ, թե ինչ-որ մեկը կարող է արգելել հեռուստասերիալների հեռարձակումը` ինչ-ինչ գեղագիտական կամ գաղափարական պատկերացումներից ելնելով: Սերիալը հեռուստատեսության անբաժանելի մասն է և այդպիսին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կա հեռուստատեսությունը, որին այն ապահովում է կայուն լսարանով և նույնքան կայուն գովազդով:
Իհարկե, շատերը կարող են չհամաձայնել` օրինակ բերելով խորհրդային հեռուստատեսությունը, որտեղ չկար ոչ միայն գովազդ (կամ կային եզակի դեպքեր, երբ գովազդատուն պետությունն էր), այլև սերիալ: Բայց դա թյուր կարծիք է, խորհրդային հեռուստատեսությունը նույնպես սերիալներ ուներ, թեպետ դրանք նույնքան երկարաշունչ չէին, որքան արևմտյան օրինակները: Խորհրդային հեռուստասերիալները («Գարնան տասնյոթ ակնթարթ», «Դոկտոր Վաթսոնի արկածները» և այլն) ավելի շուտ բազմասերիանոց հեռուստաֆիլմեր էին, ինչպիսին են այսօր դասական երկերի էկրանավորումները:
Ինչ խոսք, կան մի շարք տարբերություններ նման բազմասերիանոց ֆիլմերի և այսպես կոչված օճառային օպերաների միջև: Բացի ծավալից ու շարունակականությունից, նրանք ունեն ևս մի կարևոր տարբերություն. մեկը նկարահանվում է տրված սյուժեով, նախապես գրված սցենարով, մյուսը ենթակա է սյուժետային գծի ամենօրյա վետվետումների` կախված դերասանական կազմի փոփոխությունից, գովազդատուի փոփոխությունից և այլն: Այդ առումով վերջինը մոտենում է ռեալիթի շոուին, որի հետ ծագումնաբանական կապեր ունի: Այն ի սկզբանե նախատեսված էր գովազդի արանքում առաջացած եթերային պարապը լցնելու համար, ինչից էլ ստացել է իր «օճառային օպերա» անվանումը:
«Օճառային օպերան» մեր կյանքում հայտնվում է անկախացումից առաջ, «պերեստրոյկայի» ժամանակ: Հենց միայն այս փաստից կարելի է եզրակացնել, որ սերիալները կապ ունեն դեմոկրատիայի հետ: Խորհրդանշական էր այն, որ առաջին սերիալը, հեռարձակվող խորհրդային կենտրոնական հեռուստատեսությամբ, առնչվում էր ստրկության թեմային («Ստրկուհի Իզաուրան»): Մյուս ոչ պակաս հայտնի սերիալը իտալական «Սպրուտն» էր, որի հերոսը պետական կոռումպացված համակարգի դեմ միայնակ դուրս եկած ոստիկանն էր:
Խոսվեց զանգվածային մշակույթի ադապտացիոն գործառույթի մասին: Խորհրդային Միության տապալումից և նոր` կապիտալիստական տնտեսաձևի անցնելուց հետո հատկապես զգացվում էր ադապտացիոն միջոցների անհրաժեշտություն, և այդ առումով սերիալը անփոխարինելի է, քանի որ այն առաջարկում է նոր տիպի հարաբերությունների, կենցաղավարության, կենսակերպի, վարքի մոդելներ ամենատարբեր կենսական իրավիճակների համար: Անկախ Հայաստանում հայկական և ռուսական հեռուստաալիքները ցուցադրում էին հիմնականում մեքսիկական, բրազիլական, արգենտինական սերիալներ և «Սանտա Բարբարան»: Սա մարդու մասնավոր կյանքը, նրա անձնական ողբերգությունները և ուրախությունները կարևորելու միջոց էր, ինչն ազատական տնտեսության անցած պետության քաղաքականությունն էր:
Հետաքրքրական է նաև այն, որ անկախության առաջին տարիներին սերիալները կապված էին էներգետիկ ճգնաժամի ու հովհարային անջատումների հետ: Էլեկտրական լույսն ասես հրաշքով միանում էր սերիալների հեռարձակման ժամանակ: Իսկ եթե նման բարեբախտություն տեղի չէր ունենում, հարևանները հաճախ հավաքվում էին մեկի տանը, որը ուներ «լեվի լույս» կամ «դվիժոկ» կամ էներգիայի այլ այլընտրանքային աղբյուր, և կլանված դիտում էին սերիալը: Այսպիսով սերիալն ասես լույս էր սփռում այն անթափանց խավարում, որ ստեղծվել էր արժեքային համակարգի փլուզման հետևանքով: Խորհրդային մարդը սովորում էր ապրել կապիտալիստական աշխարհում ապրող մարդու պես, զգալ նրա զգացածը, սիրել ու տառապել նրա նման: Սա ավելի կարևոր էր, քան պարզապես ժամանցը:
Նոր հազարամյակի առաջին տասնամյակի կեսերից Հայաստանում սկսվեց սերիալային բումը: Արևմտյան արտադրության սերիալներն իրենց տեղը զիջեցին տեղական արտադրության սերիալներին: Հայրենի զանգվածային մշակույթի ներկայացուցիչները փորձեցին ձևավորել վարքի, կենսակերպի, կենսաձևի նոր մոդելներ` առավել համահունչ մեր նիստուկացին: Դա առաջին հայացքից:
Իրականում այս գովելի գործընթացը կապված էր դեմոկրատիայի նահանջի հետ, համենայն դեպս այն դեմոկրատիայի, որի մոդելն առաջարկում է Արևմուտքը: Դա ոչ միայն և ոչ այնքան Արևմուտքի առաջարկած լուծումները մերժելու և սեփականը մշակելու փորձ էր, որքան հետխորհրդային տարածքում ընդհանուր միտում` թելադրված ռուսական ազդեցությամբ: Տեղական սերիալներն ասես ռուսականի պատճենը լինեին, երբեմն էլ պարզապես տեղայնացնում էին դրանք («Բանակում»): Մի կողմից` դասական գրականության նմուշների էկրանավորումը, որ սերիալը փորձում է պահել բարձր արվեստի տիրույթում, մյուս կողմից` սնկի պես բազմացած, մեկը մյուսից չտարբերվող քրեական սերիալները:
Հեռուստատեսային քաղաքականությունը վերանայելու մի փորձ եղավ երկու տարի առաջ (կապված մի շարք աղմկոտ սպանությունների հետ), որի արդյունքում ընդունվեցին տխրահռչակ չափորոշիչները: Դրանցով կրիմինալը հայտնվեց գրաքննության տիրույթում: Երկու տարի է անցել, սակայն կրիմինալը շարունակում է հաջողությամբ գոյատևել սերիալներում:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից հետո, որն արձագանք գտավ հասարակության ամենատարբեր շերտերում, կրկին մեղավոր գտնելու անհրաժեշտություն առաջացավ: Եվ կրկին քավության նոխազ դարձան հեռուստատեսությունն ու հատկապես սերիալները: Նախագահին հասցեագրված հայտնի գրության տակ ստորագրած մտավորականները համարում են, որ առավել «անվտանգ», ապաքրեականացված ու ապագռեհկացված եթերի պարագայում մենք կունենանք միանգամայն այլ հասարակություն: Մտավորականության մի մասն էլ, որ այս գործընթացում տեսնում է ընդամենը գրաքննության մեխանիզմի սանձազերծման վտանգ, ընկնելով այլ ծայրահեղության մեջ, հերքում է գեղարվեստական իրականության ազդեցությունը իրական կյանքի վրա:
Եվ այդպես ստեղծվել է փակ շրջան: Պետք է հասկանալ, որ սերիալները չեն կարող լինել «անվտանգ», քանի դեռ ունենք կյանքի համար վտանգավոր հասարակություն, միաժամանակ հասարակության մեջ ինչ-որ բան փոխելը հնարավոր է միայն մեդիայի դաշտում փոփոխություն կատարելով: Սակայն այդ փոփոխությունը չի նշանակում անկաշառ ոստիկանի կամ «ուղղված» գողականի կերպարների ներմուծում, որոնք արժանահավատ չեն անգամ իրենց ստեղծողների համար: Ժամանակակից աշխարհում շատ ավելի նուրբ և խորամանկ մեխանիզմներ կան մեդիայի միջոցով իրականության վրա ներազդելու համար: Եվ երկու տարի առաջ ձեռնարկված փորձի ձախողումը նշանակում է, որ Հայաստանում չկան որակյալ մեդիամասնագետներ:
Արփի ՈՍԿԱՆՅԱՆ