Հարություն Խաչատրյան. «9-րդ «Ոսկե ծիրանը» սահմանագիծ է»
Արդեն 9-րդ անգամ անցկացվող (հուլիսի 8-15-ը) «Ոսկե ծիրան»” միջազգային կինոփառատոնի օրերին քաղաքը կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչների, որոնց ներկայությունը հուլիսյան Երևանին նոր շունչ և նոր գույն կբերի: Երևանյան «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնին ընդառաջ «Կինոաշխարհը» զրուցել է փառատոնի հիմնադիր-տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ: Նա համոզված է, որ 9-րդ փառատոնը մեծ ամբողջական ծրագրի սահմանագիծն է, որով և պետք է վերջնականապես հաստատվի այն, ինչ արվել է այս ինը տարիների ընթացքում. այն, որ Երևանը դարձել է հեղինակային կինոյի կենտրոններից մեկը, որտեղ կարելի է դիտել աշխարհի հայտնի կինոգործիչների հետք թողած ֆիլմերը:
– Պարոն Խաչատրյան, փառատոնն իր գոյության ինը տարիների ընթացքում ի՞նչ կարևոր աշխատանք է կատարել:
– Ամեն տարի փառատոնի օրերին քաղաքում մեծ աշխուժություն և խանդավառություն է սկսվում: Չնայած հուլիսյան տապին ու հեղձուկին` կինոսիրող հանրությունը շտապում է ներկա գտնվելու մրցութային և հետաքրքիր ֆիլմերի ցուցադրումներին, ինչպես նաև դրանց հեղինակների հետ հանդիպումներին: Իսկ «Ոսկե ծիրանի» ամենամեծ ձեռքբերումն այս տարիներին կինոսիրող հանդիսատեսի դաստիարակությունն էր. կարծես դաստիարակեցինք մի այնպիսի հանդիսատես, որն ինտելեկտուալ, հոգևոր և հեղինակային կինոյի սիրահար է: Այդ հանդիսատեսի գոյությունն ինը տարի անց արդեն իրողություն է և լուրջ ձեռքբերում:
Միայն մեկ կինոթատրոնով, 2-3 կինոդահլիճով որևէ երկրում կինոփառատոն չի կազմակերպվում: Բայց մենք 9 տարի է արդեն` շարունակում ենք այդ պայմաններում փառատոն անցկացնել: Ես ուրախ եմ ու հպարտ, որ այդ մի քանի կինոդահլիճներն արդեն լեփ-լեցուն են այն հանդիսատեսով, որը սիրում է իսկական կինոն ու պատրաստ է դիտել այն անգամ սրահի անկյուններում, հատակին նստած:
– Ի՞նչ զարգացումներ ունեցավ կինոդպրոցը:
– «Ոսկե ծիրանի» ձեռքբերումներից է նաև գործող կինոդպրոցը, որի շուրջ հավաքված հետաքրքիր ու շնորհաշատ երիտասարդ ռեժիսորներից շատերը ստեղծեցին կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր, որը մեծ հաջողությամբ առաջ է գնում: Սակայն այս ընթացքում մենք եկանք այն համոզման, որ մասնագիտական բուհերում ուսանելուց հետո կինոդպրոց եկածներից շատերի մեջ այլևս դժվար է նորից արթնացնել մարդկային պարզ, պայծառ, հասկանալի ու անսովոր պատմություններ նկարելու ցանկությունը: Պետք է ավելի շուտ սկսել` դեռ հանրակրթական դպրոցներից, և առաջիկայում կինոդպրոցը ուսանելու կհրավիրի արդեն 13-16 տարեկան երեխաներին: Այս առումով «Ոսկե ծիրանն» արդեն համագործակցում է ԹՈՒՄՈ կենտրոնի հետ, որտեղ անցկացվել են կինոցուցադրումներ, դասախոսություններ և սեմինար-պարապմունքներ: Բացի այդ, փառատոնը սկսել է համագործակցել նաև մեկ այլ մանկապատանեկան` «Մանանա» ստուդիայի սաների հետ, որտեղ շատ լավ գործեր են արվում, և «Ոսկե ծիրանն» էլ փորձում է օգնել նրանց կայանալու և նոր ուղիներ գտնելու հարցում: Բայց և´ «Մանանա» ստուդիան, և´ ԹՈՒՄՈ կենտրոնը դեռևս քիչ են, որ Հայաստանում կինոյի նոր ալիք սկսվի: Եթե ուզում ես ստանալ նոր ալիք կամ նոր խոսք կինոյում, ուրեմն չպետք է լինեն մեկը կամ երկուսը, գոնե 100 մարդով պետք է զբաղվես, որպեսզի 10-12-ը կարողանան սկսել, իսկ 5-6-ը` շարունակեն:
Կինոյում նոր ալիք ունենալու համար մեծ մասշտաբներ են պետք, որպեսզի տեսանելի շրջադարձ ունենանք: Փառատոնի պատասխանատուները սկսել են ավելի ուշադրություն դարձնել կրթական ծրագրերին, քանի որ առանց դրանց XXI դարում անհնար է նոր կինո նկարել: Մենք չենք ուզում շոու սարքել Երևանում կամ բերել ֆիլմեր, որոնք գլուխ ջարդելով կնայեն, բայց դրանից որևէ հետք չի մնա: Այսօր կրթելու, սովորեցնելու, կինոհիվանդությունը տարածելու խնդիր ունենք, որովհետև կինոն շատ կարևոր զենք է փոքր ազգերի ձեռքին, և եթե չնկարեն, ուշադրություն չդարձնեն, չարտահանեն, ապա կզրկվեն շատ մեծ մշակութային զենքից:
– Այս տարի «Ոսկե ծիրանն» ի՞նչ նոր ծրագրեր է պատրաստել հանդիսատեսի համար:
– Այս տարի նույնպես շարունակվելու են կինոդասերը: Վարպետության դասեր կանցկացվեն ԹՈՒՄՈ-ում, նաև` քաղաքի կենտրոնում երիտասարդների և մեծերի համար: Այս տարի ընտրվել են Կաննի փառատոնի լավագույն ֆիլմերը: Երևանի 9-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կեզրափակվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմի բացառիկ ցուցադրությամբ: Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր, հռչակավոր Միքայել Հաննեկեի սիրո և հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժևորված է աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրենտինիանի, Էմանուելլա Ռիվայի և Իզաբել Հուպերտի խաղով:
«Երևանյան պրեմիերաների» ծրագրում կցուցադրվի Կաննի փառատոնի այս տարվա բացման ֆիլմը` Ուես Անդերսոնի «Լուսնկայի թագավորությունը»: «Երևանյան պրեմիերաները» կներկայացնի նաև Կաննի հիմնական մրցույթի մասնակից «Բլուրներից այն կողմ» (ռեժ.` Քրիստիան Մունջու) և «Դրախտ. սեր» (ռեժ.` Ուլրիխ Զայդլ) ֆիլմերը: Իսկ 2011 և 2012 թթ. «Ֆիպրեսի» մրցանակակիրներ «Մշուշում» (ռեժ.` Սերգեյ Լոզնիցա) և «Իշխանավորը» (ռեժ.` Պիեռ Շյոլեռ) ֆիլմերը ներկայացված են «Ոսկե ծիրանի» հիմնական մրցութային ծրագրում:
Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի գրական ստեղծագործության էկրանավորմամբ` Համո Բեկնազարյանի 1926 թ. նկարահանած “Շոր և Շորշոր” կատակերգությամբ, որը հուլիսի 8-ին կներկայացվի Վահագն Հայրապետյանի և նրա ջազ խմբի նոր երաժշտական ձևավորմամբ:
Տարվա նորություններից մեկն էլ “Գիրքը և կինոն” ծրագիրն է, որի շրջանակներում ցուցադրվելու են համաշխարհային և հայ գրականության լավագույն էկրանավորումները: Այն իրականացվում է “րևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք” համապետական ծրագրի շրջանակներում: Գրականությունը մինչ օրս էլ սնում է կինոն, և այդ երկուսի կապը շատ հետաքրքիր է, թե ինչպես է գրական երկը վերածվում կինոլեզվի և դառնում մեկ այլ գործ:
Ըստ իս, այսօր պատկերը էապես փոխվել է, քանի որ հատկապես հայկական իրականության մեջ ռեժիսորները և կինոգետները գրեթե չեն օգտվում գրականությունից: Միայն սեփական մտահղացումների վրա հնարավոր չէ ֆիլմ ստեղծել: Հեղինակային կինո նկարելու և սցենար գրելու իրավունք ունի հազարից մեկը: Եթե նույնիսկ հեղինակային կինոյով ես զբաղվում, սցենարիստները պետք է լինեն ուրիշները, որոնք կօգնեն քեզ գրականության միջոցով արտահայտվելու այդ կինոլեզվով:
«Ոսկե ծիրան» 9-րդն էլ նախորդ տարիների նման ունի մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: Կանցկացվեն երեկոներ ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կինոգործիչների հիշատակին:
Այս անգամ ևս փառատոնը կունենա «ԱՊՀ երկրների ֆիլմեր» ծրագիրը: Այն շատ կարևոր ծրագիր է, քանի որ նախկին խորհրդային տարածքում կինոն համաչափ չի զարգանում. շատ երկրներում գնում են մի ուղղությամբ, ուրիշներում բոլորովին այլ է ուղղությունը, իսկ մի մասում էլ գրեթե շարժում չկա: Մի խոսքով, տեսնելը, համեմատելը և հակադրելը, դրա մասին խոսելը շատ կարևոր է:
– Ի՞նչ է տեղի ունենում փառատոնից հետո:
– Ես միշտ էլ հայտարարել եմ և բազմիցս կրկնել, որ այն, ինչ մենք անում ենք փառատոնի ընթացքում, առաջին փուլն է: Հետփառատոնային շրջանը մեր գործունեության երկրորդ փուլն է, որը, ցավոք, ինձ չի գոհացնում մի շարք պատճառներով:
Ինը տարի անց «Ոսկե ծիրանը» չունեցավ իր փառատոնային կենտրոնը, որտեղ էլ կլուծվեին այն բոլոր խնդիրները, որոնք առաջանում են փառատոնից հետո: Խոսքը շարունակական ուսուցման, ֆիլմերի ցուցադրությունների, քննարկումների, փոքր կրթական կինոտաղավարների և այլ ծրագրերի մասին է: Փառատոնային կենտրոնի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, ինչպիսին աշխարհի լավագույն փառատոները ունեն, և նույնիսկ` վատագույնները, որովհետև հարուստ ու մեծ երկրներում են: Բայց կարծում եմ` այն խոստումները, որ մեզ տվել են և´ կառավարությունը, և´ նախարարությունը, և´ քաղաքապետարանը փառատոնային կենտրոն հատկացնելու վերաբերյալ, որտեղ կունենանք երկու-երեք դահլիճ, եթե կատարեն, հարցերը կլուծվեն, փառատոնը կշարունակվի ամբողջ տարին:
– Ի՞նչ չի հաջողվել անել ինը տարիների ընթացքում:
– Կան բաներ, իհարկե, որ չենք կարողացել անել, բայց դրանք տեխնիկական հարցեր են. ասենք` ֆիլմեր բերելը կամ դրանք մի քանի անգամ ցուցադրելը փառատոնի օրերին: Ֆիլմ բերելու ծանր աշխատանքն այսօր չի արդարացվում, քանի որ մրցանակակիր ֆիլմերը մեկ անգամից ավելի չենք կարողանում ցուցադրել, այն էլ ընդամենը 500 հանդիսատես է կարողանում դիտել: Սա չարդարացված աշխատանք է: Ցավոք սրտի, դեռևս չի լուծվել նաև թարգմանական տեխնիկայի հարցը. ամեն տարի այս փոքրաթիվ աշխատակազմով և ֆինանսավորմամբ 150 ֆիլմ թարգմանել տարբեր լեզուներից և պատրաստել ենթագրեր, շատ դժվար է: Ինձ չի գոհացնում նաև, որ այս տարիներին չավելացան կինոթատրոնները. դա լուրջ խնդիր է, որովհետև կինոն չի զարգանա երբեք, եթե դիստրիբուցիան լավ վիճակում չէ և գումար չի վաստակում:Մեծ ցանկություն ունեինք այս տարիներին օգնելու հայկական կինոյին, ավաղ, այդ ուղղությամբ արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն: Վավերագրական կինոյի ոլորտում որոշ թվով ֆիլմեր ստեղծվել են (անկախ ստուդիաներում), բայց խաղարկային կինոյին, որը կապված է մեծ գումարների հետ, մենք հնարավորություն չունեցանք օգնել, չկարողացանք նպաստել արտադրության պրոցեսներին: Միգուցե դժգոհություն կա, որ լավ չեն կազմվում հայկական ֆիլմերի ծրագրերը, միշտ ավելի թույլ են, քան մնացած բոլոր ծրագրերը: Բայց դրա պատճառները փառատոնից դուրս են և այլ խոսակցության նյութ են:
Զրուցեց Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆԸ