big_b11e0bf9fc06c7042137e15bc8c07c73_ts1337841265Եթե կա կինոաշխարհ, ուրեմն կա նաև կինոաշխարհագրություն` իր տեղանուններով, ուրեմն դրա բնակիչներն ունեն նաև իրենց տաճարները, երկրպագության վայրերն ու հավաքատեղին, որոնք անվանում ենք կինոթատրոն: Մեր կինոաշխարհն էլ ծովից ծով երկրի պես փոքրացել-փոքրացել ու դարձել է մի բուռ: Իր երբեմնի տաճարներից շատերը թեև կանգուն են առայսօր, մարդիկ նրանցում այլ աստվածների են երկրպագում, ու Հայաստանը ներկայումս երեք գործող կինոթատրոնի երկիր է դարձել` երկուսը մայրաքաղաքում, մեկն էլ Գյումրիում: Հին տաճարների երբեմնի փառքով կինոաշխարհը չի վերածնվի, բայց կինոթատրոնների խոսուն անունները չարժի մոռանալ, ուստի և փորձենք վերհիշել գոնե մայրաքաղաքում նրանց տեղն ու դերը կամ բացենք տեղանունների խորհրդանշական իմաստները: Եթե տուրք տանք  հավատալիքներին, անունը ճակատագիր է ու ինքնության անքակտելի մաս, ուրեմն տալով մեկի անունը` երբեմն չես թողնում, որ նա անէանա, դառնա անանուն: Ասում են` մեկն ապրում է, քանի դեռ չեն մոռացել իր անունը, մեկ էլ ասում են, թե անգամ ավերված տաճարներն են կանգուն, քանի դեռ ուխտագնացներ կան: Երևանում կինոթատրոններ եղել են ավելի վաղ, քան ի հայտ կգար հայկական կինոն (հայ կինոյի ծննդյան օրն ընդունված է համարել 1923 թ. ապրիլի 16-ը), երևի դրանով է պայմանավորված, որ դրանց սկզբում օտարահունչ անուններ են տվել կամ պարզապես սեփականատիրոջ ազգանունը դրել: Դեռ 1910-ին Վ. Գագուան և Բ. Ջանիբեկովը դիմել են Երևանի գավառապետին, որ «Իլյուզիոն» կոչվող կինոթատրոնում նոր սարքավորումներ տեղադրեն: Մինչև խորհրդային կարգերը Երևանում գործել է երկու մասնավոր ամառային կինոթատրոն` «Ապոլլոն», որ հետագայում վերանվանվեց «Պրոլետար», ու «Ավանեսով և Խաչատուրովը»:  1923-ին Երևանում բացվեց «Պետկինո» ամառային կինոթատրոնը, միաժամանակ մասնավոր սեփականություն հանդիսացող բոլոր գործող կինոթատրոններն ազգայնացվեցին:

1. ՆԱԻՐԻ

(Մաշտոցի պողոտա, 50)

kinotatron.nairi1924-ին Չարենցն ավարտում է իր «Երկիր Նաիրի» պոեմանման վեպը, որի առաջաբանում գրում է. «Գուցե ճիշտ որ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն – կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ` սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ – ոչինչ: Ոչ մի «երկիր Նաիրի» -այլ միայն -մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան…»: Նույն թվականին բացվում է մեր ամենահին կինոթատրոնը` «Նաիրին», որը մինչև 50-ականները գործում էր ներկայիս արտգործնախարարության հասցեով` Ամիրյան փողոցում: Հայկական կինոյի առաջին տաճարում, որ խորախորհուրդ անուն էր կրում, առաջին ցուցադրված ֆիլմը հայկական էր` «Զարե»: Կինոթատրոնն ուներ փակ և բաց` ամառային դահլիճներ, այնուհետ տեղափոխվեց Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում Թամանյանի նախագծած շենքը (1952-54 թթ): Այժմյան` Մաշտոցի պողոտայի շենքը նույնպես թամանյանական է` նախագծված Ալեքսանդր Թամանյանի որդու կողմից: Նաիրին (ասորիների մեզ տված անունն է, որ «գետեր» է նշանակում), հազարամյակներով հոսել հասել է մեզ իբրև տարածված արական անձնանուն, ռոք խմբից մինչև կլինիկայի անվանում, իբրև չտեսնված երկիր կամ երկրներ, իբրև ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն ու կինոթատրոն` կիսված, օկուպացված, կործանման եզրին, բայց գետի պես հարահոս, որ մի հրաշքով ապրում է դեռ ու ապրեցնում: «Գուցե ճիշտ որ միրաժ է «Նաիրին»:

2-3. ՈՒՐԱՐՏՈՒ ԵՎ ԷՐԵԲՈՒՆԻ

(Էրեբունի)

Ու քանի որ կինոթատրոնների անունների պատմության մեր թվագրությունը սկսվեց «Նաիրիով», ուրեմն, պատմական ժամանակացույցին հավատարիմ մնալու համար, հաջորդը Ուրարտուն է` իր մայրաքաղաք Էրեբունիով: Հենց Երևանի Էրեբունի մասիվ կոչվող թաղամասում էին մի ժամանակ գործում «Ուրարտու», իսկ Էրեբունի պողոտայում էլ` համանուն` «Էրեբունի» կինոթատրոնները:  Երեկվա իրողությունները, խառնվելով մ.թ.ա. IX-VI դդ. հիշողություններին, նմանվում են Էրեբունի-Երևան թանգարանի բացօթյա հատվածին, որտեղ որմնանկարների վրա այցելուները նոր «սեպագրով» արձանագրել են «BABO»:

4. ԶՎԱՐԹՆՈՑ

(Ազատության պողոտա, 6)

«Զվարթնոցը» գալիս է հիմնավորելու «կինոթատրոնը` իբրև կինոաշխարհի տաճար» ընկալումը: Երկնավոր Զվարթնոցը մեր հոյակերտ տաճարն է, երկինք հասնելու մեր կոտրված թևը, մեր երբեմնի թռիչքի ամենաակնառու վկայությունը, որ նվիրված էր երկնային զվարթուններին: Չէ՞ որ «զվարթուն» հայերեն նշանակել է նաև հրեշտակ: Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»: Պարզ է, որ մեր օդանավակայանն այլ անուն չէր էլ կարող ունենալ: Զվարթնոցը` անգամ ավերակ, այնքան զորեղ է, որ իր շուրջը` մի քանի կիլոմետր շառավղով, ամեն բան իրենով է արել, այդ թվում և Ազատության պողոտայի կինոթատրոնը: Խաղատների գիշերային լույսերը մեզ չեն կուրացրել, ու անզեն աչքով երևում է` չկան այլևս դեպի «Զվարթնոց» թևանցուկ կինո գնացող ուրախ-զվարթ զույգերը:

5. ԱՆԻ

(Սեբաստիայի փողոց, 1)

Անիում Զվարթնոցի նմանությամբ Գագիկ Ա Բագրատունին մի տաճար կառուցեց, որ իր պատվին անվանում էին Գագկաշեն: Երևի Գագկաշենն էլ էր ուզում տեսնել Շիրազը, երբ ասում էր. «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»: Անին` իր անունը մի ողջ թագավորության տված մեր քարե գեղեցկուհին, մեր մայր ամրոցը, որից միայն ավերակներ են մնացել: Անին այնքան սիրված էր ու սիրուն, որ անգամ աղջկա տարածված անուն դարձավ ու կոնյակ` ինչպես տղա-կոնյակ դարձած Նաիրին: «Անին» մի ժամանակ նաև կինոթատրոն էր` Սեբաստիայի 1  հասցեով, որտեղ ոչ ոք այդպես էլ չտեսավ ավերված Անին պատկերող մի ֆիլմ:  Այս Անին` որպես շենք, դիմացավ ու չավերվեց իր մեջ երկար ժամանակ պտտվող տորնադոյից ու դեռևս կանգուն է (կինոթատրոնի շենքում երկար ժամանակ գործում էր «Տորնադո» գիշերային ակումբ): Շիրազն էլ չկա, նրա երազը մնաց անկատար, ու չկա նաև էդ կողմերում մեծացած մի աշուղ-օլիգարխ, որ իր մանկության կինոթատրոն «Անին» ուզենա տեսնել վերաբացված ու նոր մեռնել, եթե անգամ վերանվանվի այն «Գագկաշեն»

6. ԱՐԱԳԱԾ

(Հալաբյան փողոց, 18)

ԱրագածԱրագածը մեր հիացմունքի հասանելի բարձունքն է` ի տարբերություն Արարատի, որ մնում է իբրև փառքի անհաս ճամփա: Երկու սրբազան սարերն էլ իրենց անունը տվել են կինոթատրոնների, բայց Արագածը, որ իր անունն է տվել Հալաբյան փողոցում գտնվող կինոթատրոնին, ավելի երկարակյաց գտնվեց: Բոուլինգի խաղասրահից մինչև  ավտոսալոն դարձած շենքն առայսօր մարդիկ անվանում են կինոյի շենք, իսկ հարակից կանգառն ու տարածքն էլ հետը նրանց հուշերում մնացել են իբրև «Կինոարագած»` կարծես անտեսելով այն ակնառու փաստը, որ այստեղ վաղուց ֆիլմեր չեն ցուցադրվում: Հրազդանի կիրճի աջ ափին, որ կոչվում է Աջափնյակ, մեծն Թումանյանի անվան այգու ծերին այսօր էլ կանգուն է իր անվանակից լեռան պես նախկին կինոթատրոնի շենքը` իբրև բարձր սարի հինգերորդ գագաթ, որ հայոց համար մեծ խորհուրդ ունի:

7. ՀՐԱԶԴԱՆ

(Կիևյան փողոց, 8)

Հրազդանի կիրճից ձախ էլ` գետի անունն էր իր վրա վերցրել մի փոքրիկ կինոթատրոն: Հրազդանը գետ է ու քաղաք, ստադիոն ու գործարան, կենարար ջուր, որ ապրեցնում է Արարատյան դաշտը, ուրեմն և հաց է մեզ համար ու հացի տեսակ, ժամանակին նաև կինոթատրոն էր, որ հիմա կարծես խանութ են դարձրել:

8. ՍԵՎԱՆ

(Թամանցիների փողոց, 19)

Հրազդանն իր հերթին սկիզբ է առնում Սևանից, իսկ թե ինչ կարևոր դեր ունի հայի բնապաշտական ու հանապազօրյա կյանքում Գեղամա լեռների գեղեցկուհին, կարիք էլ չկա հիշեցնելու: Սևանը չէր կարող չլինել Երևանում` իբրև հյուրանոց, իբրև կինոթատրոն, ինչու չէ, նաև իբրև ռեստորան: Սևանը մեր ինքնության համար կարևոր մի անուն էր, որ սկզբում ջնջվեց մայրաքաղաքի քարտեզից, որ հետո հեռվում աննկատ ճահճանա:

9. ՀՈԿՏԵՄԲԵՐ

(Արշակունյաց պողոտա, 30)

Հատուկ անուն դարձած Հոկտեմբերը կտրուկ շրջադարձ բերեց աշխարհի շատ ժողովուրդների,  նաև` մեր կյանքում: Սովետի փլուզումից հետո իրական ու մշակութային քարտեզի վրա հազարավոր վերանվանումներ տեղի ունեցան, իսկ երբեմն էլ անունների հետ վերացան նաև դրանց տերերը:

10. ՊԻՈՆԵՐ

(Տերյան փողոց, 19)

Պիոները վզկապով դեռահասը չէ, առաջամարտիկն է: Առաջինը լինելը մոլուցք չէ, առողջ ձգտում է: Հիմա Հյուսիսային պողոտայի Տերյան փողոց-ճառագայթին  բար-ռեստորանի վերածված կինոթատրոնի մոտով անցնելիս շատերն են հիշում, որ ժամանակին հենց այստեղ են առաջին անգամ բացահայտել, որ պիոները վզկապով դեռահասը չէ:

11. ՈՒՍԱՆՈՂ

(Զեյթուն)

Ուսանողությունն իր ենթամշակույթն ունի: Ժամանակին, երբ Զեյթունում կար «Ուսանող» կինոթատրոն (Զեյթունում են ուսանողական հանրակացարանները), կար նաև սոցիալական այս խմբի կարևորության գիտակցումը, չնայած կինոթատրոնի դռները բաց էին բոլորի առջև, ինչպես մետրոն է կոչվում «Երիտասարդական», բայց այնտեղ պատահում են նաև ծերեր: Ու մի օր էլ մեր ուսանողը զրկվեց իր անվան կինոթատրոնից, մենք դարձանք երկուսուկես կինոթատրոնի երկիր, որտեղ ուսանողը  փող է տալիս, որ չսովորի:

12. ԱԲՈՎՅԱՆ

(Քանաքեռի 7-րդ փողոց)

Աբովյանը քաղաք է ու փողոց, դպրոց ու ինստիտուտ, գրադարան, արձան ու թանգարան: Մայրաքաղաքին կպած մի կանաչ քաղաք-արբանյակ ու Երևանի սրտի միջով անցնող մի երակ-փողոց, որ մեր Շանզ Էլիզեն է, մեզ դեպի քաղաքի հրապարակ-սիրտը տանող միակողմանի սիրո արահետը: Դժվար է ասել` ինչպիսին կլինեինք մենք այսօր, թե չլիներ այս բոլոր կառույցներին ու տարածքներին իր ազգանունը թողած քանաքեռցի Խաչատուրը, որ, ասում են, մի օր գնաց ու էլ չեկավ: Չեկավ, որ հետագա սերունդների համար դառնա քաղաք ու փողոց, դպրոց ու ինստիտուտ, գրադարան, արձան ու թանգարան և նաև կինոթատրոն, որ գործում էր մի ժամանակ իր ծննդավայր Քանաքեռի 7-րդ փողոցում: Ու թե մի օր քանաքեռցին «Աբովյան» կինոթատրոնում տեսնի, ասենք, Խաչատուրի կյանքը էկրանից պատկերող կենսագրական մի հզոր ֆիլմ, գուցե հենց դա էլ լինի վերագտնումը կորսված ճանապարհի, որ հետ կբերի գրողին դեպի տուն, դեպի հարազատ Քանաքեռ:

13. ԿՈՄԻՏԱՍ

(Կոմիտասի պողոտա, 45)

ԿոմիտասԿոմիտասն այգի, արձան ու պողոտա, կոնսերվատորիա ու համերգասրահ է, ու բոլորը մեկի անսահման սիրուց սերող, որ երգ ու նվագ դարձած մեր շուրթերից չի պոկվում, մեր ականջներից չի  հեռանում: Ավտոսալոն է դարձել նաև Կոմիտասի անվան երբեմնի կինոթատրոնի շենքը: Դե արի, վարդապետ, ու մի…

14. ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ

(Արցախի փողոց, 2)

Սասունցի ԴավիթԴավիթը հայի բզկտված մարմնի ամբողջացումն է, մեր հավաքական հզորությունը, որին Քոչարը մարմին տվեց, իսկ «Հայֆիլմը» դարձրեց մեր կինոյի տարբերանշանը: Հենց Դավթի արձանից ձախ` կայարանամերձ հրապարակում էլ կառուցվեց համանուն կինոտաճարը, որ հետո դարձավ առաջին քանդված կինոթատրոնը: Կան տարբեր պատճառաբանություններ, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու քանդեցին կինոթատրոնը: Դա սկիզբն էր ավերումի մի աշխարհի, որ կոչվում է հայկական կինոաշխարհ, ու զարմանալի զուգադիպությամբ առաջին զոհը դարձավ հայ կինոն մարմնավորող, ազգային էպոսի հերոսի անունը կրող թատրոնը:

15-16. ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՆՈՐՔ

(Հարավ-արևմտյան  և Նորքի առաջին զանգվածներ)

Սովետական նորմատիվների համաձայն` բոլոր բնակելի նորակառույց թաղամասերը պետք է ունենային իրենց մշակութային համապատասխան օջախները: Բնականաբար, Երևանի Հարավ-արևմտյան զանգվածում էլ կար կինոթատրոն, որ «Հայաստան» էր կոչվում, մեկն էլ կար մեկ այլ  զանգվածում` Նորքի առաջինում ու հենց «Նորք» էլ կոչվում էր: Կինոդահլիճներում նորաբնակ երևանցիները զանգվածային արդիականացման սեանսներ էին անցնում:

17. ՀԱՅՐԵՆԻՔ

(Արշակունյաց պողոտա, 38)

ՀայրենիքԵթե կա կինոաշխարհ, ուրեմն կա նաև կինոհայրենիք, իսկ դա, նախ և առաջ, աշխատավոր ժողովրդինն է:  Կինոհայրենիքը կա, աշխատավոր ժողովուրդն էլ դեռ կա, բայց ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է…

 

 

18-19. ՌՈՍԻԱ ԵՎ  ՄՈՍԿՎԱ

(Տիգրան Մեծի պողոտա, 14, Աբովյան, 18)

ՌոսիաԿա կարծիք, որ հայ կինոն անկախության 20-ամյա պատմության ընթացքում կորցրեց իրեն, քանի որ կորցրեց մեծ եղբոր հովանավորությունը: «Ռոսիան» վաղուց էլ մեր ամենամեծ կինոթատրոնը չէ, այլ` տոնավաճառ, որտեղ օրնիբուն ինչ ասես ծախում ու առնում են: Անգամ վերանվանումն «Այրարատի» չփրկեց իրավիճակը, և սեփականատերերը կրկին հոգեդարձ արեցին հին «Ռոսիան»` վերաձևակերպելով իբրև առևտրամշակութային օբյեկտ: Մեր կինոաշխարհում չկան մեսիաներ, որ առևտրականներին դուրս անեն տաճարից: Ամեն դեպքում, երևանյան կինոթատրոնների մեր քսանյակից այսօր գործող երկուսից մեկը «Մոսկվան» է: «Մոսկվան» այդպես էլ չվերանվանվեց: Սկսած իր բացման 36 թվականից` նույն անունն ունի, կարծես հավաստելու համար, որ եթե նախկինում բոլոր ճանապարհները Հռոմ էին տանում, հիմա մեր կինոճանապարհները Մոսկվա են տանում: Ու թեև «Մոսկվան» իր մայր «Ռոսիայի» նմանությամբ առևտրամշակութային օբյեկտ է (տարածքում հաջողությամբ տնավորել են թե´ խանութներ, թե´ սրճարաններ և անգամ ակումբ), բայց շարունակում է լիարժեք գործել իբրև կինոթատրոն: Թերևս միակ բացը ամառային դահլիճն է, որ չի գործում, և որի վրա պարբերաբար քանդման սև-մութ ամպեր են կուտակվում:

20. ԵՐԵՎԱՆ

(Տիգրան Մեծի պողոտա, 6)

Երևանը էպիկենտրոնն ու կիզակետն է մեր բոլոր ցնցումների, բախումների, վերելքների ու նվաճումների: Պատահական չէ, որ իր անունը կրող կինոթատրոնի պատմությամբ է երևան գալիս աղետի ողջ ողբերգությունը, որ կատարվեց մեր փոքրիկ կինոաշխարհում: Երևանի` իբրև կինոթատրոնի անկումը տեսանելի էր կարծես որպես հազար անգամ դիտած ֆիլմից մի դրվագ, որում միայնակ մեկը ճարահատյալ մարմնավաճառ է դառնում, որ կարողանա պահել կամ փրկել իր համար կարևոր ու թանկ մի բան: Բայց ծանոթ այդ պատմությունը սովորաբար տխուր ավարտ է ունենում, երբ մարմնավաճառը ծերանում ու հերթով կորցնում է իր հաճախորդներին: Ահա նման մի ճակատագրով էլ ապրում էր վերջին տարիներին «Երևան» կինոթատրոնը, որտեղ իբր էրոտիկ ցածրորակ ֆիլմեր էին ցուցադրվում, մինչև որ ինտերնետը դարձավ հասանելի, իսկ էրոտիկան վերջնականապես կորցրեց իր արգելված պտղի համը:

Արմեն ՕՀԱՆՅԱՆ