«Միացյալ Նահանգներում եթե որևէ բանի կարոտում էի, ապա դա տեսախցիկն էր»
«Մոսկվա» կինոթատրոնում մայիսի 19-ին կայացավ «Անմեղ մեղավորները» գեղարվեստական ֆիլմի երևանյան պրեմիերան, որի հիմքում հայտնի «Մեղավորները» սերիալն է: Այս առիթով էլ «Կինոաշխարհը» հնարավորություն ունեցավ զրուցելու ֆիլմի դերակատարներից մեկի և հայկական կինոյի աստղ Ալլա Թումանյանի հետ:
«Փառքը պարգև չէ, այլ պատասխանատվություն, և որքան շատ են քեզ ճանաչում, այնքան պիտի զգույշ լինես ևʹ քո արտահայտություններով, ևʹ քայլերով: Շատ բաներ, որոնք կարող էի անել 20 տարեկանում, հիմա չեմ անի: Կարծում եմ` դա պատասխանատվությունն է, որը տարիների ընթացքում մեծանում է»:
– Դերասանուհի դառնալու որոշումը ժամանակին հայկական ոչ բոլոր ընտանիքներում էր հեշտությամբ ընդունվում: Ինչպե՞ս դա ընդունվեց Ձեր ընտանիքում:
– Անկեղծ ասած, ես այնքան էլ ավանդական ընտանիքում չեմ մեծացել: Երբ ծնվեցի, հայրս արդեն չկար: Մայրս ամուսնացավ երկրորդ անգամ: Ինձ մեծացրել է տատիկս, որը ազգությամբ լեհուհի էր: Ես հաճախում էի ռուսական դպրոց, որտեղ հայերեն սովորում էին երրորդ դասարանից և ըստ ցանկության, այսինքն` կարող էիր նաև չընտրել այդ առարկան: Սակայն տատիկս ստիպեց, որ անպայման սովորեմ հայերեն: Իմ կյանքը մինչև յոթ տարեկան դառնալս տատիկս գրել է, ամեն օր, յուրաքանչյուր քայլս: Նա պատմում էր, որ երեք տարեկանում` իմ ծննդյան օրը, բոլոր հյուրերի ներկայությամբ բարձրացել եմ աթոռին ու հայտարարել. «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ»: Փաստորեն դերասանուհի դառնալու իմ որոշումն ընդունել եմ երեք տարեկանում: Իսկ իմ որոշումները հեշտությամբ եմ իրագործել, որովհետև տատիկս ինձ միշտ վստահել է, երբեք չի մերժել, քանի որ երբեք էլ չեմ խնդրել նրանից մի բան, որն ինձ տալ չէր կարող:
Պապս հայտնի ակադեմիկոս էր` Միքայել Թումանյանը: Մայրս շատ էր ուզում, որ ընտրեմ նրա ճանապարհը, զբաղվեմ գիտությամբ, բայց, ինչպես ասացի, ես իմ ընտրությունն արդեն արել էի: Քանի որ մենակ էի մեծացել, ամենից շատ ինձ հետաքրքրում էր մարդ արարածը, իսկ դերասանի մասնագիտությունը, ըստ էության, մարդագիտություն է: Այստեղ կա հույս, լույս, բեմ, բարձրություն, գաղտնիք, որը ինձ միշտ գրավել է:
Ընդունվեցի թատերական ինստիտուտ և 1971 թ. ավարտեցի Կիմ Արզումանյանի կուրսը: Շատ եմ սիրել իմ ուսուցչին: Նա չափազանց խիստ էր և իսկապես “արհեստ» էր սովորեցնում: Յուրաքանչյուր արվեստ իր մեջ պիտի արհեստ ունենա, որին պիտի լավ տիրապետես: Ինստիտուտից հետո Վարդան Աճեմյանի հրավերով գնացի Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ իմ առաջին դերը եղավ Ամալյայի դերը Շիլլերի «Ավազակներում»:
– Կինոյում Ձեր կնքահայրը դարձավ Էդմոն Քյոսայանը: Հենց նա նկարահանեց Ձեզ «Տղամարդիկ» ֆիլմում: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:
– Ինչպես գիտեք, նրա կինը` Լաուրա Գևորգյանը, Արամոյի հորաքույրն է, իսկ Արամոյի հետ նույն բակում էինք ապրում: Բացի այդ, նաև բարեկամական կապ կար. Սկեսրայրիս` Սերո Խանզադյանի եղբոր աղջիկը Արամոյի մայրն է, այսինքն` նրանց հարսը: Իհարկե, ինձ ընտրելու միակ պատճառն այս կապը չէր: Քյոսայանը շատերին էր փորձել և, ի վերջո, որոշել, որ Կարինեի կերպարի համար ես ամենահարմար թեկնածուն եմ: Ես շատ շնորհակալ եմ նրան. Քյոսայանն ինձ սովորեցրեց նկարահանման հրապարակում չնկատել մարդկանց, չշեղվել և աշխատել միայն տեսախցիկի հետ: Կենտրոնանալու այդ կարողությունը հետագայում ինձ չափազանց օգնել է ֆիլմերում նկարահանումների ժամանակ: Նա ինձ նաև կարգապահություն սովորեցեց: Մի անգամ ուշացել էի նկարահանումներից, խիստ զգուշացրեց. «Հաջորդ անգամ դերից կզրկվես»: Նա շատ խիստ էր և նվիրված իր գործին: Իսկապես, Էդմոն Քյոսայանը դարձավ իմ կնքահայրը կինոյում, և դրանից հետո կարծես ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց:
1972-ին ևս մի փոքրիկ դեր խաղացի կինոյում, իսկ 73-ին Աշխաբադում նկարահանվեցի գլխավոր դերում «Պետք է սիրել» ֆիլմում: Մոսկվայի պատվերն էր: Ես ֆիլմը չեմ տեսել: Նկարահանվեցի նաև «Մխիթար Սպարապետ», «Օտար խաղեր», «Երջանկության մեխանիկա», «Շնչառություն» ֆիլմերում: «Քաոս» և «Ժայռը» ֆիլմերում նկարահանվում էի միաժամանակ: Երբեմն վեճ էր առաջանում` այդ օրը ո՞ր ֆիլմում պետք է նկարահանվեմ: Ինձ թվում էր` միշտ այդպես է լինելու, բայց… Կյանքն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում էր: Միացյալ Նահանգներում եթե որևէ բանի կարոտում էի, ապա դա տեսախցիկն էր:
– Ձեր լավագույն կերպարներից մեկը Նունուֆարն է «Խնձորի այգին» ֆիլմում: Կարծեմ նաև Ձեր ամենասիրելի կերպարն է:
– Իսկապես, դա կինոյում խաղացած իմ ամենասիրելի կերպարն է: Այդ ֆիլմում գլխավոր դերակատարները պետք է լինեին Խորեն Աբրահամյանն ու Թամար Հովհաննիսյանը: Ինձ առաջարկեցին Գալյա Նովենցի հերոսուհու քրոջ կերպարը: Սցենարը կարդացի և հրաժարվեցի: «Նունուֆարի դերը կտաք` կխաղամ, չէ` չեմ խաղա»,- ասացի: Այդ ժամանակ ես կարող էի ինձ նման ընտրություն թույլ տալ: Հետո ստացվեց այնպես, որ Թամար Հովհաննիսյանը Ֆրանսիայում էր և չէր կարող մասնակցել նկարահանումներին, որոնք պետք է ավարտվեին ձմռանը: Գլխավոր դերակատարները փոխվեցին, և ֆիլմում, ի վերջո, նկարահանվեցինք ես և Սոս Սարգսյանը: Ինձ տվեցին Նունուֆարի դերը, որը, իմ կարծիքով, ստացվեց:
– 91 թվականին մեկնեցիք Միացյալ Նահանգներ: Ինչպե՞ս որոշեցիք:
– Ես չորոշեցի, պարզապես այդպես ստացվեց: Գնացի որպես հյուր և հասկացա, որ տղաներիս էլ պետք է տեղափոխեմ: Այդ ժամանակ այնքան հոգնած էի, որ ուզում էի անգամ, որ այստեղ ինձ մոռանան: ԱՄՆ-ում ամուսնացա, նոր կյանք սկսեցի: Աշխատեցի Ժան Նշանյանի և Շաքե Թուխմանյանի հիմնած թատերախմբում: Հետագայում ևս պարբերաբար զբաղվել եմ իմ գործով: Իսկ հետո սկսեցի գրել բանաստեղծություններ: Ես, իհարկե, պոետ չեմ և գրել եմ միայն այն, ինչ բխել է իմ ներսից, դրանք նույնիսկ տպագրվել են:
– Վերջին տարիներին հայաստանյան հանդիստեսը Ձեզ վերագտավ հեռուստասերիալներում: Ինչի՞ց սկսվեց Ձեր նոր գործունեությունը կինոյում:
– 2007-ին ես եկա Հայաստան: Այդ ժամանակ «Արմենիա» հեռուստաընկերությունից ինձ հրավիրեցին մասնակցելու հաղորդաշարին, պետք է խոսեի «Մխիթար Սպարապետ», «Քաոս» և «Խնձորի այգին» ֆիլմերի մասին: Հետո մեկնեցի Միացյալ Նահանգներ: Մի օր էլ ինձ զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից ` առաջարկելով խաղալ հեռուստասերիալում գլխավոր դերում, Ալեքսանդր Խաչատրյանի հետ միասին: Այսինքն` պիտի խաղայի Ռուբինյանի կնոջ դերը: Սցենարին ծանոթանալուց հետո հասկացա, որ այդ դերում ինձ չեմ տեսնում: Ավելի ուշ կրկին զանգահարեցին ու ասացին, որ ինձ համար նոր կերպար են մտածել: Դա Ալիսի կերպարն էր: Հետո խաղացի «Էմիգրանտներում»: Վերջին տարիներին չորս հեռուստասերիալում եմ նկարահանվել: Վերջին նախագիծը «Մեղավորները» խաղարկային ֆիլմն էր, որը վերջերս ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում: Այս ֆիլմի համար ես շատ ուրախ եմ: Պատճառներից մեկն այն է, որ այն ունեցավ «պրեմիերա» ասվածը: Նախկինում իմ աշխատանքը միշտ գնահատվել է, մեր բոլոր ֆիլմերը ներկայացվել են հավուր պատշաճի, հանդիպումներ ենք ունեցել մարդկանց հետ: Այդ ամենն իհարկե շատ ոգևորող էր: Իսկ սերիալ ասվածը անշնորհակալ գործ է: Այն երկարաձգվում է ու ավարտվում առանց հանդիսատեսի ծափահարությունների, որոնք դերասանի սնունդն են: «Մեղավորների» երևանյան պրեմիերայի ժամանակ հասկացա, որ այստեղ ինձ դեռ հիշում ու սիրում են: Ի վերջո, ես հայ եմ, աշխատում եմ նախևառաջ իմ ազգի համար: Չեմ սիրում այն խոսքը, որ մարդիկ իբր ամերիկացի են դառնում: Բոլոր ամերիկացիները տարբեր ազգության մարդիկ են: Ամերիկան բոլորին է պատկանում, հենց դրա համար էլ սիրում եմ այդ երկիրը: Շատ շնորհակալ եմ ևʹ ճակատագրին, ևʹ իմ ազգին, որ մեր ֆիլմերը մինչ օրս ցուցադրվում են, և շատերը հենց այդ ֆիլմերով են փորձում դաստիարակել իրենց երեխաներին:
Այժմ ես ստեղծագործական մի փուլում եմ, որը նույնպես ինձ համար հետաքրքիր է: Սերիալը մի ժանր է, որը գոյության իրավունք ունի: Պարզապես այն պետք է լինի հնարավորինս կարճ, ունենա լավ սցենար, ու ֆիլմում ներգրավված լինեն պրոֆեսիոնալներ:
Պատրաստեց Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ