Սիրանույշ Գալստյան. «Նա, ով ուզում է սովորել, սովորում է»
Կինոգետ Սիրանույշ Գալստյանն ամեն օր հայ կինոյի անցյալի ու ներկայի սահմանագծում է, քանի որ իր գիտական պրպտումներում բացահայտում է հայ կինոյի անցած ուղու հայտնի ու անհայտ արահետները, միաժամանակ ամեն օր, մտնելով Թատրոնի և կինոյի ինստիտուտի լսարան, հանդիպում է հայ կինոյի ապագայի հետ, նրանց հետ, ովքեր կերտելու են հայ կինոյի վաղվա օրը: Ի՞նչ է մտածում նա այսօրվա գործընթացների և հնարավոր հեռանկարների մասին: Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքն էլ մեզ տարավ նրա մոտ:
Հազվադեպ կարելի է տեսնել գոհացուցիչ որակի ֆիլմ
Եթե խոսքը ժապավենով նկարված գեղարվեստական` խաղարկային ֆիլմերի մասին է, ապա Հայաստանում տարեկան, եթե չեմ սխալվում, միջին հաշվով նկարվում է 1-2 լիամետրաժ ֆիլմ: Ֆիլմարտադրություն ասածն իհարկե այլ բան է, սակայն կարծում եմ` կարևոր է, որ պահպանվում է կողմնորոշումն առ մեծ էկրան: Ուրիշ հարց, որ հայկական կինովարձույթ ապահովելու համար մեկ կինոթատրոնը, մեղմ ասած, քիչ է: Հանդիսատեսն այսօր հիմնականում անտեղյակ է հայկական կինոարտադրանքին: Իսկ հեռուստատեսության ժխտողական դերը ժամանակակից հայ կինոյի (ոչ թե սերիալների) պրոպագանդման հարցում ակնհայտ է: Հանդիսատեսի հետ կապի բացակայության պայմաններում կինոն դառնում է մի տեսակ «իր` ինքն իր մեջ»:
Բավական թվով վավերագրական, նաև կարճամետրաժ ֆիլմեր են նկարվում, սակայն հազվադեպ կարելի է տեսնել գոհացուցիչ որակի ֆիլմ: Հաճախ մերօրյա հեղինակները պարզապես շփոթում են վավերագրական ֆիլմը և հեռուստահաղորդումը… Եվ դա այն դեպքում, երբ ժամանակին ունեցել ենք բավական հետաքրքիր վավերագրական կինո: Մեր վերջին տարիների կյանքն ահռելի նյութ է տալիս թեʹ վավերագրական և թեʹ խաղարկային կինոյի համար, բայց ինչպես տեսնում ենք, այն «չկտրված պորտալարը», որ իրականում գոյություն ունի կինոյի և կյանքի միջև, դեպքից դեպք է շոշափվում:
Պրոֆեսիոնալիզմի, առհասարակ կուլտուրայի պակասը
Իʹնչն է հետաքրքրում, հուզում, մտատանջում մեր ռեժիսորներին, ինչիʹ մասին են նրանք ուզում կինո նկարել… Հիմա ես ավելի շատ մտահոգված եմ նոր սերնդի նկարած ֆիլմերով: Նրանք են մեր վաղվա օրը: Ինձ թվում է` այն անձինք, որոնք որոշում, ընտրում են, թե ում կարելի է ֆիլմ նկարելու հնարավորություն ընձեռել, ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենան այդ հարցին: Մի երկու ամիս առաջ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի առաջարկությամբ դիտեցի մեր նոր սերնդի նկարած ֆիլմերի մի ամբողջ շարք… Հասկացա նրա վրդովմունքն ու տագնապը:
Գուցե անողոք հնչի, բայց պիտի ասեմ, որ մեր երիտասարդների մեջ զգալի է պրոֆեսիոնալիզմի, առհասարակ կուլտուրայի պակասը: Ձգտում տեսնում եմ եզակի դեպքերում: Այնինչ կրթվելու համար այսօր ավելի լավ պայմաններ կան, քան երբևէ: Ես նկատի չունեմ արտասահմանում ուսում առնելու հնարավորությունը, թեև դա էլ է ոմանց համար չափանիշ, կայացման ճանապարհ: Այսօր կարող ես դիտել ուզածդ ֆիլմ, կարդալ ամենափնտրված, «չճարվող» գիրքը: Էլ չեմ ասում կինոյի համաշխարհային դեմքերի` մեծ անհատականությունների հետ այն բացառիկ հանդիպումների և վարպետության դասերի մասին, որ վերջին տարիներին կազմակերպվել են «Ոսկե ծիրանի» շրջանակներում:
Միայն միջոցների սուղ լինելով չի պայմանավորված գործերի մեծ մասի չստացվածությունը
Աշխարհում այնքան շատ փառատոներ կան: Եվ դրանք տարբեր տրամաչափի են, ինչպես և փառատոների մասնակիցները: Իհարկե, ուրախալի է, երբ հպարտությամբ իմանում ենք մեր որոշ ռեժիսորների մասնակցության, առավել ևս` հաջողության մասին: Բնականաբար, մեր երկրին, ոչ միայն մեր կինոյին, անհրաժեշտ է կինոփառատոների առկայությունը` աշխարհի մշակութային քարտեզի վրա նշմարվելու համար: Եվ այս հարցը, բարեբախտաբար, լուծում գտել է վերջին տարիներին: Սակայն իրենք` ռեժիսորները, հատկապես` նոր սերնդի, ցանկալի է, որ ավելի շատ կենտրոնանան բուն ստեղծագործական պրոցեսի, իրենց պրոֆեսիոնալ հմտությունը կատարելագործելու և կինեմատոգրաֆիկ նյութի ընտրության վրա: Թեման, սցենարը ոչ պակաս կարևոր նախապայման են, քան բեմադրելու կարողությունը: Այնպես որ միայն միջոցների սուղ լինելով չի պայմանավորված գործերի մեծ մասի չստացվածությունը… Պաշարի պակաս կա: Անձնական կենսափորձի, կինեմատոգրաֆիկ վերաիմաստավորման համար գիտելիքների պաշար է հարկավոր, դիտողականություն և շուրջդ ապրվող կյանքի սեփական վերապրում: Ավելին, համընդհանուր տառապանքի մեջ քո բաժինը, քո գիտակցված ինքնուրույն տառապանքը պիտի ունենաս, քո ցավը… Թե չէ միլիոններն էլ չեն փրկի ֆիլմը:
Մտահոգվում եմ շնորհալի, կիրթ և արժանավոր երիտասարդների համար
Ինչ վերաբերում է կրթությանը, թերևս տեղին է վերհիշել Փարաջանովի խոսքերը. «Ռեժիսոր պետք է ծնվել: Ռեժիսոր չես դառնա նույնիսկ այնպիսի իդեալական ինստիտուտում, ինչպիսին ՎԳԻԿ-ն է»: Ի դեպ, խորհրդային տարիներին այդ հռչակավոր կինոինստիտուտ ընդունվում էին, որպես կանոն, արդեն մեկ կրթություն ունեցող, այսինքն` իբրև անհատ ձևավորված մարդիկ: Վերջերս «Կուլտուրա» ալիքով լսեցի նույն այդ ինստիտուտում դասավանդող ռեժիսոր Աբդռաշիտովին, ահա թե ինչ ասաց նա. «Հիմա ընդունվում են 17-18-ամյա պատանիները, և կինոն մի տեսակ ինֆանտիլ է դարձել…»: Գալով մեր իրականություն` ասեմ, որ մեր ուսանողները, դեռ չսովորած, արդեն աշխատում են: Հետևաբար սովորելու ոʹչ կարիք ունեն այլևս, ոʹչ ժամանակ: Լսելու կուլտուրան էլ գրեթե բացակայում է: Իհարկե, մեզ մոտ կինոռեժիսուրայի տեխնիկային` «փեշակին» տիրապետելու համար պայմանները հեռու են ցանկալիից: ոսքս նկարահանող սարքավորումների մատչելիության, քանակի մասին է: Սակայն բոլոր ժամանակներում ճիշտ է հետևյալ ասույթը. «Սովորեցնել անկարելի է, բայց սովորել միշտ կարելի է»: Տասը տարուց փոքր-ինչ ավելի դասավանդում եմ Թատրոնի և կինոյի ինստիտուտում: Կարող եմ ասել` նա, ով ուզում է սովորել, սովորում է: Անկեղծ ասած` ամենաշատը մտահոգվում եմ շնորհալի, կիրթ և արժանավոր երիտասարդների համար, որպիսիք, փառք Աստծո, կան: Սակայն ի՞նչ է սպասում նրանց: Կարծում եմ` հարցերի հարցն է դա:
Զրույցը վարեց Վիկտորյա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ