0-70«ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը գործում է նաև կինոյի ոլորտում և արդեն մի քանի ֆիլմերի ու հաղորդաշարերի հեղինակ է, որոնց հերոսները մեր մեծերն են և հայկական նվագարանները:

«Այն, ինչ ես սիրում եմ, մի տեսակ պարտքի ու պատասխանատվության զգացում եմ ունենում դրա հանդեպ, լինի դա մարդ, մշակութային արժեք կամ որևէ այլ բան: Հինգ տարի առաջ հենց այդ զգացումներից ծնվեց  «Հայ հնագույն նվագարաններ» ֆիլմի գաղափարը: Ներկայում տիրող երաժշտական անճաշակության դեմ ներքին պոռթկում էր նաև դա: Պատահական չէր, որ շարքի առաջին ֆիլմը «Ծիրանի փողն» էր` նվիրված մեր շատ սիրելի ազգային նվագարանին` դուդուկին: Այն շատ բնորոշ  է մեզ, մեր ազգային  տեսակին:  Ֆիլմերի նկարահանման ընթացքում շատ հետաքրքիր բացահայտումներ եմ արել նախևառաջ ինձ համար, իսկ ֆիլմերը ներկայացնելուց հետո բազմաթիվ  անվանի երաժիշտներ խոստովանել են, որ շատ բան են սովորել այդ գործիքների  ծագումնաբանության,   հազարամյակներով անցած ճանապարհի մասին:

«Հայ հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմը նվիրված էր քամանչային, իսկ հաջորդը`  քանոնին, որի մասին վերջին շրջանում բավականին շատ  խոսվեց` շնորհիվ մեր պատանի տաղանդավոր երաժիշտ Նարեկ Գազազյանի, որը մեր ազգային նվագարանը փայլուն ներկայացրեց դասական երաժշտության ՙԵվրատեսիլում»: Նշեմ, որ Նարեկին մենք ավելի վաղ էինք հայտնաբերել, ավելի ճիշտ` նրան հայտնաբերել էր Արամ Ղարաբեկյանը «Բաց երաժշտության փառատոնի» ժամանակ: Նարեկին մենք ընդգրկեցինք  «Քանոնի» նկարահանումներում: Ֆիլմում նա միջնադարյան տարազով շրջում է Մատենադարանի պահոցներում և մանրանկարչական  ձեռագրերում փորձում գտնել քանոնը: Մեկ այլ տեսարանում Մատենադարանի բակում` մեր մեծերի արձանների մոտ, տաղանդաշատ քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանից հետո  Նարեկը շարունակում է նվագել: Այդպիսով փորձել էինք ներկայացնել մեր ազգային նվագարանի  հարատևության գաղափարը:

Ֆիլմաշարի վերջին ֆիլմը «Պարկապզուկն» էր: Այս բոլոր նվագարանները հարստացրել են մեր մշակութային գանձարանը: Դրանք, բնականաբար, անձնագրեր չունեն, և այսօր  դժվար է ասել` կոնկրետ երբ են ստեղծվել: Հայտնի է միայն, որ հազարամյակների խորքից են գալիս, և  այդ մասին բազմաթիվ վկայություններ կան: Իմ կարծիքով` շատ ավելի կարևոր է այն ճանապարհը, որով դրանք անցել ու, շնորհիվ մեր հանճարեղ նախնիների, հասել են մինչև մեր օրերը:

– «Խոսիʹր ինձ հետ» ֆիլմաշարի Ձեր առաջին ֆիլմը նվիրեցիք Հրանտ Մաթևոսյանին: Ինչո՞ւ հենց նա…

-Ես դաստիարակվել եմ Հրանտի գրականությամբ: Դրանով է ձևավորվել իմ աշխարհընկալումը:  Շատ բան սովորեցրեց ինձ Հրանտի գրականությունն ու նաև դժվարացրեց իմ կյանքը: Ֆիլմը նվիրված է Հրանտ Մաթևոսյան մարդկային տեսակին, նրա կյանքի չընթերցված էջերին: Իմ կարծիքով` բոլոր մեծերն էլ ունեն չընթերցված էջեր:

«Խոսիʹր ինձ հետ» ֆիլմաշարի ֆիլմերից մեկն էլ`«Տիեզերքը ափի մեջ», նվիրել ենք աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, գրող, նկարիչ Գրիգոր Գուրզադյանին: Երբ նրա մասին նյութեր էի պատրաստում, մի անգամ ասացի` ես ուզում եմ Ձեր լռությունը հասկանալ, ինչի՞ մասին եք Դուք լռում: Նա պատասխանեց. «Չի լռում նա, ով լռության թեմա չունի: Աշխարհի շատ մտածողներ իրենց հետ տանում են ավելին, քան թողնում են այս աշխարհում»:

-Ո՞վ կլինի այս ֆիլմաշարի հաջորդ հերոսը: Ո՞ւմ առջև եք փորձելու մարել Ձեր հոգու պարտքը:

– Գալյա Նովենցը: Հենց այսօր էլ գնում եմ նրա հետ նկարահանումների: Ֆիլմի հիմնական մասն արդեն պատրաստ է: Գալյան ինձ համար շատ թանկ ու հարազատ անձնավորություն է: Առաջիկայում կավարտենք նաև Արմեն Ջիգարխանյանին նվիրած ֆիլմը, մինչև աշուն ավարտին կհասցնենք  «Թառը»:

«Հայ ազգային նվագարաններ», «Անցյալ կատարյալ» և «Խոսիʹր ինձ հետ». երեք ֆիլմաշարերն էլ կունենան շարունակություն: Կա լավ ստեղծագործական խումբ, հրաշալի մասնագետներ, ում հետ միասին աշխատում և ստեղծում ենք  մեր ֆիլմերը: Չեմ ընդունում, երբ մեկը ևʹ ռեժիսոր է, ևʹ օպերատոր, ևʹ սցենարիստ: Այդպես լուրջ գործեր չեն ծնվում, ինչպես ասում են` հացը պետք է վստահել հացթուխին:

Զրույցի ավարտին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը փոքր-ինչ հումորով խոստովանեց, որ իրենց բոլոր ֆիլմերն ուղղված են ընդդեմ գլոբալիզացիայի:

Պատրաստեց Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ