hovik hakhverdyanԵրազում էր դառնալ երկրաբան, քանի որ ամենառոմանտիկ մասնագիտությունն էր համարում: Ընդունվեց ու 1959  թ. հաջողությամբ ավարտեց ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը, բայց ճակատագիրը նրա համար այլ ուղի էր կանխորոշել: Արվեստի, գրականության մթնոլորտում մեծացած երիտասարդն ընտրեց կինոյի, հեռուստատեսության ճանապարհը, իսկ այդ ընտրության մեջ «մեղքի» իր մեծ բաժինն ուներ եղբայրը` գրականագետ, թատերագետ, թարգմանիչ  Լևոն Հախվերդյանը: Հենց նրա հորդորով 1959 թ. Հովիկ Հախվերդյանն  ընդունվեց «Հայֆիլմ» կինոստուդիա: Երկար տարիներ աշխատեց հեռուստատեսությունում որպես ռեժիսոր, իսկ երբ բացվեց «Երևան» ստուդիան, անմիջապես տեղափոխվեց այնտեղ:

1972 թ. Հովիկ Հախվերդյանը Մարատ Վարժապետյանի հետ նկարեց իր առաջին վավերագրական ֆիլմը` «Վարդան Աճեմյան»:

– Աճեմյանն իմ տեսած ամենահետաքրքիր մարդկանցից  էր,- ասում է նա,- զտարյուն արվեստագետ, չափազանց մեծ հմայքի տեր անձնավորություն: Աճեմյանը մեծ հաջողություն էր վայելում հատկապես կանանց շրջանում£ Չնայած իր կարճ հասակին` անմիջապես աչքի էր ընկնում, զգում էին, որ նա արտասովոր երևույթ է, երևակայությունը պարզապես պոռթկում էր նրա միջից: Ֆիլմում ամենահետաքրքիրը նրա փորձերն էին` աշխատանքային մթնոլորտը: Ափսոսում եմ, որ ֆիլմից այդ հատվածները հիմնականում կրճատվեցին: Մեր ֆիլմի գլխավոր արժեքը, իհարկե, Վարդան Աճեմյանի ներկայությունն էր:

«Կեսդարյա տարեգրություն», «Հակոբ Կոջոյան», «Վասպուրական», «Ավետիք Իսահակյան», «Գորանի», բազմաթիվ այլ վավերագրական ֆիլմեր,  որոնք Հովիկ Հախվերդյանը նկարահանեց հետագա տարիներին, իսկ 1976 թ. նա ստեղծեց իր առաջին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլը` «Ճանապարհին», ավելի ուշ նկարեց նաև «Սերոբի ծառը», որը բավականին սիրվեց ու մեծ ճանաչման արժանացավ:

– «Սերոբի ծառի» սցենարը գրեցի Սուրեն Խաչատրյանի հետ: Ֆիլմի գաղափարն այս էր. եթե ապրում ես, ուրեմն պիտի գնահատես կյանքը: Ինչու՞ չի մեռնում Սերոբը, որովհետև հանկարծ հիշում է, որ կար մի ծառ, բայց չէր հիշում` ինչի ծառ էր: Հետաքրքիր էր, որ այդքան տարիներ ապրել ու չէր նկատել այն, ինչ կողքին էր եղել: Սերոբն ամեն գնով ուզում էր պարզել դա, նոր հետաքրքրություն էր առաջացել, նոր իմաստ, որն էլ նրան կրկին դեպի կյանք վերադարձրեց: Նպատակ ունեինք ֆիլմի բոլոր հերոսների մասին առանձին ֆիլմեր նկարահանել, որոնք կամբողջացնեին երևանյան միջավայրը, բայց «սովետական ցենզուրա» ասվածը խափանեց մեր գաղափարը: Ինչևէ, «Սերոբի ծառը» սիրվեց   ինքնատիպ, գունեղ կերպարների շնորհիվ: Հաջողության գաղտնիքներից մեկն էլ ֆիլմի երաժշտությունն էր. հին Երևանի մեղեդիները ֆիլմում նվագում է Վաչե Հովսեփյանը: Դուդուկի նման վարպետի ես մինչ օրս չեմ հանդիպել:

Օրերս Հախվերդյանը նշեց ծննդյան հերթական տարեդարձը: Ի՞նչ ճանապարհ է առջևում, ունի՞ գործեր, որոնք դեռ կատարված չի համարում: «Մատենադարան» ֆիլմաշարը, օրինակ, այդպես էլ ավարտին չհասավ: Ֆիլմի նախատեսված 20 սերիաներից 5-ը չեն նկարահանվել: Այժմ հայ գրատպության 500-ամյակն ենք նշում, Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, արդյոք այս հանգամանքը ֆիլմաշարն ավարտին հասցնելու հնարավորություն չի՞ ընձեռում:

– Ամեն ինչ պետք է արվի իր ժամանակին,- ասում է ռեժիսորը:- «Մատենադարան» ֆիլմի աշխատանքները սկսվեցին 1983 թ.: Գաղափարը Երևանում չէր ծնվել, այլ` Մոսկվայում: Կենտրոնական հեռուստատեսության ղեկավարներից մեկը` Լապին ազգանունով, օրերից մի օր հայտնվում է Երևանում, և նրան տանում են Մատենադարան: Այդ ընթացքում Ռուսաստանում նկարահանվում էր «Էրմիտաժ» ֆիլմաշարը: Լապինը, ծանոթանալով Մատենադարանի հարստությանը, հարցնում է` իսկ ինչու՞ ֆիլմ չեք նկարում Մատենադարանի մասին, այսպիսի գանձեր ունեք: Մի օր էլ ինձ կանչում է հեռուստառադիոընկերության ղեկավար Ստեփան Կարպիչն ու ասումª այսպիսի գաղափար կա, պետք է նկարես, անմիջապես սկսիր: Երկար որոնումներից հետո գտա ֆիլմի սցենարի հեղինակին` մոսկվաբնակ լրագրող  Կիմ Բակշիին: Ֆիլմում տեքստը ներկայացնելու համար ինձ պետք էր հայ մարդու կերպար: Այդ առումով Սոս Սարգսյանը ամենահամոզիչն էր: Ֆիլմում նա չի խաղում, պարզապես հենց ինքն է, որ կա:

Աշխատանքները չեն սահմանափակվել երևանյան Մատենադարանով, նկարահանումներ ենք կատարել Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանություններում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում,  այլ երկրներում պահպանվող հայկական հավաքածուներն ենք ներկայացրել: Աշխատանքն ընդհատվեց այնտեղ, որտեղ պետք է ներկայացվեին Երուսաղեմի հայկական գանձերը: Կինոն թանկ հաճույք է, իսկ նորանկախ Հայաստանի համար «Մատենադարանը» գուցե ծանր բեռ էր: Շատ չարչարվեցինք, որ ֆիլմաշարն ավարտին հասցնենք, բայց չստացվեց:

Այդուհանդերձ, անկախ Հայաստանում էլ նա նկարում է. «Աղաղակող քարերի երկիրը», «Նարեկացի որոնելիս» և այլն, բայց, ավաղ, նրա ֆիլմերի մասին երիտասարդներն այսօր քիչ բան գիտեն:

– Դրանք հեռուստաընկերությունների այսօրվա հասկացողությամբ գուցե «ռեյտինգ» չեն ապահովում: Հազվադեպ ցուցադրվում են, օրինակ, գիշերը` ժամը 1-ից հետո: Շատ տարօրինակ բան է կատարվում. հեռուստաընկերությունները  ժողովրդի ճաշակն աղավաղում են, հետո էլ ասում, թե ժողովուրդը սա է պահանջում: Մարդն ինչով սնվում է, դրա նկատմամբ էլ պահանջ է զգում, հենց դրանով էլ բացատրվում է տխմար սերիալների ու շոուների այսօրվա առատությունը: Արդեն 20 տարի հասարակությունը միայն դրանցով է սնվում, ինչն  արդեն վտանգավոր է դառնում:

Պատրաստեց Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ