Հայրենիքը մշակույթն է
«Ես նկարահանում եմ Հայաստանի համար, սակայն իմ ֆիլմերը չեն ցուցադրում այստեղ»,- մի առիթով խոստովանել է ռեժիսոր Արմեն Ռոնովը (Մկրտչյան): Արմեն Ռոնովն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոդյուսերական բաժինը, կինեմատոգրաֆի ասպարեզում աշխատում է արդեն 14 տարի, 13 կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է, հաղթանակներ է ունեցել հայաստանյան և միջազգային կինոփառատոներում (Իտալիա, Լեհաստան, Ռուսաստան) և հայաստանյան, ռուսաստանյան ու միջազգային ստեղծագործական միությունների անդամ է: Արմատներով մի կողմից Կիլիկիայից է, մյուս կողմից` Վանից, և իր հայրենիքն էլ համարում է Արևմտյան Հայաստանը` իր բազմադարյան մշակույթով: Արվեստագետը ստեղծագործում է նաև կերպարվեստի ոլորտում և մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների հայրենիքում և արտասահմանում:
Նրա «Իմ ցավը քո ցավն է» կարճամետրաժ ֆիլմը ներկայացված է այս տարվա Կաննի փառատոնին, և մեծ է հավանականությունը, որ այն կընդգրկվի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Ֆիլմն արդեն անցել է նախընտրական փուլը, ներկայացվել է ժյուրիի դատին: Այս առիթով էր մեր հանդիպումը ռեժիսորի հետ, սակայն մեր զրույցը հիմնականում ծավալվեց կինոյի և առհասարակ մշակույթի ներկայիս իրավիճակի ու խնդիրների շուրջ:
Կինոն երիտասարդ և չկայացած արվեստ է
Նրա առաջին իսկ աշխատանքը, որ ներկայացրել է 1998 թ., ներկայիս տերմինաբանությամբ, արտհաուս ոճով էր: Այսօր էլ համարում է, որ կինոն մասսայական արվեստ չէ: «Կինոն երիտասարդ և չկայացած արվեստ է,- ասում է նա: – Նրան չի կարելի նայել կոմերցիոն առումով, դա նույնն է, որ ասենք` Վերածննդի դարաշրջանի կերպարվեստը մասսայական բնույթ է ունեցել, այն հետո է դարձել մասսայական պաշտամունք` վատ իմաստով: Ե’վ արվեստում, և’ կինոյում չպետք է կուռքեր ունենալ, դրանք միշտ խանգարել են: Մարդիկ մտածում են, որ մասսայական պսիխոզը և մասսաներին բավարարելը նշանակում է, որ արվեստը մատչելի է դառնում: Արվեստը չի կարող մատչելի դառնալ, դա նույնն է, որ ասենք` ձեր մայրը մատչելի դառնա մեկ ուրիշի համար: Մայրերը անհատական են: Դու կարող ես ծանոթանալ, ընկերանալ ուրիշ մայրերի հետ, բայց դա չի նշանակում, որ նա մատչելի կդառնա քեզ համար և կլինի նաև քո մայրը: Հելլենիստական մշակույթում մայրերը կերակրել են բազմաթիվ երեխաների, այս համեմատությունը վերաբերում է նաև արվեստին, կա արվեստ մայր, և կա արվեստ ծծմայր»:
Խոսելով կինոյի` որպես արվեստի ճյուղի մասին, արձանագրում է, որ այն ճգնաժամի մեջ է, և այդպես է եղել ի սկզբանե: Ըստ նրա` փոքր պետությունները, ինչպիսին մերն է, միշտ էլ արվեստի ոլորտում խնդիրներ են ունեցել և կունենան: «Փոքր պետությունների համար գոյություն ունի դուալիզմ ասվածը,- մեկնաբանում է նա,- եթե փոքր պետություն ես և հզոր տնտեսություն, նավթային պաշարներ և այլն չունես, ինչո՞վ պետք է ներկայանաս աշխարհին, իհարկե մշակույթով, լեզվով: Մարդկային ռեսուրսը պիտի լավը լինի»: Բայց և համոզված է, որ մեր երկրում պաշարներ կան, և լավատեսություն է ներշնչում մանավանդ Հայաստանի ազգային կինոկենտրոնի գոյությունն ու գործունեությունը, որը գնահատում է որպես վերածնունդ, “որովհետև միակ կենտրոնն է, որը կինոյի նկատմամբ հարյուր տոկոսից ավելի վերաբերմունք ունի”: Նա համոզված է, որ կենտրոնն իր առաքելությամբ առաջատար է և առաջատար է նաև ռեգիոնալ մասշտաբով. «Ես ինքս երջանիկ եմ, որ համագործակցում եմ կինոկենտրոի հետ»:
Կինոն ժանր չունի
Ամենաճիշտ ֆիլմը, ըստ նրա, անհատական ֆիլմն է: «Եթե հնարավորություն ունենայիք տեսնելու Կարավաջոյին, խնդրեիք, որ ձեր դիմանկարն անի, նա կասե՞ր` հրավիրիր հարյուր նկարչի, որ միասին նկարենք քո դիմանկարը: Դու մտել ես ստեղծագործողի մոտ, նա քեզ տեսել է և նկարում է քո դիմանկարը, սա է նորմալ գործընթացը: Դա հեղինակի վերաբերմունքն է ժամանակին: Նշանակում է` հեղինակային կինոն նույն վերաբերմունքն է պորտրետին և նույն վերաբերմունքն է մշակույթին: Հեղինակային կինոն հենց բուն կինո ասվածն է: Կինոն ժանր չունի, թող ոչ ոք չբաժանի կինոն ժանրերի: Կինոն տվյալ հեղինակի և տվյալ ժամանակի արտացոլումն է: Չի կարելի մարդու մեկ աչքը բաժանել մյուս աչքից, կամ ականջը մյուս ականջից, նույնը և կինոյի մեջ է, նա առանց ժանրի է: Կինոյին պետք է նայենք որպես մի մեծ սկզբնաղբյուրի, որից սնուցվում են մյուս աղբյուրները: Կինոն ժամանակաշրջանը փաստելու մի մեծ օրգանիզմ է»:
Այսու, երիտասարդ ռեժիսորը համարում է, որ կինոն դեռ կայացման փուլում է: Հեղինակային կինոն նոր-նոր է կայանում: Անգամ վավերագրական ֆիլմերի մեջ, ըստ նրա, տեսնում ենք, որ հեղինակը ներկայացնում է ժամանակաշրջանը, դեպքերը իր տեսանկյունից: Նաև ընդգծում է, որ կինոյին պետք է վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվես նորածնին, “պետք է չափազանց զգույշ լինել, թույլ չտալ ոչ մի ավելորդ շարժում”: Իսկ հեռուստատեսությունը չարիք է համարում: «Այն դեմ է բոլոր օրգանական արվեստներին,- ասում է նա և իր տեսակետը փաստարկում անցյալ դարերով:- XIX դարում ինչքան հասանելի էր ամեն ինչ մարդկանց համար առանց հեռուստատեսության: Ես չեմ ասում նույնը ինտերնետի մասին: Մեկը մյուսի հետ կապ չունի»:
Իսկ այն հարցին, թե ինչ կփոխեր կինոինդուստրիայի մեջ, վստահաբար պատասխանում է` ոչինչ: Եվ ոչինչ դրսից չի բերի, այլ հակառակը: Նա համոզված է, որ մենք էլ շատ բան ունենք ցույց տալու Եվրոպային, և Եվրոպան դրա կարիքն ունի` նոր մտածողության, նոր արտադրանքի կարիքը. «Այնպես որ ես ոչ մի տեղից ոչ մի բան այստեղ չէի բերի, ոչինչ: Մենք աշխարհին ներկայանալու բավական պաշար ունենք»:
Եվրոպան` իսկական համալսարան
Արմեն Ռոնովը մի քանի տարի ապրել և ստեղծագործել է Իտալիայում, իսկ հայրենիք վերադառնալիս առաջին բանը, որ ձգել է, և որը պատկերացրել է` հայրենիք ասելով, մշակույթն է: «Առհասարակ արվեստն ինձ համար ավելի նյութական է, քան պատրանք,- ասում է նա:- Օրինակ բերեմ Բերնինիի Մայր Թերեզայի քանդակը, որը համարում եմ նրա լավագույն քանդակը, նրա քանդակների ռեքվիեմը, այ դա այն բացարձակ նյութական մշակույթն է, որին պիտի ձգտենք»:
Իտալիայում ապրելու տարիներին արվեստագետը համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ, որոնք նույնպես զբաղվում էին հեղինակային ֆիլմերով: Անցել է նախապատրաստական բարձրագույն ռեժիսուրայի դասընթացներ: «Չնայած այնտեղ ապրում և ստեղծագործում ես Վերածննդի մշտական ներկայությամբ, ինքդ ես կրթվում, կրթվում ես նաև քաղաքակրթության մտածելակերպով: Եթե ուզում ես ճանաչել բարոկկոն, պետք է տեսնես այդ ամենը, և ինձ համար Եվրոպան կրթական բարձրագույն համալիր դարձավ, իսկական համալսարան, որ վեր է ամեն գնահատականից: Իմ մարդկային տեսակը ձևավորելու առումով, ճաշակի դրսևորման առումով, նյութական սեր ձեռք բերելու առումով Եվրոպան եղել է ամենաճիշտ դպրոցը: Ճաշակն անընդհատ պետք է հղկել: Դու տեսնում ես քանդակներ, որոնք բացահայտում են արարման գաղտնիքը, դա խենթանալու չափ գեղեցիկ է»,- խոստովանում է նա:
Որ Հայաստան ասելով` մշակույթ պատկերացնեն
Արդեն երկու տարի է, ինչ ռեժիսորն աշխատում է մի նախագծի վրա` «Ձմեռվա խնձորի»` Խաչատուր Աբովյանի «Վերքի» մոտիվներով: Նա կարծում է, որ սա հայկական էպոսի մակարդակի աշխատանք է: «Վերք Հայաստանին», ըստ Ռոնովի, մեր ժողովրդի պատմությունն է և հաղթական պատմությունը: «Սա բոլոր արվեստների հավաքականություն է` բալետի, կերպարվեստի, փիլիսոփայության»: Ֆիլմում նկարահանվել են Վլադիմիր Մսրյանը` Սարդարի դերակատարումով, Ռաֆայել Քոթանջյանը և այլ տաղանդավոր դերասաններ:
Իսկ «Քո ցավը իմն է» ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև` Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի մասին: Ֆիլմը օրենքի, ցեղասպանության և առհասարակ հասարակական կարծիքի մասին է: «Փառք ու պատիվ Ֆրանսիային, Նիկոլա Սարկոզիին, որ այդպես տղամարդավարի կանգնեցին մեր կողքին և աջակցեցին մեզ` սկսած Սենատի անդամներից և վերջացրած Ֆրանսիայի նոր սերնդով, որոնք մինչև վերջ մեզ հետ են եղել,- ասում է նա:- Ֆիլմը Հայաստանի շնորհակալությունն է Ֆրանսիային: Մարդիկ պետք է տեսնեն ճշմարտությունը ցեղասպանության մասին` ներկայացված մշակութային տեսանկյունից»:
«Քո ցավը իմն է» ֆիլմը խորհրդանշական տարրեր ունի: Ֆիլմում հնչում է Սերժ Թանկյանի «Այո, սա գենոցիդ է» երգից մի հատված, ինչպես նաև ջութակահար Նիկոլայ Մադոևի երաժշտությունը` որպես հայի շնորհակալությունը Ֆրանսիային: “Այստեղ կոմպոզիտորն ունեցել է մեծ համերգ, և հենց այդ նույն երաժշտությունն էլ հնչում է ֆիլմում,- նշում է ֆիլմի հեղինակը:- Գերխնդիր էր ինձ համար Հայաստանը ներկայացնել մշակությաին արժեքներով, որ երբ փորձեն Հայաստանը մի բառով բնութագրել, այդ բառը լինի մշակույթ, որ Հայաստան ասելով` մշակույթ պատկերացնեն»:
Զրուցեց
Աննա ԻՍԱԽԱՆՅԱՆԸ