DSC01605«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը «Նուռ» փառատոնի առիթով արդեն ներկայացվել է «Կինոաշխարհում», այն ժամանակ մենք հնարավորություն ունեցանք զրուցելու միայն ֆիլմի համառեժիսոր Վահան Ստեփանյանի հետ, քանի որ նա էր մեկնել «Նուռ» փառատոնին` ներկայացնելու ֆիլմը, բացի այդ, մյուս ռեժիսորը` Արտակ Իգիթյանը, Հայաստանում չէր:

Արտակ Իգիթյանը ծնվել է Երևանում, արմատները Իզմիրից են, հայրը ջավախեցի է, գրող, մայրը` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Երկու տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Ավարտել է ՎԳԻԿ-ի օպերատորական բաժինը, դիպլոմային աշխատանքը ներկայացվել է Կաննի փառատոնում: Արդեն 7 տարի է, ինչ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում: Կինը թիֆլիսահայ է, երկու երեխա ունի` տղա և աղջիկ, որոնք Ֆրանսիայում սովորում են նաև հայերեն:

Օրերս մենք նրա հետ հանդիպելու հնարավորություն ունեցանք, քանի որ Երևան էր ժամանել իր նոր կինոնախագծի կապակցությամբ: Եվ առաջին հարցը, որ ուղղեցինք նրան, այն էր, թե ինչու իր ֆիլմը հանեց «Հայակի» մրցութային ծրագրից:

Նա ասաց, որ «Հայակ» ազգային մրցանակաբաշխության դեմ ոչինչ չունի, միշտ էլ ցանկացել է, որ Հայաստանում, բացի «Ոսկե ծիրանից», նաև այլ նշանակալի իրադարձություններ լինեն կինոյի ոլորտում, և տա աստված, որ «Հայակը» զարգանա ու շարունակություն ունենա: Անձամբ զանգահարել և շնորհավորել է պարոն Գևորգյանին, սակայն չի ընդունում կինոմրցանակի որոշ սկզբունքներ, որոնք հույս ունի` ապագայում կշտկվեն: Իսկ ֆիլմը հանել է հավակնորդների ցանկից սոսկ այն պատճառով, որ այն մրցանակաբաշխությանը ներկայացնելիս իրեն չեն հարցրել, ինքը տեղյակ չի եղել, որ «Վանա ծովուն արշալույսը» ներկայացվում է «Հայակի» մրցույթին:

– Ես չէի ուզենա, որ այն ներկա լիներ այդ ամենում լոկ «գալոչկայի» համար: Մանավանդ որ այն թանկ է ինձ համար, բացի այդ, չի կարելի մոռանալ, որ այն եզակի ֆիլմերից է, որ նկարահանվել է նախանշված ժամկետում` ընդամենը 10 ամսում, օրը օրին, ժամը ժամին, ընդ որում` մի քանի երկրներում: Պարոն Բաղդասարովն այն առաջարկեց ինձ, ես ընդունեցի առաջարկը, պարտավորվեցի այն հասցնել առաջիկա Ապրիլի 24-ին և կատարեցի պարտավորությունս: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2011 թ. ապրիլի 23-ին: Արվեց` իր առավելություններով ու թերություններով, որոնք ես անգիր գիտեմ, բայց արվեց,- ասաց նա:- Պարզապես ցավալի էր, որ մարդիկ չզգային իրենց ճիգերի ու ջանքերի գնահատականը: Ուղղակի ճիշտ մոտեցում պետք է ունենալ, ինչն էլ զարգացման գրավականն է:

Այժմ ռեժիսորի համար շատ կարևոր է, թե ինչ է նկարելու «Վանա ծովուն արշալույսից» հետո, կարևոր է թեման: Նա առաջարկ է ստացել էկրանավորելու Մարկ Արենի «Անատոլիական պատմությունը», որը  նույն Ցեղասպանության թեմայի շարունակությունն է, բայց իր համար ավելի կարևոր է այս նոր նախագծի նյութը, որն իր մտահղացումն  է և պատրաստվում է իրականացնել:

– Դա այն իրադարձության մասին է, որը պատահեց 1976 թվականին, երբ Երևանում տրոլեյբուսն ընկավ Երևանյան լիճը: Հասկանալի է`  գլխավոր հերոսը Շավարշ Կարապետյանն է,- ասում է նա:- Դա շատ կարևոր թեմա է ինձ համար, քանի որ դաստիարակչական նշանակություն ունի: Ողբերգություն, որն ուզում ես մոռանալ, և միաժամանակ հերոսություն, որը պետք է միշտ հիշվի և օրինակ ծառայի: Ես այն մարդկանցից չեմ, որոնք հայրենասիրությունը դրոշակ են դարձնում, բայց ինձ համար շատ կարևոր է, որ այս նախագծին նաև Հայաստանի կինոկենտրոնը մասնակցի, և այդ պատճառով է, որ հիմա Հայաստանում եմ: Ֆիլմը լինելու է էքշն ժանրի, որպեսզի վարձույթ ապահովի, սակայն հիմքում դաստիարակչական նշանակությունն է:

DSC01606Նա ցույց տվեց կողքի սեղանին նստած իր որդուն և շարունակեց.

– Իմ տղան այստեղ չի ծնվել ու մեծացել, բայց դաստիարակվում է հայկական ոգով, հայերեն է խոսում, և ես կուզենայի նրան տանել այդ ֆիլմը դիտելու: Եվ ոչ այն պատճառով, որ դա իմ ֆիլմն է, այլ ճանաչողության, դաստիարակելու նպատակով: Այդ թեման, այդ նյութը, այդ ոգեշնչումն եմ ուզում ներարկել իմ և բոլորի մեջ: Եվ շատ կուզենայի, որ այդ ֆիլմը ներկայացներ նաև Հայաստանը, թեպետ նկարահանումների մեծ մասը կկատարվեն Մոսկվայում, Ուկրաինայում և այլուր:

Գլխավոր հերոսի դերակատարը իտալացի դերասան է լինելու, որը մարզական կազմվածք ունի և արտաքինով բավական նման է Շավարշ Կարապետյանին  և ամենակարևորը` Շավարշ Կարապետյանը տեսել է նրան և շատ է հավանել: Այժմ ընթանում են սցենարական աշխատանքները, և 5 ամսվա նախապատրաստական աշխատանքներից հետո հոկտեմբերից սկսվելու են նկարահանման աշխատանքները:

– Ուզում եմ այդ ֆիլմով 70-ականների կարոտախտի համը հաղորդել, ոչ թե խորհրդային կարգերի, այլ այդ տարիների կյանքի: Իհարկե, շատ ծավալուն աշխատանք է լինելու, շատ ծախսատար ու մասշտաբային. մասսայական տեսարաններ, այն ժամանակվա մեքենաներ, հագուկապ և այլն: Բայց այդ ամենը շատ հետաքրքիր է ինձ համար, որովհետև շատ եմ ուզում այդ համը ճշգրիտ հաղորդել: Եվ կոչվելու է «20». դա այդ պատահարից փրկված մարդկանց թիվն է:

Այնուամենայնիվ, կամա-ակամա, զրույցի ընթացքում ստիպված էինք լինում կրկին ու կրկին վերադառնալ Ցեղասպանության թեմային և նրա նախորդ ֆիլմին` «Վանա ծովուն արշակույսին»: Իգիթյանի դիտարկմամբ` մեզ` հայերիս հաճախ են մեղադրում ցեղասպանության թեման չարաշահելու համար: Եվ դա օրինաչափ է: Եթե տարեկան արտադրվում է մեկ-երկու ֆիլմ, դա աչքի է ընկնում: Բայց եթե տարեկան նկարվեր 10-12 ֆիլմ, հազիվ թե դա նման տպավորություն թողներ: Բայց մենք` հայերս, նրա կարծիքով, մեր գեների մեջ միշտ պահպանելու ենք այդ հիշողությունը, և 200-300 տարի էլ անցնի, միևնույն է, ժայթքելու է: Մեր կողմից էլ իրեն շատ են կշտամբել թրքուհի դերասանուհի ընդգրկելու համար:

– Բայց ես քաղաքական գործիչ չեմ, ինձ համար շատ կարևոր էր, որ ճիշտ նկարվեր ֆիլմը, որ թրքուհին հենց թրքուհի լիներ,- բացատրում է նա:- Բացի այդ, մարդիկ մոռանում էին, որ իմ մոտեցումը միանգամայն այլ էր, ես ոչ թե բուն ցեղասպանությունն եմ վեր հանում, այլ դրա արձագանքը ներկա սերնդի կյանքում:

Ի դեպ, բավական վեճեր են եղել նաև գլխավոր հերոսի ընտրության հարցում, քաստինգի արդյունքում նրան ուրիշ դերասաններ են առաջարկել, սակայն ռեժիսորը կանգ է առել Կարեն Ջհանգիրյանի վրա, քանի որ նրա համար շատ կարևոր է դերասանական արվեստը,  պրոֆեսիոնալիզմը, որ մեր օրերում կարծես անհետանում է:

– Ինձ հաճախ ասում էին` այ, մարդ, Կարենի՞ն ես նկարում: Ես այստեղ նոր մարդ եմ, սա իմ առաջին աշխատանքն էր այստեղ, մինչ այդ մի քանի հոլովակ էի արել, և չգիտեմ` ով ում հետ ինչ հարաբերությունների մեջ է, ես նրան ուղղակի ներսից տեսա,- ասում է նա:- Նա արտաքուստ շատ համեստ է, բայց ներսում իսկական հրաբուխ է: Հիմա էլ ասում են` վայ, մենք չէինք սպասում: Ու քանի որ խոսքը եկավ դրան, ասեմ, որ նա միանգամայն արժանի էր «Հայակում» ներկայացվելու «Լավագույն դերասան» անվանակարգում:

Նույն կերպ և ընտրվել է Ժան Նշանյանը, որն անգնահատելի օգնություն է ցույց տվել նկարահանման հրապարակում, թեպետ խորհրդատուներ ունեցել են, և մանավանդ սցենարը սփյուռքահայի ճշգրիտ խոսվածքով թարգմանելու (սցենարի հեղինակ Արմեն Վաթյանն այն ռուսերեն է գրել) հարցում:

Վերջապես, ռեժիսորը երախտապարտ է Միքայել Բաղդասարովին.

– Չլիներ նա, չէր լինի այս ֆիլմը: Ինձ ուրախացնում է, որ մեզանում կան այսպիսի գործարարներ, որոնք ներդրում են անում մշակույթի զարգացման համար` քաջ իմանալով, որ երբեք ներդրված միջոցները հետ չեն բերելու:

Նրան զարմացնում է, որ դեռևս գործնական քայլեր չեն արվում Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ, թեպետ վաղուց են խոսակցություններն այն մասին, որ այդ տարելիցի կապակցությամբ պետական միջոցներով ֆիլմ է նկարահանվելու: Եվ ինքն էլ ժամանակին առաջարկել է սցենարի համար բանակցություններ վարել ամերիկահայ հանրահայտ սցենարիստ Զելյանի հետ, քանի որ ևʹ վարպետ սցենարիստ է, ևʹ ազգությամբ հայ, ուստի լավ է պատկերացնում թեման: Վերջապես, կարելի է սցենարի մրցույթ հայտարարել, ընտրել լավագույնը: Սակայն աշխատանքները հապաղում են, այնինչ «դեռ երեկ պետք է սկսվեին»:

Ինչ վերաբերում է հայ կինեմատոգրաֆի ներկայիս իրավիճակին, ապա ռեժիսորը որոշ խնդիրներ է տեսնում կինոարտադրության համակարգում: Օրինակ` նկատել է, որ այստեղ  քչերն են մնացել, որոնք հասկանում են, թե ինչ բան է ռեժիսորական սցենարը: Իսկ համակարգը վերականգնելու համար, ըստ նրա, պետք է վերաբերմունքը փոխվի: Միշտ չէ, որ ֆինանսական միջոցների սղությունը բացասական է անդրադառնում որակի վրա: Երբ փողը քիչ է, սկսում  ես ավելի շրջահայաց մոտենալ ամեն ինչին, որպեսզի իզուր վատնումներ չլինեն:

– Պետք է մի օր վերցնել ու ամեն ինչ փոխել, պետք է մի օր հավաքվել ու անկեղծորեն արտահայտվել, թե ինչ է պետք անել: Հայկական կինոն այնքան հզոր է եղել, որ այսօրվա անկման պարագայում իսկ պահպանում է իր ներկայությունը համաշխարհային կինեմատոգրաֆի ներկապնակում: Բայց անցյալի դափնիներով երկար չես դիմանա: Հայաստանը եռում է տաղանդներով, այստեղ այնքան գաղափարներ կան, օգնող ձեռք է պետք, որ մարդիկ գտնեն իրար:

Հուսանք, որ հաջորդ հանդիպումը նրա հետ կլինի «20» հայ-ռուս-ֆրանսիական ֆիլմի պրեմիերայից հետո:

Զրուցեց Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆԸ