Ստեփան Անդրանիկյան. «Հիմա էլ առաջին սիրուս հավատարիմ եմ»
Երեք տասնյակից ավելի խաղարկային ֆիլմերի բեմադրող նկարիչ և վեց մուլտիպլիկացիոն ֆիլմի բեմադրող ռեժիսոր, հայկական կինոյի կենդանի լեգենդ Ստեփան Անդրանիկյանը զարմացավ մերօրյա հայկական կինոյի մասին խոսելու խնդրանքիցս ու շտապեց տեղեկացնել, որ արդեն 20 տարի կինոյում ոչինչ չի անում: Այնուամենայնիվ սիրալիր ընդունեց և իրեն հատուկ շիտակությամբ անդրադարձավ իր և հայաստանաբնակներիս իրականությանը:
Վարպետի ես-ն այնքան լուսավոր միջավայր ստեղծեց ու ջերմություն տարածեց զրույցի ընթացքում, որ լիովին աննկատ մնաց դրա տևողությունն ու ընդգծեց նրա անկեղծ գնահատականը, սերը, հիացմունքն այն մարդկանց հանդեպ, որոնց հետ հանդիպումները վերածվել են աշխատանքի, ստեղծագործության, ընկերության, մի խոսքով` կյանքի: Դրանք ներկայացնող մեր զրույցի մանրամասները` ստորև:
Խոստովանություն
Գեղանկարչությունն առաջին սերս է: Իսկ առաջին սիրուն չի կարելի վատ վերաբերվել, առավել ևս` դավաճանել: Դա նրան դուր չի գալիս, նեղանում է: Սերն էլ, թե նեղացավ, կանդրադառնա ամբողջ կյանքիդ վրա: Իսկ գեղանկարն իմ առաջին սերն է, և հիմա էլ նրա հետ եմ: Ու երբ կինոն դադարեց կինո լինելուց, շարունակեցի միայն գեղանկարչությամբ զբաղվել:
Մտահոգություն
Խայտառակ բան է կատարվում: Ինձ շատ է մտահոգում արտագաղթը: ժանտախտի պես մտել է մարդկանց, ժողովրդի մեջ: Ասպարեզ չեն տալիս` մարդիկ թողնում-գնում են: Մի կողմից` մեղադրում ես, մյուս կողմից է` պիտի ապրեն, դրսևորվեն: Բայց վաղ թե ուշ արտագաղթը մեզ վրա շատ թանկ է նստելու և այնքան թանկ, որ կարող է հանգեցնել մեր պետականության կորստի, այսինքն` դրա ձևական բնույթին: Իսկ վերևներում այդ մասին չեն մտածում: Էնտեղ մտածում են մի բանի` փողի մասին, միայն փող, փող: Էդ կուսակցություններն ու իշխանության օղակները հավաքվել են փող դիզելու: Բայց ինչքա՞ն կարելի է: Մեր լավագույնները Հայաստանից դուրս են գտնում իրենց մասնագիտական դրսևորման հնարավորությունը: Ավելի լավ իրավիճակի նշույլներ չեմ տեսնում. մի թայֆան, որ մաֆիա է, եղածին էլի մի քանի դեմքեր է ավելացնում, ու վերջ: Փոփոխությունն ընդամենը սա է: Վախենամ` դա չվերանա, քանի որ ահռելի ուժ է, որ տնօրինում է մեծ գումարների և օգտագործում դրանք վերևում մնալու և ավելին ձեռք գցելու համար: Ժողովրդի վրա թքել են:
Զարմանք
Ասում են` անկախության տարիներին 500 ֆիլմ է նկարահանվել: Ի՞նչ: Բա ո՞ւր են դրանք: Ո՞վ է տեսել: Ո՞վ է ասում: Ազգային կինոկենտրոնն է ասում: Դա էլ “Հայֆիլմի” մի փոքրիկ մնացորդն է` զուրկ կինոարտադրության համար անհրաժեշտ բազայից: Ինչ-որ ռեժիսորներ պետության տրամադրած չնչին գումարով աշխատում են, բայց ի՞նչ և ո՞ւմ համար են նկարում, ո՞վ է հաշվում, ո՞վ գնահատում: Երբ «Հայֆիլմն» իր ողջ բազայով փոշիացվեց, փոշիացվեց ոչ միայն նյութականորեն, այլև մասնագետների, մարդկային ռեսուրսի առումով, և կտրվեցին մասնագիտական շրջանակների սերնդափոխությունն ու զարգացումը: Եղան ու մոռացվեցին մեծագոռգոռ հայտարարությունները, թե մի քանի տարուց կլինենք տարածաշրջանի Հոլիվուդը: Կարևոր է նաև, թե ինչով է զբաղված Կինոգործիչների միությունը, որի անդամները հարյուրից ավելի են: Բայց այն կարող է գործել, երբ ֆիլմարտադրություն կա: Հիմա Կինոմիությունն իր նախագահով ու անդամներով ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղված` հասկանալի չէ: Զարմանալի ու ցավոտ վիճակ է: Ոչ մի առիթ կամ նյութ չկա կինոյում աշխատանքի մասին մտածելու, քանի որ կինոն փաստորեն հիմա գոյություն չունի:
Միջավայր
Հիմա դժվարին ժամանակներ են հատկապես արվեստի համար: Արվեստը համարյա մոռացության է մատնված իշխանությունների կողմից, և դա անհասկանալի բան է: Օրինակ` կինոն ուղղակի վերացավ, փակեցին, քարուքանդ արեցին կինոստուդիան, և այսօր եղածը, չես հասկանում` ինչ է: Ապրում ենք մի ժամանակ, երբ փողն է գերիշխում: Ով վեր է կենում, բիզնեսի մասին է մտածում, անկախ իր գործունեության ոլորտից: Դրա համար էլ արվեստը հետին պլանում է: Չնայած կա մշակույթի նախարարություն, բայց ոչինչ չի անում, զբաղված է միջոցառումներով, տոնակատարություններով, իսկ ավելի լրջորեն արվեստով ոչ ոք չի զբաղվում: Բայց դա չի նշանակում, թե շնորհաշատներն ու տաղանդավորները անցյալում են: Նոր սերնդում էլ կան տաղանդավոր մարդիկ, բայց չկա այն համակարգը, որ կարող է նրանց բացահայտել, համախմբել և օգտագործել, այսինքն` գործունեության ասպարեզ տալ:
Գործ
Նկարիչ եմ և պիտի իմ գործն անեմ, անկախ նրանից` ընդհանրապես պետք է որևէ մեկին, թե ոչ: Ինչ որ մտահղացում է գալիս, դա էլ անում եմ և անում եմ ինձ ու ժողովրդի համար, քանի որ տեսա, զգացի, որ ընդունում-հասկանում է իմ արվեստը: Դա երևաց իմ ցուցահանդեսներից: Մարդիկ գալիս, նայում, հետաքրքրվում էին, ոգևորվում և տպավորություններ գրում: Զգացի, որ իսկապես ժողովրդին պետք եմ: Էդ կապակցությամբ ուղղակի աշխատում եմ: Նոր` «Տիեզերք» շարք եմ սկսել, տիեզերք եմ նկարում: Դա տիեզերքը ներկայացնող մի 20-30 գործ է ներառելու և ամբողջանալու է մեր անվանի այն ստեղծագործողների դիմանկարներով, որոնք իրենց մեծությամբ արդեն հասել են տիեզերքին. Հրաչյա Ներսիսյան, Սիամանթո, Կոմիտաս, Սերգեյ Փարաջանով, Լեոնիդ Ենգիբարյան, Վիկտոր Համբարձումյան և այդպես շարունակ: Այ կտավներ եմ պատրաստել-ձգել, մոտ քսանն են: Շարքը լրացնելու համար պետք է որոշ նոր դիմանկարներ անեմ, վերջնականապես ես էլ չգիտեմ, թե ում:
Օրագիր
1946-ից մինչև օրս օրագիր եմ պահում: Գրի եմ առնում անցուդարձս: Հիմա գիրք եմ պատրաստում. հուշերս են: Պատմում եմ մանկությունիցս մինչև այսօրվա կարևորը: Ձեռագրերը պատրաստ են ու խմբագրման փուլում են: Տպագրման հարցերը դեռ լուծված չեն: «Ես և ես»” ոչինչ, չէ՞, լավն է, չէ՞, անունը: Հուշերումս շատ եմ անդրադարձել ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումներիս: Գլխովս շատ բան է անցել, ու երեք անգամ մահվան դուռն եմ հասել, իսկ Աստված ասում է` բավական է, երեքը լրիվ հերիք է:
Հետահայաց
«Տժվժիկ»
«Տժվժիկը» Արման Մանարյանի կուրսային աշխատանքն էր, որ արվում էր ՎԳԻԿ-ում: Հրավիրեց ինձ ու նույն ինստիտուտի ուսանող օպերատոր Մարկ Հովսեփյանին, և «Տժվժիկը» դարձավ միակ ֆիլմը, որտեղ երեքս` ռեժիսոր, օպերատոր և նկարիչ, չտեսնված ճիշտ և ամենայն մանրամասնությամբ համագործակցել ենք: Շատ լավ ենք հասկացել ու պատկերացրել, թե ինչ է պետք նկարին, և այդ նկարի բովանդակությունից ելնելով` աշխատել: Ամեն մեկս անում էր իր գործը, և աշխատում էինք մեր կարողացածի առավելագույնով: Ֆիլմը նկարահանվեց իմ ռասկադրովկայով: Հովսեփյանը չէր նկարում մինչև չտեսներ կադրանկարն ու կադր դներ: Մոտ 200 կադրանկար եմ արել «Տժվժիկի» համար: Արմանը բոլորովին երիտասարդ էր, բայց արդեն զգացվում էր մեծ շնորհքը, որ հետո էլ այլ ֆիլմերում դրսևորվեց: Նույնը կարելի է ասել նաև հավաքված դերասանական հիանալի կազմի մասին: Հրաչյա Ներսիսյան, Արման Կոթիկյան, Ցոլակ Ամերիկյան, որոնք ամբողջ ֆիլմը տարան իրենց ուսերին` բարձրացնելով` արեցին այն, ինչ հիմա տեսնում ենք: «Տժվժիկը» եղած-չեղած 20 րոպեանոց ֆիլմ է, բայց մինչև հիմա դիտվում է, ասես ժամանակից հետ չի մնում, չի հնանում:
Մուլտցեխ
Հայկական մուլտիպլիկացիայի պատմությունը երկար է, և այդ պատմության մեջ իմ մասնակցությունն էլ կա: Թեև մեծ գործ էին արել Լև Ատամանովն ու Վալենտին Պոդպոմոգովը, բայց մասնագետներ չունեինք, հրավիրում էինք Մոսկվայից, աշխատում, գնում էին: Մի օր էլ «Հայֆիլմի» տնօրեն Մադոյանը կանչեց ինձ ու ճշտեց, որ ՎԳԻԿ-ում մուլտիպլիկացիա եմ ուսանել, և առաջարկեց աշխատել այդ ոլորտում: Համաձայնեցի, բայց պայմանով, որ տեղում մասնագետներ պատրաստվեն: Սկսեցի իմ առաջին ֆիլմը` «Արևի հարսնացուն»: Նկարեցի մոտ վեց ամսում և ընթացքում կանչել էի լավագույն մուլտիպլիկատորներին` Կուպաչ, Կուրոյան, Կուշնարյով. «Սոյուզմուլտֆիլմի» ասերից էին, որոնց առաջ պայման դրեցի, ասացի. «Տղերք, մինչև հինգը աշխատում եք իմ նկարի վրա, հինգից ինը` կուրսեր ենք բացում և դասավանդում եք»: Համապատասխան աշխատավարձ նշանակվեց, ու կուրսերը բացվեցին: Մի 60 մարդուց ընտրեցինք 10-12-ին, այդ թվում նաև Ռոբերտ Սահակյանցին, Ստեփան Գալստյանին, Յուբիկ Մուրադյանին, որդուս` Ալեքսանդր Անդրանիկյանին: Նույն կուրսից 6-7 հոգու ուղարկեցի Մոսկվա: Աշխատեցին տարբեր ռեժիսորների հետ անիմացիոն ֆիլմերի վրա: Փորձ էին ձեռք բերում. երբ եկան, մուլտխմբի գեղղեկն էի, յուրաքանչյուրին առանձին անիմացիոն ֆիլմ տվեցի: Սկզբում ինքնավստահությունը պակաս էր, բայց լրացավ, ու ձևավորվեցին մեր կադրերը և աշխատեցինք առանց Մոսկվայի մասնագիտական ուժի: Այ էսպես: Տասներկու տարի ղեկավարեցի այդ խումբը, իսկ հետո թողեցի այդ գործն ու աշխատեցի Փարաջանովի հետ:
«Նռան գույնը»
Փարաջանովի աշխատելու ոճը բոլորովին տարբերվում էր մեր մյուս ռեժիսորների աշխատաոճից, գոնե այն ռեժիսորների, ում հետ աշխատել եմ, իսկ աշխատել եմ 35 ֆիլմում: Փարաջանովն այլ կերպ էր աշխատում, ինչը շատ դժվարացնում, բայց նաև անասելի հետաքրքիր էր դարձնում նկարահանող խմբի գործը: Նա աշխատում էր իմպրովիզացիոն կարգով: Որպեսզի «Նռան գույնը» նկարահանվեր, ներկայացրել էր կանոնավոր սցենար: Իսկ երբ աշխատում էինք ռեժիսորական սցենարի վրա, բան դուրս չէր գալիս, Փարաջանովն իր տեղը չէր գտնում: Ի վերջո, մի օր էլ բռունցքով խփեց սեղանին ու ասաց. «Վերջ, բավական է: Կնկարենք այնպիսի ֆիլմ, ինչպիսին դեռ աշխարհը չի տեսել: Կնկարենք իմպրովիզացիոն կինո»: Ու նկարահանվեց հենց այդպիսի ֆիլմ` «Նռան գույնը»: Մեզ համար դժվար էր, քանի որ ամեն օր անակնկալի էր բերում ու երբեմն չէր ընդունում, որ իր այս կամ այն պահանջն իրականացնելու համար 2-3 օր է պետք: Ֆիլմում ամեն ինչ իրական էր. զգեստներն ու տղամարդու 40 արծաթե գոտիները XVII- XVIII դարի էին, և ամբողջը գնել էինք Լոռվա գյուղերից: Հեշտ էին վաճառում, բայց ինքը` Սերգեյն էր խանգարում: Գալիս-տեսնում ու անկեղծորեն զարմանում, հիանում, հետաքրքրվում էր, ուղղակի խենթանում էր, ու մարդիկ գինը կրկնապատկում էին: Է~, քանի անգամ ենք խնդրել, վիճել, որ էմոցիաները զսպի, բացեիբաց չարտահայտի, չխանգարի: Միևնույն էր (ծիծաղում է): Մի օր էլ կանգնեցինք հարցի խնդրի` եկեղեցում ինչպես ստանալ լույսի ու պայծառության անհրաժեշտ չափը, ու Փարաջանովն ասաց. «Ներկի, պատերը ներկի»: Ասում եմ. «Ի՞նչ ես ասում, անկարելի է, էդ ո՞վ թույլ կտա` եկեղեցին ներկենք, և ընդհանրապես ո՞նց կարելի է էդ հնագույն քարերը, կառույցը փչացնենք»”: Չէր համոզվում: Ասացի` մի ելք կգտնեմ: Ու տղաներին երեք կիլո կուպարոս առնել տվեցի: Դա բաց կապտավուն փոշի է, որը խաղողները անվնաս աճեցնելու համար են օգտագործում: Կուպարոսը լցնում էինք ֆաներկայի վրա ու փչում պատերին: Նստում էր պատերին ու դարձնում բաց կապտավուն և լուսավորվում: Արդյունքը սիրուն էր: Փարաջանովը եկավ, զարմացավ, թե ոնց ենք ստացել: Սերգեյի հետ հետաքրքիր էր` ամեն անգամ նկարելիս ինչ-որ նոր բան էր գտնում-ստեղծում: Իր մտքում այդ ֆիլմն արդեն կար, ու նկարեց էնպես, ինչպես տեսնում էր: Փարաջանովից հետո աշխատում էի հարազատ մնալ կինոյի սկզբունքներին: Էստեղ բոլորովին ուրիշ էր, դժվարությամբ էի աշխատում «Նռան գույնից» հետո, բայց էլի աշխատեցի, ու գնահատելի արդյունք եղավ:
Փակված ֆիլմեր
Վաղարշյանի հետ Միսակ Մանուշյանի գործունեությունը ներկայացնող ֆիլմ էինք սկսել նկարահանել` «Բալլադ 23-ի մասին»: Գնացինք Գերմանիա, դերասաններ ընտրեցինք, Ֆրանսիայում անհրաժեշտ ընտրությունն արեցինք, և ինչ-ինչ պատճառներով ֆիլմը փակեցին: Նույն կերպ վարվեցին Մալյանի «Կոմիտասի» հետ: Ինչ- ինչ մարդիկ գնացին Կարեն Դեմիրճյանի մոտ ու պնդեցին, թե Մալյանը չի կարող էդ ֆիլմը նկարահանել, և ֆիլմը փակվեց: Դա Մալյանի վրա շատ ազդեց ու դարձավ իր մահվան պատճառներից մեկը: Մալյանը հստակ գիտեր, թե ինչ է անում և ինչ ֆիլմ նկարում: Հենրիկը շատ փափուկ անձնավորություն էր, և չեմ հիշում, որ նա ձայնը բարձրացներ դերասանների կամ նկարահանման խմբի անդամներից որևէ մեկի վրա: Շատ զուսպ ու հանգիստ անձնավորություն էր: Նա նախ շատ ճշգրիտ էր ընտրում դերասանին. տեսնում էր` ով կարող է տվյալ դերը ամենքից լավ խաղալ: Հստակ հրահանգներով էր աշխատում: Մալյանը կարողանում էր հոգեբանորեն ազդել դերասանների վրա. մի քիչ էքստրասենսի ունակություն ուներ, ու դա նկատելի էր, բայց ճնշում չէր գործադրում, դերասանն ինքն էր որոշում` ինչպես բացահայտի իրեն այդ դերում:
«Ճանապարհ դեպի կրկես»
«Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի նկարահանման ժամանակ կրկեսը Կիևում հյուրախաղերի էր: Ենգիբարովն էլ կրկեսի դպրոցն ավարտել ու արդեն աշխատում էր: Մալյանի հետ գնացինք Կիև, գտանք նրան ու ասացինք, որ ֆիլմի գլխավոր դերակատարն ինքը պիտի լինի: Զարմացավ. «Ո՞նց խաղամ կինոյում»: Պնդում էր, որ ինքը միմ է ու չի կարող կինոդերասան լինել: Բայց Մալյանը վստահեցրեց, ու նա համաձայնեց: Պայմանավորվեցինք ու նկարահանումները հարմարեցրինք կրկեսի հյուրախաղերի ժամանակացույցին: Նկարահանումները կազմակերպում էինք իրենց հետ շրջելով և հիմնականում` կեսգիշերին: Նկարելու ընթացքում Հենրիկը Լյոնյային ոչ մի նկատողություն, ուղղում, փոփոխություն չէր անում. Ենգիբարովն ինքն իրեն էր խաղում, ներկայանում էր էնպես, ինչպես կար: Ենգիբարովը շատ պարզ ու անմիջական անձնավորություն էր` առանց ինչ-որ պահանջների, և ոչ մի հարց, ոչ մի հակադրություն ողջ աշխատանքի ընթացքում չծագեց: Միայն երբ ֆիլմն ավարտել ու դիտում էինք, ասաց. «Դուք ինձ անմահացրիք»: Կիևում Լյոնյայի հետ երեք ամիս հյուրանոցի նույն համարում էիք ապրում: Շատ ենք զրուցել ամենատարբեր թեմաներով, ու ամեն զրույցն ավելի էր ընդգծում նրա հետաքրքիր, վառ անհատականությունը: Օրական երեք սեանս էին տալիս կրկեսում, ու կեսգիշերին նոր սկսում էինք նկարահանումները: Գալիս էր կրկեսի գրիմով, դեմքը սպիտակ ներկած, հյուրանոցում նոր լվացվում էր: Մի օր էլ խնդրեցի, որ Լյոնյան գրիմը չհանի, ու կտավը դրեցի` նրա դիմանկարն անելու: Շատ արագ, մի քանի ժամում դիմանկարը պատրաստ էր:
Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆ