Ուզբեկական փլավի համը և արգելված պտղի հոտը
«Հոբելյանական հաճախորդը» Արա Երնջակյանի` իբրև կինոռեժիսորի, երկրորդ աշխատանքն է, որ նախ և առաջ հետաքրքրական է ժանրային առումով. սա հայ կինոյի պատմության մեջ առաջին կամերային կինոդուետն է` իբրև հեռուստաթատրոնի և պիեսի ավանդական էկրանավորման սահմանագիծը հատող իրողություն: Ռեժիսորի կողմից սեփական թատերական բեմադրությունն անձամբ էկրանավորելը յուրատիպ նախաձեռնություն է («Հոբելյանական հաճախորդը» Երևանի կամերային թատրոնի խաղացանկի հայտնի ներկայացումներից է, չնայած կինոտարբերակում դերասանական կազմը փոխվել է: Ժամանակին թատրոնում խաղում էին Քեթրին Մանասյանը և Արշալույս Հարությունյանը, որը, ի դեպ, նաև ֆիլմի պրոդյուսերն է): Ինչպես հեղինակն ինքն է անկեղծորեն խոստովանել պրեմիերայից առաջ կայացած ասուլիսում, սա թերևս Արշալույսի գործը կարելի է համարել, իսկ ինքը ուղղակի «կողքից խանգարել, փչացրել, ջարդել է»:
«Հոբելյանական հաճախորդի» համն ու հոտը միանգամայն տարբեր են: Սկսենք հոտից: Պատկերավոր ասած` ֆիլմից արգելված պտղի հոտ է գալիս: Սա կնոջ և տղամարդու հարաբերությունների, Ադամի և Եվայի հին պատմության երնջակյանական մեկնությունն է, որում եդեմական պարտեզի փոխարեն գործողությունը ծավալվում է հերոսուհու երևանյան բնակարանում: Արգելված պտուղն էլ, ըստ ավանդույթի, սեքսն է, որի պատճառով ֆիլմը նախատեսված է 16 տարին բոլորածների համար:
Ինչ խոսք, հայ կինոյի պարագայում, եթե աթարի հոտը միանգամից չի խփում քթիդ, արդեն իսկ հաճելի է: «Հաճախորդը» բուրում է սուպերմարկետից գնված մեծ խնձորների պես, որ ֆիլմի սկզբում խոշոր պլանով ցույց են տալիս: Մենք տեսնում ենք փայլող, կարմիր խնձորներ, որոնք չենք կարող համտեսել, իսկ Լուիզա Ներսիսյանի մարմնավորած հերոսուհու համար դրանք ամենևին էլ արգելված պտուղներ չեն. նա ընտրում և գնում է մեկի փոխարեն մի քանիսը, իսկ հետո գիշերային Երևանի կանգառներից մեկում իրեն դուր եկած տղամարդու հետ վայելում` բացահայտելով արգելված պտղի խորհուրդը թեʹ բուն և թեʹ փոխաբերական իմաստներով: Ի դեպ, սա ֆիլմի ամենահաջողված տեսարաններից մեկն է, երբ տղամարդն անձրևաջրով կարմիր խնձորը լվանում և հյուրասիրում է կնոջը: Մեզ համար առաջընթաց է, որ սեքսն առաջին պատահած և դուր եկած տղամարդու հետ` իբրև կնոջ ազատ ընտրություն, չի դատապարտվում, ավելին` ողջունվում է և ներկայացվում որպես երկարատև հարաբերության, իրական սիրո պատմության կարևոր նախապայման:
Նոր Ադամը ներկայանում է Սամսոնի ձայնով ու Դավթի կերպարանքով: Բանն այն է, որ «կարմիր խնձորի» հիստերիկ բարդույթը հաղթահարվում է տղամարդու կերպարի հանգստության շնորհիվ, որին մարմնավորել է ազգությամբ վրացի Դավիթ Քայավառան, իսկ խոսքը ձայնագրել է հայ դերասան Սամսոն Ստեփանյանը (նրա ազդեցիկ տեմբրը, զուգակցվելով դերակատարի զուսպ խաղին, հավելյալ հմայք է տալիս կերպարին): Քաթավառան, որ մարզիչ է և դրամատիկ դերերի փորձ նախկինում չի ունեցել, հայկական կինոյի համար «իսկական տղամարդու» նոր օրինակելի տիպար է ստեղծում: Նա մաֆիոզ չէ, հարբեցող չէ, բաժանվել է կնոջից, բայց նրա հետ պահպանում է մարդկային ընկերական հարաբերություններ:
Ի տարբերություն Ադամի` նոր Եվան կրկնորդի կարիք չի զգացել, քանի որ դերասանուհին իր մարմնականությունը ցուցադրելուց չի վախեցել: Լուիզա Ներսիսյանը համակրելի է և անգամ անկեղծ ժպիտ է առաջացնում մի քանի տեսարաններում, երբ «Սիրունիկը» ֆիլմից Ջուլիա Ռոբերտսի և «7-րդ տարվա մարմաջը» ֆիլմից Մերիլին Մոնրոյի հանրահայտ հերոսուհիների կերպարանքով է ներկայանում` քանդելով գործողության տարածքի «չորս պատը»: Ի վերջո, նրա շնորհիվ է, որ «Ինն ու կես շաբաթից» աշխարհին հայտնի Քիմ Բեսինջերի մերկապարի հայկական տարբերակն էլ ունեցանք:
Վերջում, երբ կին-տղամարդ սիրախաղի համար նախատեսված բոլոր դիմակները սպառվում են, բացահայտվում է նոր Եվայի և Ադամի հարաբերության առաջարկվող բանաձևը. ոչ թե թույլ-ուժեղ կամ գիշերային թռչնակ-որսորդ, այլ բժիշկ-պացիենտ տարբերակով, որում բժիշկը կինն է, իսկ պացիենտն առաջին հայացքից շատ առողջ թվացող, բայց իրականում ծանր հիվանդ տղամարդը:
Եթե ֆիլմի հոտը արգելված պտղի էր, ապա համն անկասկած ուզբեկական փլավի է: Միասին գիշերելուց հետո` նախաճաշին, տղամարդն ուզբեկական փլավ ուտելու ցանկություն է հայտնում, որ խոստացվում, բայց էդպես էլ չի մատուցվում, ոʹչ նրան, ոʹչ էլ հանդիսականին:
Արմեն ՕՀԱՆՅԱՆ