Հանուն մոր և որդվո և հոգվույն կելտաց
Մարտին Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Բերդում անցկացված բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում Բրիտանական խորհուրդը լավագույն գրախոսականի մրցույթ էր հայտարարել, որի արդյունքներն ամփոփել են Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամները: www.britfilms.am կայքում տեղադրված 50-ից ավելի գրախոսականներից ներկայացնում ենք հաղթող ճանաչվածը:
«Տիրանոզավրը» 2011-ի բրիտանական կինոյի հայտնությունն է` իբրև կատաղության դեմ նախատեսված պատվաստում, որ արժի ներարկել բոլորիս: Առաջին հայացքից հասարակ, թեև դրամատիզմով գերհագեցած մարդկային պատմություն է երկու դժբախտ միայնակների` Հովսեփ (Ջոզեֆ) անունով հարբեցող մաչո ծերուկի ու բռնակալ ամուսնու ձեռքին տառապող երիտասարդ Հաննայի հանդիպման և իրենց անձնական ողբերգությունների համատեղ հաղթահարման մասին: Հեղինակավոր կինոփառատոների ամենատարբեր անվանակարգերում ստացած շուրջ երեք տասնյակ մրցանակները վկայում են, որ սցենարի հեղինակ և ռեժիսոր Փեդի Քոնսիդայնի առաջին լիամետրաժն իրականում շատ ավելի խոր, բազմաշերտ և արտասովոր կինոիրադարձություն է: Փեդին, որ նախկինում ավելի հայտնի էր որպես բավական հաջողակ դերասան (թեպետ հիմնականում մարմնավորել է անհաջողակների), այժմ դարձել է բրիտանական կինոյի ամենաուշագրավ ռեժիսորներից մեկը և անգամ արժանացել տարվա լավագույն սկսնակի կոչմանը Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի (BAFTA) կողմից:
«Տիրանոզավրը» յուրատեսակ ռիմեյք է: Հեղինակը գրեթե նույնությամբ վերարտադրել է իր իսկ առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Բոլորն էլ շուն են» («Dogs althogeter», 2007), ընդ որում` նույն կերպարներով, դերակատարներով և նույնիսկ տեսարանների ճշգրիտ կրկնությամբ, սակայն կարճամետրաժում խտացված ասելիքը դարձնելով լիամետրաժ և զարմանալիորեն չձգձգված, ամբողջական կինոպատմություն:
Հայրեր և որդիներ
Փեդիի խոստովանությամբ` ֆիլմն ինքնակենսագրական չէ, բայց իր կյանքի փաստերի արվեստային մեկնաբանությունն է: Գլխավոր հերոսին նա տվել է իր արդեն հանգուցյալ հոր անունը` Հովսեփ, իսկ սրա կնոջը` մոր անունը` Փոլին: Նրա հայրն էլ խմելու հետ սեր ուներ, և պատահում էր, որ զայրույթը չէր զսպում` ճիշտ ֆիլմի գլխավոր հերոսի նման:
Հովսեփի դերակատարը` շոտլանդացի Փիթեր Մալանը, ինչ-որ առումով ամբողջ կյանքում խաղում է իր հարբեցող հոր դերը: Նա բռնակալ հոր ութ զավակներից միակն է, որ կարողացել է իր մանկության ընտանեկան ողբերգությունը հաղթահարել դերասանական արվեստի միջոցով և անգամ 1998-ին Կաննի փառատոնում «Իմ անունը Ջո է» ֆիլմում հարբեցողի դերակատարման համար արժանացել է լավագույն դերասանի տիտղոսին:
«Տիրանոզավրը» սոցիալական դրամայի ժանրում առայսօր ամենահաջողված փորձերից է, որ հայրիշխանության, պատրիարխալիզմի դեմքը հայելում ցույց է տալիս նորովի. այստեղ զոհ են բոլորը` ոչ միայն կանայք, երեխաներն ու անգամ ընտանի կենդանիները, այլև, առաջին հերթին, հենց իրենք` բռնակալ տղամարդիկ: Ըստ էության` որդիները պատկերել են իրենց հայրերին, որոնք իրականում այլևս չկան, ասելու համար. «Ինչ հիմարն էիք դուք, որ տանջում էիք թեʹ ձեզ, թեʹ մեզ, թեʹ մեր մայրերին»:Եվ դա բարձրաձայնվում է ֆիլմի միակ հոր կերպարի` Հովսեփի ընկերոջ շուրթերով, որ մահվան մահճում պառկած` ասում է ճիշտ նույն բառերը. «Ինչ հիմարն էի ես»: Իսկ երբ Հովսեփն ատամների արանքից ջղայնությամբ նետում է. «Աստված իմ հերը չի, իմ հերն էշի մեկն էր ու գիտեր դա»,- հասկանալի է դառնում, որ ֆիլմը որդիների ցասումն է ընդդեմ բռնակալ հայրերի և նրանց անսահման կարոտն ու որոնումը գթասիրտ հոր` թեʹ երկնքում և թեʹ երկրի վրա:
Միակ երեխա հերոսը` Սեմը, նույնպես անհայր է ու հոր կարոտն է քաշում` կառչած նրանից հիշատակ մնացած փափուկ խաղալիք նապաստակին: Եթե պատկերավոր ասենք, ապա Փեդիին հաջողվել է գլխիվայր շուռ տալ Աստվածաշնչից բխող ռեմբրանդտյան հայտնի կտավն ու որդու կողմից պատկերել ՙանառակ հոր վերադարձը՚:
Հին ու նոր Հովսեփը
Աստվածաշնչում երկու Հովսեփ (եբրայերեն` «Աստված վեր կելնի») կա: Հին կտակարանում Հակոբի որդի Հովսեփը հոր սիրած զավակն է, որին, նախանձից դրդված, եղբայրները ստրկության են վաճառում, իսկ Նոր կտակարանում Հովսեփն Աստվածամոր ամուսինն է: «Տիրանոզավրի» գլխավոր հերոս Հովսեփը նույնպես երկատված է. կարծես երկու տարբեր մարդ ամբողջացել են մի կերպարում: Հին Հովսեփը, որ սոցիոպաթ է, հարբեցող, քոթակում է թաղի ջահել տղերքին, ջարդուփշուր անում ճամփին պատահած ամեն ինչ, և նոր Հովսեփը, որ բռնել է ապաշխարանքի ուղին, աղիողորմ լաց է լինում` մի անկյունում կուչ եկած, սրտառուչ փափկությամբ է վերաբերվում հարևանի տղա Սեմին, որին կոչում է որդի, և ստիպում է մեզ սիրել իրեն ու հասկանալ: Փիթեր Մալանը պատվով է գլուխ բերել հին ու նոր Հովսեփներին ներկայացնելու բարդ խնդիրը և ծերացող, միայնակ տղամարդու համար նոր կյանքի ճամփա բացել այնքան համոզիչ կերպով, որ ֆիլմի վերջում մեջքով հեռացողին սկսում ես ընկալել իբրև պատանու, որի կյանքը դեռ նոր է սկսվում, և ամեն ինչ դեռ առջևում է, ու ընկածը վեր կելնի…
Հաննան` Աստծո գառը
Աստվածաշնչում Հաննան (եբրայերեն` «Աստված շնորհեց (որդի)») չբեր բարեպաշտ կին էր, որի աղոթքներին անսալով` ողորմած Աստված նրան որդի շնորհեց: Ֆիլմի գլխավոր հերոսուհի Հաննան, 38-ամյա դերասանուհի Օլիվիա Քոլմանի շնորհիվ, իր բիբլիական նախատիպի մարմնացումն է դարձել: Նախկինում բացառապես կատակերգական կինոյի աստղ համարվող Օլիվիան իր առաջին բարդ դրամատիկ դերով արժանացել է կինոքննադատների բարձր գնահատականին:
Հաննան Աստծո գառն է, բարեպաշտ հավատացյալ, որ երազում է երեխա ունենալ, բայց չի ստացվում: Բարեգործական խանութը նրա եկեղեցին է, որտեղ ինքն է ևʹ տիրուհին, ևʹ սպասավորը, ու բարձրաձայն աղոթքով առ Աստված նա ստիպում է անգամ Հովսեփին մանկան պես արտասվել, բայց Աստծո որդու պատից կախ նկարն անհաղորդ է մնում: Տերը կարծես չի էլ լսում Հաննայի աղոթքները, մինչդեռ նրա իրական տիրակալը` ամուսինը, անմարդկային ստորացումների է ենթարկում կնոջը. միզում է վրան, ծեծում, բռնաբարում: Հաննան պատրաստ է հնազանդ կրել իր խաչն ու մի նոր` կնոջ Գողգոթա անցնել, բայց Հովսեփի հայտնությունը նրա կյանքում ճակատագրական է` սթափեցնող ապտակի նման:
Անգամ անմեղ գառնուկներն են շան պես գազազում, երբ Տերը երես է թեքում նրանցից կամ դառնում բռնացող տիրակալ: Գառնուկների լռությունը վերջանում է, երբ համբերության բաժակը լցվում է: Հաննայի համբերության բաժակը, որ անընդհատ լցվում է ալկոհոլով ու չի սփոփում: Համբերության բաժակը, որ մի օր էլ նա նետում է Հիսուսի նկարի վրա: Համբերության բաժակը, որ ամուսինը մտցնում է նրա արգանդը, երբ բոլորովին հարբած Հաննան, ի վերջո, նրա դեմքին շպրտում է իր մեջ կուտակված ամբողջ զայրույթն ու նողկանքը: Նա սպանում է ամուսնուն միայն այն բանից հետո, երբ վտանգվում է իր մայր դառնալու անմար հույսը, բայց մենք դա չենք տեսնում, այլ լսում ենք իբրև խոստովանություն հենց նրա շուրթերից, և մենք էլ, Հովսեփի նման ապշահար, մի պահ կարծես դառնում ենք բարեպաշտ Հաննայի խոստովանահայրը:
Ի դեպ, վերջին անգամ Հաննային հանդիպում ենք կալանավայրի ընդունարանում: Նրա մազերը երկարել են, դեմքը` խաղաղվել: Նա բռնում է իրեն այցի եկած Հովսեփի ձեռքն ու ոչինչ չի ասում, այլ ժպտում է մի քիչ զգուշավոր, մի քիչ առեղծվածային, ու ակամա մտածում ես, որ աղոթքները տեղ են հասել, որ նա հղի է, բայց ումի՞ց, Հովսեփի՞ց, թե՞…
Ջեյմսի նեխող դիակը
Ջեյմսը, որ Աստվածաշնչում Հակոբն է (եբրայերեն` «կրունկ, ոտքի տակ») և Հովսեփի հայրը, ֆիլմում Հաննայի ամուսինն է: Դերասան Էդի Մարսանն ամբողջ ֆիլմում 10 րոպեից ավելի չի երևում էկրանին. հայտնվում է հինգ կարճ տեսարանում և հաջողում մեկընդմիշտ դաջվել հիշողությանդ մեջ ու արթնացնել իրարամերժ զգացմունքներ` ահասարսուռ նողկանք և խղճահարություն: Մի քանի ակնթարթ երևացող Ջեյմսի նեխող դիակը կատաղության դեմ արվող պատվաստման վերջին կաթիլն է` հանդիսականին այնքան հմտորեն ներարկված, որ ցավ անգամ չես զգում, մինչդեռ մեռնողը մարդ էր, մարդ Աստծո…
Բոլոր շները
Ֆիլմում երկու իրական շուն կա, և երկուսն էլ Հովսեփի զոհերն են, մեկը` տեղափոխված ագրեսիայի, մյուսը` ահեղ դատաստանի: Բլուն իռլանդական հովվաշուն է, ոչ ագրեսիվ ցեղատեսակ, որ կոչված է պահպանելու գառներին: Վերնագիրը դեռ էկրանին չհայտնված` հարբած ու կատաղած Հովսեփը, աքացու տակ գցելով, շանսատակ է անում նրան: Հարևանի շունը, հակառակը, գազազած բծավոր պիտբուլ է: Թեպետ հենց Հովսեփը մի տեսարանում շանը դիմում է «դու մեղք չունես, բարեկամ, քեզ դարձրել են էսպիսին» խոսքերով, բայց և այնպես, երբ պիտբուլն այլանդակում է հարևանի տղայի` փոքրիկ Սեմի դեմքը, դառնում է նրա արդարացի ցասման վերջին զոհը:
Ովքե՞ր են մեղավոր, որ շները կատաղում են. իհարկե տերերը, որ նրանց չեն պատվաստել:
Ծաղրածու Թոմին
Թոմին (եբրայերեն` «ինձ նման մեկը») ուրախ հարբեցող է, որ հին շոր-շիրթ է բերում տնից փախած Հաննայի համար ու փող չի վերցնում, որ միշտ պատրաստ է ոտքը կախ գցել մի բաժակ գարեջրի շուրջ, ժամերով խոսել Հովսեփի հետ: Հենց նրան է վերապահված բարձրաձայնել «բոլորն էլ շուն են» միտքը (իռլանդական արտահատություն, որ սիրել է կրկնել ռեժիսորի հայրը), նրա կերպարով է վեր հանվում ֆիլմի սատիրիկ քաղաքական ենթատեքստը. «Մենք` կելտերս (խոսքը շոտլանդացիների և իռլանդացիների մասին է), պիտի իրար հետ լինենք… էդ կովի երեսից (նկատի ունի թագուհուն.- Ա. Օ.) փողոցը փակել էին, ու տղայիս չկարեցա կինո տանեմ` «Սուպերմենը» տեսնելու, իռլանդացի ճստոս լաց եղավ էդ կովի երեսից՚: Ովքե՞ր են տերերը, և ո՞ւմ է ցույց տալիս իր բաց քամակը հարբած Հովսեփը, որ գոռում է` ազատություն: Այս առումով ֆիլմը շատ ավելի խոր իմաստներ ունի, քան հարուստների և աղքատների պարզունակ դասակարգային հակադրության ցուցադրումը (Հովսեփը չքավոր աշխատավորական միջավայրից է, իսկ Հաննան` ապահով միջին խավից): Բռնությունն ակնառու է ու բացահայտ աղքատ աշխատավորական միջավայրում, բայց ոչ պակաս դաժան, թեև քողարկված, հարուստ բարեկեցիկ միջավայրում: Ըստ ֆիլմի` դա ծնվում է անտերության, անպաշտպանության զգացումից, որովհետև գառներն ու շները հավասարապես կատաղի են, երբ անտեր են ու անպաշտպան, ամենուրեք, ուր կյանքը հոսում է «ընդդեմ և ոչ թե հանուն»:
Հանուն մոր և որդվո և հոգվույն կելտաց
Փեդին իր ֆիլմը նվիրել է մոր` Փոլինի հիշատակին: Բնականաբար, Փոլին է նաև գլխավոր հերոսի` Հովսեփի կնոջ անունը: Նա մահացել է հինգ տարի առաջ սրտի կաթվածից, ոտքերը կտրած, շաքարախտից կուրացած բարեսիրտ մի կին, որ մի ակնթարթ ժպտում է մեզ էկրանին հայտնվող լուսանկարից: Հենց նա է բացում ֆիլմի վերնագրի մետաֆորը, որովհետև Հովսեփն իր թմբլիկ կնոջը տիրանոզավր էր կոչում (չաղլիկ էր, նրա քայլելու ժամանակ հատակը դղրդում էր): Տիրանոզավրը փաստորեն տիրանի զոհն է, ոչ թե իրական հրեշ, այլ բռնության հակված մարդու մտքի ստեղծածը:
Մի տեսարանում Հաննան երանավետ հայացքով նայում է, թե ինչպես են կանաչ պուրակում երջանիկ խաղում մայր ու որդի, և երջանկությունը պատկերվում է առանց հոր` մոր և մանկան միասնության մեջ: Բայց ֆիլմը, որ խորապես քրիստոնեական է, եռամիասնություն է ենթադրում:
Որտե՞ղ է ոգին: Ոգին, որ շուրջ ժամուկես թևածում է ամեն մի տեսարանում` Լիդսի փաբերում, բանվորական բակերում, գազոնապատ մայթերին, մեղքի, ապաշխարանքի ու հատուցման ոլորաններում իրենց փնտրող հերոսների անզուգական խաղում, մնում է անորսալի: Խորհրդանշական կերպով ոգին վեր է հառնում Մարի անունով աղջկա հոր թաղմանը հաջորդող հոգեհացի տեսարանում, որ հայ հանդիսականին արտառոց կարող է թվալ (հորը կորցրած աղջիկը տժժում է) ու մարմնավորվում է ոչ թե իբրև ճիչ, այլ իբրև հուսադրող, հոգեպարար երգ` գրված տեղացի փողոցային երաժիշտ Քրիս Ուիթի կողմից, որը բնավ էլ դերասան չէ ու հենց ինքն էլ կատարում է երգը:
Արմեն ՕՀԱՆՅԱՆ