download«Երբեք չէի մտածի, որ կգնամ արվեստի ճանապարհով: Աշխատելով ինտերնետ ակումբում` զրույցի բռնվեցի մի երիտասարդի հետ, որը պատրաստվում էր ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտ, նրան հարկավոր էր նյութ «Պեպո» ֆիլմի մասին»,- պատմում է ռեժիսոր Հարություն Շատյանը` հավելելով, որ դա իր համար դարձավ ճակատագրական: Քրտնաջան պարապմունքների արդյունքում Հարությունն ընդունվում է թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:
«Սիրեցի մասնագիտությունս և սկսեցի ֆիլմեր նկարել, որոնք հիմնականում կարճամետրաժ էին»,- ասում է Շատյանը` հավելելով, որ իր առաջին լուրջ գործը եղել է դիպլոմային աշխատանքը` «Բեռնելով կյանքս» դեբյուտային ֆիլմը:
Հենց դա էլ երիտասարդ ռեժիսորին մեծ հաջողություն բերեց:
«Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացնելով «Բեռնելով կյանքս»  ֆիլմը` չէի սպասում, որ կարժանանամ մրցանակի: Միանգամից արժանացա երեք` «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի և Բրիտանական խորհրդի հատուկ, «Նուարդ» մրցանակներին»,- ասում է երիտասարդ կինոռեժիսորը:

Առաջին անգամ ֆիլմի փակ ցուցադրությունը տեղի է ունեցել նրան հարազատ միջավայրում` ինստիտուտում: «Հանդիսատեսը բուռն արձագանքեց: Սկզբում ծիծաղում էին, բայց արդեն ֆիլմի վերջում այդ ծիծաղը փոխվեց լռության»: Սակայն ի զարմանս ռեժիսորի` «Մոսկվա» կինոթատրոնի հանդիսատեսի արձագանքը այլ էր. «Ֆիլմի այն մասերում, որտեղ ծիծաղում էր ուսումնական թատրոնի հանդիսատեսը, «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսատեսը լռում էր»:
Ֆիլմում ներկայացնելով մի երիտասարդի` ռեժիսորը փորձել է խտացնել երիտասարդներին անհանգտացնող, հուզող խնդիրները: «Նպատակս էր հանդիսատեսին ցույց տալ, որ իրականում բոլոր մարդիկ էլ ունեն խնդիրներ, բայց եթե օգնենք, միմյանց ձեռք բռնենք, գուցե կարողանանք մի բան փոխել»,- ասում է Շատյանը` հավելելով, որ իր ֆիլմի հերոսը երբեք չի հուսահատվում և մտածում, որ կյանքը վերջացել է. միշտ պայքարում է:
Երիտասարդ ռեժիսորի հաջողությունները չսահմանափակվեցին միայն «Ոսկե ծիրան» փառատոնով, Բրիտանական խորհրդի առաջարկության համաձայն` ֆիլմը արտամրցութային ծրագրով ցուցադրվեց Մեծ Բրիտանիայում: «Մեծ հաջողություն եմ համարում երիտասարդ ռեժիսորիս համար»,- անկեղծանում է Շատյանը` նշելով, որ նման ծրագրերին մասնակցելը մեծ ոգևորություն է առաջացնում:
Ըստ Շատյանի` ընկերների օգնությամբ, առանց որևէ ֆինանսական աջակցության, հնարավոր է հասնել հաջողությունների: «Ինձ օգնել են միայն ընկերներս, և ընդամենը 400 դրամ բյուջեով նկարահանած ֆիլմն այսօր արդեն հաջողություն է ունեցել»,- ասում է Շատյանը` համոզված, որ եթե ունես լավ գաղափար, հաստատ կարող ես ֆիլմ նկարել առանց միջոցների, իսկ եթե առանց միջոցների անհնար է նկարել, բայց ունես այդ գաղափարը, ապա անպայման կգտնես միջոցներ:
Խոսելով ֆիլմարտադրության, ինչպես նաև ժանրային լուծումների մասին` ռեժիսորն ասում է, որ այսօրվա կինոարտադրության մեջ ժանրային կողմնորոշում չկա. «Բոլոր ժանրերը խառնվել են իրար, չկան չափորոշիչներ և կանոններ, այսօր նկարում են ազատ, այն, ինչ թույլ է տալիս երևակայությունդ, այսինքն` ամեն ինչ»: Սակայն, անել ամեն ինչ, չի նշանակում լինել հասկանալի բոլորի համար: Ռեժիսորն անկեղծ ուրախանում է այն իրողությունից, որ արդեն Հայաստանում խոսում են ֆիլմարտադրության մասին: «Մի քանի տարի առաջ նույնիսկ չէինք գործածում ֆիլմարտադրություն բառը, իսկ այսօր արդեն փորձեր են արվում արտադրելու լավ կամ վատ ֆիլմեր»,- ասում է նա` հույս հայտնելով, որ որոշ ժամանակ անց կունենանք ոչ միայն քանակ, այլև որակ: Իսկ այն հարցին, թե չի վախենում ավագ սերնդի քննադատությունից, անկեղծ պատասխանում է, որ ավագ սերունդը չի սիրում վախկոտներին: «Չգիտեմ` ինչն է պատճառը, որ երիտասարդները վախենում են, կաշկանդվում, ուղղակի պետք է նախաձեռնող լինել և չվախենալ, որ ավագ սերունդը չի ընդունի»,- ասում է Շատյանը` նշելով նաև, որ եթե վախենան, ապա կինոարտադրությունը չի զարգանա:
«Բեռնելով կյանքս» ֆիլմի պրոդյուսեր Գրիգոր Հայրապետյանն էլ իր հերթին նշում է, որ ռեժիսոր Հարութ Շատյանի հետ աշխատելը շատ հեշտ է և հաճելի: «Սկզբունքային մարդ լինելով հանդերձ` աշխատանքի ժամանակ կարողացել ենք գալ ընդհանուր հայտարարի,- ասաց Հայրապետյանը,- մեզ հաջողվեց առանց գումարի, առանց կինոխցիկների ու դերասանների ստեղծել լավ գաղափարով ֆիլմ: Ֆիլմի աշխատանքներն իրականացնելու համար ինչքան շատ գումար ծախսեինք, այդքան դժվար կլիներ պահել ֆիլմի անկեղծությունը, չնայած դա չի նշանակում, որ մշտապես առանց գումարի կարելի է ֆիլմ նկարել»: Բայց այս պարագայում գումարի քիչ լինելը արդարացվել է, քանի որ հանդիսատեսն ընդունել է իրականում կատարվող իրադարձությունը, ոչ թե շռայլությունը:
Ներկայումս աշխատանքներ են տարվում նոր ֆիլմի սցենարի վրա, որը կունենա երկու ռեժիսոր: «Հարութի հետ միասին նոր ֆիլմի վրա կաշխատի «Մոխրաման» ֆիլմի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը»,- ասաց Հայրապետյանը` հավելելով, որ խաղարկային ֆիլմ է լինելու, և հույս ունի, որ հաջողությունների շղթան ևս մեկ ֆիլմով կավելանա:

Վիկտորյա ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կինոյի մեծ ընտանիքի հավատարիմ ապաստարանը

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, կինոարվեստի բաժին. որքանո՞վ ենք տեղյակ հայկական կինոյին առնչվող մեր հավաքածուներին և ֆոնդերին, դրանց...

, |14 Սեպտեմբեր 2019,00:15