գանձ«Կինոաշխարհի» զրուցակիցը «Ղարաբաղ. թաքնված գանձ» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն է: Նա մեզ ներկայցրեց մանրամասները ֆիլմի ստեղծման պատմությունից:

– Ինչո՞ւ ֆիլմը քեզ վստահվեց, Ջիվան:
– Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության մրցույթին մասնակցեց նաև «Երկիր մեդիա» հեռուստատեսությունը և հաղթող ճանաչվեց: Կարծում եմ` հաղթեցինք, քանի որ «Երկիր մեդիան» նաև ոչ հեռուստատեսային ֆորմատի վավերագրական ֆիլմերի ստեղծման բավական փորձ և ստեղծագործական ու տեխնիկական ներուժ ունի, վստահելի գործընկեր է, լսարանն էլ` ամբողջ աշխարհում: Իսկ ֆիլմի նպատակն Արցախն աշխարհին ներկայացնելն է, պրոպագանդելը: Հաղթեցինք, իսկ հեռուստաընկերությունն աշխատանքն ինձ վստահեց, ու եղավ այն, ինչ եղավ:

– Իսկ ըստ քեզ ի՞նչ եղավ:

– Ինքս Արցախի մասին յոթ-ութ ֆիլմ ունեմ, որոնք մի քանի փառատոների են մասնակցել, ցուցադրվել էկրանին, հեռուստատեսությամբ, բայց սա առանձնահատուկ է: Այս ֆիլմում Լեռնային Ղարաբաղն այլ կերպ ենք դիտարկում, ուստի խիստ կարևորում եմ հնարավոր ուշադրության կենտրոնացումը «Ղարաբաղ. թաքնված գանձ» ֆիլմին: Արվածը նոր չէ, պարզապես Արցախն այն տեսանկյունից ենք դիտարկում, որից դիտարկում են շատ-շատ ղարաբաղցիներ, ինչը կարծում եմ` հասկանալի կլինի նաև, ասենք, Շոտլանդիայում կամ Ավստրալիայում բնակվողին, այսինքն` անգամ այն մարդուն, որն անտեղյակ է Արցախից: Ի դեպ, ֆիլմը կունենա նաև ռուսերեն և անգլերեն տարբերակ:

– Ո՞րն է այն մոտեցումը, ինչի շնորհիվ, ինչպես նշեցիր, ֆիլմն առանձնահատուկ է դառնում:

– Շատ կարևոր էր, որ Ղարաբաղը ներկայանա այնպես, ինչպես շատ զբոսաշրջության կենտրոններ: Հետևաբար ֆիլմը ներառում է այն, ինչ կհետաքրքրի զբոսաշրջիկին` անկախ նրա ազգային ծագումից: Ֆիլմը չի ասում, որ 20 տարի առաջ էստեղ հակամարտության դաշտ էր, պատերազմ ու ավեր: Որևէ մեկը, որ իր ընկերուհու հետ կգա Արցախ ու կշրջի, կգա ու կիմանա կոնֆլիկտի մասին: Կգա ու երկիր մտնելիս կտեսնի «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» պաստառը, կգա և Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին կանգնած տանկը կտեսնի, կգա ու կտեսնի Ազատամարտիկների թանգարանը, կհարցնի ու կիմանա: Այսինքն` հերթով էջերը կբացվեն: Միանգամից չենք ասի կոնֆլիկտի մասին: Իհարկե, կոնֆլիկտի մասին նույնպես պիտի պատմենք ֆիլմերով, ինքս էլ պատրաստվում եմ, բայց այս ֆիլմը հեռու պիտի լիներ դրանից: Այս ֆիլմը պետք է պատմի, որ զբոսաշրջիկը կարող է գալ Արցախ ու վայելել:

– Ի վերջո, ադրբեջանցին էլ պոտենցիալ դիտող է, այս առումով ի՞նչ սպասելիք կարող է լինել:

– «Ղարաբաղ. թաքնված գանձ» ֆիլմը չի պատմում ղարաբաղյան կոնֆլիկտի մասին: Չնայած կարծում եմ, որ Ղարաբաղի մասին հնարավոր չէ նկարել մի կադր կամ ասել մի նախադասություն, որը կոնֆլիկտ չներառի: Օրինակ` Լեռնային Ղարաբաղի տարածքը կազմում է 12 հազար քառակուսի կիլոմետր: Կարծում եմ, որ սա արդեն կոնֆլիկտ է: Շատ-շատ կուզենայի, որ ադրբեջանցիները շատ նայեին ու լսեին, որ, այո, Ղարաբաղը 12 հազար քառակուսի կիլոմետր է, և տեսնեն, թե Ղարաբաղն ինչպիսին է այսօր: Շատ հաճախ տեղեկանում ենք, որ Հայաստանն ու Ղարաբաղը Ադրբեջանում ներկայացնում են հետամնաց, թույլ, վատ զինվորական երկիր: Մենք հենց սկզբից ասում ենք` ոչ, Ազատ Արցախը ողջունում է ձեզ: Ադրբեջանը աղմուկ կանի, թե ոչ, իր գործն է: Բայց տարօրինակ չի լինի, որ Ադրբեջանում հակառակը պնդեն: Կնշանակի մեր մեսիջը տեղ է հասել: Կարծում եմ` սա նաև պայքարի ձև է. որքան շատ մարդ գայթակղենք Արցախ գալու, այնքան մարդ կճանաչի, կհասկանա Արցախը ադրբեջանական պրոպագանդայից անկախ: Այսինքն` վաղուց այս երկիրն անցել է պատերազմական փուլը և կարող է ոչ միայն զբոսաշրջիկ ընդունել, այլև շքեղություն ապահովել: Սա էլ մեսիջ է Ադրբեջանին` ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀեՏ:

– Արցախը ճանաչողին ֆիլմն ասելիք ունի՞:

– Այն մարդը, ով Արցախում եղել է, արդեն նորովի կտեսնի նույն Արցախը: Խնդիրը Արցախը ճիշտ ներկայացնելն է: Մարդիկ պիտի հիշեն ու վերարտադրեն այն, ինչ ասված է ֆիլմում: Հնարավոր չէ պատմել ամբողջ Ղարաբաղի մասին նույնիսկ հազար մասանոց ֆիլմում: Մեր նպատակը Արցախի հետաքրքրական ու ներկայանալի վայրերն ու իրողությունները կարճ ժամանակում բարձր որակով ներկայացնելը դարձավ: Ու ստեղծվեց մի ֆիլմ, որը 35-րոպեանոց պտույտ չէ միայն, այլև տեղում լինելու, ձեր «Ղարաբաղ. թաքնված գանձը» բացահայտելու հիմք: Ուզում եմ նաև ընդգծել, որ ֆիլմը հարկ է դիտարկել որպես ստեղծագործական խմբի` սցենարիստ Մարիաննա Փայտյանի, բեմադրող օպերատոր Հրաչյա Հարությունյանի, բեմադրող նկարիչ էդուարդ Հակոբյանի, մոնտաժող Արսեն Սարգյանի և մյուսների նվիրված աշխատանքի արդյունք: Վստահ եմ` վաղը Ղարաբաղի մասին շատ ավելի լավ ֆիլմ է ստեղծվելու: Բայց այս պահին այս ֆիլմն Արցախի մասին այս տեսանկյունից և այս որակով առաջինն է:

– Նվիրումը` նվիրում, բայց առանց պատվերի թեման կմնա ստեղծագործական հետաքրքրություններիդ շրջանակում:

– Չեմ սիրում Աստծո կամքից առաջ անցնել: Նոր ֆիլմի մասին հիմա խոսել չէի ուզենա: Բայց ասեմ` այն աղմկահարույց է լինելու: Քսան տարի առաջ Մարաղա գյուղում ադրբեջանցիների վայրագաբար իրականացրած ջարդերի մասին է: Անհավանական թվացող իրողությունը ներկայացվելու է 6 տարեկանում Մարաղայի սարսափները տեսած ու ապրած աղջկա հիշողությունների միջոցով: Ընդամենը այսքանը, բայց, թողնելով Աստծո կամքին, ասեմ, որ այդ ֆիլմը պատվիրված չէ, և անհրաժեշտ գումարն ինքս եմ հայթայթում: Նաև չեմ ուզում ժխտել, որ այսօր անհրաժեշտ է, որ պրոդյուսերները գումար հայթայթեն ու պատվեր ներկայացնեն: Անգամ ամենաարդիական թեմատիկայով ֆիլմերի լինել-չլինելը բացատրվում է գումարի հայթայթման դժվարությամբ և պատվերի պակասով:

Զրուցեց Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ