132_ts1323253628Երբ  երգող, ածող ու պար եկող ջիմիների, մի գիշերում  միլիոնատեր արքայազնին խելքահան անող մարմնավաճառ սիրունիկների սրտաճմլիկ պատմությունները վաղուց իրենց տեղն են զբաղեցրել  կինոյի նավթալինապատ պահոցներում, մենք դեռ մատից ծծած   հորինվածքներ ենք էկրանավորում, առքով ու փառքով պրեմիերաներ անում և աշխարհը նվաճելու ծիծաղելի հավակնությամբ մեծ էկրան ճանապարհում: Վերջին շրջանում մեկմեկու հերթ չտվող այդօրինակ պրեմիերաների ցանկում ռեժիսոր և սցենարի հեղինակ Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդն» իր ժամանակավրեպությամբ, իբրև անհասցե դատարկ կրակոց, գերազանցեց բոլորին:

«Հոբելյանական հաճախորդն» Արա Երնջակյանի համանուն պիեսի էկրանավորումն է, որը նաև  հեղինակի ղեկավարած Երևանի պետական կամերային թատրոնի խաղացանկում է:  Ինքս ներկայացումը չեմ տեսել և ֆիլմը տեսնելուց հետո բնավ ցանկություն էլ չունեմ, բայց հուսով եմ, որ Երնջակյանի ռեժիսորական երևակայությունը նրան ներկայացման բեմադրության մեջ էլ հուսախաբ չի արել: Եթե իրոք այդպես է  և բեմադրությունն էլ հաջող է, ապա անհասկանալի է, թե այդ  պատմության հատկապես որ արժանիքներն են ռեժիսորին  ստիպել այն բեմից էկրան տեղափոխելու: Համենայն դեպս էկրանին պատմությունը շատ անպաշտպան է, և մելոդրամի ժանրն էլ, թեև ենթադրում է հեքիաթի տարր, չի արդարացնում դրամատուրգիայի տրամաբանության լիարժեք բացակայությունը:

Միմյանց պատահականությամբ հանդիպած գլխավոր հերոսների գիշերային սիրախաղին հաջորդում է երկարուձիգ ցերեկը, որում նրանք փորձում են ճանաչել իրար և դա անում են հնարավոր ամենաանտրամաբանական  ճանապարհով` չափելով հանդիսատեսի համբերության ունակությունը: Մեկ սենյակ, երկու դերասան և մեկ ժամից ավելի ձգվող դատարկաբանություն: Չկողմնորոշված հերոսուհու (Լուիզա Ներսիսյան)` հերոսին (Դավիթ Քացավառա) ուղղված հեռանալու հրահանգները և տղամարդու`  սենյակը լքել չկարողանալը, կարծում եմ, մի նպատակ ունի`  հանդիսատեսին համոզել, թե նրանք շատ բուռն գիշեր են ունեցել և սիրահարված են:  Այն, որ առավոտ ծեգին հերոսուհու` ռաբիսի սահմանը հատող վուլգար «մեյք ափն» ու թարմ պահպանված սանրվածքը կասկած են հարուցում մի ամբողջ սյուժեի հիմք հանդիսացող  գիշերային ակտի նկատմամբ,  շրջանցենք, քանի դեռ զավեշտալին առջևում է:

Մկան ու կատվի խաղի չարչրկված բանաձևը  հերոսներին Երնջակյանի երևակայության ներածի չափով կերպարանափոխվելու հնարավորություն է տալիս: Լուիզայի դերասանական հմտությունները ներում են, որ սիրուց տառապող աղջնակից մարմնավաճառի կերպարանափոխվի, ինչին հանդիսատեսը միանգամից հավատում է և գուցե մեղադրում ինքն իրեն, թե ինչու շուտ չէր կռահել:  Այդժամ արդարացի է դառնում նաև այն շքեղ բնակարանի գոյությունը, որում ապրում է հերոսուհին, հակառակ դեպքում էլ ի±նչ մասնագիտության տեր մարդը կարող էր այդպիսի շքեղություն իրեն թույլ տալ:

Տրանսֆորմացիաների գիծն այդքանով չի եզրափակվում: Երնջակյանը րոպեների ընթացքում  մի անհավանական կինոշրջագայություն է կազմակերպում և վատ նկարչի հմտությամբ ծաղրուծանակի ենթարկում Մերիլին Մոնրոյին էլ, Ջուլիա Ռոբերտսին էլ, Հիչքոքին էլ, որի պատճառն այդպես էլ անհասկանալի է մնում:  Թեև «անհասկանալին» «Հոբելյանական հաճախորդի» համար աքսիոմա է:

Տաֆտալոգիայի հասնող և  ռուսերենի ազդեցությամբ քաղքենի հայերենով զազրախոսություններն այնքան սպանիչ են, որ սյուժետային պրիմիտիվ կուլմինացիան իրական գլուխգործոց է թվում: Այն պահին, երբ առնական մարմնով մեր խեղճ ու խաբեությունից ոչնչացված  հերոսը վերջիվերջո վճռում է հեռանալ, պարզվում է` ճակատագիրն իրականում շատ ավելի բարեգութ է, և պատահականություններն այդքանով դեռ չեն ավարտվել: Հերոսը  մոռանում է իր հեռախոսը: Հերոսուհին էլ, երկարատև խաղից հետո մկանը ճանկից բաց թողած կատվի բախտից դժգոհ կեցվածքով, որոշում է օգտվել սցենարիստի բարեխիղճ վերաբերմունքից և պատասխանել հեռախոսազանգին:

Այդ հեռախոսազանգը փոխում է սյուժեի ողջ ընթացքը` այն դարձնելով առավել մղձավանջային: Պարզվում է, որ  մեր հերոսը   հերոսուհու ամենամտերիմ ընկերուհու նախկին ամուսինն  է, որը ժամանել էր Հայաստան վիրահատության համար:  Վիրահատությունն էլ այն նույն հիվանդանոցում պիտի լիներ, որտեղ աշխատում է մեր հերոսուհին, որը, իբրև պարտաճանաչ բժշկուհի, ամենայն մանրամասնությամբ տիրապետում է սիրելի  հիվանդի ողջ կենսագրությանը: Պատշաճությունը պահելու համար թույլ տվեք հրաժարվել  մեկնաբանություններից, որոնց կարիքը, վստահ եմ, չկա:

Լոկալ տարածության մեջ երկու գործող կերպարով ֆիլմն  անշուշտ հետաքրքիր մտահղացում է: Սա արդեն իսկ կարող է PR-ի գրավիչ  խթան դառնալ: Հենց այդպես էլ եղավ  Ռոման Պոլանսկու «Մահը և աղջիկը», Թեո Վան Գոգի «Հարցազրույց» ֆիլմերի դեպքում, որտեղ  առաջնայինը  դերասաններին  ամբողջությամբ դրսևորվելու  հնարավորությունն է`  կերպարների զարգացմամբ, շրջադարձային իրավիճակներով և ուշագրավ երկխոսություններով:  Իհարկե, սա որևէ կերպ չի սպառնում Արա Երնջակյանի ֆիլմին: Գուցե հենց այն պատճառով, որ  այստեղ  ի սկզբանե  հանդիսատեսին գրավելու այլ խաղաքարտ էր օգտագործվում. Լուիզա Ներսիսյանի` ներքնազգեստով խցիկի առաջ հայտնվելու համարձակությունը, որ ֆիլմի փիառչիկներին բաղձալի հնարավորություն էր տվել նրան կպցնելու «Նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար» պիտակը:  Սա ինքնին վիրավորական է:

Օբյեկտիվ լինելու համար միայն պետք է ավելացնեմ, որ օպերատոր Սուրեն Թադևոսյանի աշխատանքը հնարավորություն է տալիս «Հոբելյանական հաճախորդը» համարելու օպերատորական ֆիլմ: Իհարկե, անհասկանալի կլիպային մոնտաժից օպերատորական աշխատանքն էլ ամբողջական չէ: Սուրեն Թադևոսյանն արդեն իսկ իր ձեռագիրն ունեցող օպերատոր է, և կարծում եմ`   ժամանակն է, որ նա այլևս  ընտրի, թե ինչ ֆիլմ նկարում:

Րաֆֆի ՄՈՎՍԻՍՅԱՆ