ելիբեկՌոբերտ Էլիբեկյանը միշտ սրտնեղում է, երբ անդրադառնալով բեմանկարիչ Էլիբեկյանին` նրա ստեղծագործության շրջանակը սեղմում, փոքրացնում են` նրան ներկայացնելով միայն որպես թատերական նկարիչ: 13 բեմանկարչական խոշոր նախագծերի հեղինակը հաճախ է նշում,որ երկրորդ ընտրության դեպքում գուցե ընտրեր երաժշտությունը: Կինոյով նրա հրապուրանքը կարճատև է, բայց ոչ հպանցիկ: Ընդամենը երեք ֆիլմ ու անանց սեր` կինոյի կախարդանքի, հարազատ անունների ու 60-70-ականների` նորարարությամբ ու վերելքով լեցուն տարիների հանդեպ: Սակայն Էլիբեկյանների տաղանդաշատ ընտանիքից կրտսեր Էլիբեկյանի հետ զրուցում ենք ոչ միայն կինոյում իր աշխատանքների, հանդիպումների ու հիշողությունների, այլև 60-ականների Երևանի, քաղաքի դեմքերի ու նրա մշակույթն ու մթնոլորտը ստեղծողների մասին:

Հիմա որ պատմեմ` կասեն խենթ-խելառ են եղել

Երզնկյանը հետաքրքիր մարդ էր, շատ ինտելեկտուալ, հետաքրքիր, կարողանում էր օդի մեջ բռնել, թե ով է իրեն պետք: Ընդհանրապես իմ բախտն այդ հարցում բերել է: Երզնկյանը մեզ` Մինասին ու ինձ պարզապես որսաց և հրավիրեց աշխատելու «Խաթաբալայի» վրա, ու պարզվեց, որ կես խոսքից իրար հասկանում ենք: Մինասի հետ ընդհանրապես շատ հեշտ էր, նա իմաստուն մարդ էր, ես էի էմոցիոնալ, ըմբոստ, իսկ նա շատ հանդարտ մարդ էր: Իհարկե, ես հիմա իմ գործը գնահատել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ չափազանց հետաքրքիր շրջան էր. անհավատալի բաներ էինք անում:
Հիմա որ պատմեմ, որևէ մեկը չի հավատա, կասեն` խենթ ու խելառ են եղել. հայ կինոյի պատմության մեջ նման դեպք չի եղել: Եթե ֆիլմն ուշադիր նայեք, կտեսնեք Զամբախովի սենյակի պաստառները: Չեք հավատա, բայց ես ու Մինասը դրանք ձեռքով էինք նկարում, պաստելով, հո թույլ չէինք տա, որ գնային, խանութից առնեին ու դրանով զարդարեին սենյակը, Մինասն անգամ որմնանկարի մի կտոր նկարեց:
Էլ չեմ խոսում Երզնկյանի տանը մեր հավաքների մասին: Ես ու Մինասը գնում էինք Յուրի Արամայիսովիչի տուն, Թումանյան փողոցում էր ապրում, բարձրանում էինք 4-րդ հարկ ու սկսում… Կինոյում, գիտեք, ռասկադրովկա հասկացողություն կա, ես ու Մինասը կադր առ կադր աշխատում էինք, անում էինք բոլոր էպիզոդներն անխտիր, մուլտերը ո՞նց են նկարում, այ էդպես պաստելով մանրամասն աշխատում էինք և վերջում առանձին գործեր էին ստացվում: Յուրան էլ շատ խելոք էր և այդ ամենը ճիշտ էր օգտագործում: Ռեժիսորի դերը ո՞րն է, որ պետք է կարողանա սպունգի պես քամել բոլորին, եթե ռեժիսորը չկարողանա յուրաքանչյուրին իր տեղում օգտագործել, թիմ չի ստեղծվի: Այն ժամանակ դեռ խորհրդային տարիներն էին, և ԽՍՀՄ Պետկինոյի նախագահը ոչ անհայտ Երմաշն էր: Հետո իմացանք, որ մեր այդ աշխատանքները, բոլորը` էսքիզները, ռասկադրովկաները, որոնք տվել էինք նրան, հայտնվել էին Մոսկվայում: Յուրան, երբ գնում է Մոսկվա (այն ժամանակ ֆիլմերը տեսակավորելու խնդիր կար, մի քանի կատեգորիաներ կային` առաջին, երկրորդ կամ էլ հետագա ֆիլմերի ֆինանսավորման համար), տանում է այդ գործերը: Ավելի ուշ մեզ պատմում էին, թե Պետկինոյի որ կաբինետը մտնում ես, մեր նկարները կախած են: Եվ մենք դրանից միայն ուրախանում էինք, որ հասկացել են, չեն պատռել ու թափել:

Թալանված ու գերված` Թիֆլիս «փակ» քաղաքում

Այս լուսանկարը մի շատ հետաքրքիր դրվագի հետ է կապված: Ուրեմն 69-70 թվականների Թիֆլիս, որտեղ նկարահանում էինք «Խաթաբալան», ու խոլերայի համաճարակ: Չէինք կարող գալ Երևան, քանի որ կարանտին էր, մեզ պարզապես արգելել էին քաղաքից դուրս գալ: Բայց զավեշտականը դա չէր: Յուրան սարսափելի բարկացած էր, մենք էլ` հուսահատ, քանի որ մեր նկարահանող խմբի փոխտնօրենն ամբողջ խմբի գումարները ստացել ու փախել էր: Մոտ 20 օր սոված-ծարավ էինք այդ փակ քաղաքում: Հենց այդ ժամանակ էլ մեզ նկարել են:
Հետո արդեն Երզնկյանի հետ նկարեցինք «Հայկական որմնանկարները». շատ հետաքրքիր ֆիլմ էր` կինոյի լեզվով ստեղծված ամբողջական կոմպոզիցիա, որում խորեոգրաֆիան, մեր չքնաղ բնաշխարհն ու հուշարձանները փոխադարձաբար լրացնում էին էկրանային պատմությունը: Ավաղ, ոչինչ չի պահպանվել այդ ֆիլմից, ու շատ եմ ափսոսում դրա համար: Քոբայրում ենք նկարել, այն ժամանակ Քոբայրը ճանապարհ չուներ, ոտքով գնում, ներքևից բարձրանում էինք մինչև վերև: Հետո նկարահանումները շարունակեցինք Հաղպատում: Մինչև օրս չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես չպահպանվեց այդ ֆիլմը:
Երրորդ ֆիլմը դարձյալ Երզնկյանի հետ արեցինք, Բակունցի պատմվածքի հիման վրա: Մենք միմյանց շատ լավ էինք հասկանում, ու աշխատանքը շատ սահուն էր ընթանում:

Ես թատրոնում եմ «ծնվել»

Ինձ համար արվեստի բոլոր ոլորտները շատ հետաքրքիր են, քանի որ ծնվել եմ Թիֆլիսում, և գիտեք` հայրիկս` Վաղարշակ Էլիբեկյանը, Թբիլիսիի Շահումյանի անվան, իսկ այսօր արդեն Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Իմ ծննդավայր Թիֆլիսը` իր շռայլ, խիստ հակասական դրսևորումներով ու գույներով, մշտապես իմ մտապատկերում է: Թիֆլիսն ու Երևանն էլ անտեսանելի կապերով շաղկապված են միմյանց: Մանկությունս անցել է թատրոնում, ու փոքր տարիքից թատրոնի ամբողջ խաղացանկը անգիր գիտեի, երբեմն ուղղակի ասում եմ` ես ծնվել եմ թատրոնում: Բայց հիմա էլ կարող եմ պնդել, որ ինձ նույնքան հոգեհարազատ են երաժշտությունը, թատրոնը, կինոն, ճարտարապետությունը, կերպարվեստը: Երբեմն երազում եմ. եթե երկրորդ անգամ ծնվեի, կուզենայի երգիչ լինել, ձայն ունենալ, քանի որ խենթանում եմ լավ երաժշտության համար, մանավանդ Գոհար Գասպարյանի և Մարիա Կալլասի համար, կարող եմ գիշեր-ցերեկ լսել նրանց: Ստեղծագործողը պետք է խիզախ լինի և ամբիցիոզ, եթե կանգնել ես նկարակալի առաջ և գիտես, թե մինչև քո աշխարհ գալը ինչ հանճարեղ արվեստագետներ են ստեղծագործել, և ինչքան հանճարներ են եղել, որոնք անհայտ են, ուրեմն դու էլ պիտի ունենաս համարձակություն և կարողանաս պայքարել:

Մեր քաղաքի մշակույթը մեզ լքեց

Հին Երևանը և այսօրվա Երևանը շատ տարբեր են` իրենց լավ ու վատ կողմերով: Ինձ հարազատ է 60-ականների Երևանը, երբ արվեստի ծաղկման շրջան էր: Պարադոքս է, չէ՞. այն ժամանակ ինչ դժվարություններ կային, գրաքննություն կար, բայց ծնվեցին հսկաներ, և կենտրոնը ոչ թե ստեղծագործական միություններն էին կամ նախարարությունները, այլ քաղաքի մթնոլորտը: Նկարիչների միության մոտ մի սրճարան կար, որտեղ հավաքվում էին մեծերը և երիտասարդներին թույլ էին տալիս, որ նստեն իրենց սեղանի մոտ ու սուրճ խմեն: Ես հիշում եմ` Կոստան Զարյանն էր գալիս, Քոչարը, ուրիշ շատ մեծ ու պատկառելի մարդիկ: Ես միշտ ասում եմ, որ դեմոկրատիայի առաջին դասերն առել եմ Երվանդ Քոչարից: Գիտեք, նրա արվեստանոցի դռներն ընդհանրապես չէին փակվում: Մենք երիտասարդ էինք` Արա Շիրազը, Էդվարդ Խարազյանը, Պողոսը Հայթայան, Սեյրանը Խաթլամաջյան, առավոտից կենդանի բանավեճեր էին: Հետո գալիս էին նրանք. «Զոլոտոյե ռունոյի» ծուխը մեզ հուշում էր, որ ինքը` Քոչարն է գալիս: Նրանք շատ տարբեր էին: Օրինակ` Շիրազը երբեք չէր լինում այդ սրճարանում, նա բոլորի հետ էր` ժողովրդի հետ: Նորից պիտի հիշեմ Քոչարի խոսքերը: Նա ասում էր` պիտի ձգտես բարձրանալ լեռան գագաթը, որ գոնե բացատում հայտնվես: Ուզում եմ ասել, որ այն դժվարությունները, որ տարել ենք, օգնել են մեզ: Բայց չէ՞ որ հենց այդ մթնոլորտում էր, որ ապրում էին նույն Էդմոն Ավետյանն ու Լևոն Ներսիսյանը: Եթե ինձ մնար, և’ էդմոն Ավետյանի, և’ Լևոն Ներսիսյանի անունով փողոցներ կլինեին: Փառք տիրոջը, որ գոնե Լևոնի կիսանդրին Արա Շիրազը տեղադրեց կինո «Նաիրիի» մոտ: Այս ամենը մի ամբողջ քաղաքի մշակույթ է ձևավորում: Բայց հետո այդ մշակույթը մեզ լքեց, այսօր փոխվել են արժեքները: Քաղաքի մշակույթը էպոխիալ երևույթ է, մի օրում չի կազմավորվում, ինչպես որ տաղանդավոր մարդը միշտ չէ, որ ծնվում է:
Հիմա խոսում ենք քաղաքային մշակույթից, իմ երիտասարդության Երևանում կարելի էր հանդիպել բոլոր մեծերին, ասենք` Հրաչյա Ներսիսյանին կամ Արման Կոթիկյանին: Այսպիսի մարդիկ են ստեղծում քաղաքի մշակույթը: Իսկ այսօ՞ր: Սերիալները պարզապես աղետ են մեր հասարակության համար, իսկական ժանտախտ: Ի՞նչ է այսօր կատարվում մեր քաղաքում: Ես ամեն օր Վաղարշյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկով գալիս եմ տուն, ձախից-աջից մեքենաներն անցնում են կանաչ լույսի տակ, և ես թոռներիս ասել եմ` եթե մի օր ինձ մեքենայի տակ գցեն, չզարմանաք: Նրանց զգուշացնելու երեք ձև ունեմ` մեկ ձեռքով եմ անում, մեկ գոռում եմ կամ աղաչում, երբեմն ոչ մեկն էլ չի ազդում: Հաճախ եմ մտածում` Նորադուզի խաչքարերի կերտողները սովորական անգրագետ գյուղացիներ են եղել, բայց ինչ կոթողներ են ստեղծել և ինչպես են ապրել: Ես գնացի տեսա, սիրում եմ «գնալ» տարբեր դարեր, ինձ տանում եմ այնտեղ: Ինձ թվում է` սպիտակ գինի, լավաշ, պանիր, և վերջ, ահա նրանց ապրուստը, բայց քանի որ հավատ կար, տես ինչեր են ստեղծել: Պիտի հավատաս: Ինչպես կնոջդ, եթե սիրում ես, դե պարզ է` պիտի գեղեցիկ լինի, սիրահարվում ես, բայց նշանակություն չունի, կարող է գեղեցիկ չլինել, սակայն մեկ է, պիտի սիրես: Նույնը և հայրենիքը. պիտի ընդունես ինչպիսին որ կա: Բայց դա չի նշանակում, որ չպիտի տեսնես վատը: Քննադատելը շատ հեշտ է, գործ անելն է դժվար: Եվ մեղք է, որ չեն գնահատում նրանց, ովքեր ստվերում է: Բոլորին պետք է պեղել և պատվանդանին դնել` հոգու պատվանդանին:

Զրուցեց`
Նունե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ