Կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը ռեկորդակիր է ավելի քան 70 ֆիլմերի համար գրած իր երաժշտությամբ և երաժշտական ձևավորումներովՄարդն «Օլիմպոսից», «Զինվորն ու փիղը», «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Մեր պապերի քայլերգը», «Սիրամարգի ճիչը», «Անիծվածները», «Ձայն բարբառոյ», «Ուրախ ավտոբուս»,  «Ռեքվիեմ», «Խենթ հրեշտակը», «Հերոստրատ», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն): 

Կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը Փարաջանովի հետ համագործակցության և առհասարակ իր կինոկյանքի մասին…

Կինոյում աշխատող կոմպոզիտորը  պետք է պատկերն այնպես զգա, որ դառնա այնտեղ մշտական  «ապրող» կոմպոզիտոր: Շատ դեպքերում կոմպոզիտորները մեկ-երկու ֆիլմից հետո այլևս կինոյի հետ չեն առնչվում. ռեժիսորները չեն հրավիրում, որովհետև  անհաջող է լինում նրանց աշխատանքի արդյունքը:  Իսկ այն կոմպոզիտորը, որը զգում է պատկերը, դառնում է կինոկոմպոզիտոր, киношник… Ինձ դա հաջողվեց ամենաերիտասարդ տարիներից, երբ սովետական կոմպոզիտորական դպրոցն անցնելիս սկսեցինք շեղվել: Այդ ժամանակ մի փոքր ազատություն մտավ արվեստի մեջ, սոցռեալիզմ հասկացությունից հեռացանք, խրվեցինք նոր   ուղղությունների, երաժշտական ու կոմպոզիտորական  տեխնոլոգիաների մեջ:  Քանի որ շուտ էի ընտանիք կազմել ու գումարի կարիք ունեի, սկզբում իբրև ձևավորող  աշխատանքի ընդունվեցի «Հայֆիլմ» կինոստուդիայում:  Այդ թվերին, լենինյան գաղափարախոսությունից բխեցնելով, ասվում էր, թե կինոն արվեստ չէ ու մասսայական է, բայց ի հեճուկս սրան, պատկերավոր ասած, վանականներ դարձանք ու  խրվեցինք կոմպոզիտորական, ավանգարդիստական տեխնոլոգիաների մեջ… Բախտի բերմամբ հանդիպեցի Փարաջանովին, ավելի ճիշտ` նա ինձ դեմ հանդիման դուրս եկավ: Նրա «Նռան գույնը», որ պիտի սկսվեր Հայաստանում, ոչ միայն հնչյունային օպերատոր, այլև երաժշտական ձևավորող էր պահանջում: Մանավանդ  նրա «Մոռացված նախնիների ստվերներից»  հետո, որում  օգտագործվել էր գուցուլական, էթնոգրաֆիկ երաժշտություն… Փարաջանովն այլ մոտեցում ուներ ֆիլմերի  երաժշտության հարցում»,- պատմում է Յուրի Հարությունյանը:

Իսկ մինչ Փարաջանովի հետ համագործակցելը  երիտասարդ կոմպոզիտորը  հասցրել էր մի քանի վավերագրական ֆիլմի երաժշտություն գրել, դրանց թվում էին` «Հայկական ՍՍՀ», «Հայաստանն այսօր», «Կերամիկայի վարպետները», «Ինչպես է կոփվում արծաթը»:

Ի՞նչ փոխեց իր կյանքում Փարաջանովի հետ հանդիպումը:

«Երբ հանդիպում ես հանճարի հետ, թվում է` անընդհատ, ամեն օր նոկաուտի մեջ ես, որովհետև այդ մարդը հազար  մարդ է` մեկ մարդու կերպարի մեջ, ու բացառիկ են մոտեցումն ու մտածելակերպը… Մինչ այդ ես մի երկու-երեք ֆիլմի «փակ» դիտման էի  մասնակցել ՄՎԴ-ի, ԿԳԲ-ի ակումբում. Ֆրանսիայի ու մյուս երկրների դեսպանատներն էին կազմակերպում: Օրինակ` շշմել էի Ալեն Ռենեի «Անցյալ ամառ Մարիենբադում» ֆիլմից, կառուցվածքից, երաժշտությունից, զարմացել էի` ո՞նց կարող էր նման ֆիլմ լինել, ֆանտաստիկ տպավորություն էի ստացել… Դառնալով Փարաջանովին` ասեմ, որ նա էլ իմ առջև որոշակի պահանջներ դրեց` կապված «Նռան գույնի» հետ: Սայաթ-Նովայի երգերի նվագներից ու նյութերից սկսեցինք ֆիլմի դրամատուրգիան ստեղծել: Հնչյունային օպերատորը Յուրան էր Սայադյան: Ֆիլմը հետաքրքիր էր նրանով, որ սովորական խոսք-դիալոգ չկար: Հենց այդ ժամանակ հասկացա, որ իսկապես հետաքրքիր արվեստ է կինոն, իմ կյանքում շատ բան փոխվեց, ու կինո մտնելս էդպես եղավ»,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ դրանից ամիջապես հետո գրել է  Դմիտրի Կեսայանցի «Մարդն «Օլիմպոսից», Ռոբերտ Սահակյանցի «Как медвежата кита кормили» ֆիլմերի համար ու սկսել է տարեկան  1-2 գեղարվեստական ֆիլմի երաժշտություն գրել, անգամ հեռանալ երաժշտական աշխարհից ու լիովին տրվել կինոյին:

Խոսելով ռեժիսորների մասին, որոնց հետ համագործակցել է, պարոն Հարությունյանը նշում է. «Տարբեր ռեժիսորներ տարբեր պահանջներ ունեն, տարբեր մտածողություն ու մոտեցում: Կան ռեժիսորներ, որոնք իրենց ֆիլմում բավարարվում են ընդամենը մի գեղեցիկ մեղեդիով, ոմանք հնչյուն են պահանջում, որովհետև կարող է մի հնչյունից ստեղծվել ֆիլմի դրամատուրգիան, այնպես որ կոմպոզիտորը պետք է ճկուն լինի այս առումով:  Պիտի զգաս` ռեժիսորը ինչ է ուզում, ի վերջո, նա է ֆիլմի տերը, համենայն դեպս խորհրդային տարիներին էդպես էր, էդ հիմա է, որ պրոդյուսերն է ընտրում դերասան, կոմպոզիտոր…»:

Ո՞ր ռեժիսորների հետ էր աշխատելը բարդ և ո՞ւմ հետ` ավելի հեշտ:

«Փարաջանովի հետ հաճելի էր աշխատել, իմ արածն ընդունվում էր անմիջապես: Նա զգացել էր, որ այն եմ անում, ինչը պետք է իր ֆիլմին, իհարկե, նրա դրած խնդիրները բոլորը չէ, որ զգում էին, այդ պատճառով էլ ֆիլմի վրա աշխատելու ընթացքում շատ մարդիկ փոխվեցին: Հեշտ էր աշխատել Յուրի Երզնկյանի հետ. նա վստահում էր ինձ: Բավականին բարդ էր Կարեն Գևորգյանի հետ, չնայած մի քանի ֆիլմ Կարենի հետ արել եմ, բարդ է Սուրեն Բաբայանի հետ աշխատելը, Ալբերտ Մկրտչյանի հետ հաճույքով մի 4-5 ֆիլմ եմ արել ու որևէ  դժվարություն չեմ ունեցել, Դիման էլ Կեսայանց բարդ մարդ էր, էն դժգոհներից էր, որոնք հակասովետական ամեն ինչի կողմնակից էին. տարված էր ռոքով, հիպիական շարժմամբ: Հաճախ  վիճում էի հետը, ասում էի` այ Դիմա, ախր քո ֆիլմը էդ չի ուզում, քո նկարածը լրիվ ուրիշ բան է: Բայց մի քանի հաղորդման ժամանակ նա ասել է, որ իր կոմպոզիտորը ես եմ, և իմ մեղեդայնությունն ուրիշ է: Դիման վերջում միշտ համաձայնում էր ինձ հետ, բայց բարդույթներ ուներ. հենց ֆիլմի տեր էր դառնում, փքվում էր: Ամեն դեպքում կոմպոզիտորը պետք է ընդունի այդ մարդկանց այնպիսին, ինչպիսին կան, որովհետև միայն այդ պարագայում ստեղծագործական պրոցեսը ճիշտ  կշարունակվի»,- հավաստում է Յուրի Հարությունյանը:

Իսկ այսօ՞ր:

«Վերջին առաջարկները հիմնականում ձևավորումների հետ էին կապված, դրանք հանգուցյալ Ռոբերտ Սահակյանցի վերջին մուլտերի ձևավորումներ էին, որովհետև ֆինանս չկար օրիգինալ երաժշտություն պատվիրելու, ձայնագրելու համար,  Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», ընթացքի մեջ է նաև Դավիթ Սաֆարյանի  «Տաք երկիր» պայմանական վերնագրով ֆիլմը»,- ասում է կոմպոզիտորը:

Ինչ վերաբերում է հետխորհրդային կինոյին, մեր զրուցակիցը վիճակը և որակը գնահատում է սարսափելի. «Եթե արտադրությունն ու խմբի մակարդակը ինքնուս  է, եթե մոտավորապես է նկարվում, մոտավորապես են խաղում և մոտավորապես է երաժշտությունը ձևավորվում, ձայնագրվում կամ ինքնուսների կողմից է գրվում, ինչի՞ մասին է խոսքը: Այն պահից, երբ «Հայֆիլմը» վաճառվեց, էլ իսկական կինո չունենք, իսկ պրոֆեսիոնալ ռեժիսորները, որոնցից մեծ սպասումներ ունեինք, ստիպված են զիջել իրականությանը: Կինոյում  մեծ գումարներ են պետք, և եթե ֆինանսը ապահովված չէ, դու չես կարող հրավիրել այն մարդկանց, որոնք ամենաբարձր “պլանկայի” վրա են գտնվում, նաև չես կարող ապահովել քո ինտերիերների ձևավորումը, դեկորացիաները, այնպես որ անորակ օղակներից կազմված  շղթա է ստեղծվում, վերջում ստացվում է, որ դու նայում ես կիսաֆաբրիկատ, ու  մարդիկ իզուր են այդքան տանջվել: Դեռ սովետի ժամանակ ես զարմանում էի, թե ռեժիսորն ինչպե՞ս է դիմանում մեկ տարվա մեջ ֆիլմը խելքի բերելուն, դեռ էն ժամանակներից  ռեժիսորն ինձ համար հերոս էր»:

Կինոկոմպոզիտորը երբեք չի համաձայնի սերիալի համար երաժշտություն  գրել, նման առաջարկներ չեն եղել, և ուրախ է, որ չկան: Կյանքում ընդամենը մեկ անգամ է բազմասերիանոց ֆիլմի համար երաժշտություն գրել: «Ես մեկ բազմասերիանոց  ֆիլմում եմ աշխատել, միակը հայկական կինոյի պատմության մեջ` Աղաբաբովի  «Ո՞ւր էիր, մարդ աստծո»-ի մասին է խոսքը, 5 սերիա էր: 90-ականներն էին, ցուրտ էր, բոլորս հիվանդացանք, բայց կարևորը` իսկական  կինո էինք անում: Ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանից բացի, բոլոր տեղերում վիճակը լավ է, անկախացումից հետո Վրաստանում Շևարդնաձեն,  իսկ Ադրբեջանում Ալիևը  իրենց ստուդիաները ֆինանսավորեցին ու պահեցին, իսկ մենք “Հայֆիլմը” վերցրինք ու վաճառեցինք, և հիմա բազա, գործող ֆաբրիկա, կինոարտադրող գործարան չունենք»,- փաստում է կոմպոզիտորը, որ կինոն իր կյանքի կեսն է համարում և հպարտ է սեփական կինոկենսագրությամբ:

«Կինոերաժշտությունը և իմ սեփական, անկախ, այսպես ասած` երաժշտական երաժշտությունը միշտ գործել են զուգահեռ ու անջատ, որովհետև քո երաժշտությունը գրելիս ազատ ես, իսկ կինոերաժշտությունն ամեն դեպքում պատվեր է, որը պետք է կատարես: Բայց մեկ է` կոմոպոզիտորն իր շնորհքի և մակարդակի հաշվին կարող է մանևրել նաև պատվերի շրջանակներում»,- համոզված է Յուրի Հարությունյանը…

Գոհար Հակոբյան