Մի՞թե «լոխ լավ ա»
Վերջապես, կինոն` իբրև քարոզչամիջոց և թաքնված գովազդ, եկավ օգնության Արցախում և Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու մեր անդուլ փորձերին, ու դրա վառ ապացույցն է «Եթե բոլորը» ֆիլմը:
Անզեն աչքով երևում է` ջանք չեն խնայել Երևանը որպես Վարդավառ-հեքիաթ ներկայացնելու, Վայքի, Սյունիքի, Արցախի բնության հրաշալիքները ցուցադրելու համար: Անգամ հին երազ «ծովից ծով Հայաստանն» են առարկայացրել` իբրև խենթ վարորդի բեռնատարին կցված մի նավ: Բայց ֆիլմի ասելիքն ավելին է, քան պարզապես «մենք ուտող-խմող, ուրախ և հյուրասեր ժողովուրդ ենք» կարգախոսը: Ի սկզբանե գլխավոր հերոսի թասընկերոջ բերանով ասվում է. «Եթե բոլոր չինացիները միաժամանակ ցատկեն, աշխարհը շողուլից կընկնի, ու աղետ կլինի»: Իսկ թե ինչ պիտի անեն բոլոր հայերը, որ աշխարհի հերն անիծեն, առաջարկվում է նայել ողջ ֆիլմը, թեպետ և ապարդյուն:
Պարզ է` չինացիները մեզ ապագա չեն, մեզ պետք են ռուսները, ուստի ինքնաթիռը հայ ժողովրդին նվեր է բերում Սաշա անունով սիրունիկ ռուս աղջկա` կեչու տնկին ձեռքին, որը, ինչպես պարզվում է, արցախյան ռուս ազատամարտիկի դուստր է, մոր կողմից էլ հայ, չնայած հայի արյունը երևի շատ թույլ է, որովհետև ոչ մի կերպ չի զգացվում: Ուրեմն Մասլեննիկովա Սաշայի մորը` Լիլիթին, սպանել են Սումգայիթի ջարդերի ժամանակ, ու հայրը` Մասլեննիկով Սաշան, վրեժի ծարավից դրդված, եկել միացել է հայ ազատամարտիկներին, որ կռվի Արցախի ինքնորոշման համար, և հերոսաբար զոհվել է:
Ավելի մեծ սուտ դժվար է պատկերացնել` հաշվի առնելով այն պատմական փաստը, թե ժամանակին Կրեմլում նստած ռուսներն ինչ դերակատարում են ունեցել հենց Սումգայիթում, բայց, ինչպես ասում են, սա արվեստ է, մտքի թռիչք, ու չպետք է քաղաքականացնել: Աղջիկն եկել է ռուս ազատամարտիկի գերեզմանին ծառ տնկելու առաքելությամբ, և նրան օգնում են հոր զինակիցներն ու հրամանատարը` նույն ինքը` «կամանդիր» Գուգոն:
Միքայել Պողոսյանը ոչ միայն մտահաղացել է Արցախյան ազատամարտի այս յուրօրինակ մեկնությունը, այլև իրեն վերապահել Գուգո հատկանշական անունով գլխավոր հերոսի դերը: Ուրեմն Գուգոն հասարակ կռված տղա չէ, այլ իսկական, հին, հինգաստղանի երևանցի, և դա է վկայում այն ոչ անկարևոր փաստը, որ ապրում է Տերյան 11 տանը: Չիմացողներին ասեմ, որ դա Աֆրիկյանների հայտնի ակումբի շենքն է, որի վրա ներկայումս կախված է քանդվելու վտանգը: Ֆիլմն այդ շենքը պահպանելու համար չի նկարվել, ենթադրում եմ, որ հասույթից էլ ոչ մի կոպեկ չի հատկացվի դրան: Շենքն օգտագործվել է պարզապես որպես դեկոր Գուգոյի ազնվականությունն ընդգծելու համար, որովհետև հիմա նա հարբեցող դզող-փչող է դարձել:
Ի դեպ, հարբեցողության մասին: Ֆիլմը սկզբից մինչև վերջ հեղեղված է կերուխումներով, ավելի ստույգ` օղու շուրջն ընթացող խնջույքներով, և անգամ Վայքի Արենի գյուղում սեղանին օղի է դրված: Դա էլ կարևոր չէ: Կարևորը, որ մեր Գուգոն հենց էնպես չի խմում. ինքը հարբեցող է դարձել դարդից (կին-երեխա-ընտանիք ֆիլմում չեն երևում, երևի չունի էլ), ոչ թե նեղ անձնական, այլ հայոց համազգային դարդից:
Ուրեմն ռուս աղջիկ տեսնելիս Գուգոս իրեն չի կորցնում, ինչպես ֆիլմում պատկերված բոլոր ջահել հայ տղերքը, այլ նստեցնում է Երևան-Վայք ավտոբուսն ու ճանապարհում իրենց մյուս զինակցի` Արջի մոտ: Հետո մտափոխվում, առևանգում է «գոլդ» համարով «լենդրովեր ջիփ» ու գնում է վերանվաճելու իր երբեմնի հաղթանակը: Եվ Գուգոս հենց նստում է «ջիփի» ղեկին, միանգամից իրեն դնում է իր երազած տղու տեղն ու լկտիաբար կտրում է վերոնշյալ Երևան-Վայք ավտոբուսի առաջն ու գոռգոռում անկեղծորեն վրդովված վարորդի ու խեղճ ուղևորների վրա: Մենք կուլ ենք տալիս էդ լկտիությունը` մտածելով, որ Գուգոն կռված, տուժած, կոնտուզիա ստացած տղա է: Բայց Գուգոն չի հանգստանում, անընդհատ գոռում, լացում ու հարբում է մինչև ֆիլմի վերջը:
Եթե Արցախյան ազատամարտի անտեղի շահարկումը մի կողմ թողնենք, տակը կմնա միայն «Տղամարդիկ» ֆիլմի հաջողությունը կրկնելու անթաքույց փորձը: Մի երկու տեսարան պարզապես մեկից մեկ թխած են: Օրինակ` տոնախմբության պարի կամ վերջին կերուխումի տեսարանը, որ մարտահրավեր է հայտնի «Քամին զանա»-ին:
Ի դեպ, գյուղական խրախճանքի դրվագում մենք ներկայանում ենք իբրև դաժան աբորիգեններ: Արջն անկեղծ ափսոսանք է հայտնում, որ ճակտին կռանի մի հարվածով եզ տապալող շատ քիչ մարդ է մնացել, ու մենք հայ-հայ կորցնելու վրա ենք ազգային հնամենի սովորույթը: Պարզվում է նաև, որ հայ աղջիկներն էնքան անսիրտ են, որ ոչ ոքի մտքով չի անցնում փրկել նուռուվարդով զարդարված եզոյին, իսկ այ, բարեսիրտ, քնքուշ ռուս աղջիկ Սաշան հենց էդպես էլ վարվում է ու կռանը թաքցնում «լենդրովերի» թափքում: Ինչպես կասեր Ստանիսլավսկին, պետք կգա: Եվ իսկապես պետք եկավ մանրումիջին բիզնեսը ճնշելու գործում: Մեր նախկին ազատամարտիկների ավազակախումբն Արցախում ռոբինհուդավարի գնում է շուշեցի խանութպանից պարտքն ստանալու` էդ կռանի ու մի ծերուկից վերցված ատրճանակի շնորհիվ (Արցախում միայնակ ծերուկներն ինքնաշեն հրազեն են տանը պահում):
Բայց դրանք դետալներ են: Ոչ միայն հայ աղջիկներն են անշահեկանորեն ներկայացվում ռուսի կողքին, այլև մեր կանայք: Հայ կանանց հասել է, բնականաբար, երկրորդական` բնութագրական դերեր: Նրանք չաղ են ու բարի և զբաղված են տղամարդկանց կերակրելով ու նրանց բորբոքված կրքերը մարելով: Չաղ ու բարի է Գուգոյի հարևանուհին, որ հիացմունքով պատմում է Աֆրիկյանների ակումբի մասին` իբրև անառականոցի, ոչ թե մշակութային օջախի: Չաղ ու բարի է Արջի կինը, որ առիթ է տալիս թոնրի վրա կախված կրծքով հիանալու: Չաղ ու բարի է սահմանապահների խոհարարուհին, որ, ի տարբերություն նախորդ երկուսի, գրեթե առանց ակցենտի է խոսում ռուսերեն:
Թե ինչ կարիք կար մեր ազատամարտիկներին ներկայացնելու Ճուտ, Վասիսթդաս, Գանդուրաս ու նման ածականներով, իսկ արցախցի ազատամարտիկին իբրև «մեյմուն»`Մուլտ մականունով և այդ ֆոնին թողնել միակ իրական հերոս ռուս Սաշա Մասլեննիկովային, դրա շուրջը թող մտածեն ֆիլմը հովանավորող ՊՆ-ում, բայց զուտ կինոյի տեսանկյունից ամենևին էլ ինքնատիպ չէ հայ տղամարդկանց պատկերել իբրև 2 տարեկանի ուղեղով մանկամիտ արարածների: Դա հին և բոլորիս շատ հայտնի մոտեցում է: Բավական է հիշել «Միմինոն», որտեղ երկու դմբլո կովկասցի տղամարդ փորձանքի մեջ են հայտնվում, և նրանց փրկում է մի ջահել ռուս աղջիկ: Ազատամարտիկ Արջն անընդհատ անկապ «լարվում» է ազատամարտիկ Մուլտի հետևից, անգամ Գանձասարի պարսպի վրայով` հանուն էժանագին կոմիկական էֆեկտի: Կովկասցի տղամարդկանց միամիտ ու դմբո ներկայացնող խորհրդային կինոյի այս ավանդական կարծրատիպը հետխորհրդային հայկական կինոյում լավագույնս դրսևորվում է հենց այս ֆիլմում:
Հայրիշխանությունն ու կանանց նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքն անընդհատ աչքդ են մտցնում, թեկուզ Ստեփանակերտի «մուժսկոյ սալոնի» անիմաստ ցուցադրությամբ, որովհետև Գուգոն չի ուզում կտրել մազերը, Գուգոն ուզում է խմել: Չարժե մեզ անընդհատ հիշեցնել դրա մասին: Հասկացանք, ձեր պատկերացրած խելահաս հայրենասերը հարբեցող է: Էս ամենից հետո այլևս չես զարմանում, երբ Գանձասարում տեր հորը բարևելիս, աջհամբույրի փոխարեն, տեսնում ես ախպերավարի պաչպռոշտի, ու անգամ, երբ Պարգև սրբազանը հայտնվում է ինքն իր դերում (նման ժանրի ֆիլմում իրական հոգևոր առաջնորդի աննախադեպ հայտնություն, որ հանձն չեմ առնում մեկնաբանել), վերջնականապես համոզվում ես, որ «օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը…» ավանդական քարոզի ականատեսն ես:
Վերջում խորհրդանշական կերպով գալիս է դատաստանի ժամը, երբ Մոխրոտի կառքը դդում է դառնում, իսկ մենք կորցնում ենք ուժի սիմվոլ ՙջիփը՚, որովհետև ոստիկանության փոխարեն վրա են տալիս հարց լուծող տղերք, համապատասխան բառապաշարով «սամասուդ» անում մեր կոմիքսային ազատամարտիկների եռյակին, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Հերոսները «մանդրաժից» տրվում են հիստերիկ ծիծաղի: Հանդիսատեսն ուրախանում է, որ բախումն իր հետ չի եղել: Բոլորը զվարճանում են Սաշայի «Լոխ լավ ա՞» հարցով, իսկ մեզ մնում է արձանագրել. «Փիս ա, մատաղ, լյհա ինդի վրեմյապռեպռավաժդենի ա, վեչ թա կինո, մըր կինոն տի ամալ չի կիլյական»:
Արմեն ՕՀԱՆՅԱՆ
Արձակագիր