հառւտ

«Գուցե դա վատ է, բայց ես չեմ կարող մարդկանց շատ ուրախացնել, շոուներ սարքել: Ես միշտ անհանգստացնում եմ, զգուշացնում ու ստիպում մտածել: Իմ արվեստի առաքելությունն էլ գուցե դա է»:

 

Ե՞րբ հասկացաք, որ Ձեր մտքերի ու զգացմունքների հիմնական արտահայտչամիջոցը կինոն է: Ինչպե՞ս սկսվեց Հարություն Խաչատրյանի կինոյի ճանապարհը:

 – 12 տարեկանում կինոմեխանիկի աշակերտ էի: Նույն ֆիլմը 15-20 անգամ ցուցադրելուց հետո ձանձրանում էի: Հետո սկսեցի ֆիլմերից կտրել ու հանել այն տեղերը, որոնք, իմ կարծիքով, վատն էին ու ձանձրալի: Այսպես կադրերը կտրելով-կպցնելով ստանում էի իմ կինոն: Հիմա եմ հասկանում, թե դա ինչ լկտիություն էր: Եթե ռեժիսորն իմանար` ինչպես եմ վարվում իր ֆիլմի հետ, ինձ կսպաներ: Այսպիսի վայրենությամբ տեղի ունեցավ իմ մուտքը կինո:

Մի օր էլ որոշեցի գրավել Երևանն ու դառնալ կինոռեժիսոր: Բայց… մեծ էր հիասթափությունս. առաջին տարին թատերական ինստիտուտում նույնիսկ գործերս չընդունեցին: Ասացին` այնքան արագ ես խոսում, որ քեզ ոչ ոք չի հասկանա, ոʹչ դերասանները, ոʹչ էլ անձնակազմը: Յոթ տարի փորձում էի ընդունվել, այնքան էի կարդացել, որ «պրոֆեսոր» էի դարձել, բայց չէին ընդունում: Ու հանկարծ Հայաստանում` մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում, Յուրի Երզնկյանը, Ալբերտ Յավուրյանն ու Միքայել Ստամբոլցյանը բացում են կինոյի բաժին: Ես արդեն ամուսնացել էի, երեխա ունեի: Կինս համոզեց, որ վերջին անգամ փորձեմ: Կտրվեցի, բայց հետո երեք տեղ ավելացրին, ու վերջապես ընդունվեցի, այն էլ` երջանիկ պատահականությամբ:

Ձեր առաջին պրոֆեսիոնալ ֆիլմը` «Թաղի ձայները» (1981), նվիրված էր Երևանի ամենահին թաղամասերից մեկին` Կոնդին: Վեց տարի անց` 1987 թ., կրկին անդրադարձաք այդ թեմային, և ծնվեց «Կոնդը», որում օգտագործված արխիվային նյութերի օգնությամբ նույնիսկ զուգահեռներ են տարվում ցեղասպանությունից փրկված հայ մանչուկների ու այդ օրերի երեխաների սոցիալական կենսապայմանների միջև. Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանի թաղամասերից մեկում երեխաները զուրկ են մանկությունից: Ինչպե՞ս հաջողվեց շրջանցել խորհրդային տաբուն և այսպիսի թեմայով ու հայացքով նույնիսկ լուրջ հաջողությունների հասնել: Ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել, 88-ին նույնիսկ ճանաչվել է որպես  «Տարվա լավագույն սովետական ֆիլմ»:

– Երբեք պատվերով կամ ուրիշի սցենարով ֆիլմեր չեմ նկարում: Նկարում եմ այն, ինչ ինքս եմ տեսնում, այն, ինչ հուզում, անհանգստացնում է ինձ: Եվ կարծում եմ, որ այն, ինչ անհանգստացնում է ինձ, կարևոր բան է, որը պետք է փոխանցել ժապավենին, վերածել ասելիքի ու պատմել մարդկանց, նրանց ևս անհանգստացնել: Իմ ֆիլմերը, այո, անհանգստացնող են, ոչ ժամանցային:

Ինչ վերաբերում է «Թաղի ձայներին», տարիներ առաջ ինձ տվեցին մի ֆիլմ, որը չափազանց պարզունակ սցենար ուներ: Պատմությունը մի գիտնականի մասին էր, որը ապրում էր Կոնդում, պատերազմի մասնակից էր և շարունակ հիշում էր` ինչպես է գնացել պատերազմ, ապա վերադարձել հերոսացած, դարձել ակադեմիկոս: Սցենարն ինձ հետաքրքիր չէր: Միքայել Ստամբոլցյանի հետ Կոնդ գնացինք ու տեսանք բոլորովին ուրիշ իրականություն. Աշխարհ` աշխարհի մեջ: Երևանն այնտեղ ուրիշ ռիթմով էր ապրում, Կոնդը ուրիշ երջանկություն էր, ուրիշ դժբախտություն, ուրիշ բնավորություն, ուրիշ հարաբերություններ, դրանից ավելին մտածել պետք չէր, պետք էր պարզապես համեստորեն նստել ու հետևել այդ մարդկանց կյանքին (ինչը մենք անում էինք “Դվին՚” հյուրանոցի պատուհաններից), նկարել, վերածել ֆիլմի. այդ էլ արեցինք:
Գեղարվեստական խորհուրդը ծանոթացավ այս նյութին, հենց հաջորդ օրն ինձ առաջարկեցին հրաժարվել ֆիլմից, ոմանք խորհուրդ տվեցին նույնիսկ հեռանալ Հայաստանից, քանի դեռ չեն բռնել: Բայց ես շարունակեցի ֆիլմը: Տասը րոպեի փոխարեն նկարեցինք մոտ 1 ժամ 20 րոպե տևողությամբ ֆիլմ: Չընդունեցին, ու սկսվեց պատերազմ իմ ու գեղարվեստական խորհրդի միջև: “Կոնդը” կրճատվեց մինչև 37 րոպե, այդուհանդերձ մերժվեց, ավելին` որակվեց հիմարություն: Ֆիլմի աշխատանքային օրինակը գողացանք և ուղարկեցինք Կիև` երիտասարդ ռեժիսորների ֆիլմերի փառատոն: «Կոնդը» ստացավ գլխավոր մրցանակը: Իսկ հետո մրցանակները հաջորդեցին միմյանց:

Ձեր ֆիլմերը տարբեր բնորոշումների են արժանացել, բայց ավելի հաճախ շեշտվում է կյանքի նկատմամբ ակտիվ դիրքորոշումն ու փիլիսոփայական մեդիտացիան: Ինքներդ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ բնորոշումները:

 

– Ես հասկացա, որ կինոյում ամեն ինչ հնանում է, կարևորը մթնոլորտը պահպանելն է: Եթե մթնոլորտը կարողանում ես պահպանել ժապավենի վրա, փոխանցել այն հանդիսատեսին, արդեն հաջողություն է: Ամենաբարդն այդ մթնոլորտը ստանալն է, քանի որ այն միլիոնավոր գույներ և ձայներ ունի: Ռեժիսորը պետք է կարողանա առանց մաշկի զգալ այն, ինչ հարատև է և մնայուն: Ճշմարտությանը հասնում ես ենթագիտակցորեն: Ինձ համար կարևորագույնն այդ մթնոլորտի ստեղծումն է իմ ֆիլմերում ու մարդը. երբեք չխաբել, մարդու հետ կապված ոչինչ չկեղծել, չհորինել և սիրել մարդուն, ինչպիսին որ կա: Ինձ երբեմն մեղադրում են, որ խայտառակում եմ հայ ազգը, նկարում եմ տգեղ մարդկանց, տգեղ իրականություն, հետո էլ այդ ֆիլմերը ներկայացվում են դրսում ու նույնիսկ մրցանակների արժանանում: Իսկ ես կարծում եմ, որ մարդու բնական ապրելակերպն է արվեստ դառնում: Ես այդպես եմ ընկալում ճշմարիտ արվեստը:

Հետևո՞ւմ եք Արտավազդ Փելեշյանի, Սերգեյ Փարաջանովի` կինոյի էությունը հայտնաբերող սկզբունքին, գեղարվեստական արժեքներին: Իրականում որո՞նք են այդ արժեքները:

 

– Շատ եմ սիրում, բայց չեմ հետևում այդ սկզբունքներին: Մատուցման ձևերը չափազանց տարբեր են: Փարաջանովն արվեստի տարբեր միջոցներով ստեղծում էր կոլաժ, ֆիլմ` ինչ-որ առումով միջամտելով կյանքին: Այսինքն` արվեստի միջոցով ստեղծում էր նոր արվեստ: Փելեշյանը վերցնում է փաստը և ճզմում մինչև վերջ, նա ամբողջությամբ տիրում է նյութին, քանդում է, հետո նորից հավաքում: Իմ սկզբունքը պաշտամունքային մոտեցումն է իրականությանը: Ինձ երբեմն ասում են, որ Փելեշյանին եմ հետևում, բայց ես չեմ կարող հետևել նրան, Փելեշյանը հանճար է:

Հայ վավերագրական կինոյի այսօրվա խնդիրները:

 

– Հայ վավերագրական կինոն ինձ համար միշտ էլ ուժեղ և հետաքրքիր է եղել: Բայց այսօր կինոն և ժուռնալիստիկան դժբախտաբար խառնել են միմյանց: Վավերագրական կինո է ներխուժել սադրիչ ու «սպեկուլյատիվ»” մի բան, ինչը հատուկ է ժուռնալիստիկային: Տեսախցիկը հեշտացրեց և էժանացրեց ֆիլմ նկարելը, բայց իրական վավերագրական կինոն միանգամայն այլ արժեք ունի, որովհետև բոլորովին այլ չափորոշիչների է ենթարկվում:

Անդրադառնանք «Սահման»  ֆիլմին, որը Ձեզ բազմաթիվ միջազգային մրցանակներ բերեց:

 

– «Սահմանը»  հասարակ ֆիլմ է, միաժամանակ` շատ բարդ: Այստեղ էլ բոլոր հերոսները իրական են` փախստականներ, որոնք նոր միջավայրում` հայրենի հողի վրա, նորից փորձում են արմատ գցել ու վերածնվել. հայի ապրելու գաղտնիքը: Իսկ գլխավոր ՙհերոսը` գոմեշը, գնել էինք` ընտրելով ամենատխուր աչքերով արարածին: Ֆիլմը 17 մրցանակ է ստացել, 5-6 փառատոներում այսպիսի կարծիք եմ լսել` եթե առհասարակ նման իրավունք ունենայինք, լավագույն կնոջ դերի համար մրցանակը կշնորհեինք հենց գոմեշին: Շատերը չհասկացան և չընդունեցին այս ֆիլմը, նույնիսկ հայհոյեցին` իբր հայ մարդուն աշխարհին ներկայացնում եմ իր գոմաղբով: Ըստ իս, դա գավառամտություն է ու քաղքենիություն:

Տեղին է հիշել պարսիկ կինոռեժիսոր Աբաս Քյառուսթամիի կարծիքը «Սահման» ֆիլմի մասին. «Երեկ ես նայեցի Խաչատրյանի նոր ֆիլմը` «Սահմանը», և ուղղակի զմայլված եմ: Նա կարողացել է շատ անսովոր ձևով կինո բերել նոր հերոսի: Ես ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Քո առջև գոմեշ է, և նայելով նրան` հասկանում ես, որ նա էլ ունի գիտակցություն և զգացմունքներ: Այսօրվա համաշխարհային կինոն նկարում է պոռնիկների, մաքսանենգների, մարդասպանների, նրանց, ում դժվար է մարդ անվանել: Իսկ Խաչատրյանի ֆիլմում մենք տեսնում ենք մի գոմեշի, որն ավելի մարդկային է, քան թվարկածս արարածները: Ինչպե՞ս կարող էր նման ֆիլմը չտպավորվել և չփոխել իմ աշխարհընկալումը: Այդ ֆիլմն այնպիսի տպավորություն է գործել ինձ վրա, որ ես այն երբեք չեմ մոռանա»:

Դուք ժամանակ առ ժամանակ վերադառնում եք դեպի Ջավախք` Ձեր ծննդավայրը: Վերադարձի նման փորձեր են «Սպիտակ քաղաքը», «Պոետի վերադարձը»:

 

– Վերադարձել եմ ու էլի պիտի վերադառնամ, որովհետև ծննդավայրը մարդու այն հոգևոր հենքն է, որի վրա նա ծնվել ու ձևավորվել է: Դժբախտ են այն մարդիկ, որոնք մոռանում են իրենց մանկությունը, մանկության խեղճությունը, մանկության նախանձներն ու հաջողությունները: Եթե հաճախ չվերադառնաս, չես կարող առաջ շարժվել: Միայն առաջ նայելուց շատ շուտ սպառվում ես:

Ձեր աշխարհընկալումը, կյանքի Ձեր փիլիսոփայությունը: Ի՞նչը կարող է ոգեշնչել Հարություն Խաչատրյանին կամ

 

– Ինձ համար շատ կարևոր է նայել շուրջը և հասկանալ, թե ինչ է կատարվում, չլինել անտարբեր: Զգալ, տառապել, հասկանալ, իսկ հետո վերածել դա արվեստի` ստիպելով ուրիշներին ևս անհանգստանալ: Գուցե դա վատ է, բայց ես չեմ կարող մարդկանց շատ ուրախացնել, շոուներ սարքել: Ես միշտ անհանգստացնում եմ, զգուշացնում ու ստիպում մտածել, քանի որ ինքս էլ բնավորությամբ շատ անհանգիստ եմ ու անհանգստանում եմ այն ամենի համար, ինչ սիրում եմ: Իմ արվեստի առաքելությունն էլ գուցե դա է:

Ո՞րը կլինի Հարություն Խաչատրյանի հաջորդ ֆիլմը:

 

– 1989 թվականին Միքայել Ստամբոլցյանի հետ նկարահանեցի իմ առաջին խաղարկային ֆիլմը` «Քամին ունայնության»: Թեման հայ մարդու փախուստն էր հայրենիքից, հերոսները` Հայաստանից հեռացած ու Խորհրդային Միության տարբեր անկյուններում հաստատված իրական մարդիկ` նկարիչ, ռեժիսոր, ոսկերիչ, մարդիկ` հետաքրքիր իրենց անհատական ինքնատիպությամբ: Ժամանակին շատերը չսիրեցին այս ֆիլմը` ասելով, թե հայրենիքը լքած բորենիների մասին ֆիլմեր պետք չեն մեզ: Չնայած դրան, յուրաքանչյուր 7-10 տարին մեկ գնում ու կրկին նկարում էի այդ մարդկանց. ո՞ւր գնացին, ի՞նչ փոխվեց նրանց կյանքում: Հավաքված ամբողջ նյութը դարձավ «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ» ֆիլմի հիմքը, այս պահին հենց դրանով եմ զբաղված: Պատրաստ կլինի աշնանը:

Զրուցեց
Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ