Թե համեմատելու լինեք մերօրյա և խորհրդային ժամանակաշրջանի հայկական կինոն, ի՞նչ տարբերություններ կնշեք և ի՞նչ գնահատական կտաք:

– Բացառությամբ  «Նռան գույնի»` երեկվա մեր կինոն, այսպես թե այնպես, միջազգային շատ բարձր մակարդակի չէր համապատասխանում, բայց խորհրդային կինոյի շրջանակներում նորմալ մակարդակ ուներ: Ի դեպ, ո´չ առաջինը, ո´չ էլ երկրորդն ինձ այնքան էլ չեն հուզում. շարունակաբար ընկնելով միջազգային նիշերի հետևից` կարող ենք ինքներս մեզ կորցնել, քանի որ ուզում ենք անպայման հասնել մի տեղ, ուր մեր հասնելու համար դեռ շուտ է: Ստիպված սկսում ենք նմանակել, ժամանակից առաջ վազել: Իսկ երեկվա մեր կինոյում կարևորն այն էր, որ այդ կինոն հայ մարդու մասին էր, տաք էր, բարի էր ու լավն էր: Մեզ համար էր լավը: Իսկ դա ամենակարևորն է: Հիշենք «Եռանկյունին», «Մենք ենք մեր սարերը», «Բարև, ես եմ» ֆիլմերը, որ ինտելեկտուալ կինո ստեղծելու  առաջին փորձն էր և շատ հաջող փորձ` արված պրոֆեսիոնալ բարձր մակարդակով և էլի մարդու մասին: Բայց այսօր նաև դրսի կինոն մարդու մասին չէ և մարդու համար չէ, սպառողի համար է: Շուկայական խելացնոր մրցավազքը ստեղծում է նոր մարդ` մարդ-սպառող, որն արդեն լիարժեք մարդ չէ: Այս ֆոնի վրա մեր այսօրվա կինոն մոլորված է: Համաշխարհային կինոյի հետևից վազել չի հասցնի, շատ առաջ են գնացել, հետ դառնա դեպի էն կինոն` դա երեկվա օրն է…

Այն, ինչ ասացիք, համաշխարհային ընդգրկում ունի: Թերևս չկա մի երկիր, որի կինեմատոգրաֆը հեռու լինի ձեր նկարագրածից: Մենք ի՞նչ կարող ենք անել:   

– Մեր դժվարությունը նաև տրամաբանական հիմք ունի: Այսօրն ու այսօրվա հայ մարդը դեռ չի ձևավորվել: Շուկայականը մեզ մոտ դեռ նոր է  «մուտանտ» ձևավորում: Գուցե թե կինոն չի կարողանում ամբողջացնել դեռևս չձևավորվածը:

Գրականությունն այդ առումով կինոյից տարբե՞ր վիճակում է:

– Այո, ի տարբերություն կինոյի, գրականությունը տալիս է ժամանակի արտացոլքը, բայց մեր բեմադրիչներն ու ռեժիսորներն իրենց կողքին իրենց գրականությունը տեսնել չեն ուզում: Եթե նրանց ասես` առ քեզ գրականություն և փորձիր սրա վրա կինո անել, կասեն` չէ: Մենք դա տեսել ենք:

Խնդիրը գրականությունկինո կապի խզո՞ւմն է:

– Կինո-մարդ, կինո-գրականություն և էլի շատ կարևոր կապեր, ցավոք, խզված են այսօր, իսկ ասպարեզը տրված է հեռուստասերիալներին, որոնք սերունդ են «ձևավորում», բայց կարելի է չակերտները բացել ու ասել` փչացնում: Դպրոցների հարևանությամբ եմ ապրում և լսում եմ, թե ինչ ու ինչպես են խոսում: Խոսում են սերիալային թեմաներով ու բառապաշարով` «թեմա կա ախպեր», «սրան պիտի գլխից խփեն» և այլն: Այսպես է, իրենց վարկանիշն են կարևորում,  մի քանի կոպեկ փողի համար թքած ունեն, թե ինչ հետևանքներ է ունենում իրենց արածը: Ու սա այն դեպքում, երբ  գիշերով Արտեմ Սարգսյանը կասի` «Մեր լեզուն մեր խոսքը», իսկ  ցերեկով հենց նույն հեռուստաընկերությունը կմոռանա ևʹ էդ լեզուն, ևʹ էդ խոսքը ու կապականի ուզածի պես:  Ի դեպ, վերջերս փորձում են գրական խոսել, բայց ավելի լավ է խոսեին նույն գողականով, քան այն գրականով, որով հիմա խոսում են: Լավ կանեին փողը չափսոսեին, խմբագիր վարձեին, որ կարգի բերեր տեքստը:  Դե իսկ ռեժիսորն այսօր կոմերցիոն կինո է նկարում և այլ հետաքրքրություն բացարձակ չի դրսևորում: Եթե դրսի արածը չի կրկնօրինակում, ապա  գնում է հետ` դեպի դասականը:

Դասական գրականությունը միշտ էլ եղել է կինոյի ուշադրության շրջանակում: Մի՞թե դա խնդիր է:

– Խնդիրն այն է, որ դասականից էլ ընտրությունը ճիշտ մոտեցմամբ չի կատարվում: Դասականից ընտրում են մեռած բաներ, որոնք այսօրվա իրականությունում լուծելու խնդիր չունեն, ակտուալ չեն, այսօրվա մասին չեն: Խոսքս այն ֆիլմերի մասին է, որ նկարհանվեցին վերջերս, ասենք` «Սպանված աղավնին»… Մեռած ֆիլմեր են դեռևս էկրան չբարձրացած: Իսկ դա նշանակում է միջոցներ, փող փոշիացնել:

Իսկ մերօրյա գրականությունն արժեքավոր առաջարկներ ներկայացնո՞ւմ է:

– Իհարկե: Լևոն Խեչոյանի, Ռուբեն Հովսեփյանի, Պերճ Զեյթունցյանի  գործերին թող անդրադառնան: Կան երիտասարդ տաղանդավոր արձակագիրներ… Սակայն ռեժիսորներին սեփական  գրական նյութը չի հետաքրքրում, չեն վստահում. սնոբական մոտեցում է, դրա համար էլ էս շփոթ վիճակն է, նկարում են` չգիտես ինչ:

Գուցե խնդիրը կինոարտադրությանն անհրաժեշտ մասնագիտական խմբի ոչ ամբողջական և միջոցների ոչ բավարար լինելու մեջ է

– Մակերեսով են գնում: Կորցրել են իրենց ժամանակը զգալու նյարդը: Կորցրել են հայ  մարդուն, որովհետև հայ մարդն ինքն է իրեն կորցրել: Բայց կարելի էր գոնե այդ կորցնելու մասին նկարահանել, քանի որ հայ մարդն այլևս չի տեսնում ո´չ իր գնալու տեղը, ո´չ էլ իր կորուստը: Շփոթված վազվզում է, ինչո՞ւ, ո՞ւր. չես հասկանում: Չեմ կարծում, թե սա տաղանդավոր մարդկանց պակասից է, պարզապես ինչ-որ դադարի թե անցումային վիճակում ենք հայտնվել: Գուցե ժամանակ է պետք, որ մաղվի, մաքրվի, բայց վախենամ երկար տևեց սա: Եթե նայենք կինոյում մեր հաջողություներին, բոլորն էլ լավ գրականության հիման վրա են ստեղծվել: Պետք է վստահել գրողին, չեն պատկերացնում, որ իրենց ժամանակում, իրենց կողքին` հարևան փողոցում ապրող գրողը կարող է  լավ գրել կամ կարող է լավ սցենար ստեղծել:

Անկախության տարիներին 500 հարյուր ֆիլմ է նկարահանվել: Չկա՞ այդ շարքում մնայուն արժեք:

– Վավերագրական ֆիլմերի շարքում թերևս կան այդպիսիք: Կարծում եմ` դա բացատրվում է նրանով, որ վավերագրությունում լավ դպրոց ունենք: Ինչ վերաբերում է խաղարկային ֆիլմերին, ապա դժվարանում եմ առանձնացնել:  Հիմա չունենք մշակութաստեղծ բարենպաստ  միջավայր, նախանձն ու չարությունը շատ են: Նախկինում այդպես չէր, երևի այն ժամանակ մեծ մասամբ յուրաքանչյուրն իր տեղում էր, մարդիկ քիչ թե շատ բավարարված էին իրենց կյանքից և գուցե դրանից էլ շատ ավելի հանդուրժող ու աննախանձ էին: Բայց դե ինքներս ընտրեցինք շուկայական ճանապարհը ու պիտի վազենք` միմյանց հրմշտելով, չարացած, դժգոհ: Մարդը, որը չի կարողանում իր ընտանիքը որոշակի բարեկեցությամբ պահել, անպայման չարացած է և´ քաղաքականության, և´ իր արվեստի, և´ առհասարակ աշխարհի վրա: Էս չարությունը եթե մեջներիցս դուրս գա, գուցե լավ գործեր ստեղծվեն բոլոր ասպարեզներում. եթե հիմա փորձում ենք բարություն ցույց տալ, կեղծ է ստացվում: Մարդը հնարավոր է` շատ խելացի ու բանիմաց չլինի, բայց հաստատ սուտն ու ճիշտը զանազանելու զգացողություն ունի: Կինոն չի ուզում կամ չի կարողանում  ճշմարտությունն ասել, անընդհատ փախչում է կա´մ դեպի գողականը, կա´մ դեպի էժանագին հումորը, կա´մ էլ կեղծ, պաթոսային հայրենասիրությունը: Մինչդեռ գրականությունը,  քանի դեռ կոմերցիոն դառնալու հնարավորություն չունի, տեսնում և ասում է ճշմարտությունը , սակայն մեր ժամանակներում հեղինակազրկեցին գրողին, արժեզրկեցին գրականությունը:

Այնուամենայնիվ  նկարահանվող ֆիլմերի մեծ մասն արժանանում է որոշակի ուշադրության ու գնահատականների:

– Չեմ ժխտում: Վերջին շրջանում “Մաեստրո” ֆիլմն էր, որ մեր մասին էր ու ճշմարիտ էր: Մի կողմ դնելով այն փաստը, որ սցենարի համահեղինակն եմ, ասեմ անկեղծորեն` ֆիլմ էր, որ այսօրվա մասին էր, նույնիսկ մարտի 1-ի դեպքերից դոկումենտալ կադրեր կային: Իշխանություններն անմիջապես ասացին` դա մեր դեմ է, ընդդիմությունն էլ թե` իր դեմ է:  Եվ երկուսն էլ խփեցին ֆիլմին իրենց լրագրողներով ու իրենց հզոր ճնշմամբ: Ֆիլմն այդպես էլ չգնաց դեպի հանդիսատես: Մինչդեռ «Մաեստրոն» ո´չ նրանց, ո´չ էլ  նրանց, այլ էդ երկուսի արանքում կրակն ընկած արվեստագետի մասին էր: Այսինքն` մի ֆիլմ էր, որը փորձում էր այսօրվա մասին ճշմարտությունն ասել: Չուզեցին: Չեմ պնդում, թե ֆիլմը թերություններ չուներ, գուցե, անթերի ոչինչ չի լինում, բայց թող հանդիսատեսը որոշեր:

Ստացվում է, որ այսօրվա միջավայրում, եթե անգամ բեմադրիչը, ռեժիսորը ընտրեն ճիշտ գրական հիմք և փորձեն ներկայացնել մերօրյա իրականությունֆիլմն ու ներկայացումը հանդիսատեսին չե՞ն հասնելու:

– Եթե սուր ֆիլմ եղավ, թույլ չեն տա, հատկապես  ընտրություններին ընդառաջ: Իսկ մենք միշտ ընտրություններին ընդառաջ ենք: Հենց ընտրություններն ավարտվում են, մենք անմիջապես հայտնվում ենք հաջորդ ընտրություններին ընդառաջ: Էդ մարդկանց ուշքն ու միտքը ընտրությունն է: Մշակույթի մասին ոչ ոք լրջորեն  չի մտածում: Նույնիսկ մշակույթի նախարարությունը  լրջորեն չի մտածում մեր արվեստի մասին: Ո´չ մարտավարական ծրագիր ունի, ո´չ տեսլական: Միջոցառումների նախարարություն է: Միջոցառումներով թոզ փչեն, տպավորություն ստեղծեն`  այնինչի հարյուրամյակը, այսինչի ոսկորները… Կենդանի արվեստագետն է կողքներին ոսկոր դառնում արդեն…

Վերջին տարիներին կինեմատոգրաֆիստների կողմից պատվերառաջարկ ունեցե՞լ եք

– Միացյալ Նահանգներից մի մեծ ֆիլմի պատվեր եղավ, գրեցի, դեռ պարզ չէ ճակատագիրը: Առայժմ երևի միջոցներ հայթայթելու փուլի մեջ են: Այստեղ` Հայաստանում էլ պատվեր եղավ, բայց այն ինձ ավելի շատ վիրավորանք բերեց: Ալեքսան Հարությունյանը, որ լավ գրող է, կարծես թե կիրթ էլ մարդ է, երկու անգամ կանչեց հեռուստատեսություն, խոսեցինք, երկու վեպ վերցրեց ընտրելու համար, ու թեև ասաց, որ հովանավոր, ռեժիսոր, ամեն ինչ կա, նկարահանումները սկսելու ենք մոտ ժամանակներս, մի քանի օրից կզանգի, բայց անցավ ութ ամիս, ու ոչ մի ձայն չկա: Եթե նույնիսկ չի ստացվել, կարելի էր տարրական հարգանք դրսևորել և տեղեկացնել: Եթե այս կերպ է վարվում հեռուստատեսության ղեկավարը, մյուսներից ի՞նչ պահանջել:  Սա է մեր իրականությունը:

Որպես եզրափակում` կա՞ն փաստարկված կետեր, որոնց վրա հիմնվելով` կարող ենք ասել, որ և´  գրականությունը, և´ կինոն, և´ ընդհանրապես արվեստը  Հայաստանում զարգանալու հեռանկար ունեն:

– Նկարչությունն ու գրականությունն ունեն: Թատրոնը ճանապարհին է և գուցե տեղ հասնի, թեև այնտեղ էլ վիճակը դյուրին չէ: Կինոն շատ ավելի դրսի և փողի հետ է կապված, և այդ պատճառով կինոյի հեռանկարն առավել դժվար է: Պահանջարկը վաճառվող ֆիլմերինն է, դրսի համար դա  չենք կարող անել միջոցների անբավարարության պատճառով, իսկ անել կոմերցիոն ֆիլմ ներսի մի քանի հարյուր հանդիսատեսի համար անիմաստ է: Ուրեմն արմատներից շատ հեռու պետք չի գնալ. առայժմ անենք բարձրորակ ֆիլմ հայ մարդու մասին, հայ մարդու համար:

Զրուցեց Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ